National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.4.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.04.2008
Խորհրդարանում քննարկվում է հայտարարության նախագիծ` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ
Ապրիլի 10-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ներքին աուդիտի մասին», «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, վավերացրին «1973 թվականի մարտի 3-ին Վաշինգտոնում ստորագրված եւ 1979 թվականի հունիսի 22-ին Բոննում լրամշակված «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիան եւ 2007 թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2363-ARM (SF) վարկային համաձայնագիրը (Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագիր):

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի` ապրիլի 8-ին ներկայացրած հրաժարականի դիմումը:

Ավարտելով «2007 թ. նոյեմբերի 13-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի քննարկումները` խորհրդարանն անցավ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» նախագծի քննարկմանը, որը շրջանառության մեջ է դրվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 104/1 հոդվածի համաձայն: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ նախագիծը քննարկվելու է «ԱԺ կանոնակարգ»-ի 55 հոդվածի համաձայն:

Ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» նախագիծը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց. «Հայտարարության նախագիծը ներկայացված է ձեր ուշադրությանը, վստահ եմ, որ շատերն այն կարդացել են: Մեր մի խումբ գործընկերներ արել են տարբեր առաջարկություններ, կարծում եմ` նաեւ այս քննարկման ընթացքում դրանց անդրադառնալու հնարավորություն մենք կունենանք: Ինչու՞ ծագեց նման հայտարարություն ընդունելու անհրաժեշտությունը: Մի քանի հանգամանք կա, որոնց կուզենայի անդրադառնալ եւ որոնք արտացոլված են  այս հայտարարության մեջ: Խոսքը վերաբերում է եւ հայտարարության առաջին մասին, որտեղ նշվում են այն նախադրյալները կամ հանգամանքները, որոնք հիմք ունենալով մենք պիտի հայտարարությունն ընդունենք, նաեւ այն խնդիրները, որոնց լուծման հետ կապված մենք անելիքներ ունենք: Ցավոք սրտի, վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի զարգացումները լավատեսություն չեն ներշնչում: Մի քանի պարզ պատճառներով. առաջինը` ավելի ու ավելի հաճախակի են հնչում Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմատենչ հայտարորությունները, ավելի ու ավելի է խորանում Ադրբեջանում հայատյաց քարոզչությունը, ատելությունը հայության, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Եվ ցավոք սրտի, այն ատյանները, որոնք  հանգամանքներից ելնելով, մասնավորապես` ՄԱԿ-ի կանոնադրությունից, բազմաթիվ կոնվենցիաների եւ համաձայնագրերի ոգուց եւ տառից ելնելով, որոնց միացել է նաեւ Ադրբեջանը, համարժեք արձագանք չեն ունենում: Ամենաշատը, որ կարելի է լսել, ընդհանուր, անհասցե հայտարարություններն են պատերազմի կոչերի, ռազմատենչ հայտարարությունների դեմ կամ ատելության քարոզի դեմ` առանց նշելու` ո՞վ, ի՞նչ եւ ե՞րբ է դա արել: Սա մի կողմից, մյուս կողմից` Ադրբեջանում պետական եկամուտների ավելացումը` նավթային ‎ֆինանսական հոսքերի հաշվին,  պատրանք է ստեղծել, որ Ադրբեջանը կարող է պատերազմի միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մի բան, որը, կարծում եմ, ողջամիտ որեւէ մարդու համար, առնվազն, տարօրինակ  կարող է թվալ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 90-ականների սկզբին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, Ադրբեջանը նույնպես ուներ եւ ‎ֆինանսական, եւ մարդկային, եւ հատկապես զինամթերքի հսկայական առավելություն, որովհետեւ ԽՍՀՄ-ի հիմնական զինապահեստները, որոնք նախատեսված էին հարավային ճակատում տեւական պատերազմ վարելու համար, գտնվում էին հենց Ադրբեջանի տարածում: Եվ կյանքը ցույց տվեց, որ, իհարկե, այդ ամենը լուրջ գործոններ են, բայց դա չէ, որ վճռորոշ է դառնում պատերազմի ելքի դեպքում: Հեշտ է նկատել, որ Ադրբեջանը սկսել  է նաեւ կիրառել շանտաժ տարբեր միջազգային կազմակերպություններում, եւ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ: Եվ, ցավոք, պետք է նշել, որ այն իր որոշ ազդեցությունն ունենում է: Իրենց վերջին հայտարարություններում համանախագահները կարծես թե մոռացել են, որ երկու սկզբունք էր դրված այն փաստաթղթի հիմքում, որը նախապատրաստվում է, եւ անընդհատ խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Կարելի է, գուցե, հասկանալ իրենց, անգամ կարելի է ենթադրել, թե ինչ է լինելու պատասխանը, երբ հարցը ներկայացվի իրենց դեմ առ դեմ: Ասելու են, որ, իհարկե, ինքնորոշման իրավունքի սկզբունքն էլ է հիմքում, եթե տարածքային ամբողջականության սկզբունքի մասին խոսում ենք, դա դեռ չի նշանակում, որ մյուսը ժխտում ենք: Բայց ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը պահանջում է անաչառ եւ անկողմնակալ դիրքորոշում: Կարող են նաեւ ասել, որ հայտարարությունները կամ հարցազրույցները պաշտոնական տեսակետներ չեն: Սա նույնպես անընդունելի է, որովհետեւ հայտարարությունները եւ հարցազրույցները, կամ նման այլ նյութեր ստեղծում են հասարակական կարծիք: Առիթ եղել է ասելու ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում, հիմա ուզում եմ կրկնել` նման հայտարարությունները կեղծ պատկեր են ստեղծում Ադրբեջանում, թյուրիմացության մեջ են գցում Ադրբեջանի բնակչությանը եւ նպաստում են հայատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների խորացմանը: Կա փաստաթուղթ, որով սահմանված է համանախագահների մանդատը եւ որեւէ մեկը, որեւէ նպատակով իրավունք չունի դրանից դուրս գալու: Եթե կան մեխանիզմներ, որոնք քաղաքական գործիչները կիրառում են ինչ-ինչ դրույթներ կամ մոտեցումներ ավելի ընդգծելով, մյուսները ստվերում թողնելով, ապա համանախագահների պարագայում, ավելի քան վստահ եմ, որ դա անթույլատրելի է: Կա մյուս հանգամանքը` ցավոք, այն լայնածավալ տեղեկատվական հարձակումը, որ նախաձեռնել է Ադրբեջանը, չունի համարժեք դրսեւորում հայկական կողմից: Իհարկե, բանակցությունները ամենակարեւորն են, բանակցությունները գաղտնի են, սա, իհարկե շատ կարեւոր է, սակայն հանրությանը, այդ թվում նաեւ միջազգային հանրությանը պետք է ներկայացնել լիարժեք եւ ճշմարիտ տեղեկություններ թե հակամարտության ծագման, թե ընթացքի վերաբերյալ: Ցավոք, տեւական ժամանակահատված սա աչքաթող է արվել, եւ կարծում եմ, միտումները կարող են դառնալ վտանգավոր, եթե մենք կտրուկ քայլեր չձեռնարկենք այս իրավիճակը փոխելու ուղղությամբ: Երբեմն մեզ թվում է, թե այն հանգամանքը, որ  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, մեր ողջ ժողովրդի պայքարը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրացման համար արդար է, անխոցելի է,  հիմք է, որ ցանկացած  մարդ, այդ թվում նաեւ օտարները,  պաշտպանի մեր հարցադրումները: Սա պարզունակ մոտեցում է եւ խաբկանք: Յուրաքանչյուրի հետ պետք է աշխատել: Իհարկե, հեշտ է թերթերից, հեռուստաէկրաններից տարբեր զեկուցողների, տարբեր կազմակերպությունների քննադատել, երբեմն, ցավոք սրտի, եւ հայհոյելով հայրենասեր երեւալ, բայց սրանից Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը բացարձակապես չի շահում: Ցավալի է, որ հետեւողական աշխատանք` գիտական շրջանակների, քաղաքական շրջանակների համակարգված աշխատանք, գրեթե գոյություն չունի: Ամեն ինչ մնում է առանձին անհատների նախաձեռնությանը, առանձին անհատների աշխատանքի վրա: Սա, ես կարծում եմ, բացարձակապես անընդունելի է: Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել` թեեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրն անխոցելի է միջազգային իրավունքի տեսակետից, սակայն մենք, ավանդույթ է դարձել, աչքաթող ենք արել եւ շարունակում ենք աչքաթող անել: Մինչդեռ  իսկապես Լեռնային Ղարաբաղի մոտեցումները բացարձակապես անխոցելի են, նաեւ` քայլերը: Անհրաժեշտ են լուրջ վերլուծություններ, որոնք պետք է լինեն տարբեր ատյաններում մեր ներկայացուցիչների ձեռքին, որոնք պետք է լինեն նաեւ բանակցությունները վարող մեր ներկայացուցիչների ձեռքին, որոնք պիտի ամուր հիմք եւ դիրք ապահովեն մեր ներկայացուցիչների համար, չափազանց քիչ են: Հետեւաբար, այստեղ լուրջ աշխատանքի անհրաժեշտություն կա: Առաջարկվում է երեք խնդիր լուծելու համար` առաջինը ակտիվացնել ԼՂ խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը ուղղված միջոցառումների իրականացման ջանքերն ու հնարավորությունները: Իսկապես, այստեղ հսկայածավալ աշխատանքների տեղ եւ անհրաժեշտություն կա, եւ չափազանց կարեւոր է, որ այդ աշխատանքները լինեն համակարգված եւ նպատակային: Այս առումով` որպեսզի չստացվի, որ մենք սոսկ կառավարությանը եւ հանրապետության նախագահին առաջարկում ենք այդ հարցերը լուծել, մոտ ապագայում մենք կանենք կոնկրետ քայլեր: Ես կարծում եմ` առաջին քայլը, նախաձեռնությունը ճիշտ կլինի, որ խորհրդարանից արվի: Կարող է ոմանց թվալ, որ սա ուղիղ կապ չունի խորհրդարանի աշխատանքների հետ, բայց ես կարծում եմ` ունի ուղիղ կապ: Առավելեւս` մեր ակադեմիական ինստիտուտները չունեն համապատասխան մշակումներ, չունեն համապատասխան ծրագրեր, հետեւաբար մենք պիտի նախաձեռնենք` ստեղծելու համար մասնագետների այն խումբը, ովքեր պիտի աշխատեն այս ուղղությամբ, ովքեր պիտի ստեղծեն այս աշխատանքների ծավալման հիմքը: Հաջորդը` ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված մեր քաղաքականության նախաձեռնողական բնույթին է վերաբերում: Այո, ես համոզված եմ, որ մենք ոչ թե պիտի ուղղակի սպասենք Ադրբեջանի քայլերին, դրանցից ելնելով ինչ-ինչ պատասխաններ տանք, այլ` ինքներս պիտի լինենք նախաձեռնող: Տարբեր ուղղություններով: Վստահ եմ եւ կարող եմ տասնյակ հիմքեր բերել ապացուցելու համար, որ, այո, միջազգային իրավունքի շրջանակներում անխոցելի է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Սովորաբար Հայաստանում տարիներ շարունակ միջազգային իրավունքի շրջանակներում ուսումնասիրություններից, քննարկումներից խուսափողական դիրքորոշում է եղել, որովհետեւ մի զարմանալի կարծիք է ձեւավորվել, թե այստեղ մենք խնդիրներ ու դժվարություններ ունենք: Բացարձակապես այդպես չէ: Ես համոզված եմ` հակառակը: Պարզապես անհեթեթ է ադրբեջանցիների հայտարարությունը, թե տարածքային ամբողջականությունը գերակայություն ունի ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Բացարձակապես` ոչ: Ընդհակառակը` միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ ՄԱԿ-ի Հռչակագրում հստակորեն սահմանված են հիմնական սկզբունքները, որոնց մեջ տարածքային ամբողջականությունը բացարձակապես տեղ չունի: Ճիշտ հակառակը` կա մանրամասն նկարագրություն, թե ինքնորոշման իրավունքը ինչ ձեւով պետք է կիրառվի: Մի փոքր մեջբերում անեմ այդ Հռչակագրից. «Ինքնորոշվող ժողովուրդը իր ընտրությամբ կարող է կիրառել ինքնորոշման հետեւյալ ձեւերից որեւէ մեկը. 1. ինքնիշխան եւ անկախ պետության ստեղծում, 2. ազատ միացում անկախ պետության կամ նրա հետ միավորում, 3. ժողովրդի կողմից ազատորեն որոշված այլ` ցանկացած քաղաքական կարգավիճակ»: Ակնհայտ է, որ այն հայտարարությունները, թե, օրինակ, հանրաքվեն պետք է անցկացվեր ամբողջ Ադրբեջանի տարածքում եւ այլն, անհեթեթություն են: Միջազգային իրավունքը սահմանում է, որ որոշումը պիտի կայացնի այն ժողովուրդը, որը ինքնորոշվում է: Կարելի է բերել բազմաթիվ փաստեր եւ հիմնավորումներ, ցավոք, ժամանակը սեղմ է եւ դա անելու հնարավորություն չկա: Չնայած, կարծում եմ, մենք առաջիկայում բավականին ակտիվորեն պետք է այդ խնդիրներով զբաղվենք եւ առիթներ կունենանք լայն քննարկումների եւ այդ ամբողջ` արդեն իսկ պատրաստ եւ հետագայում մշակվող նյութերը, բոլորին ներկայացնելու համար:

Հաջորդը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ժողովրդի լիարժեք անվտանգության ապահովմանը: Այստեղ նույնպես միջազգային իրավունքի շրջանակնեում մենք ունենք հիմքեր` ձեւակերպելու համար Հայաստանի Հանրապետության կողմից այդ ավտանգության ապահովման իրավական հիմքերը: Միայն մեկ օրինակ ուզում եմ բերել. Հռչակագիրը ասում է նաեւ հետեւյալը` «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ որեւէ բռնի գործողությունից, որը ժողովուրդներին կզրկի իրենց ինքնորոշման իրավունքից, ազատությունից եւ անկախությունից: Այդպիսի բռնի գործողությունների դեմ միջոցների կիրառման ժամանակ եւ դրանց դիմադրելիս այդ ժողովուրդներն իրենց ինքնորոշման իրավունքն իրականացնելիս իրավասու են ձգտել աջակցության եւ ստանալ այն` ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների համաձայն»: Սա, կարծում եմ, չափազանց կարեւոր հիմք է` միջազգային իրավունքի շրջանակներում մի շարք այլ նորմերի հետ, որոնք թույլ են տալու, որ մենք ստեղծենք իսկապես իրավական հիմքեր ՀՀ կողմից ԼՂՀ եւ ժողովրդի անվտանգության եւ պաշտպանության ապահովման առումով: Ուզում եմ ասել նաեւ, որ այս առաջարկությունը` ստեղծել իրավական հիմքեր, պիտի վերաբերի ոչ միայն ԼՂՀ անվտանգության եւ պաշտպանությանը, այլեւ օգտակար կլինի, եթե այստեղ ներառենք համագործակցության նաեւ այլ ոլորտներ: Որովհետեւ երբեմն հարց է առաջանում պետության եւ դեռեւս  չճանաչված պետության միջեւ հարաբերությունները ինչպե՞ս պիտի կարգավորվեն նույն միջազգային իրավունքի շրջանակներում: Աշխարհում նման օրինակներ կան, եւ առաջիկայում լուրջ ուսումնասիրություններ կարվեն, ու դրանց հիման վրա մենք պետք է մշակենք այն փաստաթղթերը, որոնց շրջանակներում հնարավոր կլինի ԼՂՀ-ի հետ առավել ակտիվ եւ արդյունավետ համագործակցել եւ ապահովել ԼՂ հանրապետության եւ ժողովրդի անվտանգությունը:

Մյուս հանգամանքը` կարծում եմ` արժե այստեղ եւս երկու մոտեցում ամրագրել, որոնց հետ կապված տարբեր առաջարկություններ եղել են մեր գործընկերների կողմից` տարբեր ձեւակերպումներով: Կարծում եմ` արժե ամրագրել, որ պիտի ջանքեր գործադրվեն, որպեսզի միջազգայնորեն ճանաչված ԼՂՀ-ն` որպես հակամարտության միջազգայնորեն ճանաչված կողմ, ներգրավվի բանակցությունների մեջ:

Հաջորդը` ԼՂՀ ճանաչման հետ կապված: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը կարող է ցանկացած պահի ճանաչել ԼՂՀ-ն, բայց կարծում եմ` շատ ավելի արդյունավետ կլինի, որ մենք մեր ջանքները կենտրոնացնենք հատկապես միջազգային ճանաչման վրա: Կարծում եմ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անխոցելի հիմքերը, եւ ինքնորոշման իրավունքի եւ այդ իրավունքի իրացման հիմքերը, եւ զարգացումները աշխարհում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում թույլ են տալիս մեզ ակնկալել, որ միջազգային ճանաչումը միանգամայն հնարավոր է: Իհարկե, այստեղ բավարար չեն խնդրի քաղաքագիտական, իրավագիտական, պատմական եւ այլ ուղղություններով ուսումնասիրությունները, թեեւ այս ամենը, անշուշտ, պիտի արվի: Մեզ համար շատ լավ հասկանալի է, որ շատ մեծ ազդեցություն ունեն տարբեր երկրների, տարբեր կազմակերպությունների շահերը, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, եւ այդ ամենի ազդեցությունը չի կարելի թերագնահատել: Շատ կարեւոր է եւ այս ուղղությամբ աշխատանքը, եւ այդ աշխատանքի ամրապնդումը նշված ուղղություններով, ինչը, իմ կարծիքով, դեռեւս թերի է:

Ավարտելով խոսքս` ասեմ, որ այս հայտարարությունը  բոլորովին   տագնապի արտահայտություն չէ: Բացարձակապես: Ուղղակի սթափ, ամենօրյա աշխատանքի կոչ է արվում»: 
       
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, պատասխանելով հերթագրված 16 պատգամավորներին հետաքրքրող հարցերին, նշեց, որ գնահատելով ԼՂ խնդրի լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքը` Հայաստանը պետք է պատրաստ լինի մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում հարցի քննարկմանը եւ արդարացի բանաձեւի ընդունմանը: Նախագծի հեղինակի գնահատմամբ` կարեւոր չէ, թե որ պետությունները են կողմ քվեարկել  ԼՂ հարցում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած որոշմանը, արդյունքներն են մտահոգիչ: Ըստ խորհրդարանի ղեկավարի` Հայաստանը պետք է ԼՂ անվտանգության հարցում միջազգային իրավունքի շրջանակներում իրավական փաստաթուղթ ընդունի, որն Ադրբեջանին համարժեք արձագանքելու համար իրավական հիմքեր կընձեռի: Տիգրան Թորոսյանի համոզմամբ` ԼՂ-ի անկախության ընդունմամբ հնարավոր չէ բացառել Ադրբեջանի ռազմական ագրեսիան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության եւ պաշտպանության գործում լուրջ գործոն կարող է հանդիսանալ միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը: Պարոն Թորոսյանի գնահատմամբ` հայտարարության մեջ ուժի կիրառումից խուսափելու վերաբերյալ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքում նախատեսող դրույթի ամրագրումը ոչինչ չի փոխի, քանի որ դա Ադրբեջանի պարտավորությունն է միջազգային իրավունքի շրջանակներում, սակայն Ադրբեջանը խախտում է բազմաթիվ միջազգային համաձայնագրեր` սկսած ՄԱԿ-ի կանոնադրությունից: Նշվեց, որ խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի հարցում չի թերացել. քաղաքական ուժերի համատեղ հայտարարություն է արվել, խորհրդարանական լսումներ են կազմակերպվել, որոնց նյութերն ամփոփող ժողովածու է հրապարակվել, արվել են արդյունավետ առաջարկներ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատգամավորների ջանքերով  ընդունվել է 1416 բանաձեւը: Հայտարարության մեջ նշել, թե ո՞վ է պատերազմ սանձազերծողը` Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը, նախագծի հեղինակի կարծիքով ոչինչ չի կարող տալ, անհրաժեշտ է անհերքելի փաստերով ապացուցել այն: Անդրադառնալով հայտարարությունում ԼՂ հարցը մարդու իրավունքների թե՞ տարածքային ամբողջականության ձեւաչափով դիտարկելուն` պարոն Թորոսյանն ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքի խախտումը ինքնին մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է: Ադրբեջանի ժողովրդին կոչով դիմելու առաջարկի վերաբերյալ ԱԺ նախագահը նշեց, որ դժվար թե ուղերձը որեւէ բան փոխի, քանի որ ադրբեջանական իշխանությունները իրենց ժողովրդին մոլորության մեջ են գցել: Ըստ խորհրդարանի ղեկավարի` ԼՂ հարցում ծավալուն եւ բազմաբովանդակ աշխատանք է հարկավոր, գործընթացը չպետք է սահմանափակվի միայն բանակցություններով:

Նախագծի հեղինակը պատգամավորներին տեղեկացրեց նաեւ, որ հայտարարության նախագիծը քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԼՂՀ ղեկավարության հետ: Հայտարարությունը մշակելիս հաշվի են առնվել թե պատմական, թե իրավագիտական,  թե մշակութային խնդիրները: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ խորհրդարանն այս հարցի շուրջ աշխատելու է կառավարության հետ:  Տեղեկացվեց, որ ստացվել են առաջարկներ ԼՂՀ-ից, առաջիկայում ԼՂՀ-ի խորհրդարանի հետ համագործակցության ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովը մեկնելու է Ղարաբաղ, ուր եւս քննարկումներ են կազմակերպվելու հարցի առնչությամբ: Պարոն Թորոսյանն ասաց, որ հետագայում հարցի քննարկմանը կփորձեն ներգրավվել հ/կ-ների, հիմնադրամների, հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի: Նախատեսվում է Արցախի հարցով մասնագիտական խումբ ստեղծել: Կարեւորվեց ԼՂ հարցում կառավարության, խորհրդարանի, տարբեր կազմակերպությունների համատեղ եւ արդյունավետ աշխատանքը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին կարեւոր եւ շահագրգիռ հարցադրումների համար: Նա հուսով է, որ հնչեցված առաջարկները օգտակար կլինեն ունենալու համար գործնականում անթերի փաստաթուղթ, որը ԼՂ խնդրի վերաբերյալ կապահովի Հայաստանի  ամուր դիրքերը տարբեր միջազգային ատյաններում:

Այնուհետեւ հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթներ ունեցան Աժ պատգամավորները. 

Հերթագրված 23 պատգամավորներից ելույթ ունեցան 13-ը:  Համլետ Հարությունյանի գնահատմամբ` Արցախի հարցը թե դիվանագիտական ճակատում, թե ռազմի դաշտում ի զորու են լուծելու մարտունակ բանակը եւ մարտունակ հասարակությունը, ուստի նա կարեւորեց բանակի մարտունակության հետ մեկտեղ հասարակության մարտունակության բարձրացումը հատկապես սահմանամերձ շրջաններում: Ըստ Արա Նռանյանի` խորհրդարանը պետք է ներկայացնի ժողովրդի արմատական դիրքորոշումը, իսկ գործադիրը ձեռնամուխ լինի դիրքորոշման իրականացմանը: Պարոն Նռանյանը համոզված է, որ Ազգային ժողովը հայտարարության մեջ պետք է արձանագրի, որ զիջումների առարկա չի կարող հանդիսանալ որեւէ թիզ հող: Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` մենք չպետք է կառչենք Մինսկի խմբի ձեւաչափից, նաեւ կարեւորվեց ազատագրված տարածքների վերաբնակեցումը, որին խանգարում են տարբեր պաշտոնյաների` տարածքների վերադարձման վերաբերյալ պարբերաբար հնչող առաջարկները: Ըստ նրա` հայկական կողմը բացառապես հակազդել է, այժմ պետք է ինքնուրույն հարված հասցնել: Ռաֆիկ Պետրոսյանը գտնում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է որդեգրի հարձակողական ոճ: Նա առաջարկում է հայտարարության մեջ կոչով դիմել Սփյուռքի հայկական կազմակերպություններին, որպեսզի նրանք ուժեղացնեն քարոզչական աշխատանքը: Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1994-2008 թթ. նիրհողական պատերազմի պայմաններում մրցակցությունը ընթանում էր տնտեսական, քաղաքական եւ պրոպոգանդիստական ուղղություններով: Այս պայմաններում Հայաստանի հաղթանակը նա տեսնում է տնտեսական հաջողությունների դեպքում, մինչդեռ Հայաստանը տնտեսական մրցակցության պայմաններում զիջում է իր դիրքերը: Շիրակ Թորոսյանը Արցախի հարցը որակեց ԽՍՀՄ-ի բռնապետության հետեւանք: Նա առաջարկում է քայլեր ձեռնարկել, որպեսզի ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչները եւս մասնակցեն բանակցային գործընթացին, եթե Ադրբեջանը փորձի գործընթացը ԵԱՀԿ Մինսկին խմբի ձեւաչափից տեղափոխել այլ հարթություն, շարունակի ագրեսիվ հայտարարությունները, լայնածավալ ներխուժումների փորձերը, ապա Հայաստանի Հանրապետությունը, չկարողանալով խաղաղ ճանապարհով կանխել Ադրբեջանի նկրտումները, պիտի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Հայաստանը խորհրդարանական դիվանագիտության հարցում ետ է մնում Ադրբեջանից, քանի որ խորհրդարանական պատվիրակությունները կազմվում են խմբակցությունների հայեցողությամբ, չկա հստակ մշակված հայեցակարգ: Նա առաջարկում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որը որոշակի չափանիշներ կսահմանի պատվիրակությունների կազմավորման հարցում: Արմեն Աշոտյանը նշեց, որ խորհրդարանի գնահատականները Արցախի հարցում պետք է լինեն ավելի կոշտ, քան կառավարությանը, քանի որ ԱԺ-ն ներկայացնում է հասարակության տարբեր մոտեցումները: Պարոն Աշոտյանն անդրադարձավ տեղեկատվական անվտանգության հիմնահարցերին: Նա առաջարկում է հայտարարության մեջ ամրագրել, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ժողովրդավարության հիմնային իրավունք է: Արմեն Ռուստամյանի ներկայացրած 11 առաջարկներից երկուսն արդեն ընդունվել են: Նա շեշտեց, որ հայտարարությունը պարտադրված արձագանք է բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակին: Արմեն Ռուստամյանն առաջարկում է ռազմական լուծումը բացառելու նպատակով ուժի կիրառումից փոխադարձաբար հրաժարվելու պայմանագիր կնքելու վերաբերյալ դրույթ ներառել հայտարարությունում: Արտակ Դավթյանը ներկայացրել է բովանդակային եւ խմբագրական 7 առաջարկներ: Նա ընդգծեց, որ եւ միջազգային վեհաժողովներում, եւ տեղեկատվության ոլորտում Ադրբեջանն իրականացնում է  ագրեսիվ քաղաքականություն: Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` պետք է հստակ նշել, որ ԼՂՀ-ն կայացած փաստ է, իսկ ժողովուրդը ինքնորոշված է: Արցախի հարցում, ըստ պարոն Մարտիրոսյանի, Հայաստանը պետք է վարի նախաձեռնողական քաղաքականություն, որին ակտիվ մասնակցություն պիտի ունենա խորհրդարանը: Սամվել Նիկոյանի կարծիքով` հայ հասարակությունը ավարտված է համարում պատերազմը, սակայն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կարող են մի օր իրականություն դառնալ, ուստի պետք է ունենալ մարտունակ բանակ եւ հզոր հասարակություն: Արթուր Աղաբեկյանը փաստեց, որ հայատյաց քաղաքականություն են վարում Ադրբեջանի եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր ուժերը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» նախագծի քննարկումները կշարունակվեն:

Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:

10.04.2008
Ղազախստանի Սենատի փոխնախագահն Ազգային ժողովում
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած` Ղազախստանի Սենատի փոխնախագահ Մուխամբեթ Կոպեեւին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ղազախստանի դեսպան Եռլան Կուբաշեւը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը գոհունա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am