ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ:
Զեկուցողների նպատակն էր լսել խորհրդարանականների տեսակետները ՀՀ սահմանադրական բարեփոխումների, դրանց արդյունքում առաջացած օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումներին դեմ քվեարկող անձանց պաշտպանության ապահովման վերաբերյալ:
Անդրադառնալով հանրաքվեին ընդառաջ կատարվող նախապատրաստական աշխատանքներին` Հովհաննես Սահակյանը նշել է, որ երկրի քաղաքական օրակարգում այսօր ամենակարեւոր հարցը, իսկապես, սահմանադրական բարեփոխումների խնդիրն ու հանրաքվեն է: Ըստ նրա` հանձնաժողովն իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի հանրաքվեն լինի առավել արդյունավետ ու առանց ցնցումների: Նա նշել է, որ խորհրդարանն արդեն իսկ ընդունել է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, ինչպես նաեւ փոփոխությունների է ենթարկել այն` համապատասխանեցնելով ՀՀ Ընտրական օրենսգրքին: Պարոն Սահակյանը տեղեկացրել է, որ քվեարկված նախագիծը կապահովի սահմանադրական բարեփոխումների ոչ միայն քվեարկությունը, այլ նաեւ քարոզարշավի` հավասար պայմաններում անցկացումը:
Խոսելով իրականացված փոփոխությունների մասին` նա տեղեկացրել է, որ դեմ եւ կողմ ուժերի համար տրամադրվել է անվճար հեռուստաեթերի հավասար ժամանակ, քարոզարշավների համար համայնքների կողմից անվճար դահլիճներ ու պաստառներ փակցնելու համար նախատեսված վայրեր, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին հնարավորություն է տրվել ընտրությունների ժամանակ տեղամասերում ունենալ վստահված անձինք:
Անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին` Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ մասնագիտական խումբն աշխատում է հայեցակարգի դրույթների վրա, որը հավանության է արժանացել եւ հաստատվել է երկրի Նախագահի կողմից: Նա վստահեցրել է, որ մասնագիտական խումբը փուլ առ փուլ իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները: Այն պատրաստ լինելու դեպքում կրկին կներկայացվի ՀՀ Նախագահին, ում հավանությանն արժանանալուց հետո այն կբերվի Ազգային ժողով, իսկ եռամսյա ժամկետում ԱԺ քաղաքական ուժերը կկարողանան փաստաթղթի վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետները:
Պարոն Սահակյանը նշել է նաեւ, որ երբ փաստաթուղթը կներկայացվի խորհրդարան, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպի խորհրդարանական լսումներ` արտաքաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին հնարավորություն տալով մասնակցելու խորհրդարանում շրջանառվող նախագծի քննարկմանը: Իսկ դրան ընդառաջ` մոնիթորինգի փոքրիկ խմբեր են ուղարկվել Շիրակի եւ Լոռու մարզեր` պարզելու հասարակության տեղեկացվածության աստիճանը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների արդյունքում առաջացած օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը` Հովհաննես Սահակյանը նշել է, որ բավական մեծ թվով օրենքներ ենթակա են փոփոխության: