National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.11.2014
Խորհրդարանական համատեղ լսումներ Ազգային ժողովում
1 / 7

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները նոյեմբերի 24-ին կազմակերպել էին խորհրդարանական համատեղ լսումներ՝ քննարկելու «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեման: Խորհրդարանական լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ոլորտի պատասխանատուներ:

Բացելով խորհրդարանական լսումները՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարեւորել է այս թեմայի շրջանակներում կազմակերպված լսումները եւ շնորհակալություն հայտնել բոլոր շահագրգիռ կողմերին ակտիվ մասնակցության համար:  

Բացման խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ վերջին շրջանում ԵՏՄ-ին անդամակցումը Հայաստանի հանրային եւ քաղաքական կյանքում քննարկվող կարեւորագույն թեմաներից է: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է մինչ Ազգային ժողովի կողմից պայմանագրի վավերացումը՝ հարցի քննարկումը խորհրդարանական լսումների ձեւաչափով: Պարոն Զաքարյանը համառոտ ներկայացրել է ԵՏՄ կառուցվածքը եւ ձեւավորման փուլերը:

Հիմնական զեկույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նախ ներկայացրել է մինչ Հայաստանի Հանրապետության կողմից ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցած գործընթացները, Եվրասիական տնտեսական միության բուն համաձայնագիրը եւ ՀՀ-ի՝ միությանը միանալու համաձայնագրի համառոտ բնութագրերը: Խոսելով պայմանագրի մասին՝ պարոն Կարայանը տեղեկացրել է, որ դրանով ՀՀ-ը միանում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին, ինչպես նաեւ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքին իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին: Նշվել է, որ Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից: Պայմանագրով նախատեսված են Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում ընդունված որոշումների կատարման, Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունների եւ վեճերի կարգավորման հարցեր: Փոխնախարարը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ը չունի միասնական սահման Եվրասիական տնտեսական միության հետ՝ նախատեսված է ունենալ տարանցիկ փոխադրման հարցերը կարգավորող համաձայնագիր: Պայմանագրին միանալով՝ Հայաստանը կրելու է ֆինանսական պարտավորություն, այն է՝ սկսած 2016 թ.-ից ՀՀ-ը ԵՏՄ բյուջեում պետք է կատարի իր մասհանումները: Հիմնական զեկուցողն անդրադարձել է նաեւ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ մաքսատուրքերի բաշխման կարգերին, որի համաձայն՝ Հայաստանի համար հաշվարկված է եւ համաձայնագրով ամրագրված է, որ ՀՀ-ը ԵՏՄ տարածքներ երրորդ երկրների կողմից ներմուծված ապրանքների դիմաց գանձվող մաքսատուրքերից ՀՀ-ի մասնաբաժինը կկազմի 1.13 տոկոս:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նշել է, որ ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների իրականացման համար ստեղծված 22 աշխատանքային խմբերից 7-ը ղեկավարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ զեկուցողի՝ ճանապարհային քարտեզը կառավարության կողմից հաստատվել է 2014 թ.-ի հունվարի 23-ին եւ ներառում է 262 միջոցառում, որոնցից մինչեւ ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելու մասին համապատասխան պայմանագրի ստորագրումը պետք է իրականացվեր 126 միջոցառում, որոնք էլ ժամանակին կատարվել են: Հայաստանի ներմուծման եւ արտահանման կառուցվածքի մանրամասն ուսումնասիրման եւ գործարար շրջանակի հետ բազմակողմանի քննարկման արդյունքում մշակվել եւ հաստատվել է առաջին անհրաժեշտության զգայուն ապրանքների ցանկը, որի նկատմամբ որոշակի ժամանակահատվածում պետք է պահպանվեն ներմուծման՝ Հայաստանում գործող մաքսատուրքերը: Ներկայում իրականացվում են ճանապարհային քարտեզով ամրագրված մնացած կետերը: Մասնավորապես, մեծածավալ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի նորմատիվ-իրավական դաշտը ԵՏՄ-ին համապատասխանեցնելու ուղղությամբ: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ մի շարք ոլորտներում աշխատանքային խմբերի կատարած աշխատանքները: Անդրադառնալով ՀՀ տարածք ԵՏՄ երկրներից արտադրանքի ներմուծմանը՝ պարոն Տարասյանը նշել է, որ ներմուծումը կիրականացվի առանց խոչընդոտների, քանի որ արտադրանքն արդեն իսկ համապատասխանում է ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ըստ զեկուցողի՝ ՀՀ-ում գործող համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրվող սերտիֆիկատը հիմք կհանդիսանա ՀՀ արտադրանքը ԵՏՄ երկրներում իրացնելու համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված միասնական ցանկում ընդգրկված են 8 ապրանքախմբեր, որոնց ներմուծումն ու արտահանումը երրորդ երկրներից արգելված է եւ 26 ապրանքախմբեր, որոնց ներմուծումն ու արտահանումը սահմանափակված է ոչ սակագնային կարգավորման միջոցներով: Համաձայն ՄՄ սկզբունքների եւ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան ՄՄ իրավապայմանագրային դաշտի՝ միության երկրները նպատակ են ունեցել կիրառելու միասնական մաքսատուրք՝ երրորդ երկրներից ներկրված ապրանքների նկատմամբ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ձեւավորվել է ապրանքների ցանկ, որոնց մասով անցումային ժամանակահատվածի համար պահպանվելու են ՀՀ-ում ներկայում գործող մաքսատուրքերի դրույքաչափերը: ՀՀ-ի կողմից արտադրված ներմուծման մաքսատուրքերի վճարման արտոնությունները կկիրառվեն մինչեւ 2015 թ.-ի հունվարի 1-ը կնքված ՀՀ միջազգային պայմանագրերի շրջանակներում ներկրվող ապրանքների նկատմամբ:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով պայմանագրի հավելվածներից, նշել է, որ երրորդ հավելվածի անցումային դրույթներից Հայաստանը բազմաթիվ առավելություններ կստանա: Ըստ զեկուցողի՝ կարեւորելով հարեւան Վրաստանի հետ առկա ազատ առեւտրի ռեժիմը՝ բանակցությունների արդյունքում հայկական կողմին հաջողվել է պայմանագրի երրորդ հավելվածի 41-րդ հոդվածում արձանագրել, որ շարունակելու են գործել ՀՀ-ում մաքսատուրքերին վերաբերող այն պայմանագրերը, որոնք Հայաստանը ստորագրել է մինչեւ 2015 թ.-ի հունվարի 1-ը: Պարոն Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանը պահպանելու է տնտեսական հարաբերությունները նաեւ Իրանի հետ: Ըստ փոխնախարարի՝ բանակցությունների ողջ ընթացքում կառուցողական դիրքորոշում է եղել թե հայկական, թե Եվրասիական հանձնաժողովի կողմից, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել արագ կազմակերպել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը:

Լսումների մասնակիցները հարցուպատասխանի ընթացքում բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողներին՝ փորձելով պարզել, թե ինչ կտա Հայաստանին անդամակցումը ԵՏՄ-ին, անդամակցումից հետո որ ապրանքատեսակները կթանկանան, տնտեսական ինչ օգուտներ եւ վնասներ կկրի Հայաստանը, սպասվող գնաճի եւ սղաճի միտումները, ինչպիսին կլինի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը, ԵՏՄ-ից դուրս գալու պայմանները, Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ դնելու հարցը:

Հիմնական զեկուցողները եւ գործընթացի պատասխանատուները մանրամասն անդրադարձել են բոլոր հարցադրումներին եւ հիմնավորումներ ներկայացրել: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ այս փուլում 752 ապրանքների մաքսատուրքերը կպահպանվեն եւ հավելել, որ միանշանակ ասել, թե 5 տարի հետո կթանկանա, թե ոչ՝ վաղ է ասել: Ըստ նրա՝ ակնկալվում է մաքսատուրքերի նվազում: Նշվել է, որ փորձ է արվել տնտեսվարողների համար ռիսկերը նվազագույնի հասցնել: «Կա ԵՄ-ն՝ իր հսկայական տնտեսական շուկայով, կա ԵՏՄ-ն՝ իր շուկայով, եւ մենք հակված ենք մտածելու, որ վաղ թե ուշ միեւնույն տնտեսական շահն իրար է մղելու այս միություններին»,-ասել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ հավելել, որ ՀՀ-ն կողմ է համագործակցության եւ ոչ թե բեւեռացման: Նա իրազեկել է, որ եթե ԵՏՄ անդամ պետությունը դիմում է միությունից դուրս գալու համար, ապա դիմելուց 12 ամիս հետո արդեն չի համարվում անդամ պետություն՝ առանց որեւէ համաձայնեցման: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը նշել է, որ անդամակցությունից հետո էլ Հայաստանը շարունակելու է կառավարման համակարգի բարեփոխումները՝ պահպանելով համագործակցությունը ԵՄ-ի հետ:

Հարցի վերաբերյալ իր ելույթում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է ԵՏՄ-ին անդամակցության գործընթացին եւ համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը չի կարող հուսալի տնտեսական գործընկեր լինել, իսկ անդամակցումը մեր երկրին ոչ մի օգուտ չի տալու: ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ձեւափոխումների արդյունքում գլոբալ աշխարհում իր տեղը ճշտելու խնդրի առջեւ: Այս համատեքստում պարոն Հարությունյանը նշել է, որ անդամակցումը ԵՏՄ-ին Հայաստանի համար աներկբա քաղաքական, աշխարհաքաղաքական ու տնտեսական անհաժեշտություն է: ԵՏՄ-ին անդամակցումը պարոն Հարությունյանը կարեւորել է տնտեսական կարողություններն ավելացնելու եւ անվտանգության ապահովման համատեքստում: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, կարեւորելով հանրային լսումների անցկացումը, անդրադարձել է պայմանագրի սահմանադրականության խնդրին: Նա պայմանագիրը համարել է մարտահրավեր Հայաստանի եւ նրա տնտեսության համար, որը, ըստ նրա, մեզ զրկելու է օտարերկրյա ներդրումների հնարավորությունից: ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը կարեւորել է հանրային քննարկումների կազմակերպումը հասարակությանն իրազեկելու տեսանկյունից: Նա ընդգծել է, որ տնտեսության զարգացումը պահանջում է դիվերսիֆիկացիա, որն էլ, ըստ նրա, կարեւոր խնդիր է ՀՀ տնտեսության համար: Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ: «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական-վերլուծական ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը նշել է, որ մեր երկիրն այս անդամակցությունից շահելու է: Ըստ նրա՝ բացառիկ հնարավորություն է ստեղծվելու Հայաստանը դարձնելու արդյունաբերության եւ գիտության երկիր: Նա տեղեկացրել է, որ վերջին մեկ տարվա հարցումների արդյունքում պարզվել է, որ հասարակության զգալի մասը դրական սպասումներ ունի այդ անդամակցությունից:

Ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաեւ ապրանքատեսակների հնարավոր թանկացմանը, դրամավարկային քաղաքականությանը, անդամակցությունից հետո տնտեսությանը սպասվող վտանգներին, մեր երկրի գերակայություններին, ինտեգրումից խուսափելու դեպքում սպառնացող վտանգներին ու կորուստներին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը եւ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մանրամասն անդրադարձել են բոլոր ելույթներին եւ ներկայացրել հիմնավորումներ:

Վարդան Արամյանը նշել է, որ համամիտ չէ այն տեսակետների հետ, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը հապշտապ է եղել: Նա կարծիք է հայտնել, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը պետք է իր հնարավորություններն արդյունավետ օգտագործի: Նա անդրադարձել է Հայաստանից եվրոպական երկրներ եւ եվրասիական տնտեսական տարածք արտահանման ցուցանիշներին. եվրոպական երկրներ արտահանվում են հումքային ապրանքների մոտ 80 տոկոսը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրներ արտահանվող ապրանքների մոտ 90 տոկոսը պատրաստի արտադրանք է: Ըստ պարոն Արամյանի՝ տնտեսական օգուտներն ավելի շատ են ԵՏՄ-ից: Նա նշել է, որ, այո, Ռուսաստանում կան դժվարություններ, բայց դա չի նշանակում որ եվրոպական երկրներում այդ խնդիրները բացակայում են: Շավարշ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին քննարկումների կազմակերպման համար: Նա նշել է, որ բանակցություններում ԼՂ սահմանին մաքսակետ դնելու հարց չի եղել: Սուրեն Կարայանը մինչ ԱԺ լիագումար նիստում պայմանագրի քննարկումը պատգամավորների եւ շահագրգիռ կողմերի հետ հարցին կրկին անդրադառնալու պատրաստակամություն է հայտնել:

Ամփոփիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն անդրադարձել է ԵՄ եւ ԵՏՄ երկրներ արտահանման եւ ներմուծման ծավալներին, անդամակցության գործընթացում առկա խնդիրներին: Ինչ է շահում կամ ինչ է կորցնում Հայաստանը հարցադրմանն ի պատասխան, պարոն Այվազյանը ներկայացրել է ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի ՀՆԱ-ի ցուցանիշները, որոնք բարձր են Հայաստանի ցուցանիշից: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հարուստ պետություններ են ԵՏՄ անդամ պետությունները, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով եւ տնտեսական առանձնահատկություններով չի հետաքրքրում նրանց: Անդրադառնալով արտահանման եւ ներմուծման հարցերին՝ Վարդան Այվազյանը նշել է, որ Հայաստանն իր պատրաստի արտադրանքի 82 տոկոսը արտահանում է ԵՏՄ, որից 80 տոկոսը՝ Ռուսաստան: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նախկինում 3 մլրդ տրանսֆերտներ էր ստանում Հայաստանը, իսկ հիմա՝ 2.2 մլրդ, որի 70-80 տոկոսը՝ կրկին Ռուսաստանից: Նա համաձայնում է, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ որոշ խնդիրներ կառաջանան, սակայն դա չի նշանակում, որ պետք է խուսափել խնդիրներից եւ առաջ չշարժվել: Նա, կողմ լինելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, նշել է, որ պետք է համատեղ աշխատել եւ օրենսդրորեն կարգավորվող խնդիրներին լուծում տալ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ վավերացումից հետո մեծ թվով օրենքներ պետք է ներդաշնակեցվեն ՄՄ երկրներում գործող օրենսդրությանը, վավերացվի 29 համաձայնագիր: Պարոն Զաքարյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամրջող օղակ լինել տնտեսական տարբեր միությունների միջեւ: Հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ 2015 թ.-ի հունվարի 1-ից ստեղծվելու է մեկ տնտեսական միջավայր եւ տնտեսական ակտիվ գործունեության համար նշմարվելու են նոր հորիզոններ:


24.11.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 24-ին Էլինար Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշե...

24.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Ֆրանսիայում
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին ներկա է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014թ. դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնետոն) փակման արարողությանը: ՀՀ ԱԺ նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am