Դեկտեմբերի 4-ին տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ գործող օրենքով սահմանվում են քրեակատարողական ծառայողի կողմից մարտական, ծառայողական եւ քաղաքացիական զենք գործադրելու դեպքերը, պայմաններն ու սահմանները: Ըստ նրա? կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ եւ ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը: Սակայն մինչ օրս սահմանված չէ քրեակատարողական ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու եւ կրելու կարգն ու պայմանները:
Պարոն Քրմոյանը տեղեկացրել է, որ ներկայացված նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն քրեակատարողական ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու եւ կրելու կարգն ու պայմանները: Օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունել «ՀՀ քրեակատարողական ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու եւ հանձնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում? ինչը կիրականացվի օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:
Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ Տիգրան Ուրիխանյանի? «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:
Նույն օրը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նշել է, որ շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորման եւ ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու այս օրենսդրական դաշտը, որը հստակ կարգավորում է ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման ոլորտի հարաբերությունները` սահմանելով տնտեսավարող սուբյեկտների եւ շուկայի վերահսկողության մարմնի իրավունքներն ու պարտականությունները նշված ոլորտում, շուկայի վերահսկողության իրականացման միջոցառումները, արտադրանքի հատկանիշների ստուգման եւ սահմանափակող միջոցառումների իրականացման ընթացակարգերը, վտանգավոր արտադրանքի՝ շուկայից դուրսբերման եւ հետկանչման միջոցառումները, ինչպես նաեւ ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու եւ այդ արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կառավարությանն առաջարկել է փաթեթն ընդգրկել միայն մեծ օրակարգում՝ այդ ընթացքում եւս մեկ անգամ մանրամասն քննարկելու նպատակով: Ըստ հանձնաժողովի նախագահի, օրեսդրական այս կարգավորումը մեծ ռիսկեր է պարունակում, ուստի անհրաժեշտ է այդ դրանք չեզոքացնել, այնուհետեւ ընդունել:
Փաթեթն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ծրագրերի իրականացման ազգային կենտրոն» հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արմեն Եղիազարյանը տեղեկացրել է, որ ներկայում ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, որից հետո էլ երկարաձգվում հինգ տարի ժամկետով, սակայն երկարաձգման համար անձը քննություն չի հանձնում, եւ վկայականի երկարաձգումը ձեւական բնույթ է կրում: Ուստի կառավարության ներկայացուցիչն առաջարկել է այսուհետ վկայականը տրամադրել անժամկետ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարի խոսքով՝ ներկայում օրենսդրական հակասությունների հետեւանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնել սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելքի կիրառման, ինչպես նաեւ՝ դրանք հարկադիր գանձման ներկայացնելու գործառույթների արդյունավետ իրականացումը: Ուստի, հաշվի առնելով տվյալ բնագավառը կարգավորող օրենսդրական հակասությունները, փոխնախարարն առաջարկել է դրանք վերացնել:
Օրենքի նախագիծն ու փաթեթը ստացել են դրական եզրակացություն եւ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: