National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
23.02.2015
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան
1 / 9

Փետրվարի 23-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ Աժ պատգամավոր Մելիք Մանուկյանը ներկայացրել է հրաժարականի մասին գրավոր դիմում: ԱԺ նախագահը հիշեցրել է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նիստում հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը: Եթե հետ չի վերցնում, ապա նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են:

Խորհրդարանի ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը իր գրավոր դիմումի համաձայն դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարել է, որ հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը՝ խմբակցությունը բոյկոտում է քառօրյա նիստերի աշխատանքները:

Խորհրդարանը 9 կողմ, 6 դեմ, 65 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չի ընդունել Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարությունը ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին» ԱԺ որոշման նախագիծը եւս չի ընդունվել:

ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունել են «ՀՀ Ազգային ժողովի 2015 թվականի մարտի 16-19-ի չորսօրյա նիստերի տեղափոխման մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Քանի որ մարտի 16-ից 18-ը Երեւանում տեղի ունենալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի գումարման ժամկետները համընկնում են ԱԺ մարտի 16-19-ի չորսօրյա նիստերի հետ, ուստի ԱԺ ընդունած որոշմամբ մարտի 16-19-ի չորսօրյա նիստերը կտեղափոխվեն մարտի 23-26-ը:

Նախատեսվում է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ նիստում քննարկված օրինագծերը եւ շարունակել են նախորդ քառօրյայում ընդհատված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկումը: Հիշեցնենք, որ գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս միասնական կարգավորմամբ ունենալու մասնավոր գերեզմանատներ, մինչդեռ պետական-համայնքային գերեզմանատները գերծանրաբեռնված են: Օրենքների նախագծերի կարգավորման նպատակն է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել նշված ծառայության իրականացման համար համապատասխան թույլտվության տրամադրումը, մատուցվող ծառայությանը ներկայացվող պահանջները, իրականացման վայրերը եւ տեղական տուրք, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն` առանց թույլտվության գործունեություն իրականացնելու դեպքերը կանխելու համար:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ բնագավառում կա օրենսդրական բաց եւ ոլորտում իրականացվող փոփոխությունների արդյունքում կկարգավորվեն ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրները:

Քննարկվել է ԱԺ հայտարարության նախագիծ

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Լեւոն Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագծում նշված է, որ երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ, եւ ՀՀ Ազգային ժողովն անհրաժեշտ է համարում այն հաղթահարելուն ուղղված հրատապ քայլերի իրականացումը: Իր ելույթում Լեւոն Զուրաբյանը խոսել է կոռուպցիայի, աղքատության, գործազրկության, արտագաղթի, մենաշնորհների, պետական կառավարման ոլորտում առկա խնդիրների մասին:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները:

Ստեփան Դեմիրճյանն անդրադարձել է արտագաղթին, նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությանը, երկրում առկա սոցիալական բեւեռացմանը, տնտեսական վիճակի վատթարացման պատճառներին: Հայկ Բաբուխանյանն իր ելույթում անդրադարձել է նախագծի համահեղինակ Լեւոն Զուրաբյանի ելույթին եւ նշել, որ այն ամենը, ինչում նա մեղադրում է գործող իշխանություններին, եղել է ՀՀՇ իշխանության ժամանակաշրջանում: Նա կոչ է արել ապրիլի 24-ից առաջ դադարեցնել, իր խոսքով, ազգապառակտիչ գործունեությունը: Արտակ Զաքարյանի խոսքով՝ այսօր ճգնաժամ չկա Հայաստանի ոչ կառավարման, ոչ տնտեսական, ոչ արտաքին քաղաքականության ոլորտներում: Ըստ նրա՝ բարդություններ կան տնտեսական ոլորտում: Գագիկ Ջհանգիրյանը խոսել է դատական իշխանության խնդիրներից, անդրադարձել դատավորների եւ դատարանների անկախությանը: Արամ Մանուկյանը ներկայացրել է միջազգային կառույցների՝ Հայաստանի մասով նախորդ տարվա ոլորտային գնահատականները, անդրադարձել գործազրկության ու աղքատության, առողջապահության եւ կրթության ցածր ցուցանիշերին: Էդմոն Մարուքյանը չի կիսել հայտարարության նախագծի հեղինակների տեսակետը, թե Հայաստանում առկա է կառավարման ճգնաժամ: Ըստ նրա՝ մեր երկրում կա վատ կառավարում, բայց ոչ դասական իմաստով կառավարման ճգնաժամ: Խոսրով Հարությունյանն անդրադարձել է հիմնական զեկուցողի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին եւ պատասխանել դրանց: Նա ներկայացրել է տարբեր ոլորտներում վերջին տարիներին կատարված բարեփոխումները, որոնք էապես նվազեցրել են կոռուպցիան: Լյուդմիլա Սարգսյանը խոսելով գործընկերների ներկայացրած նախագծից՝ անդրադարձել է վերջին շրջանի ներքաղաքական իրադարձություններին: Ըստ նրա՝ Հայաստանում առկա է քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ, արտագաղթ, գործազրկություն եւ այլն: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քննարկվող հարցին, խոսել ներքաղաքական իրադարձություններից, ներկայացրել առկա կառավարման ճգնաժամի վերացման իր տեսլականը:

Հարցի կապակցությամբ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած ԱԺ հայտարարության նախագծին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ներկայացված նախագիծը շինծու է, արհեստական ու մտացածին, քանի որ Հայաստանում նման օրակարգ չկա: Նա չի հերքել, որ երկրում կան խնդիրներ եւ դրանց լուծման համար անհրաժեշտ է համարել գաղափարական եւ առողջ պայքարի միջոցը: Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ճգնաժամ կա, սակայն այն ընդդիմության եւ ոչ իշխանական ուժերի մեջ է:

Հարցի քննարկումն ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում. այն կշարունակվի փետրվարի 24-ի ԱԺ նիստում:


23.02.2015
Ժամանակակից նկարիչների ցուցահանդես Ազգային ժողովում
Փետրվարի 23-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպվել էր ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահում ներկայացված շուրջ 25 արվեստագետների գործեր էին ցուցադրված խորհրդարանում: Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյ...

23.02.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Փետրվարի 23-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am