National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
03.12.2013
Շարունակվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Դեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «ՀՀ ՎԵրահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած եւ նիստի աշխատանքին հետեւող Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:

Խորհրդարանը շարունակեց քննարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որի քննարկումը նախորդ օրն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը, շարունակելով ելույթը, տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու հայտարարության նախագծին: Նա առաջարկեց 1 տարով հետաձգել օրենքի կիրարկումը՝ այն համարելով ժամանակավրեպ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ,չժխտելով կենսաթոշակային համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, առաջարկեց 1 տարով հետաձգել օրենքի կիրառումը եւ օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը: Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, քաղաքացիները պետք է կենսաթոշակային կուտակումներն իրացնեն բացառապես կամավորության սկզբունքով:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Անդրադառնալով գործընկերների ելույթներին, նա դրական գնահատեց հարցի քննարկումը, սակայն զարմանք հայտնեց, թե ինչու վերջին երեք տարիների ընթացքում, երբ քննարկվում եւ ընդունվում էր օրենքը, համակարգի բարեփոխման այլ առաջարկներ չեն եղել: Ըստ Հակոբ Հակոբյանի, այսօր խիստ կարեւոր է կենսաթոշակային համակարգում կատարված բարեփոխումը եւ այն այլընտրանք չունի: Նրա խոսքով՝ խորհրդարանական ուժերի նպատակը պետք է լինի համատեղ ջանքերով գտնել լուծումներ՝ բարձրացնելու համար կենսաթոշակները:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը մեկ անգամ եւս նշեց, որ քննարկման նախաձեռնողները դեմ չեն կենսաթոշակային համակարգում բարեփոխումներին. նրանք դեմ են օրենքում ամրագրված «պարտադիր» բաղադրիչին: Նա առաջարկեց 1 տարով հետաձգել օրենքի կիրառումը եւ համատեղ աշխատելով՝ գտնել ընդունելի լուծումներ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկեց ՀՀ Նախագահի ներկայացրած «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությանը նախատեսվում է տրամադրել 31 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ 25 տարով, որից 10-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցները կուղղվեն ֆինանսավորելու պետական բյուջեի դեֆիցիտը:

Սուրեն Կարայանը քննարկման ներկայացրեց նաեւ «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 41 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ 25 տարով, որից 5-ը՝ արտոնյալ: Այս վարկային միջոցներով եւս կֆինանսավորվի պետական բյուջեի դեֆիցիտը:

Համաձայնագրերի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների եզրակացությունը դրական էր:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ օրենսդիրները քննարկեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը նպատակ ունի պարզեցված կերպով իրականացնել ու ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումները եւ երկուստեք ազատվել մաքսատուրքերից: Նման պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունը մինչ այսօր կնքել է միայն Բելառուսի Հանրապետության հետ:

Պայմանագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Վարդան Այվազյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում, ինչպես նշեց հեղինակը, բովանդակային փոփոխություններ չեն կատարվել: Մինչ երկրորդ քննարկմանն անցնելը, առաջին ընթերցմամբ քննարկվեցին ավելացված 2 հոդվածները:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման առաջարկեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կենսաթոշակային ապահովության համակարգի բաշխողական բաղադրիչը կհամապատասխանեցվի ներկա սոցիալ-տնտեսական իրողություններին՝ ապահովելով համակարգի ֆինանսական կայունությունը միջնաժամկետ եւ երկարաժամկետ ապագայում: Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել արտոնյալ պայմաններով կենսաթոշակների համակարգը, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, վերանայել կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու կարգը: Սահմանվում է աշխատանքային մեկ տարվա ստաժի արժեքի չափը. առաջին 10 տարվա համար աշխատանքային մեկ տարվա արժեքը սահմանվում է 700 դրամ, 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ 450 դրամ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ փոփոխությունների արդյունքում 32000-ով կնվազի ծայրահեղ աղքատության շեմից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացող քաղաքացիների թիվը՝ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով մոտ 15000 :

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց աշխատավարձերի հաշվարկման կարգի փոփոխությամբ: Առաջարկվում է վերանայել զինվորական կենսաթոշակները հաշվարկելու պայմաններն ու կարգը՝ այն համապատասխանեցնելով քաղաքացիական անձանց կենսաթոշակը հաշվարկելու կարգին: Փոփոխությունների արդյունքում միջինը 15 տոկոսով կաճեն զինվորական կենսաթոշակների չափերը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա պարզաբանեց, որ փոփոխությունների արդյունքում որեւէ քաղաքացի չի տուժելու եւ ավելի ցածր կենսաթոշակ չի ստանալու, քան մինչեւ փոփոխություններն է ստացել:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի առաջարկով երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Նախագիծը վերաբերում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաներին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Զբաղվածության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ ստացված 39 առաջարկներից 23-ը ընդունվել է: Նախագծի քննարկումը կշարունակվի ԱԺ դեկտեմբերի 4-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:


03.12.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի արտգործնախարարին
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցն էապես կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Նա գոհունակու...

03.12.2013
ԱԺ բաց դասին մասնակցեցին Հյուսիսային համալսարանի ուսանողները
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ հերթական բաց դասը: Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին ողջունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա կարեւորեց նման հանդիպումները, հասարակության շփումները պատգամավորների հետ: Պարոն Աբրահամյանի խոսքով` խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, եւ ուսանողների մասն...

03.12.2013
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն
Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Ժողովրդական պալատի նախագահ տիկին Մեիրա Կումարի հրավերով դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան:  Պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ...

03.12.2013
ՀՀ Ազգային ժողովում բացվեց ռուսական գրքի գրադարան եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ
Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ռուսական գրքի գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին հայ եւ ռուս խորհրդարանականներ, բարձրաստիճան հյուրեր ՌԴ-ից, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am