National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.09.2009
Մեկնարկեց չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի առաջին քառօրյան

Սեպտեմբերի 15-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ չորրորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի բացումը, որից հետո ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումները:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հրաժարականի մասին դիմումներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Խաչատուր Սուքիասյանը: Նշվեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ԱԺ նիստում հրաժարականի մասին դիմումների հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում, եթե վերոնշյալ պատգամավորները իրենց դիմումները ետ չեն վերցնում, ապա նրանց պատգամավորական լիազորությունները դադարեցվում են: ԱԺ նախագահը հայտնեց նաեւ, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Ստյոպա Սաֆարյանը: ԱԺ պատգամավորները վերահաստատեցին ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգի մասին ԱԺ որոշումը:

Մինչ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցումով քվեարկությունը` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն անդրադարձավ օրենսդրական փաթեթում իրականացված փոփոխություններին: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի բարձրացված առաջարկություններն ընդունվել են. hարկային ներկայացուցիչը իրավասու է լինելու միայն պատրաստի արտադրանքի առաքման ժամանակ հսկել արտադրանքի իրացման ծավալները, գները եւ իրացմանն առնչվող փաստաթղթերը, նա չի մասնակցելու արտադրական բուն գործընթացին: Նա տեղեկացրեց նաեւ, որ լրամշակված տարբերակում հստակեցվել են հարկային ներկայացուցչի իրավասությունները եւ պարտականությունները:

Ֆինանսների փոխնախարարի խոսքից անմիջապես հետո կազմակերպվեց հարցի քվեարկությունը եւ 73 կողմ ձայնով պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին վերոնշյալ օրենսդրական փաթեթը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Քննարկվեցին 2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին գործողություն» ֆինասավորման համաձայնագիրը, 2009 թվականի հուլիսի 31-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր» փոխառության համաձայնագիրը եւ 2009 թվականի հուլիսի 21-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի համաձայնագիրը, որոնց վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

2009 թվականի հուլիսի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Համաձայնագրի նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու համար: Վարկային համաձայնագրի տեւողությունն է 24 տարի, որից 8 տարին արտոնյալ ժամանակահատված է: Վարկային համաձայնագրով նախատեսված է երկու մասով վարկի տրամադրում, համապատասխանաբար` 29.735.000 SDR (փոխարկման հատուկ իրավունք) եւ 21.643.000 SDR, ընդհանուր գումարով` 51.378.000 SDR: Վարկի տրամադրման վերջնաժամկետ է նախատեսված 2009 թ. դեկտեմբերի 30-ը կամ վարկառուի եւ ԱԶԲ-ի միջեւ փոխհամաձայնեցված այլ օր:

Հարցի առնչությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը եւս ներկայացրեց Շիրակ Թորոսյանը:

Միջազգային պայմանագրի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ներկայացրեց ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009 թ-ի հուլիսի 15-ին կնքված «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի առանձնահատկությունները: Նա, մասնավորապես, նշեց, որ ՀՀ պետք է սկսի վարկի մարումը 2017 թ. սեպտեմբերի 1-ից մինեւ 2033 թ. մարտի 1-ը, ընդ  որում արտոնյալ ժամանակահատվածում ՀՀ պարտավորվում է վճարել մեկ տոկոս, իսկ դրանից հետո 1.5-1.6 տոկոս: Նա կարեւորեց ճգնաժամի հաղթահարմանն ուղղված նման արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկային համաձայնագրի ստորագրումը: Միեւնույն ժամանակ, խորհրդարանի նախագահը նշեց, որ այդ միջոցները պետք է վերածվեն ոչ թե բանկերի զարգացման ծրագրի, երբ տարեկան նման գործածական գումարները վերածվում են երկնիշ թվերով վարկային տոկոսադրույքների, այլ տնտեսության զարգացման լուրջ հնարավորության: Ըստ պարոն Աբրահամյանի, տվյալ դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում վարկային միջոցների վերադարձը, տեղին է պետության միջամտությունը վարկային միջոցները վերահսկելու եւ բանկերի համար սահմանելու վարկերի տրամադրման տոկոսադրույքի վերին սահման, որն, իր կարծիքով, չպետք է գերազանցի ողջամիտ 8-9 տոկոսը: ՀՀ ԱԺ նախագահը գտնում է, որ այդ պարագայում վարկերը կծառայեն տնտեսության իրական հատվածի առողջացմանը: Իր ելությում պրն Աբրահամյանը նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ այդ կապակցությամբ եղել են պատգամավորների առաջարկություններ ու ելույթներ, որոնք պետությանը կոչ էին անում միջամտել վարկերի եւ տնտեսվարողների, մասնավորապես, տրվող վարկերի տոկոսադրույքների չափերի հարցին: Պրն. Աբրահամյանի կարծիքով, կառավարությունը ջանք չի խնայում այդ խնդիրները լուծելու համար, ուստի եւ նա  հույս հայտնեց, որ ԱԺ այլ պատգամավորներ եւս աջակցություն եւ ակտիվ մասնակցություն կցուցաբերեն այդ հարցի քննարկմանը: Ամփոփելով իր ելույթը, նա հորդորեց ՀՀ ԱԺ-ին վավերացնել ներկայացված պայմանագիրը:

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Նախագծով նախատեսվում է թույլ տալ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի  առեւտրի միջնորդական գործունեությամբ զբաղվել միայն որոշակի պահանջներին բավարարող եւ համապատասխան լիցենզիա ստացած անձանց: Հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց համար նախատեսվում են նաեւ որոշակի պահանջներ, որոնք  վերաբերում են լիցենզավորված անձից մինչեւ արտահանում, ներմուծում, տարանցիկ փոխադրում: Նախատեսվում է նաեւ սահմանել մեկ միասնական ցանկ, որտեղ ընդգրկված կլինի ռազմական նշանակության արտադրանքը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելով` հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը նշեց, որ ներկայումս ՀՀ-ում ոլորտը կարգավորվում է ռազմական նշանակության ապրանքների արտահանման եւ ներմուծման նկատմամբ որոշակի հսկողություն սահմանող կառավարության որոշումներով, որոնք, սակայն, այժմեական չեն: Նրա համոզմամբ` քննարկվող օրենսդրական փաթեթն ուղղվելու է ոլորտի օրենսդրական կարգավորմանը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ներկայացված նախագծով նախատեսվում է նախկինում Ադրբեջանի կազմում եղած Տիգրանաշեն գյուղը ընդգրկել Արարատի մարզի Պարույր համայնքի, Բարխուդարլու եւ Ասկիպար գյուղերը`  համապատասխանաբար Ազատամուտ  եւ Ոսկեպար համայնքների կազմում: Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան եւ Ծաղկաձոր քաղաքային համայնքների վարչական սահմաններում: Պարոն Մուսայանը տեղեկացրեց, որ նախագծով ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին գյուղական համայնքի ավագանու համաձայնությամբ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 1.5 հա անցել է Դվին գյուղական համայնքին, Լանջանիստ գյուղական համայնքի ավագանու համաձայնությամբ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 176.9 հա ընդգրկվել է Շաղափ գյուղական  համայնքի վարչական սահմաններում, Արմաշ գյուղական համայնքի ավագանու համաձայնությամբ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից  1.5 հա անցել է  Երասխ  գյուղական համայնքին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղական համայնքի ավագանու համաձայնությամբ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 1.5 հա անցել է Մալիշկա համայնքին, Արին եւ Զեդեա համայնքների ավագանիների համաձայնությամբ համայնքների արչական սահմաններում գտնվող հողերից համապատասխանաբար 49.54 հա եւ  31 հա անցել է Վայք քաղաքային համայնքին:

Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը` նշելով, որ ՀՀ օրենսդրությունը պարտադրում է տեղական ինքնակառավարման տարածում եւ իրականացում ՀՀ ամբողջ տարածքում: Պարոն Մարգարյանն իրազեկեց, որ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաշխման տարբերակների մշակումը իրականացվել է` հաշվի առնելով համայնքների տեղաբաշխման առանձնահատկությունները, համայնքի բնակչության թվաքանակը, համայնքի բնակչության գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղվածությունը եւ դրանց հնարավոր զարգացման ուղիները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները, որոնց վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Oրենսդրական փաթեթով նախատեսվում է հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշեց, որ օրենսդրական փաթեթը միտված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը եւ համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` վերջին նիստի մեկ ժամը տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:

Խորհրդարանը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 16-ին:


15.09.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ,2008թ. ի վեր միջազգային հանրությունը հռչակել է սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օր:Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը ձեւավորող կարեւորագույն հիմնադրույթներից մեկն է: Այսօր մեր երկրում առկա են բոլոր նախադրյալները ժողովրդավարությունն ամր...

15.09.2009
«Արեւելյան գործընկերության» ծրագրի քննարկումները
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ սեմինար` քննարկելու «Արեւելյան գործընկերության» ծրագիրը:«Արեւելյան գործընկերության» ծրագրի ԵՄ եւ վեց գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am