National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.12.2013
Շարունակվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովը շարունակեց կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Պատգամավորները շարունակեցին  «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությունը:

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ  Արտաշես Գեղամյանը, Էդմոն Մարուքյանը  եւ Արփինե Հովհաննիսյանը  իրենց տեսակետները ներկայացրին  քննարկվող օրինագծի վերաբերյալ:

Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ նախագիծը  փաստում է, որ բնապահպանական խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են, ուստի այն ողջունելի է: Սակայն, փոխնախագահի   կարծիքով, առաջարկվող փոփոխությունները բացասաբար կանդրադառնան  ձկնարդյունաբերության ոլորտի վրա, մտահոգություն կա, որ տարիների  ընթացքում դժվարությամբ  կայացած ոլորտում   տեղի կունենա տնտեսվարողների մրցունակության անկում, բացասական ազդեցություն կլինի  նաեւ ձկնատեսակների ինքնարժեքի վրա:  Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ օրինագիծը միակողմանի է. այն ուղղված է պահպանելու ջրային ռեսուրսները, սակայն ներկայացված չէ ոլորտի վրա ազդեցության գնահատականը, ինչպես պահանջում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը:  Արփինե Հովհաննիսյանը  եւս կարծում էր, որ   ջրային ռեսուրսների պահպանությամբ լուծվում են  բնապահպանական խնդիրներ, սակայն առաջանում են նաեւ տնտեսական բնույթի հարցեր. ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի  ոլորտի վերաբերյալ ներկայացվի համապարփակ տեղեկատվություն, պատգամավորներին հասանելի լինեն  տնտեսվարող սուբյեկտների գործունեության  վրա հնարավոր բոլոր ազդեցությունները:       Արտաշես Գեղամյանը, ողջունելով կառավարության օրենսդրական նախաձեռնությունը,  նկատեց, որ այն  հնարավորություն է տալու խնայողաբար օգտագործել Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերը, ինչը նաեւ ազգային անվտանգության խնդիր է: Նրա կարծիքով եւս չպետք է անտեսվեն ձկնաբուծական ընկերությունների շահերը: Էդմոն Մարուքյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին առաջարկեց ներկայացնել ոլորտի վրա ազդեցության մանրամասն գնահատական, հատկապես պարզաբանելով, թե հնարավոր է, որ օրինագծի ընդունմամբ բարձրանա  ձկնարտադրանքի գինը:

Հարցի առնչությամբ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա գնահատմամբ՝ օրինագծերի վերաբերյալ նման քննարկումներն իրենց դրական ազդեցությունը կունենան: Պարոն Աբրահամյանի համոզմամբ՝ հարցին համալիր լուծում պետք է տրվի, քանի որ  այն նաեւ ռազմավարական եւ ազգային անվտանգության խնդիր է: ԱԺ նախագահը հորդորեց նախարարին՝ հաջորդ տարի ներկայացնել համալիր ծրագիր, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է լուծվելու այս խնդիրը: «Ես հորդորում եմ կողմ քվեարկենք նախագծին, բայց առաջարկենք, որ կառավարությունը  2014 թ. առաջին եռամսյակում համալիր ծրագիր ներկայացնի ԱԺ-ին»,-ասաց նա:

Ամփոփիչ ելույթում բնապահպանության նախարարն անդրադարձավ պատգամավորների ելույթներին, ներկայացրեց ոլորտի վերաբերյալ նախապատրաստվող օրինագծերը: Նա ընդունելի համարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկը:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խստացնել ապօրինի ջրառի համար սահմանված տուգանքները: Մինչ երկրորդ ընթերցմամբ քննարկմանն անցնելը, պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին օրենքի նախագծում ավելացված հոդվածը:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը:

  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով: Նշվեց, որ սահմանված չէ նպաստի իրավունք տվող նվազագույն աշխատանքային ստաժը, կարգավորված չէ փոխնակ /սուրոգատ/ մոր եւ փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական մոր հղիության եւ ծննդաբերության նպաստի իրավունքը, ուստի նախագծով առաջարկվում է նպաստի իրավունք տրամադրել նաեւ փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին:

Նախագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունւը ներկայացրեց  հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

 Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական նպաստների մասին» , «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ ստացված 18 առաջարկների մեծ մասն ընդունվել է:  Փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, կից փաթեթով: Փաթեթը քննարկվեց նաեւ երրորդ ընթերցմամբ:

 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկեցին 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որի համաձայն՝ Գերմանիայի Հաշնային Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրվելիք արտոնյալ վարկային միջոցներն ուղղվելու են ջրային, էներգետիկայի եւ գյուղատնտեսական ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին:

 Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Վոլոդյա Բադալյանի եւ Մնացական Մնացականյանի հեղինակած «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ՝ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» , «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ են եւ այն համարում են անարդար: Ըստ նրա՝ այն բացասական հետեւանքներ կունենա քաղաքացիների կենսամակարդակի վրա:

Քվեարկությունների արդյունքում վերոնշյալ օրենքների նախագծերը եւ համաձայնագիրն ընդունվեցին:

Հաջորդ նախագիծը, որին անդրադարձավ խորհրդարանը, «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր, որի քննարկումը ՀՀ օրենսդրության համաձայն՝ ընդհատվել էր:

Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի լրամշակված տարբերակը  ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, ԱԺ խմբակցությունների, հանձնաժողովների եւ պատգամավորների կողմից ներկայացվել է 326 առաջարկ, որից կառավարությունն ամբողջությամբ կամ մասնակի ընդունել է 81-ը, անընդունելի է համարվել 87 առաջարկ: Մնացած առաջարկներին կառավարությունը մտադիր է անդրադառնալ հաջորդ տարիների բյուջեների նախագծերի  քննարկման ժամանակ: Ինչպես նշեց ֆինանսների նախարարը, հաջորդ տարի պետական բյուջեի եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 135 մլրդ  900 մլն դրամ, ծախսերի գծով՝1 տրիլիոն 246 մլրդ 400 մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 110 մլրդ 500 մլն դրամ: Փոփոխություններ են կատարվել նախագծի եւ եկամտային, եւ ծախսային հոդվածներում:

 2014 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին ԱԺ խմբակցությունները: 
        
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջանը  քննադատելով իշխանությունների՝ տարբեր ոլորտներում վարվող քաղաքականությունը,  նշեց, որ խմբակցությունը  դեմ է քվեարկելու 2014 թվականի  պետական բյուջեի նախագծին:

 ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը:   Նա անդրադարձավ ՀՅԴ խմբակցության  առաջարկներին, նշելով, որ դրանցից որեւէ մեկը չի ընդունվել:      Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու պետական բյուջեի նախագծին, քանի որ կարծում են, որ այն չի լուծելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշելով, որ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի հիմքում կոալիցիոն երկու գործընկերների նախընտրական ծրագրերն են, ասաց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:  Նա նշեց, որ խմբակցության ներկայացրած առաջարկներից երկուսն ընդունվել են:

 ՀԱԿ խմբակցության բացասական դիրքորոշումը պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված նախագծին, քանի որ նրանում արտացոլված չեն իշխանությունների կողմից հնչեցված բազմաթիվ ծրագրեր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը միաձայն դեմ է քվեարկելու պետական բյուջեի նախագծին, քանի որ այն ի զորու չէ  «ապահովելու քաղաքացիների գոնե նվազագույն գոյատեւումը»:

 ՀՀԿ խմբակցության դրական  դիրքորոշումը նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթում ներկայացրեց          ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նշելով, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը համակողմանի եւ մանրամասն  քննարկվել է եւ ԱԺ մշտական հանձնաժողովներում, եւ ԱԺ լիագումար նիստում, նա նկատեց, որ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բացառիկ է, քանի որ նախատեսվում է հարկային եկամուտների էական աճ, չի խստացվում հարկային վարչարարությունը: Նա գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին ավելացել են հարկային եկամուտները, ինչը խոսում է կոռուպցիայի եւ  ստվերային տնտեսության դեմ իրականացվող հետեւողական  պայքարի մասին:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հաջորդ տարվանից կսկսի գործել աշխատանքի վարձատրության միասնական համակարգը, ինչի արդյունքում  զգալիորեն կբարձրանան առողջապահության, կրթության, մշակույթի, հանգստի ոլորտների, պետական եւ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ՝ էականորեն բարձրացվում են երրորդ եւ ավելի երեխաների ծննդյան դեպքում տրվող նպաստները: Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու 2014 թվականի պետական բյուջեի նախագծին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց բյուջեի նախագծի թվային տվյալներն ու այն ոլորտները, որոնց հատկացումներն ավելացվել  են: Նա տեղեկացրեց, որ լրամշակված նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հարցի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 12-ին:


 


11.12.2013
Շարունակվում են «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով միջոցառումները
Դեկտեմբերի 11-ին շարունակվեց ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  իրականացվող «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով  միջոցառումների շարքը: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Գրիգոր Գրիգորյ...

11.12.2013
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի անդամների հետ
Դեկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին Ազգային ժողովում՝ պարոն Շարմազանովը նշեց,որ հայերին եւ եզդիներին կապում է դարավոր բարեկամություն, եւ ինքը կարեւո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am