National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
06.10.2009
Խորհրդարանը քննարկեց մի շարք օրինագծեր

Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ին քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց քվեարկություններով: Ընդունվեցին նախորդ օրը քննարկված օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում եւ միջազգային մեկ համաձայնագիր:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատգամավորներին առաջարկեց ընդունել «Մաքսային ծառայության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները: Նրա  ներկայացմամբ` փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել հարկային եւ մաքսային ծառայությունների միավորման արդյունքում, մասնավորապես երկու մարմիններում ծառայության միջեւ առկա  տարբերությունները վերացնելու խնդիր է առաջացել:  «Մաքսային ծառայության մասին» օրենքում գործադիրն առաջարկում է արտացոլել «Հարկային ծառայության մասին» օրենքի` վեցամյա փորձաքննություն անցած մոտեցումները:  Նախագծում, ըստ Արմեն Ալավերդյանի, կկատարվեն մի քանի էական փոփոխություններ. կներդրվի մաքսային ծառայության ռոտացիոն սկզբունք, մաքսային ծառայությանն առնչվող վեճերի լուծման նպատակով կստեղծվի գանգատարկման հանձնաժողով, ատեստավորում չանցած ծառայողներին կտրվի ավելի ցածր պաշտոն զբաղեցնելու հնարավորություն` աշխատանքից հեռացնելու փոխարեն, կհստակեցվեն մաքսային ծառայողի վարքագծի կանոնները խախտելու դեպքում սահմանված  գործողությունները:

Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելուց հետո, Գագիկ Աբրահամյանի ներկայացմամբ, նախագծին տվել է դրական եզրակացություն:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը օրենսդիրներին առաջարկեց նաեւ վավերացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր գործընկերների գնահատմանը ներկայացրեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծերի վերջնական տարբերակները ձեւավորվել են հեղինակի` Նաիրա Զոհրաբյանի, ինչպես նաեւ Շիրակ Թորոսյանի եւ Կարեն Ավագյանի նկատառումների հիման վրա:  Արդյունքում  սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիների  համար նախատեսված ուսման վարձավճարը չի կարող գերազանցել տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող` ՀՀ քաղաքացիների համար նախատեսված չափը: Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ներկայացրեց Անահիտ Բախշյանը, առաջարկությանը տվել է դրական եզրակացություն: Պատգամավոր Շիրակ Թորոսյանն իր ելույթում ջավախքահայ ուսանողների անունից շնորհակալություն փոխանցեց օրինագծի հեղինակին` այս նախաձեռնությունը գնահատելով որպես կարեւոր արտոնություն Հայաստանում լիարժեք հայ զգալու ճանապարհին: 

Խորհրդարանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց մի շարք այլ օրինագծեր:  «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, աշխատանքի եւ  սոցիալական  հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանի ներկայացմամբ, լրամշակվել է կառավարության վեց խմբագրական առաջարկությունների հիման վրա:
ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ իր համահեղինակությամբ շրջանառված`    «Հոգեբուժական օգնության մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» փաթեթում եւս արտացոլվել է գործադիրի առաջարկությունների գերակշիռ մասը:
 
Նշված նախագծերի, ինչպես նաեւ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,  «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին» կրկին երկրորդ ընթերցման ներկայացված նախագծերի վերաբերյալ խորհրդարանական գլխադասային հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ:

Պատգամավոր Արտակ Դավթյանն իր հեղինակած` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» նախաձեռնության երկու հոդվածները նախ առաջարկեց ընդունել առաջին ընթերցմամբ, ապա եւ` ամբողջությամբ:  Պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը նախագիծը դրական է գնահատել: Այս մասին ամբիոնից հայտարարեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, որի երեք առաջարկները նախագծում հեղինակն արտացոլել է ամբողջությամբ:

«Ոչ նյութական մշակութային ժառանգության» մասին օրենքի նախագիծը հիմնական զեկուցող, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ հարակից զեկուցող,  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանն առաջարկեցին ընդունել երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

«ՀՀ ընտանեկան  օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրակարգային հաջորդ օրինագծով կառավարությունը նախատեսում է, որ որդեգրման մասին վճիռները դատարանները ներկայացնեն կառավարության լիազոր մարմին` հաշվառում իրականացնելու նպատակով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց,  2005 թ. ի վեր, օրենքով սահմանված կարգով, նախարարությունն է իրականացնում նշված հաշվառումները: Մինչ այդ այն կատարվում էր կառավարության որոշմամբ: Խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական  հանձնաժողովը, ինչպես ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանը,  համաձայն է առաջարկվող փոփոխությունների հետ:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը պատգամավորներին առաջարկեց ընդունել «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» օրենքում փոփոխությունները: ործադիրն առաջարկում է մաքսային սահմանին չհաշվարկել եւ չգանձել ներմուծվող ԱՏ ԱԱ 8802 ծածկագրին դասվող` «Թռչող ապարատներ, այլ տիեզերական ապարատներ» ապրանքների ներմուծման համար նախատեսված ավելացված արժեքի հարկը: Փոխնախարարի հիմնավորմամբ` նպատակը փոքր ավիացիան զարգացնելն է: Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը, ի դեմս Վարդան Բոստանջյանի, կողմ է հարկից ազատելու առաջարկվող մոտեցմանը:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը պատգամավորների դատին ներկայացրեց «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքում փոփոխության առաջարկը: ործող ընթացակարգով. հանրապետության քաղաքացիներն ինտերնետով ծանուցումներ կատարելու համար պետք է հայտարարությունները ներկայացնեն կառավարության աշխատակազմ: Թեեւ կառավարության աշխատակազմը տեխնիկապես ապահովվել է նշված գործառույթն իրականացնելու համար, սակայն  մարզերի բնակիչների համար այն լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Քանի որ արդարադատության նախարարության  կազմում գրանցված` պետական ռեգիստրի գործակալությունն ունի մասնաճյուղեր տարբեր մարզերում, կառավարությունն առաջարկում է ինտերնետային ծանուցումներն իրականացնել հենց այդ նախարարության միջոցով` ինչպես նախկինում էր: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը ներկայացրեց  գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրակարգային հաջորդ հարցը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը:

Հիմնական զեկուցողի խոսքերով` նախագծի ընդունումը բխում է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի պահանջներից, որոնց համաձայն պետք է կարգավորվեն հասարակական վայրերում շրջապատի համար վտանգ ներկայացնող հոգեկան խանգարումներ ունեցող կամ դրանցում կասկածվող  անձանց տեղափոխումն ու ընդհանրապես հետագա գործողությունները: Քննարկվող նախագծում  նկարագրված են հենց այդ քայլերը:  Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը հարակից ելույթում ներկայացրեց հանձնաժողովի համաձայնությունը նշված ձեւակերպումների հետ:

Արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը օրենսդիրներին ներկայացրեց երկու օրենսդրական նախաձեռնություն: «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ կառավարությունը նախատեսում է նվազեցնել համակարգի կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել հարկադիր կատարողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը, կիրառել ռոտացիոն սկզբունք: «Քրեակատարողական ծառայության մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական  ապահովության մասին» օրենքներում փոփոխությունների առաջարկով  նախատեսվում է  քրեակատարողական ծառայության մաս դարձնել  քաղաքացիական հատուկ ծառայությունը: Նախագծերով կարգավորվում են քրեակատարողական ծառայության այլ  հարաբերություններ եւս: Պետական- իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը երկու հարցերի վերաբերյալ պատգամավորներին փոխանցեց հանձնաժողովի անդամ Գագիկ Աբրահամյանը:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նիստում առաջարկեց փոփոխություն կատարել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում: Նա ներկայացրեց, որ գործող օրենքով քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարի ժամկետով, եւ որ այդ  ժամկետը  կարող է երկարաձգվել մեկ անգամ`  չորս տարի ժամկետով: Պատգամավորն առաջարկեց հանել այդ սահմանափակումը` դիտարկելով այն խոչընդոտ քաղաքացիական  ծառայության կայունության ապահովման համար: Հեղինակի կարծիքով` առավել նպատակահարմար է չնշել որեւէ ժամկետ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, կողմ լինելով համակարգում կայունությունն ու պրոֆեսիոնալիզմը պաշտպանող այս նախաձեռնությանը,  առաջարկեց պաշտոնավարման երկարաձգումը որոշակի ժամկետով սահմանափակելու մոտեցում: Հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահերթ ելույթում ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը:  Նա պաշտպանեց Վիկտոր Դալլաքյանի առաջարկած մոտեցումը եւ հայտնեց նախագծի համահեղինակ դառնալու իր ցանկությունը: Տկն. Պետրոսյանը հիշեցրեց, որ 2002 թ.-ին, երբ ներդրվեց քաղաքացիական ծառայության համակարգը, աշխատակազմի ղեկավարների համար նման սահմանափակում նախատեսված չէր: Մտահոգություններն առաջացան հետո, երբ դիտարկվեց քաղաքական որոշումներ կայացնող անձանց` նախարարների համար աշխատակազմի ղեկավարի կողմից խոչընդոտներ ստեղծելու հնարավորությունը` պայմանավորված որոշ սկզբունքներով: Բանախոսի խոսքերով` փորձը ցույց տվեց հակառակը. յոթ տարիների ընթացքում աշխատակազմի ղեկավարները ոչ միայն որեւէ խնդիրներ չեն առաջացրել, այլ մեծապես նպաստել են համակարգի  կայացմանն ու կայունացմանը: Խորհրդարանի փոխնախագահի կարծիքով` պետք է հնարավորություն ընձեռենք, որ համակարգի պրոֆեսիոնալներն իրենց աշխատանքը կատարեն առանց ժամկետային սահմանափակման, եւ որ առանձին դեպքերի համար գոյություն ունի  ատեստավորման  համակարգ:

Նիստում քննարկված վերջին հարցը ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի համահեղինակությամբ շրջանառված` «Երեխայի իրավունքների մասին»  եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն էր: Տկն. Պետրոսյանն առաջարկեց  «Երեխայի իրավունքների մասին» օրենքում ընդլայնել օրենսդրորեն արգելվող տեղեկատվության եւ գրականության տարածման շրջանակը` հաշվի առնելով հասարակության պահանջներն ու առկա մտահոգությունները: Ներկայացված նախագծի ընդունման պարագայում`   կարգելվի ոչ միայն «բռնության եւ դաժանության պաշտամունքի, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, երեխայի վրա բացասական ազդեցություն ունեցող եւ իրավախախտումներին նպաստող», այլ նաեւ`  երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկակակն զարգացման, դաստիարակության  վրա բացասաբար ազդեցություն ունեցող տեղեկատվության եւ գրականության տարածումը: Միաժամանակ հեղինակներն առաջարկում են վերանայել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը եւ արգելել հեռուստահաղորդումներում օգտագործել ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող հաղորդումները, ինչպես նաեւ սահմանափակել անչափահասների վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ժամերը: ԱԺ փոխնախագահն իր ելույթում հույս հայտնեց, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հետեւողական կլինի օրենքով սահմանված լիազորությունն իրականացնելու` իրատեսական չափորոշիչներ սահմանելու հարցում: Տկն Պետրոսյանը նկատեց, որ նախագծերը մշակվել են հաշվի առնելով թե միջազգային կոնվենցիաները եւ թե տարբեր երկրների փորձը: Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի  7-ի նիստում:

Քառօրյայի երկրորդ օրվա վերջում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:


06.10.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիին:Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կարեւորեց 2009թ. հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջեւ կնված Փոխըմբռնման հուշագիրը, որն ուրվագծեց կողմերի համագործակ...

06.10.2009
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի ընտրական մարմնի պատվիրակությանը
Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-գերմանական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար   Արեւիկ Պետրոսյանն ընդունեց «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2010» ծրագրի մասնակիցների ընտրության նպատակով Երեւանում գտնվող «Կրթաթոշակի» ընտրական մարմնի պատվիրակությանը, որի կազմում ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am