National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
02.02.2015
Մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը
1 / 14

Փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության օրհներգով ազդարարվել է ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի բացումը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության անմեղ զոհերի եւ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայ հերոսների հիշատակը:

Իր խոսքում ԱԺ նախագահը մասնավորապես ասել է. «Հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը մեկնարկում է մեր հասարակության համար ցավալի իրադարձությունների համապատկերում: Դժվար է բառեր գտնել գնահատական տալու ոճրագործությանը, որը տեղի է ունեցել Գյումրիում հունվարի 12-ին: Հասկանալով բոլորի զգացմունքները, կիսելով առկա մտահոգությունները, միաժամանակ վստահելով մեր ժողովրդի սթափ մտածողությանն ու սառը դատողությանը՝ ցանկանում եմ անձամբ իմ եւ ձեր աջակցությամբ, նաեւ խորհրդարանի անունից եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ մեր իրավասություների շրջանակներում մինչեւ վերջ հետեւողական ենք լինելու հանցագործության բացահայտմանը: Համոզված եմ, որ հանցագործությունն ամբողջովին կբացահայտվի եւ մեղավորները խստորեն կպատժվեն:

Հարգելի գործընկերներ, այս օրերին առանձնակի է դիվերսիոն գործողությունների հաճախականությունը հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծի տարբեր հատվածներում: Ի պատիվ մեր բանակի պետք է փաստենք, որ Հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը՝ հակառակորդին ոչ միայն հակահարված տալով, այլեւ կանխարգելիչ գործողություններ իրականացնելու միջոցով: Ցավոք, հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս հերոսի մահով զոհվել են զինվորական պարտքը կատարող եւ բոլորիս անվտանգությունը սեփական կյանքով պաշտպանած Հայկական բանակի սպաներն ու զինվորները»:

Գարնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստում Ազգային ժողովը հաստատել է նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ընդունել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի (երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին» ՀՀ ԱԺ որոշումը եւ «Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը»:

Նստաշրջանի առաջին նիստում, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, ձեւավորվում է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է վերահաստատել նախկին նստաշրջանում գործող կարգը, ըստ որի՝ հանձնաժողովը կազմված է 13 անդամից՝ ՀՀԿ-ից՝ 7, ԲՀԿ-ից? 2, իսկ մյուս 4 խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ: ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք հրաժարվում են հանձնաժողովի կազմում անդամներ ներկայացնելուց: Առաջարկը, որին դեմ էին ԱԺ 5 խմբակցությունները, չի ընդունվել:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի՝ նախկին կարգը փոխելու առաջարկը եւս չի ընդունվել: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ խորհրդարանը հարցին կանդրադառնա հաջորդ օրվա նիստում:

ԱԺ պատգամավորներն անդրադարձել են նաեւ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմավորմանը: Գալուստ Սահակյանը խմբակցություններին առաջարկել է ներկայացնել թեկնածուներ՝ Էթիկայի հանձնաժողովում ընդգրկվելու համար:

Նախատեսվում է ստեղծել բյուջետային գրասենյակ

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է նախորդ նստաշրջանում ընդհատված հարցի` ՀՀ Աժ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը: Նշենք, որ Հայաստանում ներդրվել է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հայեցակարգը, ինչը, բազմաթիվ այլ փոփոխություններից զատ, ենթադրում է նաեւ բյուջետային գործընթացի շրջանակում մեծածավալ տեղեկատվության ներկայացում օրենսդիր մարմնին:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն: Նախատեսվում է, որ բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը, այդ թվում՝ ներքին աշխատակարգի սահմանումն իրականացնելու է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Հարակից զեկույցում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը եւս կարեւորել է աշխատանքային խմբի ստեղծումը եւ նշել, որ հիմնական նպատակն է պատգամավորներին, խմբակցություններին տրամադրել անհրաժեշտ վերլուծական տեղեկատվություն:

Հարակից զեկույցում ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ փաթեթը մի քանի անգամ քննարկվել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Նրա խոսքով՝ կառավարության բազմաթիվ առաջարկներ արտացոլված են փաթեթում:

ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը եւ Մհեր Շահգելդյանը իրենց ելույթներում կարեւորել են բյուջետային գրասենյակի ստեղծումը եւ նշել, որ դրա ձեւավորումը ժամանակի պահանջ է: Նրանք անդրադարձել են նաեւ ծրագրային բյուջետավորման բարեփոխումների գործընթացին, փորձագետների աշխատանքային խմբի գործունեությանը, ԱԺ հանձնաժողովների հետ նրանց համագործակցությանը եւ այլ հարցերի:

Առաջարկվում է մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցումով պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նա տեղեկացրել է, որ առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչեւ փետրվարի 1-ը, հետաձգել մինչեւ 2015 թ. հուլիսի 1-ը: Պարոն Միրումյանն առաջարկել է խորհրդարանին այդ ժամանակահատվածում կառավարության հետ համատեղ աշխատել օրենսդրական փոփոխությունների առավել արդյունավետ կիրառման ուղղությամբ, քննարկել բոլոր առաջարկները:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում տնտեսվարողներին աջակցելն է եւ ընդգծել, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսվարողների համար:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի փետրվարի 3-ի նիստում:


02.02.2015
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մամլո ասուլիսը
Փետրվարի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը մանրամասներ են ներկայացրել հունվարի 26-30-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ այս տարվա առաջին լիագումար նիստի աշխատ...

02.02.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Դեսպան Տայիսն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի կապակց...

02.02.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 2-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...

02.02.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am