National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.11.2014
Ազգային ժողովի արտահերթ նիստում
1 / 12

Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հարակից զեկույցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ հանձնաժողովը մանրամասն քննարկել է օրենքի նախագիծը եւ տվել դրական եզրակացություն:

Հարցի քննարկումից հետո խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետեւ պատգամավորները երրորդ ընթերցմամբ քննարկել են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը եւ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն անդրադարձել է պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկներին եւ նշել, որ դրանք ընդունելի լինելու դեպքում հաշվի կառնվեն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Նա նշել է, որ օրենքի փաթեթով առաջարկվում է ներդնել ապահովված իրավունքների ինստիտուտ , քանի որ մինչ այժմ քաղաքացիական օրենսգրքում ամրագրված էր միայն գրավի հասկացությունը: Առաջարկվում է ներդնել մի համակարգ, որով քաղաքացիները կտեղեկացնեն իրենց ապահովված իրավունքի մասին:

Գրանցման համակարգը, ըստ փաթեթի, կամավոր գրանցումն է, սակայն ունի իրավական հետեւանքներ: Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այդ գործիքներով պետությունը հնարավորություն է տալու էականորեն շրջանառել շարժական գույքը, ապահովել վարկունակությունը եւ փոխադարձ վստահությունը ապահովված իրավունքների հարաբերություններում: Ակնկալվող արդյունքն էական ազդեցություն է ունենալու ՓՄՁ- ի զարգացման վրա, եւ դուինգ բիզնեսի ցուցանիշներով բարձրացնելու է երկրի գնահատականը այդ ոլորտում:

Հարակից զեկույցում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը դրական է համարել այն, որ իրավունքի գրանցման միջոցով ապահովվում է շարժական գույքի շարժը, որը մեր երկրում մինչ այժմ չի իրականացվել: Օրենքի առկայությանն, ըստ պատգամավորի, պետք է դրական վերաբերվել, սակայն օրենքում արտացոլված բարդ եզրույթները, խրթին ձեւակերպումները դեռեւս պետք է քննարկել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:

Նիստի ընթացքում ԱԺ պատգամավորները ողջունել են Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ արտահերթ նիստում Յանակիս Օմիրուն ելույթ է ունեցել (ելույթը տես լուրեր բաժնում՝ առանձին տեքստով):

Այնուհետեւ խորհրդարանն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը. ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետներն են արտահայտել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Հովհաննես Սահակյանը եւ Արփինե Հովհաննիսյանը կարծիք են հայտնել, որ, ինչպես յուրաքանչյուր նոր օրինագիծ, այս օրենսդրական փաթեթը եւս ունի խնդիրներ, որոնք քննարկումների արդյունքում լուծում կստանան: Արփինե Հովհաննիսյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել առաջարկին: Մհեր Շահգելդյանը կարեւորել է հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպումը: Նա կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունը կարող է ընդլայնել տնտեսական հարաբերությունների քրեականացման հնարավորությունը: Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է քրեական օրենսգրքում առաջարկվող լրացմանը եւ առաջարկել հաշվի առնել օրենսդրական առաջակի կարեւորությունն ու կրկին լրամշակել: Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը պետք է վերանայվի եւ փաթեթից հանվի: Նրա գնահատմամբ՝ այս տեսքով օրենսդրական փաթեթն ընդունելի չէ, անհրաժեշտ է ոլորտի պատասխանատուների եւ համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ խնդիրը քննարկել:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել են պատգամավորների առաջարկներին եւ մտահոգություններին ու առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համագործակցելու եւ օրենսդրական փաթեթը լրամշակելու պատրաստակամություն հայտնել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանն առաջին ընթերցումով ներկայացրել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է ընդունել օրենք, ըստ որի անձնական տվյալներն ընդհանրապես չպետք է ենթարկվեն մշակման, բացառությամբ որոշ պայմանների բավարարելու դեպքում: Նախագիծը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: Նախագծով սահմանվում է նաեւ անձնական տվյալներ մշակողի պարտականությունների մի ամբողջ ցանկ, որոնցով վերջինս պարտավորվում է ապահովել տվյալների որակին, հավաքվող կամ փոխանցվող տվյալների անվտանգությանն առնչվող պահանջներ եւ այլն: Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում կերաշխավորվի անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում, անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ առավել հուսալի, կանխատեսելի ու վստահելի դարձնելով Հայաստանի կողմից մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Նա անձնական տվյալների պաշտպանության դաշտին իրավական կարգավորում տալու առումով կարեւորել է օրենքի ընդունումը:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է օրենքի կարգավորման շրջանակներին եւ հոդվածներին՝ ներկայացնելով մի շարք առաջարկներ: Արփինե Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարել լրամշակել օրենքը՝ ոլորտում կարգավորումների հստակության բավարար մակարդակ ապահովելու համար: Արծվիկ Մինասյանը, կողմ լինելով անձնական տվյալների պաշտպանության գաղափարին, նշել է, որ այն պետք է ուղղված լինի սահմանադրական նորմերն իրացնելուն եւ ոչ թե աղավաղելուն: Նա անհրաժեշտ է համարել օրենքում հստակ սահմանել «հանրամատչելի աղբյուր» հասկացությունը: Միքայել Մելքումյանն արտահայտել է իր մտահոգությունն անձնական տվյալների լիարժեք պաշտպանվածության վերաբերյալ եւ նշել, որ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկումների համար եւ անդրադարձել պատգամավորների ելույթներում հնչած մտահոգություններին: Նա իրավունքների իրացման առումով օրենքը համարել է բավարար եւ նշել, որ անձնական տվյալների պաշտպանությունը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Փոխնախարարը պատգամավորների առաջարկները քննարկելու եւ հոդվածներում շտկումներ կատարելու պատրաստակամություն է հայտնել:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը նշել է, որ փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկները քննարկվող օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Մհեր Շահգելդյանն անդրադարձել է փաթեթի դրույթներին եւ նշել, որ նրանում առկա են որոշ վիճահարույց կետեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ համապատասխան մարմինների կարծիքը: Նա անհրաժեշտ է համարել վերանայել բռնագանձվող տույժ-տուգանքների չափերը, որոնք, ըստ նրա, բավական բարձր են: Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է ՀՀ վարչական օրենսգրքի դրույթներին, նշել, որ թեեւ օրենսդրական փաթեթում առկա են որոշ դրական փոփոխություններ, այնուամենայնիվ կան հարցեր, որոնք պետք է վերանայել, քանի որ, ըստ նրա՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը փաթեթով տրվում են դատական իրավասություններ: Խոսրով Հարությունյանը եւս առաջարկել է իջեցնել նախատեսված տույժ-տուգանքները եւ մտածել դրանք համաներելու ուղղությամբ:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ պատրաստակամություն հայտնել այն վերստին քննարկելու հանձնաժողովում: Նա առաջարկել է նախագծին տալ դրական եզրակացություն եւ շարունակել հետագա լրամշակումը, ինչին իր պատրաստակամությունն է հայտնել նաեւ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

Խորհրդարանն այնուհետեւ երրորդ ընթեցմամբ քննարկել է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագիծը, երկրորդ ընթերցմամբ՝ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», օրենքի նախագիծը, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ նույնանուն՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ կից փաթեթով, որոնց կատարվել են խմբագրական փոփոխություններ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը նախարարի խոսքով՝ մոտ մեկ տարի քննարկվել է տարբեր հանրային հարթակներում եւ լրամշակվել: Նախագծի ընդունմամբ կապահովվի ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը` բարձրացնելով սոցիալական ծառայությունների որակը եւ մատչելիությունը: Կհստակեցվեն ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերը` համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների ստեղծման՝ այդ թվում՝ միասնական ընդունարաններ, դրանց գործունեության, լիազորությունների իրավական հենքի առկայության տեսանկյունից:

Օրենքի նախագծով սահմանվում են նաեւ անհատական սոցիալական ծառայությունների եւ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմնակերպությունների տեսակները, դրանց կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հիմնական տեսականին, սոցիալական կազմակերպությունների համագործակցության ցանցի ձեւավորման հիմնական նպատակներն ու սկզբունքները, գործունեության մեխանիզմները, միջգերատեսչական համագործակցության ձեւերը:

Նախագծի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր. այն ներկայացրել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Փաթեթի քննարկումը կշարունակվի ԱԺ նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում:


19.11.2014
Խորհրդանշական ծառատունկ Ազգային ժողովում
Խորհրդարանի այգու բազմատեսակ ծառերի շարքը համալրվեց եւս մեկով: Որդեգրված բարի ավանդույթի համաձայն՝ մեր երկրի օրենսդիր մարմին այցելած յուրաքանչյուր պատվիրակություն կունենա անվանական ծառ: ԱԺ ծառուղում այսուհետ իր հաստատուն տեղը կզբաղեցնի նաեւ հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող եղեւնին: ԱԺ փոխնախ...

19.11.2014
Կիպրոսի Հանրապետության պատվիրակության այցը Ազգային ժողով
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կիպրոսի՝ Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքը մեծապես պայման...

19.11.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օ...

19.11.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15.45-ին, ԱԺ 330 սենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի համատեղ մամուլի ասուլիսը: ...

19.11.2014
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի ելույթը ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ
«Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանի ջերմ հրավերով պաշտոնական այցով գտնվել բարեկամ Հայաստանում եւ ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հա...

19.11.2014
Տեղի կունենա գրքի շնորհանդես
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 12.30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի համագործակցության արդյունքում հայերեն թարգմանված եւ հ...

19.11.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ օրակարգային նախագծերի քննարկմանն անցնելը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ԱԺ ...

19.11.2014
Հայաստանում է Կիպրոսի պատվիրակությունը
Նոյեմբերի 19-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am