Դեկտեմբերի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում խորհրդարանական աշխատանքների ընթացքին եւ ուղղություններին:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ առկա հարաբերությունները եւ դրանց զարգացման հնարավորությունները:
Խոսելով ԵՄ-Հայաստան վերսկսվող բանակցությունների վերաբերյալ՝ Արտակ Զաքարյանը ներկայացրել է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դիրքորոշումները, մասնավորապես իշխող քաղաքական ուժի ակնկալիքը:
Քննարկվել են սահմանադրական փոփոխություններից ակնկալիքները Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքում՝ մասնավորապես բարեփոխումների եւ ժողովրդավարության զարգացման հարցում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ Եվրամիությունում առկա խնդիրներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության հետ գոյություն ունեցող ակտիվ համագործակցությունը: