National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
04.11.2013
Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ
1 / 4

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էին համատեղ խորհրդարանական լսումներ` «ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի եւ «Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների` մի կողմից, եւ ՀՀ` մյուս կողմից, միջեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի` ԵՄ ծրագրերին ՀՀ մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ ԵՄ եւ ՀՀ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրության ներազդեցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում» թեմայով: Լսումներն անցկացվում էին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային եւ հասարակական կազմակերպություններից, ԵՊՀ-ից ներկայացուցիչներ, փորձագետներ:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ խորհրդարանը քննարկել է ներկայացված համաձայնագրերը եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքով առաջիկա քառօրյայում նախատեսվում է դրանց քվեարկությունը: Պարոն Զաքարյանն ասաց, որ լսումների նպատակն է մասնագիտական քննարկումների միջոցով հանրությանը իրազեկել, թե ինչ նշանակություն կունենան համաձայնագրերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում, ինչ են տալու մեր քաղաքացիներին, պետական եւ մասնավոր կազմակերպություններին: Հանձնաժողովի նախագահը կարեւորեց այս քննարկումները նաեւ Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու որոշման եւ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում: Նա հույս հայտնեց, որ լսումների ընթացքում ոլորտի մասնագետների հետ համատեղ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի պարզաբանումներ ստանալ մի շարք խնդրահարույց հարցերի վերաբերյալ:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բացման խոսքում նշեց, որ վիզաների դյուրացմանը եւ ՀՀ-ի ու ԵՄ-ի միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունմանը (ռեադմիսիային) վերաբերող համաձայնագրերը լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն: Նա ընդգծեց, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում կա հանրային իրազեկման պակաս. նրանք ճշգրիտ չեն պատկերացնում ռեադմիսիայի համաձայնագրի իրական նշանակությունը եւ կարգավորիչ դերը: Տիկին Զոհրաբյանը կարեւորեց խորհրդարանական լսումների անցկացումը` ԵՄ-ի հետ երկխոսությունը շարունակելու եւ մի շարք հարցերի վերաբերյալ ոլորտի մասնագետների կողմից պարզաբանումներ ստանալու տեսանկյունից:

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը զեկույցում նշեց, որ վիզաների դյուրացման հարցը վերջին շրջանում գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, ինչը բնական է, քանի որ ավելացել են շփումները եվրոպական երկրների հետ եւ հարկ է առաջացել անդրադառնալու այս խնդրին, ստեղծելու ավելի դյուրին հնարավորություններ Հայաստանի քաղաքացիների համար՝ եվրոպական տարբեր երկրներ ճանապարհորդելու: ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ վիզաների դյուրացումը եւ հետագայում ազատականացումը Արեւելյան գործընկերության կարեւոր բաղադրիչներից են: Զեկուցողը մանրամասն ներկայացրեց վիզաների դյուրացման համաձայնագրի հիմնական դրույթները՝ հատկապես ընդգծելով քաղաքացիների այն խմբերը, որոնք կարող են օգտվել սահմանված ընթացակարգերից: Անդրադարձ կատարվեց նաեւ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի միջեւ փոխկապակցվածությանը: Պարոն Լիլոյանը նշեց, որ համաձայնագրերի վավերացումը եւ արդյունավետ իրականացումը հնարավորություն կտա սկսելու երկխոսություն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Խոսելով ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ արձանագրության մասին՝ Արմեն Լիլոյանը ներկայացրեց մասնակցության հետ կապված հիմնական ընթացակարգերը եւ պայմանները՝ նշելով, որ կառավարությունը դիտարկում է 3-4 առաջնային ոլորտներում ԵՄ ծրագրերին միանալու հնարավորությունը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ համաձայնագրերի՝ գլխադասային հանձնաժողովում եւ լիագումար նիստում քննարկման ժամանակ պատգամավորները կարեւորել են փաստաթղթերի ընդունումը: Խոսելով ռեադմիսիայի համաձայնագրի մասին՝ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ՀՀ-ը ԵՄ անդամ 13 պետությունների հետ ունի երկկողմ գործող պայմանագրեր: Անդրադառնալով մուտքի արտոնագրի դյուրացմանը վերաբերող համաձայնագրին՝ հանձնաժողովի փոխնախագահը կարծիք հայտնեց, որ փոխադարձ այցելությունները կնպաստեն ՀՀ-ԵՄ համագործակցության ակտիվացմանը եւ խորացմանը: Ներկայացված համաձայնագրերի վավերացումը, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, մեկ քայլ է ժողովրդավարական երկիր կերտելու ճանապարհին:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը նշեց, որ ԵՄ վիզային քաղաքականության նպատակն է պատշաճ հավասարակշռման հասնել ներքին անվտանգության եւ արտաքին կայունացման միջեւ: Նաիրա Կարապետյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի վավերացումից հետո նախատեսվում է ստեղծել համաձայնագրի դիտարկման նպատակով համատեղ կոմիտե, երկխոսություն սկսել ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ երկրներ այցելելու խնդրի շուրջ, ինչը վիզայի ազատականացմանը հասնելու նպատակ ունի:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը ելույթում կարեւորեց համաձայնագրերի վավերացումը եւ հասարակության իրազեկումը: Նա ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում արժեւորեց վիզաների դյուրացման գործընթացը, ինչը Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո եւս շարունակում է մնալ առանցքային խնդիր: Նա հիշեցրեց, որ վիզաների դյուրացումը դեռեւս ազատականացում չէ:

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի Միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերգեերի համոզմամբ` վիզաների դյուրացումը կնպաստի մարդկանց միջեւ շփումների ակտիվացմանը: Նա նշեց, որ ռեադմիսիան անօրինական միգրացիայի դեմ պայքարելու գործիք է: Տիկին Վերգեերն անդրադարձավ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի իրականացման գործընթացում ԵՄ շենգենյան գոտու երկրների հյուպատոսական ծառայությունների դերին առնչվող խնդիրների:

Հիմնական զեկուցողները պատասխանեցին լսումների մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ռեադմիսիայի համաձայնագրի վավերացումից հետո ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանն առնչվող խնդիրներին, ԵՄ տարածք մուտքի արտոնագրի համար պահանջվող փաստաթղթերի նվազեցման եւ որոշ խմբերի համար անվճար վիզայի տրամադրման կարեւորությանը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեցին լսումների մասնակիցներին շահագրգիռ քննարկումների համար: Նրանց գնահատմամբ՝ լսումների ընթացքում պարզ դարձավ, որ ԱԺ-ում ներկայացված տարբեր քաղաքական ուժերը միակարծիք են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խթանման հարցում համաձայնագրերի կարեւորության վերաբերյալ:


04.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Դվինի հնավայր
Նոյեմբերի 4-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի եւ հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ...

04.11.2013
Ավարտվեցին «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am