Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ուղեկցում էին նույն համալսարանի հայազգի դասախոսներ Անի եւ Պետրոս Մալաքյանները:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը շատ օգտակար համարեց նման այցելությունները, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ու կարծիք կազմել տվյալ երկրի մասին, այնուհետեւ այդ տպավորությունները ներկայացնել իրենց հայրենիքում: Հովիկ Աբրահամյանը նրանց խորհուրդ տվեց այցելել Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ավելի մեծ գիտելիքներ եւ տեղեկատվություն կստանան Հայաստանի անցյալի մասին:
Նշելով, որ խորհրդարանը բաց է հանրության, ուսանողության , աշակերտության համար, եւ օրենսդիր բարձրագույն մարմնում մշտապես տեղի են ունենում հանդիպումներ նրանց հետ` Հովիկ Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց Ազգային ժողովի ընտրակարգը, կառուցվածքը, խմբակցություններն ու հանձնաժողովները, ծանոթացրեց գործառույթներին:
Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումները արտաքին քաղաքականության այդ խնդիրների վերաբերյալ:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաեւ ուսանողների հարցերին: Հանդիպումից հետո իր տպավորությունները հայտնելով` համալսարանի պրոֆեսոր Քրիս Փենսը երախտագիտություն հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահը ժամանակ գտավ եւ ընդունեց իրենց: Նրա խոսքով` հանդիպման մասնակիցների համար մեծ պատիվ էր խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպելն ու նրան հարցեր ուղղելը: Իսկ համալսարանի ուսանող Մայքլ Բրիթը շատ տպավորված էր, որ Հայաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ է ունենում աշակերտների եւ ուսանողների հետ, բաց դասեր անցկացնում նրանց համար:
Այնուհետեւ ԱՄՆ-ից ժամանած ուսանողներն ու դասախոսները եղան ԱԺ նիստերի դահլիճում, որտեղ լուսանկարվեցին խորհրդարանի նախագահի հետ: