National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.07.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 7

09 հուլիսի 2020

Ժամը 11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ, շարունակում ենք արտահերթ նստաշրջանը, տեղադրենք քարտերը եւ գրանցվենք. գրանցում։ 76 պատգամավոր է գրանցվել, ես էլ չգրանցվեցի, խնդրում եմ գրանցեք, քվորում կա, կարող ենք սկսել մեր աշխատանքները։ Հիշեցնեմ, որ մեզ մնացել է երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ քվեարկել առաջին ընթերցմամբ ընդունված այն նախագծերը, որոնց համար նախատեսված է քննարկման հատուկ ընթացակարգ։

Եվ այսպես, քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Ամբիոնի մոտ եմ հրավիրում հիմնական զեկուցողին՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին։

Ա.ԱՍՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, երկրորդ ընթերցմամբ ձեզ եմ ներկայացնում Քաղաքաշինական, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործունեության ոլորտը կարգավորող թվով 14 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով մի քանի կարգավորումներ են նախատեսված։ Առաջին փուլի լուծումները հիմնականում տեխնիկական լուծումներ են, անվանափոխության հարցեր, անունները փոխվում են, նախկին լուծարված հինգ տեսչական մարմինների անվան փոխարեն նշվում է նոր տեսչական մարմնի անունը, մյուս փոփոխությունները վերաբերում են քաղաքաշինության ոլորտին: Քաղաքաշինության ոլորտում այսուհետ սուբյեկտի փոխարեն ստուգելու ենք քաղաքաշինական օբյեկտները, առանձին կարգավորում է նախատեսվում սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ իրականացվող վերահսկողության նկատմամբ, այսուհետ առանց պլանային ստուգումների ստուգումներ են իրականացվելու իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ եւ եւս մեկ կարեւոր փոփոխություն. իրավասություն է վերապահվում տեսչական մարմնին վերահսկողություն իրականացնել սահմանված չափաքանակից ավելի ծանրաբեռնվածությամբ բեռնատարների նկատմամբ։

Հարցը քննարկվել է այսօր նաեւ հանձնաժողովի նիստում, առարկություններ, առաջարկություններ չեն ներկայացվել, խնդրում եմ քվեարկել։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շատ լավ, պրն Ասոյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Ամբիոնի մոտ եմ հրավիրում հարակից զեկուցողին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանին։

Գ.ՊԱՊՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի հայրենակիցներ, պրն Ասոյանն արդեն ներկայացրեց, ես, ուղղակի, հավելեմ մեկ փոքրիկ դրվագ, որը չներկայացվեց, կապված բերրի հողերի օգտագործման հետ, որը նույնպես այս օրենքի նախագծով կարգավորվում է, մասնավորապես, այսպես ասենք, իրականությունը բերվում է օրենքի դաշտ, եւ արգելվում է հողի վաճառքն այն մասով, որը կապված է հանքերի շահագործման հետ։ Մնացած դեպքերը, մնացած կարգավորումները բավականին լավ պրն Ասոյանը ներկայացրեց, եւս մեկ անգամ հիշեցնեմ՝ ինչի մասին է խոսքը: Ներկայումս, օրինակ՝ կարգավորումներից մեկով տրվում է այսպիսի լուծում։ Գիտեք, ճանապարհները շատ հաճախ վերանորոգում ենք եւ մեկ, երկու, երեք տարի հետո ճանապարհները դառնում են անորակ՝ կապված նրա հետ, որ գերծանրաբեռնված մեքենաներ են այդ ճանապարհներով անցնում եւ հիմա կարգավորում է տրված, որտեղ պետք է կշռվեն դրանք, այնուհետեւ համապատասխան կշռումն անցնելուց հետո նոր շարունակեն։

Մյուս կարգավորումը սուբվենցիոն ծրագրերին է վերաբերում, քանի որ դրանք հիմա մեծ տարածում են գտել, եւ մենք կանխատեսում ենք, որ համայնքներն ապագայում էլ ավելի մեծ ներգրավվածություն են ունենալու այդ ծրագրերի իրականացման գործում, հետեւաբար՝ էդ ծրագրերի արդյունքում դրանց որակի ստուգումը դառնալու է շատ կարեւոր եւ, այսպես ասած, ոչ հերթական կամ ոչ պլանային, այլ մշտական եւ կանոնավոր ստուգման դրանք պետք է ենթարկվեն, այս եւ մնացած այլ կարգավորումների մասին է խոսքը։ Հանձնաժողովում բոլորը միաձայն կողմ են քվեարկել այս նախագծին, հորդորում եմ բոլորիդ կողմ քվեարկել։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն Պապոյան։ Մտքերի փոխանակություն, հերթագրում։ Բաբկեն Թունյան։

Բ.ԹՈՒՆՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ քննարկվող նախագծի եւ մեր հանձնաժողովի տիրույթում գտնվող մեկ այլ նախագծի հետ կապված՝ որոշակի ինֆորմացիա տալ: Ուրեմն, տեսչական մարմինների գրասենյակի հետ կապված էս նախագիծը, որ ներկայացվել է, թեպետ հրատապ ռեժիմով է բերվել, բայց մենք հանձնաժողովի նիստում դեռ մեկ ամիս առաջ շատ մանրամասն քննարկում ենք ունեցել, էդտեղ իրավական բնույթի որոշակի խնդիրներ կան, մեր իրավաբաններն աշխատել են նախագծի հեղինակների հետ, եւ էս պահին լիովին պատրաստ է էդ փաթեթը, ամբողջությամբ ընդունվել է, այնպես որ, խնդրում եմ կողմ քվեարկել։

Ինչ վերաբերում է երկրորդ նախագծին «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, մենք երեկ առաջին ընթերցմամբ ընդունեցինք, այսօր առավոտյան հանձնաժողովի նիստում նորից քննարկեցինք եւ քննարկումը ցույց տվեց, որ կան թե՛ իրավական բնույթի, թե՛ բովանդակային բնույթի հարցեր, եւ, ուղղակի, հնարավոր չէ կարճ ժամկետում դրանց պատասխանել, եւ հանձնաժողովում քվեարկելով՝ որոշում ենք կայացրել այդ նախագիծը 24-ժամյա ռեժիմից հանել եւ ժամանակ ունենալ մինչեւ սեպտեմբեր հանգամանորեն քննարկել՝ բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները հաշվի առնելով։

Էնպես որ, կարծում եմ, որ, ընդհանրապես, հնարավորության դեպքում պետք է խուսափել հրատապության էս ռեժիմով նախագծեր քննարկելուց, հասկանում ենք նաեւ, որ որոշ դեպքերում դա անհրաժեշտ է, ժամկետների հետ կարող են օբյեկտիվորեն որոշակի հանգամանքներ լինել, բայց կան նաեւ դեպքեր, երբ շտապողականությունը կարող է բերել շատ ավելի մեծ վնասների, քան էդ նախագծի ընդունումը 1-2 ամիս հետաձգելը։ Սա, ուղղակի՝ ի գիտություն, որ մյուս նախագծի հետ կապված՝ հարցեր չառաջանան, ընթացակարգային առումով նախաձեռնողների ներկայացուցիչը՝ պրն Գաբրիելյանն արդեն համապատասխան գործընթացներն իրականացնում է։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հաջորդ ելույթը՝ Արկադի Խաչատրյան։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ինչպես նշեցին իմ գործընկերները, փաթեթը բավականին մանրամասն քննարկել ենք հանձնաժողովի նիստում, ուզում եմ, ընդամենը, մեկ հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, ուրեմն, այս փաթեթի մեջ ներառված է եւս մի նախագիծ, դա ստուգումների մասին օրենքում փոփոխություններն են, որոնք նախատեսում են, ըստ էության, նոր մոտեցում սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ ստուգումներ իրականացնելու այս ընթացակարգերում, մասնավորապես, դրանց հաճախականությանը, գիտեք, որ ստանդարտ սահմանված ձեւ կա, որ ռիսկերի վրա հիմնված կամ ռիսկայնությունից կախված՝ հաճախականությունը կարող է տարբերվել տարեկան մեկ անգամ, երեք տարին մեկ, հինգ անգամ, հինգ տարին մեկ եւ այլն, հիմա էդ սահմանափակումներն այլեւս չեն տարածվելու սուբվենցիոն ծրագրերի վրա։

Դա նշանակում է, որ ստուգումները կարող են արվել ըստ անհրաժեշտության: Ի՞նչ է սա նշանակում։ Միանշանակ կարեւորելով այն հանգամանքը, որ պետությունը պետք է ունենա անհրաժեշտ գործիքակազմ եւ մեխանիզմ՝ պատշաճ վերահսկողություն իրականացնելու սուբվենցիոն ծրագրերի, առհասարակ, պետական բյուջեի եւ տեղական բյուջեներից ծախսվող միջոցների նպատակայնության, դրանց արդյունավետության նկատմամբ, միեւնույն ժամանակ պիտի կոչ անեմ շատ ուշադիր եւ զգուշավորություն ցուցաբերել այս հարցում, մասնավորապես, ըստ անհրաժեշտության ստուգումը չվերածվի հանկարծ անընդմեջ, մշտական ստուգման այնպիսի գործընթացների, որոնք կապամոտիվացնեն, առհասարակ, տնտեսավարողներին՝ մասնակցելու սուբվենցիոն ծրագրերի տենդերներին։

Գիտեք, որ շատ եմ կարեւորում կապիտալ ծախսերը եւ խթաններ է պետք ստեղծել, որպեսզի պատասխանատու, որակյալ ընկերություններ մասնակցեն այդ տենդերներին եւ հնարավորինս օպտիմիզացվեն տենդերների իրականացման գործընթացները, առհասարակ, գնումների իրականացման գործընթացները եւ հանկարծ, եթե դրան ավելացնենք նաեւ գործնականում շատ հաճախակի իրականացվող ստուգումները, դրանք կլինեն ապախթաններ, հետեւաբար՝ շատ կարեւոր է, թե ինչպես են կիրառվում, թեեւ լավ օրենք է, բայց գործնական ինչպիսի կիրառություն է ստանում։ Եվ եւս մեկ անգամ, պարզապես, ուզում եմ կոչ անել շատ մեծ զգուշավորություն ցուցաբերել եւ այդ գործիքակազմից օգտվել միայն ծայրահեղ անհրաժեշտությամբ եւ զգուշավորությամբ, որպեսզի չապամոտիվացնենք, իրոք, մեր գործարարներին՝ այդ տենդերներին մասնակցության համար։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Եզրափակիչ ելույթներ. պրն Պապոյան, անհրաժեշտություն չեք տեսնում, պրն Ասոյան դուք ասելիք ունե՞ք, շատ լավ։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Այժմ քննարկում ենք Կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյան։

Ս.ՍԱԻՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, երկրորդ ընթերցմամբ ձեր քննարկմանն է ներկայացվում «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Հիշեցնեմ, որ խոսքը գնում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուների վարձու աշխատողների խնամքի նպաստի, ժամանակավոր անաշխատունակության նպաստի եւ մայրության նպաստի կարգավորմանը, մասնավորապես, նախագծով առաջարկվում է, ի տարբերություն գործող իրավակարգավորումների, խնամքի նպաստ հատկացնել նաեւ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին, իհարկե, եթե այդ աշխատողը գտնվում է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, միաժամանակ, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին վերապահվում է նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք, իսկ մայրության նպաստը, ի տարբերություն գործող իրավակարգավորումների, կնշանակվի եւ կվճարվի գործատուի միջոցով։

Իհարկե, խոսքը չի վերաբերում նպաստի ֆինանսավորման աղբյուրներին, մայրության նպաստները շարունակելու են ֆինանսավորվել պետական բյուջեի միջոցների հաշվին, ուղղակի, կրկնում եմ, ինչպես սովորական վարձու աշխատողի դեպքում, այսինքն՝ եթե գործատուն որեւէ առանձնահատուկ կարգավիճակ չունի, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի դեպքում եւս վարձու աշխատողի մայրության նպաստը կնշանակի եւ կվճարի գործատուն։

Ներկայացվող նախագծերով լուծում է տրվում նաեւ անցումային շրջանի խնդիրներին, մասնավորապես, նախատեսվում է խնամքի նպաստը նշանակել խնամքի արձակուրդին հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվի, այս ընթացքում, այսինքն՝ անձինք հետադարձով հնարավորություն կունենան՝ իրացնելու իրենց իրավունքները։

Նախագծերի փաթեթը քննարկվել է հանձնաժողովի նիստում, նախագծի վերաբերալ առաջարկություններ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում չեն ներկայացվել։ Այսքանը։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը պրն Սաիյան, ինչպես ասացիք, գրավոր առաջարկներ չեն եղել, հարցեր չեն լինի:

Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանին։

Հ.ՏԻԳՐԱՆՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, ինչպես արդեն հիմնական զեկուցողը նշեց, նախագիծը քննարկվել է մեր հանձնաժողովում, կարգավորման առարկայի վերաբերյալ որեւէ առարկություն չի եղել, որովհետեւ մենք ստեղծում ենք բարենպաստ ռեժիմ աշխատողների կամ նոր կատեգորիայի համար՝ օգտվելու օրենքով սահմանված խնամքի նպաստի եւ մայրության նպաստի իրավունքից։ Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, կոչ եմ անում կողմ քվեարկել այս նախագծին։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, մտքերի փոխանակության համար հերթագրում։ Եզրափակիչ ելույթներ. ավելացնելու բան ունե՞ք, տիկին Տիգրանյան, ո՞չ, պրն Սաիյան, ավելացնելու բան ունե՞ք եզրափակիչ ելույթի տեսքով, ո՞չ։ Հարցի քննարկումն ավարտվեց։ Հարգելի գործընկերներ, ինչպես նկատեցիք, մեր հինգ օրակարգային հարցերից երկուսն արդեն քննարկեցինք, մեզ մնացել է երեք հարց, որից հետո տեղի են ունենալու քվեարկություններ։

Այժմ քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի կողմից ներկայացված՝ «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Վլադիմիր Վարդանյան։

Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Ազգային ժողովի հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ, ինչպես երեկ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ նշեցինք, դատախազությունում բաց մրցույթ անցկացնելու հետ կապված կանոնակարգումները բավականին կոշտ էին եւ նախատեսում էին, որ մրցույթ կարող է անցկացվել տարեկան մեկ անգամ, հունվար ամսին, հաշվի առնելով այն բարեփոխումները, որոնք իրականացնում են, մասնավորապես, դատախազության համակարգում, հակակոռուպցիոն բլոկի ձեւավորման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ ճկունությունը «Դատախազության մասին» օրենքում ապահովելու համար, որոշակի տեխնիկական փոփոխություններ են տեղի ունենում, էդ տեխնիկական փոփոխությունների մասին խոսել ենք, որ որպես կանոն է անցկացվելու հունվար ամսին եւ անհրաժեշտության դեպքում դատախազի հանձնարարությամբ կարող է անցկացվել լրացուցիչ բաց մրցույթ։

Եվ հիմնական հարցադրումը, որ երեկ այստեղ հնչել էր եւ հնչել է էսօր հանձնաժողովում, այն էր, թե արդյո՞ք այդ մրցույթի պարագայում պահպանելու են այն բոլոր երաշխիքները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մրցույթը լինի տրանսպարենտ, որպեսզի մրցույթը լինի բաց, որպեսզի մրցույթը մասին տեղեկատվությունը լինի հասանելի բոլոր նրանց, որոնք ցանկանում են մասնակցել այդ մրցույթին։ Մենք երեկ եւս ուսումնասիրեցինք «Դատախազության մասին» օրենքը եւ փորձեցինք հասկանալ դատախազության դիրքորոշումն էդ հարցի վերաբերյալ։ Դատախազության օրենքը նույն կանոնակարգումներն է նախատեսում այս բաց մրցույթի նկատմամբ, ինչը կկիրառվեր նաեւ, եթե էս փոփոխությունները չլինեին, այսինքն՝ տրամաբանությունը հետեւյալն է. առնվազն մեկ ամիս առաջ տեղեկատվությունը պետք է հրապարակվի, այն պետք է հրապարակվի առնվազն 3 հազար թվաքանակ ունեցող մամուլի միջոցներում եւ այլն եւ լրացուցիչ կարգավորումների կարիք չկա։ Կարծես թե, այսքանը, եթե հարցեր լինի, սիրով կպատասխանեմ, կոչ եմ անում կողմ քվեարկել այս նախագծին։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն Վարդանյան, գրավոր առաջարկներ չեն եղել, հարցեր չեն կարող լինել։

Հարակից զեկուցում. հանձնաժողովի դիրքորոշումը կներկայացնի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

Ա.ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգարժան գործընկերներ, քննարկվող նախագիծը բավականին մանրամասն քննարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել է միաձայն դրական եզրակացություն։ Առաջարկում եմ բոլորիդ կողմ քվեարկել։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, շնորհակալություն տիկին Ջուլհակյան։

Գործադիրի դիրքորոշումը կներկայացնի Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Ս.ԳԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, ինձ ոչինչ չի մնում ասել, քան կրկնել իմ գործընկերների միտքը, ես եւս կոչ եմ անում բոլորիդ՝ կողմ քվեարկել նախագծին, որովհետեւ նախագծով սահմանվում է լրացուցիչ հնարավորություն՝ արտահերթ կարգով մրցույթ անցկացնելու՝ դատախազության հաստիքները համալրելու նպատակով։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն, տիկին Գալյան։ Մտքերի փոխանակություն. հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթներ, տիկին Գալյան ավելացնելու բան չունե՞ք, տիկին Ջուլհակյան, դուք՝ եւս, հեղինակը՝ Վլադիմիր Վարդանյանը եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չի տեսնում։ Հարցի քննարկումը, ըստ այդմ՝ ավարտվեց։

Այժմ քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող Արթուր Դավթյան։

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, երկրորդ ընթերցմամբ քննարկում ենք Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը: Հիշեցնեմ, որ նշված փոփոխությունն արդեն իսկ բավականին հաջող գործում է «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում եւ, կարծում եմ՝ այս երկրորդ ընթերցմամբ նաեւ պետք է դրական եզրակացություն տալ, խոսքը գնում է, որ այն պետական տուրքերը, որոնց կտրոններն անձինք ստիպված են լինում ստանալ՝ բանկ հաճախելով, այս նախագիծը հնարավորություն է ընձեռում, որ փոխանցման միջոցով եւ բանկի կտրոն չունենալով ՝կարողանան թե՛ հայցադիմում ներկայացնել վարչական դատարան եւ թե՛ հետագայում վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ։ Այսքանը։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Հարցեր չեն լինի պրն Դավթյան, որովհետեւ գրավոր առաջարկներ չեն եղել։

Հարակից զեկուցող՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյան։

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հարցը քննարկվել է հանձնաժողովում, եզրակացությունը դրական է, կոչ եմ անում կողմ քվեարկել։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Շնորհակալություն։ Մտքերի փոխանակություն. հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթներ. պրն Գրիգորյան, ավելացնելու բան չունե՞ք, պրն Դավթյան, եզրափակիչ ելույթի իրավունք ունեք, ասելիք չկա՞։ Շնորհակալություն։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Քննարկում ենք օրակարգի վերջին հարցը, Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից ներկայացված՝ «Զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Սոֆիա Հովսեփյան։

Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածում լրացումներ են կատարվել՝ ավելացնելով զինծառայողների ծնողների եւ ամուսինների անվճար կրթության իրավունքի հնարավորությունը: Առաջին ընթերցումն անցել է միաձայն, մինչեւ երկրորդ ընթերցում չի եղել որեւէ առաջարկ, հույս ունեմ, որ երկրորդ ընթերցման ժամանակ նույնպես նախագիծը հավանության կարժանանա։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Առաջարկներ չեն եղել, հարցեր եւս չեն կարող լինել, տիկին Հովսեփյան։

Այժմ հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանին։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախագծի մանրամասնությունների վերաբերյալ կարծում եմ, որ պետք չէ կրկնվել եւ մեկնաբանություններ անել, որովհետեւ մանրամասն քննարկվել է, բավականին պահանջված նախագիծ է, եւ կոչ եմ անում դրական քվեարկել նախագծի օգտին։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, պրն Խաչատրյան։ Մտքերի փոխանակություն. հերթագրում։ Ռուստամ Բաքոյան։

Ռ.ԲԱՔՈՅԱՆ

-Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, խոսքս վերաբերում է վերջին շրջանում Սուրբ Սոֆիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: 1453 թվականը շրջադարձային եղավ մարդկության պատմության մեջ, երբ թուրք Մեհմեդ 2-րդ սուլթանը գրավեց Կոստանդնուպոլիսը եւ քրիստոնյա աշխարհի ճարտարապետական հուշարձաններից ամենաշքեղը։ Սուրբ Սոֆիայի տաճարն անվերադարձ անցավ թուրքերի տիրապետության տակ։ Մի քանի դար մնալով որպես մզկիթ, 1935 թվականին այն ստանում է թանգարանի կարգավիճակ՝ հնարավորություն տալով քրիստոնյա աշխարհին հիանալ եւ այցելել որպես տուրիստներ եւ տեսնել, թե ինչպիսի անզուգական խճանկարներով է զարդարված այս ճարտարապետական հզոր կառույցը։

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադրություն է հայտնել՝ տաճարը վերածել նորից մզկիթի, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել ոչ միայն քրիստոնյա աշխարհում, այլ նաեւ համաշխարհային քաղաքակրթության հուշարձաններով մտահոգված մարդկանց շրջանում։ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն մշակութային կոթող է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, այլ նաեւ մշակութային հուշարձան է, բարդագույն հանգույց՝ ստեղծված աշխարհի զարգացումը կանխորոշող տարբեր պատմական իրադարձություններից, տարբեր կրոններից, ժողովուրդների եւ երկրների ճարտարապետություններից։

Հարկ է հիշեցնել, որ Սուրբ Սոֆիայի տաճարի ճարտարապետության մեջ իր մեծ ներդրումն է ունեցել նաեւ հայ ազգը՝ շնորհիվ Տրդատ ճարտարապետի, ում վերակառուցած գմբեթն այսօր զարդարում է քրիստոնյա աշխարհի այս հզոր մշակութային կոթողի գլուխը։ Հայաստանի հունական համայնքն իր անհանգստությունն է հայտնում ճարտարապետական այս հուշարձանի շուրջ տեղի ունեցող պրոցեսներով եւ հույս է հայտնում, որ նաեւ Հայաստանի իշխանություններն այս հարցում հետեւողական կլինեն եւ արտաքին քաղաքականության մեջ ուշադրություն կդարձնեն, որպեսզի Սուրբ Սոֆիայի տաճարը հանկարծ չվերածվի մզկիթի։ Ես՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավոր, որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ դատապարտում եմ թուրքական քաղաքականությունը, որը նաեւ դարերի ընթացքում վերաբերվել է հայերի ճարտարապետական կառույցները վնասելուն եւ վերացնելուն եւ հույս եմ հայտնում, որ Թուրքիայի նախագահը, ի վերջո, իր այս որոշումից հետ կկանգնի, եւ Սուրբ Սոֆիայի տաճարը կմնա որպես թանգարան։ Շնորհակալություն։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Գեւորգ Գորգիսյան։

Գ.ԳՈՐԳԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Նախագծի մասին մի քանի խոսք կուզեի ասել, նախ՝ ողջունելով նախագիծը։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո մենք տիկին Սոֆիա Հովսեփյանի հետ նախաձեռնություն էինք սկսել, փորձում էինք գույքագրել էն խնդիրները, որ ունեն զոհվածների ընտանիքները, ծնողները, քույրերը, եղբայրները, երեխաները եւ հանգեցինք այն մտքին, որ տարիներ շարունակ մեր տուժած քաղաքացիներին օգնությունը միշտ տրվել է գումարի տեսքով՝ դրանով իսկ ավելի աղքատացնելով քաղաքացուն։ Ասում են՝ ուզում ես մարդուն աղքատացնել. գումար տուր նրան, եւ շատ կարեւոր է էս նախաձեռնությունը, որովհետեւ առաջին հերթին մտածողության եւ աջակցության տիպի փոփոխություն է տեղի ունենում։ Պետությունը չի սարքում այլեւս քաղաքացուն կախյալ եւ անընդհատ ուզվորի կարգավիճակում, այլ տալիս է գործիք, ուսման գործիք եւ ուսումն է, որով վաղն այդ նույն քաղաքացին կարողանալու է ավելին վաստակել, կարողանալու է ֆինանսապես անկախ դառնալ եւ ինչ-որ ձեւով նաեւ ավելի այդքան ծանր չտանել էն կորուստը, որն ունի։ Իհարկե, դա որեւէ կերպ չի կարելի փոխարինել, որեւէ կերպ չենք կարող մենք սփոփել, բայց սա էն կարեւոր քայլն է, որով պետությունը կանգնած կլինի քաղաքացու կողքին եւ շատ կարեւոր է, որ էս մոտեցումով փոփոխվում է աջակցության տեսակը, եւ մենք ոչ թե տալիս ենք քաղաքացուն ուղղակի գումար, այլ տալիս ենք միջոց, որով վաղն էդ նույն քաղաքացին շատ ավելի մեծ գումարներ կկարողանա աշխատել՝ ավելի արժանապատիվ եւ վաղվա ավելի լավ ապագայի հույսով։ Շնորհակալություն, մենք կողմ ենք քվեարկելու նախագծին։

Ա.ՄԻՐԶՈՅԱՆ

-Ավարտվեց մտքերի փոխանակությունը, եզրափակիչ ելույթներ, պրն Խաչատրյան, ավելացնելու բան չունե՞ք, տիկին Հովսեփյան, դուք՝ եւս։ Ավարտվեց հարցի քննարկումը։ Հարգելի գործընկերներ, այժմ քվեարկություններ։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 83

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 85

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի կողմից ներկայացված՝ «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 85

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 85

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից ներկայացված՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։

Կողմ՝ 86

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, այսքանով մեր այս արտահերթ նստաշրջանի օրակարգը սպառվեց։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ, ըստ ամենայնի, հուրախություն մեր բոլորի, հաջորդ շաբաթ կունենանք եւս մեկ արտահերթ նստաշրջան։ Ցտեսություն։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am