National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 10

16 հուլիսի 2020

Ժամը 11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, շարունակում ենք արտահերթ նստաշրջանի աշխատանքները, տեղադրենք քարտերը եւ գրանցվենք, գրանցում։ 69 պատգամավոր գրանցվել է, քվորում կա, սկսենք մեր աշխատանքները։

Շարունակում ենք քննարկել «Տեսալսողական մեդիայի եւ լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հարցի քննարկումն ընդհատվեց մտքերի փոխանակության փուլում, ելույթի հերթն այժմ Մխիթար Հայրապետյանինն է։

Մ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխխոսնակ, մեծահարգ պատգամավորներ, քննարկում ենք «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունելու հարցը: Ես շատ հակիրճ ուզում եմ ասել հետեւյալը. երեկվա քննարկումներից ինձ մոտ ստեղծվեց տպավորություն, որ այնուամենայնիվ. ընդդիմադիր խմբակցությունների մեր գործընկերները դեմ են քվեարկելու սույն նախագծին։ Առհասարակ. ինձ համար հասկանալի է եւ ըմբռնելի է, որ ընդդիմադիր մեր գործընկերները մեդիա ոլորտում ռեֆորմներին բավականին զգուշությամբ են վերաբերում տարբեր հասկանալի պատճառներով, ես հարգում եմ այս դիրքորոշումը, պարզապես, ուզում եմ ասել, որ ելույթներ հնչեցին՝ ներառականության, ՀԿ ոլորտների չներգրավվածության հետ կապված: Ի սկզբանե, դեռեւս նախորդ տարի առաջին բանը, որ մենք արել ենք, հասարակական կազմակերպությունների ոլորտի մասնագիտացված խմբերի հետ հանդիպումներն են եղել, որի արդյունքում գույքագրվել են կոնցեպտուալ բոլոր տարբերությունները, եւ դրանից հետո մենք շարունակել ենք իրենց հետ աշխատանքները, բայց արդեն այն կոնցեպտի շուրջ, որը մենք ինքներս ենք առաջարկել եւ այս կապակցությամբ, քանի որ վերջերս, հատկապես, շատ են խոսում, այսպես ասենք, մտահոգություններ են հայտնում ՀԿ-ները եւ այլն, նաեւ էս առումով՝ այլեւս ինձ չեն զարմացնում նույն մեր ընդդիմադիր գործընկերների այն հայտարարությունները, որ նախկինում ասում էին՝ ինչո՞ւ եք այդ ՀԿ-ների՝ այդ գրանտակերների հետ աշխատում, բայց այսօր, օրինակ՝ մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ չենք աշխատում ՀԿ-ների հետ։

Ես ուզում եմ ասել, որ հասարակական ոլորտի պրոֆեսիոնալ մասնագիտական շրջանակների հետ աշխատանքը մեզ համար չափազանց կարեւոր է, բայց դա չի նշանակում, որ այդ նույն հասարակական կազմակերպությունները կարող են իրենց կամքը թելադրել մեզ։ Դեռեւս հանձնաժողովի նիստին եմ ասել, որ, այո, մենք բաց ենք քննարկումների համար, բայց որեւէ կերպ թույլ չենք տա, որեւէ մեկը խաղի կանոններ թելադրի Ազգային ժողովի պատգամավորներին։ Այո, լսել ենք, քննարկել ենք, մասնակիորեն ընդունել ենք իրենց դիրքորոշումները, բայց բացառապես շարժվել ենք մեր մղումներով եւ մեր պատկերացրած քայլերն ենք իրականացրել, առաջիկայում եւս այդպես շարունակելու ենք։ Եթե կլինեն պատգամավորներ, որոնց հնարավոր կլինի կամք եւ խաղի կանոններ թելադրել, ապա մենք էդ պատգամավորների թվին չենք դասվում։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Խմբակցությունների անունից ելույթներ. «Լուսավոր Հայաստան»-ից կխոսի Էդմոն Մարուքյանը։

Է.ՄԱՐՈՒՔՅԱՆ

-Հարգելի Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, ես երեկ մեր դիրքորոշումը ներկայացրել եմ, ավելացնելու բան չունեմ, ուզում եմ օգտվել առիթից, դիմել մեր պարետին, մեր սահմանին հիմա կռիվ է ընթանում, փառք մեր բանակին, բայց ուրիշ հարցով եմ ուզում դիմել պարետին. մեր հազարավոր քաղաքացիներ կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ մի շարք այլ երկրներում, Բելառուսում իրենց ավտոմեքենաներով են եւ չեն կարող էս չարտերային թռիչքներով վերադառնալ։ Եվ ուզում են վերադառնալ, նաեւ էս պատերազմական իրավիճակն էլ ավելի է սրում էս վիճակը։ Դիմում եմ պարետին եւ առաջարկում եմ հնարավոր տարբերակներ գտնել՝ Վրաստանի հետ բանակցելու, հնարավորություն տալու, որ հայկական մեքենաները մտնեն Վրաստան, անցնեն եւ գան Հայաստանի Հանրապետություն, խոսքը գնում է մեր քաղաքացիների մասին, կրկնում եմ, ովքեր իրենց շարժական գույքը չեն կարող թողնել Ռուսաստանում, Բելառուսում կամ ԱՊՀ այլ երկրում, հնարավորություն տալ մարդկանց վերադառնալ, որովհետեւ մարդիկ ուզում են լինել երկրում, երբ երկիրը ծանր վիճակում է։ Դրան գումարած՝ էդ մարդիկ նույնպես ծանր վիճակում են, որովհետեւ դրսում են, աշխատանք չկա, բան չկա, սահմանափակումներ են անընդհատ, եւ ուզում են վերադառնալ հայրենիք։ Արդեն չորրորդ ամիսն է՝ մենք չենք կարողանում էս խնդիրները կարգավորել, հույս ունեմ, որ շատ արագ մոտ օրերս էս խնդիրը կկարգավորվի, պարետի, վարչապետի միջամտությամբ, նաեւ վրացական իշխանությունների հետ բանակցություններով: Առաջարկությունս սա էր։ Շնորհակալ եմ։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ես ունեմ նաեւ հայտ «Իմ քայլը» խմբակցությունից. Մխիթար Հայրապետյան: Շարունակեք, պրն Հայրապետյան։

Մ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

-Հարգելի հայրենակիցներ, քանի որ, կարծես թե, օրենքի հետ կապված այլ փաստարկներ չկան, թե ինչու օրենքը չպիտի ընդունվի, ես, մի քիչ առաջ շարժվելով, ուզում եմ, իսկապես, շնորհավորել մեր քաղաքացիներին, որովհետեւ վերջնապես տարիներ շարունակ այդքան սպասված օրենքն ընդունվելու է եւ առաջիկա մեկ տարվա ընթացքում մեր քաղաքացին հեռուստացույց դիտելիս, իսկապես, զգալու է այն տարբերությունը, որի մասին վաղուց խոսել եւ երազել ենք։ Հետեւաբար՝ ուզում եմ, առիթից օգտվելով. մեկ այլ թեմայի շուրջ խոսել, սիրելի քաղաքացիներ, հարգելի գործընկերներ, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնի իր տեսակապի ժամանակ դժգոհել էր Ադրբեջանի արտաքին քաղաքականությունից, ինչպես նաեւ ընդգծել էր, որ գոհ չէ միջխորհրդարանական կազմակերպություններում ադրբեջանցի դիվանագետների եւ պատգամավորների կատարած աշխատանքից եւ դրա արդյունավետությունից, եւ այս գնահատականը ոչ այլ ինչ է, քան բարձր գնահատանք հենց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական դիվանագիտության վերջին օրերի փայլուն, թույլ տվեք անհամեստ գնահատական հնչեցնել, փայլուն եւ շատ արդյունավետ աշխատանքի։ Այս առումով՝ կարող եմ ասել, որ բոլոր ճակատներով մեծ ծավալի աշխատանք ենք իրականացնում, ես որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ եւ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ կարող եմ ասել, արդեն իմ անունից, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսը, համայնքները, Հայ դատի հանձնախումբը, հայկական եկեղեցին, բոլորը միահամուռ կերպով աջակցել են թե՛ ինձ, թե՛ մեր մյուս պատգամավորներին։ Եվ, գիտեք, վերջին երկու օրերին մեր բարեկամական եղբայրական երկրների՝ նույն Կիպրոսի եւ Հունաստանի կողմից հնչող՝ ի սատարումն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովի հայտարարությունների, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին, որ այդ բավականին բարդ ժամանակաշրջանում, իսկապես, բոլորը համախմբվել են մեր շուրջ, եւ դրա արդյունքները տեսանելի են։ Դրա մասին լավագույն վկայությունը, կրկնում եմ, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Եզրափակիչ ելույթներ. բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախագահ Հակոբ Արշակյանի եզրափակիչ ելույթը։

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Ազգային մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ընդունված օրենքի վերաբերյալ միայն կարող եմ ասել, որ հանրային ամենահնչեղ պահանջը հիմա, որ իշխանությունների առջեւ դրվում է, ըստ էության, կարգուկանոն սահմանելն է տեսալսողական մեդիայի ոլորտում եւ այն ինֆորմացիոն կփնթփնթային տարբեր բնույթի եւ ժանրի անհարգալից նյութերը, որոնք ներս են խուժում մարդկանց բնակարանները հանրային մուլտիպլեքսի լիցենզիա ստացած հեռուստաընկերությունների կողմից, ի վերջո, որեւէ կերպ կանոնակարգվեն բարձր որակով։ Այս ուղղությամբ ներդրված ջանքերը գնահատելի են մեր գործընկերների կողմից, հանձնաժողովի նախագահի կողմից, մշակող օրենսդիրների կողմից եւ մեր մյուս գործընկերների կողմից եւ ես հուսով եմ, որ սրա իրականացումը նույնպես բարձր մակարդակով կիրականացվի սահմանադրական հեռուստահանձնաժողովի կողմից։

Նաեւ ուզում եմ նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջետային միջոցների կողմից տրամադրվել են միջոցներ, որպեսզի այս օրենքի շրջանակներում արդեն իսկ տեսալսողական մեդիայի մոնիտորինգի շրջանակներում սարքեր եւ ծրագրային միջոցներ գնվեն՝ արդեն հանձնաժողովի կողմից բարձր որակով իրականացնելու համար այդ կոնտենտային կոորդինացիան տեսալսողական մեդիայի ոլորտում։ Սա, ըստ էության, հանրային լրջագույն պահանջի իրագործումն է, եւ այս ոլորտը, կարելի է ասել, այս օրենքի օգնությամբ հիմնավոր կերպով ստանում է իր ձեւը եւ բովանդակությունը։ Շնորհակալություն եմ հայտնում պառլամենտին աշխատանքի համար եւ մեզ բոլորիս բարի երթ եմ մաղթում։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախարար։ Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Հովհաննես Հովհաննիսյանը, նա եզրափակիչ ելույթ ունի։

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի հայրենակիցներ, ինձ համար, այնուհանդերձ, մի հարց, էսպես բաց մնաց. առաջին ընթերցումից հետո մեր հարգարժան ընդդիմադիր գործընկերները կողմ նախագծին քվեարկեցին, երկրորդ ընթերցման ժամանակ, երբ նախագիծն էլ ավելի լրամշակվել էր, էլ ավելի փոփոխվել էր, լավացել էր, հայտարարում են, որ դեմ են քվեարկում, իհարկե, իրենց որոշումն է սա։

Բայց, այնուհանդերձ, ասեմ, որ դրական փոփոխություններ կան, պրոցեսը եղել է ներառական, հասարակական կազմակերպությունները եւ մնացած բոլոր շահագրգիռ կազմակերպությունները մասնակցել են այս պրոցեսին, առաջարկներ են ներկայացրել, բնականաբար, ոչ բոլոր առաջարկները կարող են ընդունվել եւ դա տրամաբանական է, որ ոչ բոլոր առաջարկները, բայց եղել է մինչեւ հանձնաժողովի քննարկման վերջին պահը եղել է ներառական պրոցես եւ, առնվազն, տարակուսելի է դիրքորոշումը, որովհետեւ էս ժամանակահատվածում դուք կարող էիք ներկայացնել առաջարկներ։ Բայց, այնուհանդերձ ես չեմ կարծում, որ առաջարկների արդյունքում կամ օրենքի մեջ փոփոխության արդյունքում այն հին լիցենզիայից զրկված հեռուստաընկերությունները հնարավորություն էին ստանալու՝ հետ վերադառնալ դաշտ, որովհետեւ էս տարիների ընթացքում բազմաթիվ բաներ են փոխվել։ Բայց, էլի եմ կրկնում, եթե դուք գտնում էիք, որ կարելի էր օրենքով էդ հարցը լուծել, կարելի էր բերել փոփոխություն եւ օրենքով էդ հարցը լուծել։

Մի կարեւոր առանձնահատկություն օրենքի մեջ, որը ես անցյալ անգամ մոռացա շեշտել, այն է, երբ միացնում ես հեռուստաալիքը, շատ դեպքերում հեռուստաալիքը կանգնում է մի հեռուստաընկերության վրա, որը տարիներ շարունակ էդպես կուտակվելով, այսինքն՝ դա գրանցում է որպես դիտում եւ դրանից հետո համապատասխան գովազդային միջոցներով, այսինքն՝ բոլոր էդ սանդղակներով տալիս են, որ հեռուստաալիքը բարձր ռեյտինգ ունի եւ նրա գովազդն էդտեղ տեղադրելը բավականին թանկ հաճույք է դառնում։ Սա եւս կանխամտածված գործողություն է, որն օրենքով եւս կարգավորվելու է եւ հեռուստատեսությունը միացնելիս առաջին հերթին հանրային հեռուստաընկերության վրա է կանգնելու ալիքը, սա եւս կարեւոր փոփոխություն էր օրենքի մեջ իր քաղաքական ամբողջ ենթատեքստով, եթե կուզեք։

Այսքանը, ես կարծում եմ՝ բավականին կարեւոր օրենքի նախագիծ է, որը կարգավորելու է տեսալսողական մեդիայի դաշտը, իհարկե, հետագայում փոփոխություններ հնարավոր են, բայց էս պահին մենք ունենք լավագույն մշակված օրենքը եւ ներառական օրենքը։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հիմնական զեկուցող Վահագն Թեւոսյանի եզրափակիչ ելույթը։

Վ.ԹԵՎՈՍՅԱՆ

-Մեծարգո նախագահություն, հարգելի գործընկերներ, իմ ասելիքի մի զգալի մասը պրն Հովհաննիսյանն ասաց, մյուս զգալի մասը պրն Արշակյանն ասաց, էս պարագայում ուղղակի արագ փորձեմ պատասխանել երեկ հնչած հարցերին: Տիկին Տոնոյան միջազգային փորձաքննության չի ուղարկվել, որովհետեւ ժամանակային սղություն կար, էդ մասին մենք խոսել ենք, բայց փոխարենը բավական սկրուպուլյոզ համեմատություն ենք արել միջազգային իրավական նորմերի հետ, որպեսզի հանկարծ այնպիսի մի խախտում չլինի, որ հետագայում հետեւանքներ առաջացնի, դա մեզ մոտ ստացվել է։

Խոսքի ազատության հետ կապված՝ խնդիր չկա, նույնիսկ խոսքի ազատության մասով մասնագիտացված ՀԿ-ներն էդ մասին չեն բարձրաձայնել, ինչ վերաբերում է 15/25 տոկոսին լրատվական թողարկումներում, ձեր նշած տարբերակները հատուկ կարգավորման են ենթարկվում արտակարգ դրության պայմաններում։ Դա այլ նպատակ է հետապնդում, որ սոցիալական պատասխանատվությամբ պայմանավորված՝ հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունները, հեռարձակողները հանրությանը հասցնեն ամբողջական լրատվական փաթեթը, այլ ոչ թե կենտրոնանան, օրինակ՝ պատգամավոր Վահագն Թեւոսյանի կյանքի եւ գործունեության վրա։

Պրն Մարուքյան, ձեր ելույթի մասով, երեւի, չկարողանամ անդրադառնալ, ժամանակը կարճ է, ուղղակի, թույլ տվեք ասել, որ շատ խեղճ եւ կցկտուր էին ձեր հիմնավորումները, թե ինչու եք ուզում դեմ քվեարկել, ես ենթադրում եմ, որ որոշումը սպոնտան է եղել, եւ նախագծին չեք էլ հասցնել ծանոթանալ եւ եթե համարում եք, որ ես անարդար եմ հիմա տեքստ ասում ձեր հանդեպ եւ ձեզ սատիսֆակցիա է անհրաժեշտ, ես պատրաստ եմ ձեր հանրային, հրապարակային բանավեճի հրավերն ընդունել եւ տալ ձեզ անսահմանափակ ժամանակ՝ դրան պատրաստվելու համար։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ավարտվեց այս հարցի քննարկումը։ Այժմ քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գեւորգյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Վահագն Հովակիմյան։

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ինչպես երեկ առաջին ընթերցման քննարկման ժամանակ մենք, կարելի է ասել, ընդհանուր կոնսենսուսով պայմանավորվեցինք, առաջինից երկրորդ ընթերցմանը ներկայացրել են առաջարկներ, տվյալ դեպքում, ուղղակի, քանի որ պրն Վարդանյանը բանավոր, գրավոր նա նախապես տրամադրել էր հանձնաժողովների անդամներին, բայց նաեւ նիստում բանավոր հնչեցրեց, որպեսզի դա, ուղղակի, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենք պահանջներով պայմանավորված իրացվի։

Եվ այսպես, առաջարկում է «ժամանակավոր անաշխատունակության վիճակում» բառերը փոխարինել «համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում իրավասու մարմնի ցուցումով որպես սահմանափակում մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ» բառերով։ Այլ կերպ ասած՝ գրավոր քվեարկելու այս գործիքը կիրառվելու է բացառապես համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում ինքնամեկուսացման կամ մեկուսացման մեջ գտնվող պատգամավորների կողմից։

Այսինքն՝ այն կարգավորումը, որ նախկինում նման քվեարկություն կարող էր իրականացվել ընդհանրապես առողջական խնդիրներով աշխատանքի չգալու դեպքում, սա փոխվում է միայն արտակարգ դրության պայմաններով, իսկ արտակարգ դրությունն էլ պետք է լինի կոնկրետ համաճարակի հիմքով հայտարարված։ Եվ այդ ժամանակում ինքնամեկուսացման կամ մեկուսացման մեջ գտնվող պատգամավորները կարող են օգտվել գրավոր քվեարկելու հնարավորությունից։

Այս գործիքը տրվում է հա՛մ հանձնաժողովների դեպքում, հա՛մ խորհրդի անդամ պատգամավորների դեպքում եւ արդեն Ազգային ժողովի լիագումար նիստերին կամ արտահերթ նիստերին օրենքների նախագծերի որոշումներին քվեարկելու դեպքում։ Այսքանը։ Այս է փոփոխությունը, այսինքն՝ ամբողջ այս տրամաբանության մեջ է նախագիծն այլեւս։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն պրն Հովակիմյան հանգամանալից ներկայացման համար, առաջարկ է ներկայացրել նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը: Պրն Վարդանյանը, կարծեք թե, հարց չունի, ըստ այդմ՝ կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հարակից զեկուցմամբ հանդես կգա Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը։

Ն.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

-Ազգային ժողովի հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, հաշվի առնելով նախօրեին այստեղ տեղի ունեցած քննարկումները եւ որոշակի ռիսկերը, որոնք առաջ քաշվեցին, առաջարկություն է արվել եւ նախագիծը լրամշակվել է ներկայացված տարբերակով, ինչպես պրն Հովակիմյանը նշեց, այս կարգավորումը վերաբերելու է արտակարգ իրավիճակներով պայմանավորվածությամբ ներկայացված ինքնամեկուսացման եւ մեկուսացման ռեժիմների դեպքում, երբ այդ ամենն իրականացվում է իրավասու մարմնի ցուցումով։ Նախագիծը քննարկվել է Պետական իրավական հարցերի հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն, ձեզ կոչ եմ անում կողմ քվեարկել։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն տիկին Բաղդասարյան։

Մենք կլսենք հարակից զեկուցում նաեւ գործադիրից, զեկուցմամբ հանդես կգա Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը։

Վ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախագծի նախնական տեքստի վերաբերյալ մենք որոշակի մտահոգություններ ենք ներկայացրել, նաեւ հիմք ընդունելով այստեղ տեղի ունեցող քննարկումները, որոշակի վերաձեւակերպումներ են տեղի ունեցել, հետեւաբար՝ այս մասով այլեւս առարկություններ չունենք։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Մտքերի փոխանակություն, հերթագրում։ Միքայել Զոլյան։

Մ.ԶՈԼՅԱՆ

-Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, այս օրենքի առումով` ամեն ինչ պարզ է, ես կարծում եմ, որ կարիք չկա` նույն փաստարկները եւս մեկ անգամ բերել, այդ իսկ պատճառով ես կշեղվեմ եւ ուզում եմ խոսել այն զարգացումների մասին, որոնք մենք տեսանք վերջին օրերին Ադրբեջանում։

 Կարծում եմ` կարիք չկա մանրամասնել, դա ցույց էր, որն ի սկզբանե բեմադրված էր, բայց դուրս եկավ վերահսկողությունից եւ ավարտվեց, ըստ էության, իրենց Ազգային ժողովի շենք ներխուժելով եւ ոստիկանության հետ բախումներով, պաշտոնանկություններ, բռնապետ, որը դժգոհում է իր իսկ ժողովրդից եւ ասում է՝ ինչո՞ւ եք պատերազմ պահանջում, բայց կամավոր չեք գալիս եւ իզուր եք դժգոհում, որովհետեւ, կարծում եմ՝ շատ բնական է, որ Ադրբեջանում հասարակ մարդիկ պատրաստ չեն դառնալ թնդանոթի մսացու՝ բռնապետական վարչական կյանքը երկարաձգելու համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ մեր վերլուծությունը ճիշտ էր եւ, իրոք, ադրբեջանական կողմի այս ռազմական սադրանքները կապված են նրա հետ, որ լուրջ ճգնաժամ գոյություն ունի Ադրբեջանում, եւ սա շատ պարզ պատճառներ ունի, յուրաքանչյուր ավտորիտար համակարգ, յուրաքանչյուր բռնապետություն ունի որոշակի օգտագործման ժամկետ։ Այն կարող է որոշ ժամանակ թվալ արդյունավետ, բայց վաղ թե ուշ բոլորի համար ակնհայտ է դառնում, որ դրա օգտագործման ժամկետը մոտենում է ավարտին եւ այդ ժամանակ յուրաքանչյուր բռնապետ փորձում է իր ներքին քաղաքական խնդիրները լուծել, այսպես կոչված, փոքրիկ հաղթական պատերազմի միջոցով եւ արտաքին թշնամիներ որոնելու միջոցով։ Սա չի նշանակում, որ մենք պետք է թուլանանք եւ պետք է մտածենք, որ որեւէ խնդիր չկա, ընդհակառակը, սովորաբար հենց այդպիսի իրավիճակներում է, որ բռնապետությունները դառնում են շատ վտանգավոր եւ հաճախ կորցնում են իրականության զգացումը եւ դիմում են ինչ-որ հանդուգն քայլերի, հետեւաբար՝ մենք պետք է շարունակենք լինել միասնական, շարունակենք լինել համախմբված, զորավիգ լինենք մեր բանակին, որը պաշտպանում է մեր սահմանները եւ չմոռանանք նաեւ առողջապահության համակարգի մասին, որն այսօր պաշտպանում է մեզ կորոնավիրուսի հետ կապված վտանգներից։ Եվ ինչպես այս օրերին մենք ցույց տվեցինք, որ կարող ենք լինել միասնական եւ համախմբված, շարունակենք հենց այդպես աջակցել մեր բանակին եւ մեր բժիշկներին։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ինչ-որ բան այնպես չէ՞, հարգելի գործընկերներ: Հաջորդ ելույթը՝ Ռուստամ Բաքոյան։

Ռ.ԲԱՔՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի կողմից վերջին օրերից սադրիչ ռազմական գործողությունները, հայկական կողմից արժանանում են արժանվույն պատասխանի, եւ եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները եւ հայաստանաբնակ բազմաթիվ եզդիներ, տասնյակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են, եթե անհրաժեշտություն լինի, անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պահպանել, պաշտպանել մեր ընդհանուր սահմանը։

Կոչ եմ անում մեր եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում՝ հայկական սփյուռքի հետ ակտիվ աշխատել եւ՛ Եվրոպայում, եւ՛ Միացյալ Նահանգներում, եւ՛ մնացած մյուս երկրներում, որպեսզի կարողանանք Ադրբեջանի այս սադրիչ ռազմական գործողություններին հստակ նաեւ դիվանագիտական պատասխան տալ։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բաքոյան, առաջի անգամը չէ, որ եզդի ժողովուրդն անվերապահորեն հայ ժողովրդի հետ է, գիտեք մեր եղբայրական զգացմունքները միմյանց նկատմամբ եւ մի անգամ չէ, որ փորձություն է բռնել այդ եղբայրությունը։

Հարցի քննարկումն ավարտելուն մնացին եզրափակիչ ելույթները. պրն Դանիելյան, ավելացնելու բան չունե՞ք, տիկին Բաղդասարյանը, կարծես թե, եւս, պրն Հովակիմյանը՝ հիմնական զեկուցողը եւս ոչինչ ավելացնելու չունի։ Ավարտվեց հարցի քննարկումը։

Այժմ քննարկում ենք պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կողմից ներկայացված՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Սուրեն Գրիգորյան։

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պետաիրավական հանձնաժողովում այսօր նախագիծը քննարկվում էր երկրորդ ընթերցումից առաջ, ինչպես գիտեք, երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց, եւ բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք լրացուցիչ աշխատանք են ենթադրում, որպեսզի, քանի որ գործ ունենք նաեւ սահմանադրական օրենքի հետ, նման հրատապությամբ, այդ հարցերը լրիվ լրամշակված չլինելու պարագայում ես՝ որպես հեղինակ մտավախություն ունեմ, որ կարող են օրենքում տեղ գտնել ոչ ամբողջությամբ մշակված դրույթներ, ուստի, ձեզ խնդրելու եմ, որպեսզի երկրորդ ընթերցմամբ նախագծին դեմ քվեարկեք, այնուհետեւ իմ առաջարկով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝ նախագիծը վերադարձվի առաջին ընթերցումից հետո առաջարկների ներկայացման փուլ եւ նշված հարցերին այդ փուլում պատասխան ստանալուց հետո նոր երկրորդ ընթերցմամբ ընդունվի։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վլադիմիր Վարդանյանն է առաջարկ ներկայացրել, կարող է ձեզ հարց տալ: Ունե՞ք հարց, պրն Վարդանյան: Չկա հարց, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հարակից զեկուցմամբ հանդես կգա Սիսակ Գաբրիելյանը պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովից։

Ս.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, այո, այս նիստը սկսվելուց դեռ 2 պակաս պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում էինք, եւ, ինչպես նախագծի հեղինակը նշեց, ամբողջական չէ, ուստի, ես էլ կխնդրեմ առաջնորդվել նախագծի հեղինակի կոչով եւ ընթերցման ժամանակ, քվեարկության ժամանակ դեմ քվեարկել։ Շնորհակալ եմ։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարակից զեկուցմամբ հանդես կգա Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Ս.ԳԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, կիսում եմ հեղինակի դիրքորոշումը, իրականում որոշ խնդրահարույց հարցեր առաջացան, որոնք մանրակրկիտ կարգավորման կարիք ունեն, ուստի, խնդրում եմ առաջնորդվել հեղինակի առաջարկած մեխանիզմով։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն տիկին Գալյան։ Մտքերի փոխանակություն. հերթագրում։ Արման Աբովյան։

Ա.ԱԲՈՎՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, գիշերը կրկին ադրբեջանական կողմը փորձեց դիվերսիոն ներխուժում անել եւ կրկին անգամ գնդակոծությունների ենթարկեց հայկական գյուղերը, եւ սա ցայտուն օրինակ է եւ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, մենք բոլորս պետք է սա շատ հստակ ֆիքսենք, պատրաստ չի եղել, պատրաստ չէ եւ պատրաստ չի լինի կառուցողական երկխոսության, որովհետեւ ի սկզբանե բազմաթիվ անգամ ընդգծել ենք, որ Ադրբեջանը լինելով Թուրքիայի սատելիտ, Թուրքիան այն դեստրուկտիվ էլեմենտն է են մեր տարածաշրջանում, որի համար գոյություն չունի արդարության եւ աշխարհաքաղաքական, ինչո՞ւ ոչ, այդ բոլոր զարգացումների ստաբիլ լինելն ինչ-որ ձեռնտու չէ, իրենց ձեռ չի տալիս եւ այդ իսկ պատճառով պետք է հստակ հասկանալ, որ շատ կարեւոր է, բացի այն միջազգային արձագանքը, որը մենք այսօր ունենք, նաեւ մենք մեզ համար ֆիքսենք, որ իրենք չեն գնալու, ես համոզված եմ, երբեք ոչ մի կառուցողական որոշման, առհասարակ. կառուցողական կեցվածքի տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է իրադարձություններին, ապա կրկին անգամ հորդորում եմ ՀՀ քաղաքացիներին՝ ոչ մի դեպքում չտարածել, չգիտեմ, այն դեզինֆորմացիան, որը պարբերաբար գցվում է հայկական թե՛ տեղեկատվական, թե՛ սոցիալական դաշտեր, լինել շատ ուշադիր եւ օգտվել միայն եւ միայն պաշտոնական կամ 10 անգամ վերստուգված տեղեկությունից: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Աբովյան: Ավարտվեց մտքերի փոխանակությունը: Եզրափակիչ ելույթներ. տիկին Գալյան, ավելացնելու բան չունե՞ք, պրն Գաբրիելյան, դուք՝ եւս: Նախագծի հեղինակ Սուրեն Գրիգորյանի եզրափակիչ ելույթը:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, միայն ուզում էի ի գիտություն, ասել, որ լրամշակման անհրաժեշտությունը չի առաջացել՝ պայմանավորված էն հանգամանքով, որ բուն նախագծի փիլիսոփայության կամ առաջարկի բովանդակության հետ կասկած կա։ Ուղղակի, հարակից օրենքներում փոփոխությունների անհրաժեշտության հարց է բարձրացվել, որը մանրամասնորեն պետք է ուսումնասիրվի եւ, եթե անհրաժեշտ լինի, էդ հարակից օրենքներում փոփոխություններ կատարվելուց հետո նոր կարողանա նախագիծն ամբողջությամբ ընդունվել մտքի մասով եւ էն տրամաբանության մասով, որը երեկ ներկայացվեց իմ կողմից, որեւիցե բովանդակային փոփոխություն չկա: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ավարտվեց հարցի քննարկումը: Այժմ քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան:

Վ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու օրենքի նախագծերը: Նախագծերով սահմանվում է, որ երեխայի ծննդյան վկայականում, ի թիվս այլ տեղեկությունների, նշվի նաեւ հանրային ծառայության համարանիշի վերաբերյալ տեղեկատվություն ծնողների փոխադարձ համաձայնությամբ:

Մեր գերնպատակն է հանրային ծառայություններն անհնարին թվալու աստիճան պարզեցնել եւ հնարավորություն տալ դրանցից ավելի հեշտ օգտվել մեր քաղաքացիների կողմից, հնարավորության աստիճան մոտեցնել մեր քաղաքացիներին եւ մեկ կետից այդ ծառայությունները մատուցել, եւ սա այդ ճանապարհին մեկ քայլ է, հաջորդիվ նաեւ կներկայացնենք համակարգային փոփոխությունների մեկ այլ փաթեթ:

Գործնականում ի՞նչ հարց ենք լուծում սրանով, բերեմ մեկ օրինակ. այս պայմաններում երեխայի ծնունդը գրանցում է արդարադատության նախարարությունը, երեխայի ծննդյան հետ կապված միանվագ վճարը տալիս է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պահանջում է նաեւ երեխայի հանրային ծառայությունների համարանիշ, որը քաղաքացին ստիպված պետք է ձեռք բերի ոստիկանության՝ բնակչության պետական ռեգիստրից: Հետեւաբար՝ մենք այս փոփոխությամբ այդ մեկ քայլը կրճատում ենք եւ այլեւս անհրաժեշտություն չի լինի ոստիկանության պետական ռեգիստր այցելել՝ այս հանրային ծառայության համարանիշը ստանալու համար: Նաեւ, որպես ի գիտություն, նշեմ, որ մենք 4 այնուհետեւ ավելացրեցինք, 7 բժշկական հաստատություններում արդեն երեխայի ծննդյան գրանցում ենք անում եւ այս բոլոր գործընթացները միավորել ենք մեկ տեղում, եւ քաղաքացին ստիպված չի լինելու արդեն այդքան պետական մարմիններ այցելել՝ երեխայի ծննդյան վկայական ստանալու՝ նաեւ այդ գումարները ստանալու համար: Այս ճանապարհին օրենսդրական եւ տեխնիկական խոչընդոտները հերթականությամբ լուծում ենք, եւ սա այն օրենսդրական խոչընդոտն է, որը սրանով պատրաստվում ենք լուծել: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Գրավոր առաջարկներ չեն եղել, պրն Դանիելյան, եւ հարցեր ձեզ չեն կարող ուղղվել, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկուցմամբ հանդես կգա պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը:

Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-ԱԺ հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, փոխնախարարն արդեն իսկ հանգամանալից ներկայացրեց օրենքների փոփոխությունների փաթեթը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է օրենքների նախագծերի փաթեթը եւ միաձայն տվել է դրական եզրակացություն:

Կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծերին, շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Մտքերի փոխանակություն. հերթագրում: Հովհաննես Հովհաննիսյան:

Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, ես կարծում եմ՝ շատ կարեւոր նախաձեռնություն է, եւ, հատկապես, էլ ավելի կարեւոր է, պրն Դանիելյան, հետագան, որ դուք նշեցիք, որ պետք է ինստիտուցիոնալ փոփոխություններ արվեն: Նայեք, շատ երկրներում մարդիկ, ընդհանրապես, տանից էլ դուրս չեն գալիս՝ երեխայի ծննդականը վերցնելու, որեւէ փաստաթուղթ վերցնելու, ամբողջը կարգավորվում է փոստով: Ընդամենը, մտնում են կայք, գումարը վճարում են քարտով, բոլոր փաստաթղթերը գալիս են։ Եվ ես կարծում եմ, որ մենք վաղ թե ուշ համակարգերի զարգացումը, եթե հնարավոր է, ասեք՝ նման պլաններ կան, թե ոչ, որպեսզի հնարավորինս մարդ-մարդ կոնտակտը բացառվի: Փոստային բաժանմունքների միջոցով կամ նույն էլեկտրոնային, կորցրեց մարդն անձնագիրը, միանգամից դիմում է, էլեկտրոնային տարբերակով ստանում է անձնագրի պատճենը կամ անձնագիրը, ստանում է նույն ծննդյան վկայականը եւ այլն:

Սա բավականին կհեշտացնի մեր ազգաբնակչության հոգսերի մի ստվար հատվածը, նաեւ փոստաթղթաշրջանառության դինամիկան կարագացնի եւ կհեշտացնի: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Եզրափակիչ ելույթներ. տիկին Կարապետյան՝ ավելացնելու բան չունե՞ք: Պրն Դանիելյան, համեցեք։ Եզրափակիչ ելույթ. արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան:

Վ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Ուղղակի արձագանքեմ պրն Հովհաննիսյանի դիտարկումներին: Պրն Հովհաննիսյան, դուք ճիշտ եք, մի շարք երկրներում հանրային ծառայությունների մատուցումը շատ ավելի առաջ է, բայց մենք ավելի առաջադեմ լուծումներ ենք քննարկում այս պահին, եւ էլեկտրոնային նոր գործիքներ կդրվեն: Արդեն իսկ ունենք ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, որը մի քանի րոպե է ընդամենը տեւում, 1 ամիս առաջ ենք ներդրել:

Այս ծառայությունները հաջորդական են, մինչեւ տարվա վերջ եւս 2-3 ծառայություն կունենանք: Ասեմ՝ այս ծառայությունների հեշտությունն ինչն է, որ նաեւ էլեկտրոնային ապոստիլի ներդրում ենք ունեցել: Սա նշանակում է, որ այդ տեղեկանքների համար անձն այլեւս ՀՀ այցելելու կարիք չի ունենալու, եւ, օրինակ՝ Բելգիայում 1-2 րոպեի ընթացքում կարողանալու է այս դիմումը ներկայացնել եւ իրեն անհրաժեշտ տեղեկանքը ստանալ: Մենք պատրաստվում ենք նաեւ մնացած բոլոր ծառայություններն էս տրամաբանությամբ առաջ տանել եւ առաջիկայում կունենանք նորություններ, իսկ փաթեթը, որի մասին խոսում էի, վերաբերելու է ժամկետների կրճատմանը եւ բյուրոկրատիայի հեշտացմանը, այսինքն՝ բյուրոկրատիայից զերծ հանրային ծառայությունների ստեղծմանը: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ավարտվեց հարցի քննարկումը: Այժմ հարգելի գործընկերներ քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան:

Լ.ՇՈՒՇԱՆՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո նախագահություն, հարգելի պատգամավորներ, մինչ բուն նախագծին անդրադառնալը, կարեւորելով այս ամբիոնի մոտ հնչեցրած ցանկացած մտքի կամ հայտարարության արժեքը, ես ցանկանում եմ մեր պետության հերթական ձեռքբերումներից մեկի մասին որպես լավ լուր հայտարարել: Բոլորդ կհիշեք, որ շուրջ 3 տարի առաջ երկիրն անդամակցեց արդյունահանող ճյուղերի միջազգային նախաձեռնությանը, որին Հայաստանն անդամակցել էր՝ այն քաղաքական կամքն արտահայտելով, որ ավանդապես կոնսերվատիվ ընդերքօգտագործման ոլորտը պետք է միջազգային ստանդարտներին համահունչ՝ թափանցիկ եւ հաշվետու դառնա, եւ այդ քաղաքական կամքի անշեղորեն կատարմանն ուղղվեցին շուրջ 3 տարվա աշխատանքներ:

Եվ 2 օր առաջ մենք լավ լուր ստացանք, որ նախորդ տարվա սեպտեմբերից սկսած, միջազգային գնահատականը՝ վալիդացիան, մենք փայլուն կերպով անցել ենք, եւ սա, կրկնեմ, 3 տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ է, եւ ստացել ենք հնարավոր բարձրագույն գնահատականը: Այսինքն՝ երկիրն արժանացել է այդ նախաձեռնության բարձագույն գնահատականին, որին, ի դեպ, նշեմ, որ վերջին 10 տարվա մեջ 53 անդամակցող երկրներից միայն 8-ն էին կարողացել արժանանալ, այդ թվում՝ Գերմանիան, Նորվեգիան եւ նմանատիպ այլ երկրներ: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ չնայած ընդերքօգտագործման ոլորտում տարբեր շահեր ունենալուն, բայց հենց այս նախաձեռնության շրջանակներում մեր քաղհասարակության գործընկերների, մեր հանքարդյունաբերության ներկայացուցիչների եւ պետական կառավարման մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունն այս ձեռբերմանը հասավ: Եվ սա հատկապես կարեւոր է, քանի որ մենք բոլորս պետք է այս օրերին եւ, ընդհանրապես, կանգնենք մեր զինվորների կողքին, որովհետեւ մեր սահմաններն աշխարհագրական կոորդինատներով չեն սահմանափակվում, այն էլ՝ այն դեպքում, երբ նման նախաձեռնություններում Ադրբեջանի պես հանրապետությունը փորձում է ամեն կերպ նախ՝ տապալել Հայաստանի անդամակցությունը, չնայած ինքն անհաջողության հասավ եւ դուրս մնաց նմանատիպ ժողովրդավարական կոչում ունեցող նախաձեռնությունից:

Բոլորս լծվենք մեր գործին եւ փորձենք մեր զինվորի հետ պահպանել բոլոր բնագավառներում հաղթանակները եւ մեր դիրքերը: Շնորհակալություն եմ հայտնում եւ շնորհավորում բոլորիդ այս կապակցությամբ:

Իսկ այժմ նախագծին անդրադառնամ. ինչպես գիտեք, երկրորդ ընթերցմամբ եմ ներկայացնում, եւ առաջինից երկրորդ ընթերցում բավական շահագրգիռ քննարկումներ անցկացվեցին գլխադասային հանձնաժողովում, որի համար շնորհակալ եմ թե՛ կազմակերպող գլխադասային հանձնաժողովին եւ թե՛ բոլոր անդամներին։ Եվ, իհարկե, մենք բավական առաջարկներ ստացանք հենց խորհրդարանի իրավաբաններից, որի համար նույնպես շնորհակալություն եմ հայտնում, չնայած ֆորմալ դրանք ներկայացված են որպես Կառավարության առաջարկներ, բայց էականորեն բարելավեցին այս նախագիծը:

Նշեմ, որ հիմնական ռեֆորմները, որոնք առաջարկում են այս նախագծով, այն են, որ հանքավայրերը եւ տեղամասերը, տեղամասի պաշարները պետք է այսուհետ տրամադրվեն ամբողջական պաշարով: Տրամադրվելու են իրավունքները ոչ թե մինչեւ 50 տարվա ժամկետով, այլ մետաղականների համար՝ մինչեւ 25 տարվա, ճիշտ է, մենք առաջարկել ենք 15 տարի՝ ոչ մետաղականի համար, բայց ընդունելով «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերների առաջարկը, առաջարկում ենք ոչ մետաղականների համար էլ 20 տարվա ժամկետ սահմանել:

Այս նախագծով նաեւ կարգավորվում են գրավադրման իրավունքի հետ կապված հարաբերությունները: Ինչպես հանքարդյունաբերող զարգացած երկրներում, ինչպիսիք են, օրինակ՝ Ավստրալիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը կամ Կանադան, Օնտարիոն եւ նմանատիպ բազում երկրներ, ընդերքօգտագործման իրավունքի գրավադրումն իրականացվում է լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ եւ ոչ թե պարզապես տեղեկացմամբ։ Եվ մենք առաջարկում ենք, որ իրավունքը գրավադրվի միայն այն դեպքում, երբ ընդերքօգտագործողը կծախսի ներգրավվող միջոցները հենց տվյալ լիցենզիայի, տվյալ իրավունքի շրջանակներում աշխատանքների համար եւ ոչ թե այլ բիզնեսների կամ այլ նպատակների, ինչպես հաճախ դա իրականացվում է:

Բացի այդ, մենք սահմանել ենք, որ ընդերքօգտագործման իրավունքները կերկարաձգվեն կամ կընդլայնվեն այն դեպքերում, եթե ընդերքօգտագործողը տվյալ պահին աշխատանքներ իրականացրած լինի առնվազն 70%-ով: Մենք առաջարկում ենք մի շարք նաեւ բնապահպանական, իհարկե, ուղղվածության բարեփոխումներ, ինչպիսիք են, օրինակ՝ մինչեւ 500 հազար արտադրողականությամբ հանքավայրերի համար չոր պոչերի տեխնոլոգիայի պարտադիր կիրառումը, ինչպես նաեւ բոլոր մետաղական հանքավայրերի համար փակ շրջանառու համակարգի պարտադիր կիրառելիությունը եւ վերընթաց պոչամբարների արգելումը Հայաստանում՝ հաշվի առնելով սեյսմաանվտանգ պահանջները, որոնք պետք է սահմանվեն նմանատիպ պոչամբարների համար:

Նախագծով կարգավորվում եւ հստակեցվում նաեւ փորձաքննական ընդերքաբանական ընթացակարգերը, ինչպես նաեւ Վարչական դատավարության մասին օրենքում մենք փոփոխություններ ենք իրականացրել եւ այսուհետ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելիս կամ կասեցնելիս, եթե բողոքարկում է ընդերքօգտագործողը, ապա այդ իրավունքն ավտոմատ չի վերականգնվում, գործողությունն ավտոմատ չի վերականգնվում եւ ընկերությունը պետք է միջնորդություն ներկայացնի, սա էլ՝ պրն Խաչատրյանի առաջարկությամբ։

Նաեւ Ընդերքի օրենսգրքում մի ավելորդ նախադասություն կար, մենք հանեցինք, որպեսզի էստեղ տարամեկնաբանության առիթ չլինի: Մնացածին կփորձեմ պատասխանել ձեր հարցերի միջոցով: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Առաջարկ ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, տիկին Շուշանյան եւ միայն նրանք կարող են հարց ուղղել: Ունի՞ խմբակցությունը հարց: Չունի հարց։ Հետեւաբար՝ կարող եք զբաղեցնել ձեր տեղը,շնորհակալություն:

Հարակից զեկուցմամբ հանդես կգա տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը:

Հ.ԱՂԱԶԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան փոխխոսնակներ, հարգելի պատգամավորներ, երկրորդ ընթերցմամբ քննարկում ենք «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի, ինչպես նաեւ կարգավորող խնդիրներին առնչվող եւս 4 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Քննարկում ենք մի նախագծերի փաթեթ, որը, ըստ էության, շատ կարեւորագույն նշանակություն ունի մեր տնտեսության համար: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ արտահերթ նիստի ժամանակ, երբ հարցը քննարկվում էր, երկրորդ ընթերցումից առաջ որոշում կայացրեց քննարկվող հարցը 24-ժամյա ռեժիմից դուրս բերելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ իրավաբանական վարչությունը չէր հասցրել լիարժեք գնահատական տալ նախագծին՝ նախագծի ծավալուն լինելու պատճառով, ինչպես նաեւ ընդունելով մեր ընդդիմադիր գործընկերների դիտողությունն այն մասին, որ ժամանակը շատ սուղ է՝ նմանատիպ օրինագիծը քննարկելու համար:

Եվ այժմ արդեն, այս անցած ժամանակամիջոցը հաշվի առնելով, բավականին լուրջ փոփոխություններ տեղի ունեցան նախագծում, Կառավարության ներկայացուցչի հետ միասին մեր հանձնաժողովում տեղի ունեցան շատ էական քննարկումներ: Ես դրանցից մի օրինակ կարող եմ բերել, որ նախագծում առաջարկվում էր գործող օրենսգրքի 30-րդ հոդվածում կարգավորել էն հանգամանքը, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ իրավասու մարմինը կասեցնում է այս կամ այն ընդերքօգտագործողի իրավունքը: Ըստ էսօրվա գործող օրենսդրության՝ եթե կասեցվում է, ապա ընդերքօգտագործողը կարող է դիմել դատարան եւ մինչեւ դատարանի որոշում կայացնելը, ինքը կշարունակի օգտագործել իր իրավունքները, որը շատ դեպքերում անընդունելի է, որովհետեւ երբ իրավասու մարմինը որոշում է կայացնում՝ կասեցնել կամ դադարեցնել շահագործումը, ապա դա հիմնված է շատ ու շատ խնդիրների վրա՝ մարդու իրավունքների, բնապահպանական խնդիրների, մարդու առողջության եւ այլն: Առաջարկվող նախագծում Կառավարությունն առաջարկում է, որ երբ իրավասու մարմինն էդպիսի որոշում կայացնի, ապա դա պետք է անմիջապես կիրարկվի՝ մինչեւ այդ որոշման իրավասության հետ կապված՝ դատարանի որոշում կայացնելը:

«Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներն առաջարկեցին, որ մենք թույլ տանք, հնարավորություն տանք, որ, բոլոր դեպքերում, նման որոշման դեպքում մինչեւ դատարանի վերջնական որոշում կայացնելը թույլ տալ, որպեսզի ընդերքօգտագործողն օգտագործի, էդ իրավունքն օգտագործի: Էստեղ շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի հնարավորինս բացառվեն էնպիսի քայլեր, որոնք կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ այս կամ այն տնտեսավարողի գործունեության վրա, եւ դա՝ որպես մի օրինակ: Նմանօրինակ այլ առաջարկությունների ընդունման հետ զուգընթաց՝ հանձնաժողովը երկարատեւ եւ շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշում կայացրեց՝ դրական եզրակացություն տալ նախագծերի փաթեթին, եւ ես էլ կոչ եմ անում ձեզ բոլորիդ՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկեք կողմ այս նախագծերի փաթեթին: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Աղազարյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ հարակից ձեզ հայտնի տարածքում տեղի է ունենալու քվեարկություն, ընտրելու ենք Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Իսկ մեր նիստը շարունակվում է: Մտքերի փոխանակություն՝ հերթագրում: Հերթագրված պատգամավորներ չկան:

Պրն Աղազարյան, եզրափակիչ ելույթի տեսքով ավելացնելու բան չունե՞ք: Տիկին Շուշանյա՞ն, համեցեք:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան:

Լ.ՇՈՒՇԱՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քանի որ «Վարչական դատավարության մասին» օրենքի փոփոխությունները հետաքրքրություն են առաջացնում, հստակեցնեմ այդ մասով, թե ինչպես ենք առաջնորդվելու այս փոփոխությունների ընդունման դեպքում:

Այսօր ընդերքօգտագործման փոփոխությունների ընդունման դեպքում, երբ ընդերքօգտագործողը զրկվի, դադարեցվի կամ կասեցվի իր իրավունքը, ապա ավտոմատ, ինքնըստինքյան համարվում է, որ ինքն իր գործունեությունը չի կարող, իհարկե, իրականացնել: Եթե բողոքարկման դիմեց, եւ դատարանը վարույթ ընդունեց իր հայցը, ապա այդ դեպքում նույնպես չի կարող ինքնըստինքյան վերականգնել իր գործունեությունը։ Սակայն ընդերքօգտագործողն իրավասու է միջնորդություն ներկայացնել մինչեւ վերջնական դատարանի վճիռ որոշումը, միջնորդություն ներկայացնել դատարանում եւ եթե դատարանը կորոշի, որ, այո, իր պետք է գործունեությունը վերականգնվի մինչեւ վերջնական որոշումը, ապա միայն այդ պարագայում իր գործունեությունը կվերականգնվի, սա՝ առաջին մասով, ինչ կցանկանայի անդրադառնալ։

Եվ երկրորդը. ճիշտն ասած, մեր ամփոփաթերթում Կառավարության առաջարկների մեջ հենց մի նախադասություն կիսատ է եղել, որը միտք չի արտահայտում այսօր, ուստի, այդ մասով նաեւ մենք խնդրել ենք, որ տեխնիկական շտկում իրականացվի եւ քվեարկության կդնենք այդ շտկված տարբերակը: Շնորհակալություն եմ հայտնում եւ կոչ եմ անում քվեարկել կողմ այս կարեւոր փոփոխություններին, որոնք, իհարկե, շարունակական կլինեն ոլորտի բարեփոխման եւ կայուն զարգացման համար: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ավարտվեց հարցի քննարկումը, հարգելի գործընկերներ, անցնում ենք հաջորդ հարցին: Քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ բարձր տեխնոլոգական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյան:

Գ.ՄԵԼԻՔՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար ձեզ քննարկմանն եմ ներկայացնում «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Այս փոփոխությունները պայմանավորված են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հետ կապված օրենքով, որի համաձայն՝ Ռազմաարդյունաբերական կոմիտեն, որ նախկինում գտնվում էր ՊՆ կազմում, տեղափոխվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Հետեւաբար՝ ռազմաարդյունաբերական ոլորտին առնչվող պրոցեսները նույնպես տեղափոխվել են տվյալ ԲՏԱ նախարարություն, ինչով պայմանավորված են փոփոխությունները նշված օրենքներում:

Առաջին ընթերցմամբ նշված նախագծերն ընդունվելուց հետո առաջարկություններ չեն ներկայացվել, եւ հետեւաբար՝ փոփոխություններ չեն կատարվել սկզբնական նախագծերի մեջ: Հետեւաբար՝ խնդրում եմ հաստատել ներկայացված նախագծերը:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Քանի որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, հարցեր չեն կարող լինել, ուստի, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկուցող պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյան: Համեցեք, պրն Կարապետյան:

Տ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Շնորհակալություն: Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք չափազանց կարեւոր օրենքի նախագիծ: Հանձնաժողովում քննարկումներ ունեցել ենք, ինչպես նշվեց, առաջարկներ չեն եղել եւ առաջարկում եմ կողմ քվեարկել։

Էս օրենքի ընդունմամբ մենք վերջնական տեսք կտանք ռազմաարդյունաբերական համալիրի ձեւավորմանը, եւ, ինչպես 2 օր, 3 օր արդեն Տավուշում մենք տեսնում ենք, ռազմաարդյունաբերական համալիրն արդեն շոշափելի արդյունքներ ունի: Առաջին անգամ հարվածային անօդաչու ունեցանք մարտական կիրառմամբ, ունենք գրանցված էլի հաջողություններ, որոնց մասին, ըստ անհրաժեշտության, ԲՏԱ նախարարությունը կամ պաշտպանության նախարարությունը կխոսեն։

Եվ նաեւ մեր նախարարությանը կոչ ենք անում՝ ավելի ակտիվ համագործակցել պաշտպանության նախարարության հետ, կարծում եմ՝ մարտական կիրառումը ցույց տվեց, որ որոշ զինատեսակների գծով կարող ենք արդեն սկսել սերիական արտադրություն եւ նաեւ էս ուղղությամբ, կարծում եմ՝ պետք է ավելի ակտիվ գործել: Շնորհակալություն:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն նաեւ ձեզ, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Հարգելի գործընկերներ, այժմ մտքերի փոխանակության համար կարող եք գրանցվել՝ գրանցում: Շնորհակալություն:

Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք, շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց: Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան:

Ռ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում «Նոտարիատի մասին» օրենքի փոփոխությունը՝ հարակից օրենքների փաթեթով: Փոփոխությամբ առաջարկվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման ժամանակ նոտարին հնարավորություն ընձեռնել՝ նաեւ վկայի ցուցմունքից օգտվելու:

Նշեմ, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հետեւյալն են. անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու հետ կապված վարույթները, անձի՝ ուրիշի խնամքի տակ գտնվելու հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, ծննդյան, որդեգրման, դստերագրման, ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցման հետ կապված վարույթները, ժառանգություն ընդունելու եւ ժառանգության բացման վայրի հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը, իրավունք հաստատող փաստաթղթերի պատկանելիության, բացառությամբ անձնագրի եւ զինվորական փաստաթղթերի, հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը, եւ սեփականության իրավունքով գույքի տիրապետման հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը: Օրենքի ընդունումից հետո անձինք իրավունք կունենան այսպիսի փաստերի հաստատման համար դիմելիս նաեւ նոտարին միջնորդել՝ վերցնել վկայի ցուցմունք՝ ի թիվս նաեւ այլ ապացույցների, որ իրենք ներկայացրել են նոտարին:

Առաջին ընթերցումից հետո Կառավարության առաջարկների հիման վրա կատարվել են հետեւյալ փոփոխությունները. «Նոտարիատի մասին» օրենքի 65-րդ եւ 66-րդ հոդվածներից հանվել է կազմակերպությունների կողմից կնքված փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, իրավաբանական անձանց պարտադիր կնիք ունենալու պահանջը, գիտեք, հանվել է մեր օրենսդրությունից, այդ պատճառով առաջարկվել են այս փոփոխությունները: Այս փոփոխությունը կնիք չունենալու եւ կնքված փաստաթուղթ չներկայացնելու վերաբերյալ նաեւ բխում է Կառավարության 2020 թվականի փետրվարի 27-ին հաստատած՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-23 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին Կառավարության որոշումից:

Այսքանը, խնդրում եմ կողմ քվեարկել:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցեր չեն կարող լինել:

Հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյան: Համեցեք տիկին Կարապետյան:

Լռություն դահլիճում, խնդրում եմ:

Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Հարգելի խորհրդարան, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը ձեր քննարկմանն է ներկայացվել երկրորդ ընթերցմամբ։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փաթեթը քննարկվել է, առաջինից երկրորդ ընթերցման փուլում որեւէ առաջարկ չի ներկայացվել, եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փաթեթը ստացել է դրական եզրակացություն։ Կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծերի փաթեթին: Շնորհակալություն:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Կարապետյան: Մտքերի փոխանակության համար կարող եք գրանցվել. գրանցում: Շնորհակալություն, մտքերի փոխանակության համար գրանցված պատգամավորներ չկան: Եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք, շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց:

Քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան: Համեցեք:

Ռ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ են ներկայացվում Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները: Փոփոխությունների իմաստը հետեւյալն է. նախկին խմբագրմամբ օրենսգիրքը հնարավորություն չէր տալիս շարժական գույքի տեղադրումը մեկ այլ անձի սեփականությամբ պատկանող հողամասում կամ այլ անշարժ գույքի տարածքում համարել ներխուժում եւ ներխուժման հետ կապված օրենսդրական կարգավորումները, մեխանիզմները կիրառել: Արդյունքում ստացվում էր, որ շարժական գույքի հեռացման իրավական արդյունավետ ճանապարհը դատական պաշտպանության եղանակն է, որը, գիտեք, կարող է երկար տեւել եւ մեծ ռեսուրսներ տանել: Առաջարկվող փոփոխությամբ շարժական գույքի հետ կապված կարգավորումներն ավելացնում ենք 203-րդ հոդվածում եւ առաջարկում ենք այն դեպքերում, երբ առանց սեփականատիրոջ թույլտվության շարժական գույք է տեղադրվում անձի հողամասում կամ այլ անշարժ գույքի տարածքում, համարվի ներխուժում եւ գործեն այդ օրենքով նախատեսված կարգավորումները:

Բացի այդ, նախատեսում ենք, որ պետական եւ համայնքային հողերի տարածքում շարժական գույքի տեղադրման, հեռացման կանոնները կսահմանվեն Կառավարության որոշմամբ: Սա հնարավորություն կտա մեզ՝ հիմնականում մաքրել այն երկաթյա թափոնները կամ այն առարկաները, որոնք աղտոտում են բնությունը, ինչպես նաեւ պետական եւ համայնքային այլ հողերը: Այսքանը, շնորհակալություն, խնդրում եմ կողմ քվեարկել:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Չէ, առաջարկ է ներկայացրել պատգամավոր Արթուր Դավթյանը, եթե պրն Դավթյանը հարց ունի, ապա… Հարց չունի: Խնդրեմ, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկուցող՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյան: Համեցեք, պրն Դավթյան, պարզ է՝ ինչու հարց չունեք:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո նախագահություն, հարգելի գործընկերներ, պետաիրավական հանձնաժողովը հարցը քննարկել է, դրան տվել է իր դրական եզրակացությունը, եւ կոչ եմ անում դրական քվեարկել նախագծին:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար գրանցում: Շնորհակալություն, գրանցված պատգամավորներ չկան: Եզրափակիչ ելույթների կարիք տեսնո՞ւմ եք: Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի պատգամավորներ, այժմ քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան, խնդրեմ:

Ռ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ ներկայացված օրենքների փաթեթով առաջարկվող կարգավորումները հանգում են հետեւյալին, հիմնականում բխել են Սահմանադրական դատարանի կայացրած երկու որոշումներից:

Առաջարկվող փոփոխությունների առաջին մասը վերաբերում է գույքի նկատմամբ իրավունքի գրանցման 30-օրյա ժամկետին։ Նախկինում 30-օրյա ժամկետն իմպերատիվ էր, այսինքն՝ այն հարգելի բացթողնված լինելու դեպքում հարգելի համարելու հիմքեր չկային, այժմ նախատեսվում են օրենքի փոփոխությամբ հարգելի համարելու հիմքեր, եւ եթե անձը 30-օրյա ժամկետը բաց է թողել իրենից անկախ հանգամանքներով, օրենքով թվարկված են այդ հիմքերը, ապա կարող է դիմել 30-օրյա ժամկետը վերականգնելու պահանջով: Սա առաջին փոփոխությունն է։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է նոտարի մոտ անձի կողմից իրավունքի գրանցում պահանջելուն: Նշեմ, որ այս օրենքի ընդունումից հետո անձինք, որոնք անշարժ գույքի հետ կապված գործարք են կնքել, այսինքն՝ բնակարան են առել, վաճառել կամ իրավունքի փոփոխության հետ կապված այլ գործարք են կատարել նոտարի մոտ, իրավունք կունենան՝ նոտարից պահանջելու՝ կատարել, դիմել կադաստրի կոմիտե՝ գրանցում պահանջելու մասով եւ կստանան իրենց իրավունքի գրանցումն առանց կադաստր այցելելու: Նշեմ, որ նոտարի կողմից ծառայության վճարը պետք է սահմանվի Կառավարության որոշմամբ, բայց նախնական քննարկումների արդյունքում 3 հազար դրամ պետք է սահմանվի այդ ծառայությունը կատարելու վճարը:

Այսինքն՝ եթե ամփոփեմ, բարելավում ենք այդ պրոցեսը, անշարժ գույքի հետ կապված գործարք կնքելուց հետո անձինք արդեն իրենց ցանկությամբ կարող են չայցելել կադաստր եւ իրենց իրավունքի գրանցումը ստանալ նոտարի մոտ: Այսքանը, խնդրում եմ կողմ քվեարկել:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, հարցեր չեն կարող լինել:

Հարակից զեկուցող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյան: Համեցեք:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Շնորհակալություն: Այս նախագիծը բավականին սպասված նախագիծ է, որովհետեւ իրավական գիտելիքների պակաս ունեցող գործարք կատարողները ժամկետում պետական գրանցում չներկայացնելու պատճառով ունենում էին խնդիր, առ ոչինչ գործարքի առաջ էին կանգնում եւ, փաստորեն, սեփականության իրավունքի պետական գրանցում չէին կարողանում ստանալ:

Այս նախագիծը հնարավորություն է տալիս բոլոր այդ անձանց՝ դիմելու նորից պետական գրանցման եւ, փաստորեն, պետական գրանցումը կիրականացվի եւ կստանան նրանք սեփականության իրավունքի վկայական, ինչպես նաեւ այդ իրավունքը վերապահելով, որ նոտարական գրասենյակներում նոտարները դիմեն, կարծում եմ՝ մենք հետագայում էլ չենք ունենա նմանատիպ դեպքեր, երբ որ անձինք գործարքը կկատարեն, բայց իրավունքի պետական գրանցում չեն կատարի։

Ուստի հանձնաժողովը, այս ամենը գնահատելով, դրական է քվեարկել նախագծին, եւ բոլորին կոչ եմ անում նույնպես դրական քվեարկել:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն: Մտքերի փոխանակության համար, հարգելի գործընկերներ, կարող եք գրանցվել. գրանցում: Հարգելի գործընկերներ, եզրափակիչ ելույթի կարիք տեսնո՞ւմ եք, պրն Դավթյա՞ն: Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյան:

Ս.ՍԱԻՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, երրորդ ընթերցմամբ ձեր քննարկմանն է ներկայացվում «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է աշխատանքային գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը եւս 2 տարով երկարաձգելուն:

Ուրեմն. նախագիծը քննարկվել է ԱԺ սոցիալական հարցերի եւ առողջապահության հանձնաժողովի նիստում, ստացել է դրական եզրակացություն։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ստացվել: Խնդրում եմ պատեհ պահի կողմ քվեարկել նախագծին:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարցեր չեն կարող լինել, առաջարկներ չեն եղել, պրն Սաիյան:

Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանին:

Հ.ՏԻԳՐԱՆՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, քանի որ նախագիծը հնարավորություն է տալիս՝ թվայնացնելու աշխատողների աշխատանքային գրքույկները, որոնք այա պահին դեռ գտնվում են գործատուի մոտ, հետեւաբար՝ բարենպաստ իրավական ռեժիմ է ստեղծում եւ՛ գործատուների համար՝ ժամանակը երկարաձգելու առումով, եւ՛ աշխատողների համար՝ հետագայում իրենց աշխատանքային ստաժը հաշվարկելու հնարավորության առումով, հանձնաժողովը քննարկել եւ երկրորդ ընթերցման համար տվել է դրական եզրակացություն: Ակնկալում եմ ձեր կողմ քվեարկությունը: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Տիգրանյան: Մտքերի փոխանակություն. հերթագրում: Գեւորգ Պապոյան:

Գ.ՊԱՊՈՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես ներողություն եմ խնդրում թեմայից մի փոքր շեղվելու համար, բայց, կարծում եմ՝ պատեհ առիթ է, որպեսզի եւս մեկ անգամ անդրադառնանք այն ստերին, որոնք ավելի քան 2 տարի է որոշ շրջանակներ տարածում են՝ փորձելով վարկաբեկել թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերին: Իհարկե, այդ ստերի շարքը շատ է, բայց դրանցից մի քանիսին այս կարճ ժամանակահատվածում անդրադառնալ, որովհետեւ նոր էլ, քիչ առաջ էլ տեսա էլի էդպիսի ստահոդ տեղեկություններ:

Դրանցից մեկը, օրինակ՝ դիվանագիտական կորպուսում անընդհատ պարտությունների մասին խոսելն էր, եւ էս ամեն ինչի պատասխանը եղավ այն, ինչ եղավ երեկ եւ որի մասին պրն Զոլյանն այս ամբիոնից քիչ առաջ խոսեց, որովհետեւ եթե դիվանագիտական կորպուսում մենք կրեինք պարտություն, մեր հակառակորդի արտաքին գերատեսչության ղեկավարը, ուղղակի, չէր ներկայացնի հրաժարական, իսկ իրենց նախագահը դրա մասին հրապարակային դժգոհություն չէր հայտնի:

Հաջորդը. ես, իհարկե, ռազմական գործի մեջ որեւէ կերպ մասնագետ չեմ, բայց երիտասարդ մի տղա կա, որը փախուստի մեջ է գտնվում հայրենի իրավապահներից, մեղադրում էր մեզ բազմամիլիոնանոց ծախսեր անելու եւ ՕՍԱ-ԱԿԱ տեսակի զենք գնելու համար, որը նա համարել էր մետաղի ջարդոն: Այդ մետաղի ջարդոնը մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց թանկարժեք, գերթանկարժեք զենքի, այսպես ասած, չակերտավոր վախճանի պատճառ դարձավ: Սա եւս ապացուցում է, որ դա պարզագույն սուտ էր, որով փորձում էին մոլորեցնել մեր քաղաքացիներին: Եվ, քանի որ ժամանակը կարճ է, մի ստի էլ անդրադառնամ. ավելի քան 2 տարի է՝ ասում են, որ այս իշխանությունները եկել են, որպեսզի հողեր հանձնեն, իսկ ի՞նչ է տեղի ունենում այս օրերին՝ պարզապես, բոլորիս ակնհայտ է, եւ էստեղ, ուղղակի, սրա մասին խոսք չկա: Սա եւս մեկ սուտ է, որը ջախջախվեց վերջին օրերի ընթացքում:

Այս կարճ ժամանակում, ընդամենը, այս 3 ստերին կարողացա անդրադառնալ, բայց եթե ժամանակը շատ լիներ, տասնյակներով կարելի է այդ ցանկը շարունակել: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Եզրափակիչ ելույթներ. տիկին Տիգրանյան ավելացնելու բան ունե՞ք, ո՞չ, պրն Սաիյան, դուք՝ եւս: Հարցի քննարկումն ավարտվեց:

Քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայան:

Ն.ԲԱԲԱՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, երեկ հանգամանալից քննարկվեց օրենքի նախագիծը: Հիշեցնեմ, որ ներկայացված նախագծով առաջարկվում է հանել պետական ոչ առեւտրային կազմակերպությունների տարածքներից վարձակալության տրվող տարածքների մինչեւ 1 տարի եւ 1 տարուց ավելի ժամկետով տրվելու տարբերակումը, ինչի շնորհիվ միասնական մոտեցում կցուցաբերվի: Իսկ մնացած կարգավորումներն արդեն իսկ ընդունվել են Կառավարության որոշմամբ, եւ էս օրենքի ընդունումը հնարավորություն կտա՝ այդ որոշումը կիրառել իր ողջ ուժով: Շնորհակալություն, այսքանը: Խնդրում եմ կողմ քվեարկել:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Բաբայան, հարցեր չեն կարող լինել: Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարիկ Մինասյանին:

Ս.ՄԻՆԱՍՅԱՆ

-Մեծարգո պրն նախագահ, հարգելի գործընկերներ, ներկայացված նախագիծն առավոտյան հանձնաժողովում քննարկվել է եւս մեկ անգամ, ստացել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Մինասյան: Մտքերի փոխանակություն. հերթագրում: Հերթագրված պատգամավորներ չկան:

Եզրափակիչ ելույթներ. պրն Մինասյան՝ ավելացնելու բան չունե՞ք, պրն Բաբայան, դուք՝ եւս: Հարցի քննարկումն ավարտվեց: Հարգելի գործընկերներ մեզ մնացել է երկրորդ ընթերցմամբ երկու հարց քննարկել, այնուհետեւ տեղի են ունենալու քվեարկություններ:

Քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյան:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Շնորհակալություն: Մեծարգո նախագահող, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես արդեն մեկ անգամ ասել էինք, տվյալ օրենսդրական նախագծով հանվում է այն բացառությունը, որ ՀՀ-ում ժամը 6-ից մինչեւ 10-ն անց կես չէր արգելվում հայկական արտադրության կոնյակի գովազդն էլեկտրոնային եւ ԶԼՄ-ներով:

Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ սա դեմ է ազգային վերաբերմունքի սկզբունքին, որը Հայաստանը որդեգրել է ԱՀԿ-ին եւ ԵԱՏՄ-ին միանալիս, սա համարվել է բարիեր ԵԱՏՄ շրջանակներում, եւ ՀՀ-ը պարտավորություն է վերցրել՝ ինչքան հնարավոր է շուտ վերացնելու այս անհավասար վերաբերմունքը: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ, այո, որոշակիորեն ոլորտին դա վնաս է, սակայն դրա մյուս ալտերնատիվը կլիներ այն, որ մեր գործընկեր երկրները կարող էին նաեւ իրավունք ստանալ, եթե այդ բարիերը չվերանար, որոշակի քայլեր իրականացնել տվյալ ոլորտի արտահանման նկատմամբ: Այդ ռիսկը պետք է ամբողջությամբ բացառել, ուստի, այս օրենքի նախագիծը... Նշեմ նաեւ, որ պատգամավորական նախաձեռնության արդյունքում Կառավարությունը փոփոխություն է առաջարկել առաջին ընթերցումից: Դա այն է, որ օրենքը սկզբնական տարբերակով մտնում էր ուժի մեջ 10 օրվա ընթացքում, սակայն նախաձեռնության արդյունքում օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունումից հետո 3 ամսվա ընթացքում ինչը թույլ կտա մեր տնտեսավարողներին՝ նաեւ հարմարվել արդեն իսկ նոր իրականությանը: Խնդրում եմ հաստատել՞ Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն Ավանեսյան: Հարցեր չեն կարող լինել: Հարակից զեկուցում. այն կներկայացնի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը:

Հ.ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, հանձնաժողովում հարցը քննարկվեց, վերապահումներ չկան: Կոչ եմ անում կողմ քվեարկել, շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակություն, հերթագրում: Հերթագրված պատգամավորներ չկան: Եզրափակիչ ելույթներ. պրն Գեւորգյան՝ ավելացնելու բան չունե՞ք, պրն Ավանեսյան, դուք՝ եւս: Այս հարցի քննարկումը եւս ավարտվեց:

Քննարկում ենք վերջին հարցը՝ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի եւ Կարեն Սարուխանյանի կողմից ներկայացված՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող՝ Նարեկ Զեյնալյան:

Ն.ԶԵՅՆԱԼՅԱՆ

-Մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, երեկ բավականին մանրամասն ներկայացրել եմ օրենքի նախագիծը: Նախագծի տրամաբանությունն այն է, որ յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ սպառնալիք է հանդիսանում մարդկանց կյանքին եւ առողջությանը, եւ այստեղ առանցքային դերակատարում ունի առողջապահական համակարգը: Եվ ցանկացած արտակարգ իրավիճակում առողջապահական համակարգը պետք է կարողանա ամբողջական, միասնական եւ ամենակարեւորը՝ համակարգված արձագանք ցույց տալ, եւ յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի պայմաններում պետք է ձեւակերպված եւ հաստատված լինեն առողջապահական բնագավառի գործունեության պլաններ եւ կոնկրետ արտակարգ իրավիճակի պայմաններում հաստատվեն կարգեր:

Հանձնաժողովում քննարկվել է նախագիծը, որոշ ձեւակերպումային, տեխնիկական փոփոխություններ են արվել: Մի փոփոխություն նշեմ, որն առավել նշանակալի էր. կարգերի սահմանման համար, հաստատման համար նախատեսված էր նախագծով 48-ժամյա ռեժիմ: Քննարկման արդյունքում այդ ձեւակերպումը փոխեցինք, եւ 48-ժամյա ռեժիմի փոխարեն ավելացվեց «ողջամիտ ժամկետ» արտահայտությունը՝ նկատի ունենալով, որ սա առավել սեղմ ժամկետ է նախատեսում, քան սովորական ընթացակարգերով հաստատվող կարգերը: Երեւի թե, այսքանը, խնդրում եմ կողմ քվեարկել:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Պրն Զեյնալյան, գրավոր առաջարկներ չեն եղել, կարող եք զբաղեցնել ձեր տեղը:

Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանին:

Լ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր եւս առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել է, քննարկումները բուռն են եղել: Ինչպես պրն Զեյնալյանը նշեց, 1-2 հարցի շուրջ եկել ենք ընդհանուր համաձայնության։ Հանձնաժողովը տվել է միաձայն դրական եզրակացություն, եւ հետեւաբար՝ առաջարկում եմ եւս կողմ քվեարկել եւ թույլ տալ, որպեսզի օրենքը մտնի ուժի մեջ: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն տիկին Բադալյան:

Հարակից զեկուցում կլսենք նաեւ գործադիրից, այն կներկայացնի Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

-Մեծարգո Նախագահություն, հարգելի գործընկերներ, Կառավարությունը ներկայացրել էր առաջարկներ, հանձնաժողովում դրանք քննարկվել են եւ ընդունվել են։ Ուստի, խնդրում եմ եւս կողմ քվեարկել:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Ավանեսյան: Մտքերի փոխանակություն՝ հերթագրում: Հերթագրված պատգամավորներ չկան:

Եզրափակիչ ելույթներ. տիկին Ավանեսյան, չե՞ք ցանկանում որեւէ բան ավելացնել, տիկին Բադալյան, դուք՝ եւս, պրն Զեյնալյան, դուք եւս: Հարցի քննարկումն ավարտվեց:

Հարգելի գործընկերներ, մենք, ըստ էության, քննարկեցինք բոլոր հարցերը եւ այժմ պետք է տեղի ունենան քվեարկություններ, բայց գիտեք, որ ԱԺ նիստերի դահլիճին հարակից տարածքում զուգահեռաբար ընթանում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի հարցի քվեարկությունը, եւ մենք էնտեղ ունենք հաշվիչ հանձնախմբի անդամներ, որոնք եւս իրավունք ունեն քվեարկել այս հարցերով, բայց չեն կարող լքել ընտրական տեղամասը։ Հետեւաբար՝ ես առաջարկում եմ վարվել հետեւյալ կերպ. այնտեղ քվեարկությունը տեղի է ունենալու մինչեւ 13:00-ն, այնուհետեւ հաշվիչ հանձնաժողովը պետք է ամփոփի քվեարկության արդյունքները, հաշվի քվեաթերթիկները եւ երբ հաշվիչ հանձնաժողովը, հանձնախումբն այս գործը կանի, կավարտի, կհնչի ԱԺ նիստերը սկսելու համապատասխան կոչնակը, խնդրում եմ ուշադիր լինել, այդ կոչնակից հետո մենք կհավաքվենք նիստերի դահլիճում, կլսենք այդ քվեարկության արդյունքները, այն կներկայացնի Վահագն Հովակիմյանը, եւ հետո արդեն բոլորս միասին կքվեարկենք այս նախագծերը:

Մինչ այդ՝ ընդմիջում: Շնորհակալություն:


Ժամը 13:20

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ավարտվել է ԿԲ խորհրդի անդամի ընտրությունը, եւ քվեարկության արդյունքները ներկայացնելու համար ամբիոնի մոտ եմ հրավիրում հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանին:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում ԱԺ յոթերորդ գումարման հաշվիչ հանձնախմբի թվով 71 արձանագրությունը: ԱԺ հաշվիչ հանձնախումբը, նախագահությամբ Հովակիմյանի, քարտուղարությամբ Դավոյանի, անդամներ Գաբրիելյանի, Պողոսյանի, Կարապետյանի, Կոստանյանի արձանագրում է. ԿԲ խորհրդի անդամում ընտրվելու համար առաջադրվել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 99-ը:

Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը, հաշվիչ հանձնախումբը պարզեց, որ քվեատուփում առկա էր 99 քվեաթերթիկ, որոնցից մեկը ճանաչվեց անվավեր, իսկ քվեարկության պատկերն այսպիսին է. կողմ` 96, դեմ` 2:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Այսպիսով, հարգելի գործընկերներ, որոշումն ընդունվել է, շնորհավորում ենք պրն Խաչատրյանին:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես նախապես պայմանավորվել էինք, հարգելի պատգամավորներ, այժմ քննարկելու ենք այս նստաշրջանի ընթացքում քննարկված երկրորդ ընթերցմամբ արդեն նախագծերը: Եվ այսպես, քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյանի կողմից ներկայացված՝ «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 79

Դեմ` 17

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Հարգելի պատգամավորներ, քվեարկության դրվող հաջորդ հարցը սահմանադրական օրենք է, ուստի, նախագիծը պետք է ընդունենք պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գեւորգյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Վարման կարգի վերաբերյալ` Վլադիմիր Վարդանյան:

Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նախագիծը նպատակ էր հետապնդում արտակարգ դրության ժամանակ ԱԺ-ի բնականոն գործունեության ապահովման համար համապատասխան երաշխիքներ ստեղծելը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարացնելու մասին որոշումն այստեղ ներկայացնելիս ՀՀ պարետը նշեց, որ օրենսդրական համապատասխան փոփոխություններ պետք է տանենք, որպեսզի արտակարգ իրավիճակների ռեժիմի շրջանակներում կարողանանք հետագա համաճարակային վերահսկողությունն իրականացնել, կարող է՝ մենք ունենանք խնդիր այս օրենքի ընդունումից հետո օրենքը, ըստ էության, ժամանակավրեպ դառնա: Ելնելով սրանից, առաջարկում ենք, որպեսզի վերադարձվի, այսօր դեմ քվեարկենք այս նախագծին, այն վերադարձնենք առաջին ընթերցումից հետո ներկայացվող գրավոր առաջարկների փուլ, լրամշակենք նախագիծը, որպեսզի այն համապատասխանի այն իրավիճակին, որը թույլ կտա արտակարգ իրավիճակների ռեժիմում արդեն իրականացնել մեր բնականոն գործունեությունը:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շատ լավ: Քվեարկություն:

Կողմ` 1

Դեմ` 79

Ձեռնպահ` 6

Որոշումը չի ընդունվել:

Վարման կարգի վերաբերյալ` Վահագն Հովակիմյան:

Վ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 83 հոդվածի 3-րդ մասի հիմքով առաջարկում եմ քվեարկության դնել նախագիծն առաջինից երկրորդ ընթերցման փուլ վերադարձնելու ԱԺ որոշման նախագիծ:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, Կանոնակարգի պրն Հովակիմյանի կողմից հիշատակված հոդվածը սահմանում է, որ մենք այժմ պետք է քվեարկենք հնչեցրած առաջարկը եւ մեր դիրքորոշումը հայտնենք: Որոշումը չընդունվելու կամ առաջարկ չներկայացվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվելու է:

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գեւորգյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը գրավոր առաջարկների փուլ տեղափոխելու ԱԺ որոշման նախագիծը: Քվեարկություն:

Կողմ` 78

Դեմ` 7

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Հարգելի պատգամավորներ, քվեարկության դրվող նախագծերի հաջորդ փաթեթում նույնպես սահմանադրական օրենք կա, ուստի, նախագծերի փաթեթը պետք է ընդունենք պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Եվ այսպես, քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կողմից ներկայացված՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Վարման կարգի վերաբերյալ` Սուրեն Գրիգորյան:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, այսօր նախագծի քննարկման հիմնական զեկուցման եւ եզրափակիչ ելույթի ընթացքում նշված պատճառաբանությամբ խնդրում եմ դեմ քվեարկել նախագծին, որից հետո առաջարկ կներկայացվի այն վերադարձնել առաջին ընթերցումից հետո առաջարկությունների փուլ: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Քվեարկություն:

Կողմ` 1

Դեմ` 78

Ձեռնպահ` 7

Որոշումը չի ընդունվել:

Վարման կարգի վերաբերյալ` Սուրեն Գրիգորյան:

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումը հիմք ընդունելով, առաջարկում եմ ԱԺ որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձնել Կանոնակարգի 81-րդ հոդվածով նախատեսված՝ գրավոր առաջարկների ներկայացման փուլ: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հնչեցված առաջարկը պարտավոր ենք քվեարկել առանց քննարկման: Եվ այսպես, քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը գրավոր առաջարկների ներկայացման փուլ տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Քվեարկություն:

Կողմ` 78

Դեմ` 8

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 98

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասի» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 98

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 99

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 99

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 99

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 99

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի եւ Կարեն Սարուխանյանի կողմից ներկայացված՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 99

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 96

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Վարման կարգի վերաբերյալ` Արկադի Խաչատրյան:

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալ եմ: Մինչեւ քվեարկությունը, հարգելի գործընկերներ, կխնդրեմ գլխադասային հանձնաժողովին մեկնաբանություն տալ հետեւյալ հարցի վերաբերյալ. երեկ այս հարցի մասով քննարկումների ընթացքում մի քանի անգամ նշվեց, որ այսուհետ ոչ առեւտրային կազմակերպություններին ամրացրած պետական գույքի վարձակալությունից ստացված միջոցները ՊՈԱԿ-ի եւ պետական բյուջեի միջեւ բաշխվելու են 20/80 տոկոս հարաբերակցությամբ` որպես եկամուտների բաշխում:

Հիմա, մենք ավելի ուշադիր նայեցինք, այս պահին վերջնական այն տարբերակում, որ կա, օրենքում հստակ նշված է, որ դրամական ամբողջ միջոցներն ուղղվելու են պետական բյուջե: Մինչ այս պահը գործող օրենքով այս հարցը կարգավորվում էր Կառավարության որոշմամբ, որտեղ սահմանված էր այդ 20/80 տոկոսը, սակայն այս օրենքի ընդունումից հետո, որտեղ սա միանշանակ է ասվում արդեն, կլինի հակասություն:

Արդյո՞ք դուք չեք տեսնում իրավական խնդիր այստեղ եւ ինչպե՞ս եք տեսնում իրագործումն այս հարցի` 20/80 տոկոս բաշխման, որովհետեւ, եթե 100 տոկոսը գնաց պետական բյուջե, իրականում ՊՈԱԿ-ներին մեծապես կապամոտիվացնենք՝ վարձակալության հանձնելու այս գույքը, եւ, իրապես, մենք կունենանք մեծ խնդիր այս առումով: Խնդում եմ վերջնական մեկնաբանություն այս մասով:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Վարման կարգի վերաբերյալ` Վարազդատ Կարապետյան:

Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար, պրն Խաչատրյան: Մենք նաեւ Գույքի պետական կոմիտեի հետ ենք քննարկել այս հարցը, պարզաբանումն այն է, որ գույքը վարձակալությամբ տալիս գումարը 100 տոկոսով տեղափոխվում է պետական բյուջե, բայց դրանից հետո ՊՈԱԿ-ը հնարավորություն է ունենում դիմել եւ դրա 20 տոկոսի չափով ստանալ դրամաշնորհ պետական բյուջեից: Այսուհանդերձ, մենք քիչ առաջ եւս մեկ անգամ քննարկեցինք կոմիտեի հետ, իրենք պատրաստ են նաեւ սեպտեմբերին շարունակել քննարկումներն այս թեմայով, եւ եթե իրավական խնդիրներ կլինեն, ապա մենք սեպտեմբերին կանդրադառնանք եւս մեկ անգամ: Շնորհակալություն:

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Քվեարկություն:

Կողմ` 82

Դեմ` 0

Ձեռնպահ` 11

Որոշումն ընդունվել է:

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

Կողմ` 95

Դեմ` 1

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է:

Հարգելի գործընկերներ, արտահերթ նստաշրջանի օրակարգը սպառված է, նստաշրջանը հայտարարում եմ փակված:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am