Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ բոլոր բնագավառները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: ԱԺ նախագահի խոսքով` ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հաստատած օրակարգի համաձայն, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների ջերմ հարաբերությունների ձեւավորմանն իր նպաստն է բերում նաեւ ՀՀ եւ ԻԻՀ օրենսդիր մարմինների համագործակցությունը եւ այս համատեքստում բարձր գնահատեց երկու խորհրդարանների պատգամավորական խմբերի գործունեությունը: Նա համոզմունք հայտնեց, որ երկու երկրների խորհրդարանների եւ կառավարությունների նպատակային համագործակցության շնորհիվ կշարունակվի համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ավանդական ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից է նաեւ հայկական մշակութային արժեքների նկատմամբ հոգատարությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ փաստելով հայ-իրանական փոխգործակցության ներկա բարձր մակարդակը` Իրանի արտգործնախարարը երկկողմ հարաբերությունների խորացման եւ զարգացման գործում կարեւորեց միջխորհրդարանական գործակցությունը: Նա Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները: «Իրանի համար Հայաստանը վստահելի հարեւան եւ բարեկամ է»,- նշեց պարոն Սալեհին: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարեւորվեց էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառներում երկկողմ առանցքային նախագծերի իրականացումը: Նա բարձր գնահատեց իրանահայ համայնքի գործունեությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում` նշելով. «Իրանում հայերը ունեն հատուկ կարգավիճակ եւ հարգված են բոլորի կողմից»:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: