Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսին եւ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինային, ովքեր մասնակցում էին ՀՀ ԱԺ-ում անցկացվող միջազգային աշխատաժողովին, որը նվիրված է Ազգային ժողովի դերին Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործում:
ԱԺ նախագահը ողջունեց նման միջոցառման անցկացումը` բարձր գնահատելով GOPAC-ի քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանն իր մասնակցությունն է բերում այդ պայքարին եւ կարեւորեց օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթները:
GOPAC-ի գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսը նշեց, որ կազմակերպությունը կոչված է համախմբել աշխարհի խորհրդարանականներին կոռուպցիայի դեմ պայքարում եւ կարեւոր համարեց GOPAC-ի հայաստանյան կառույց` ազգային մասնաճյուղ ստեղծելը:
ՀՀ ԱԺ նախագահը նույնպես անհրաժեշտ համարեց ազգային կառույցի ստեղծումը` հայտնելով աջակցելու իր պատրաստակամությունը եւ ակնկալելով արդյունավետ աշխատանք GOPAC-ի հետ:
Երկուստեք կարեւորվեց համագործակցության ընդլայնումը եւ փոխգործակցության սերտացումը: