National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.6.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.06.2013
Խորհրդարանը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

  Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը վերսկսեց  արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները  շարունակեցին ներկայացնել իրենց տեսակետները  ՀՀ վերահսկիչ պալատի  2012 թվականի  տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՎՊ հաշվետվությունում արձանագրված  խախտումներին, անհասկանալի համարեց իշխանության վարքագիծը՝ մեղադրելով չարաշահումների, պետական  միջոցների փոշիացման  մեջ:  Ողջունելով ՎՊ հաշվետվության վերաբերյալ բուռն քննարկումները՝ Արծվիկ Մինասյանը կարեւորեց գործն ավարտին հասցնելու հանրային պահանջը: Պատգամավորն առաջարկեց  ընդդիմությանն օժտել լծակներով՝ մասնակցելու պետականաշինությանը:

Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ տեղ գտած դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման վերաբերյալ չարաշահումներին  անդրադարձավ եւ բաց քննարկման պատրաստակամություն հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:   Նախարարն անընդունելի համարեց ՎՊ հաշվետվությունում տեղ գտած գնահատականները՝ հիշեցնելով, որ ՎՊ գործառույթը փաստերի արձանագրումն է եւ ոչ թե գնահատականներ տալը: ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձավ դատաիրավական բարեփոխումների ծրագրի վերաբերյալ ՎՊ-ի արձանագրած խախտումներին եւ տվեց պարզաբանումներ՝ չհամաձայնելով ՎՊ-ի նշած փաստերի հետ:

Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին ԱԺ խմբակցությունները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ողջունելով խորհրդարանական բարձր որակի քննարկումները, նկատեց, որ եթե ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա գործերը պետք է ուղարկվեն դատախազություն, իսկ եթե ոչ, ապա ՀՀ վերահսկիչ պալատը զրպարտության համար պետք է ենթարկվի պատասխանատվության: Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ իրենք «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծ են մշակել, ինչը, նրա խոսքով, «վերջ կտա անիմաստ քննարկումներին»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս, ողջունելով ծավալված շահագրգիռ քննարկումները, նշեց, որ բարձրաձայնվում են փաստեր, որոնց մասին հանրությունը վաղուց տեղյակ է:  Անդրադառնալով տարբեր ոլորտներում արձանագրված քրեաիրավական բնույթի խախտումներին՝ Արմեն Ռուստամյանն առաջարկեց դրանք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության քննությանը եւ ձեռնամուխ լինել համակարգի բարեփոխմանը՝    իշխանության տարբեր թեւերում ներդնելով հակակշիռների եւ զսպումների մեխանիզմները:Արմեն Ռուստամյանը կարեւոր համարեց  ԱԺ կողմից եզրակացություն  տալու անհրաժեշտությունը: Նա ասաց, որ ՀՅԴ խմբակցությունն ունի առաջարկներ, որոնք կօգնեն ՎՊ-ին՝ վերհանելու բոլոր բացթողումները:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը  կարեւորեց  իրավախախտներին պատասխանատվության ենթարկելը, ինչը, ըստ նրա, հանրության մեջ կվերականգնի արդարության նկատմամբ կորսված հավատն ու վստահությունը: Այլապես, ըստ  խմբակցության ղեկավարի, տարիներ շարունակ կատարվում են նմանատիպ  չարաշահումներ ու խախտումներ, սակայն   մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում: Նա կոչ արեց առկա փաստերն ուղարկել դատախազության քննությանը:

«ՀԱԿ» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համոզմամբ՝ ՀՀ վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումներն ու խախտումները չեն արտացոլում իրական պատկերը, ինչը, ըստ նրա, առավել մեծ չափերի է հասնում: Արամ Մանուկյանն առաջարկեց ստեղծել խորհրդարանական ժամանակավոր բազմակուսակցական հանձնաժողով եւ մանրամասն ուսումնասիրել վերահսկիչ պալատի ներկայացրած բոլոր փաստերը եւ անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկել դատախազություն:

«ՀՀԿ» խմբակցության տեսակետը ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Դրական համարելով ընթացող սուր քննարկումները՝ ԱԺ նախագահը նկատեց, որ դրանք բնական են եւ տեղավորվում են ժողովրդավարության շրջանակներում, եւ միայն ուժեղ իշխանությունն  է, որ կարող է խոսել իր սխալների եւ բացթողումների մասին: «Մեր նպատակը որեւէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումն է, ինչը որոշ քաղաքական ուժեր, պատգամավորներ, լրատվական միջոցներ շատ վատ են տանում եւ վիրավորվում, երբ  մենք խոսում ենք մեր բացթողումների մասին», -ասաց Աժ նախագահը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ՀՀԿ ղեկավարը, որեւէ մեկին պաշտոն առաջարկելով, պայման չի դնում, որ պետք է զբաղվեն չարաշահումներով ու թալանով, եւ իշխանությունն ակնկալում է, որ պատկան մարմինները պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին:

Աժ նախագահը նշեց, որ հետեւելով քննարկումներին, պարզել է, որ ՎՊ հաշվետվությունում կան անհամապատասխանություններ. պաշտոնյաները հիմնավորում են, որ նման չարաշահումներ եւ խախտումներ չկան: Նրա խոսքով՝  ԱԺ ամբիոնից պետք է հնչեն միայն հիմնավոր մեղադրանքներ: Ըստ ԱԺ նախագահի՝ վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումներն առավել արդյունավետ կլինեն, եթե  հաշվետվությունները քննարկվեն ԱԺ համապատասխան  հանձնաժողովներում՝  գործադիր իշխանության համապատասխան կառույցների մասնակցությամբ: Օրենսդիր մարմնի ղեկավարն առաջարկեց փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում, որպեսզի ՎՊ հաշվետվության քննարկմանը մասնակցեն ՀՀ վերահսկիչ պալատը, ՀՀ կառավարությունը եւ ՀՀ գլխավոր դատախազությունը: Նա ՎՊ նախագահին,  կառավարությանը եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին  առաջարկեց համատեղ մշակել օրենքների նախագծերի փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը:  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը պետք է արբիտրի դեր ստանձնի ՀՀ Վերահսկիչ պալատի եւ կառավարության միջեւ»-ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահը ճիշտ համարեց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ՎՊ հաշվետվությունն ԱԺ-ի կողմից ի գիտություն ընդունելու պահանջը՝ նշելով, որ հակառակ պարագայում կխաթարվեր ՎՊ անկախությունը եւ այն  կվերածվեր Ազգային ժողովի կցորդի:

«Անընդունելի է, որ ՀՀ վերահսկիչ պալատը ներկայացնի փաստեր եւ հիմնավորումներ չարաշահումների մասին, եւ Ազգային ժողովը լռի», -ասաց ԱԺ նախագահը  եւ առաջարկեց ՎՊ հաշվետվությունն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որը   ընթացող  գործընթացների մասին պարբերաբար կտեղեկացնի Ազգային ժողովին, կառավարությանը եւ վերահսկիչ պալատին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը արձագանքեց պատգամավորների հարցադրումներին: Նա հավաստիացրեց, որ ՀՀ կառավարությունը որեւէ ցանկություն չունի խուսափելու պատասխանատվությունից. ՎՊ-ի եւ ՀՀ կառավարության կողմից արձանագրված բոլոր այն խնդիրները, որոնք հիմնավոր են եւ ենթակա են օրենսդրությամբ սահմանված կարգով լուծման, կստանան լուծում: Արմեն Գեւորգյանը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը գիտակցում է, որ որպես գործադիր մարմին եւ որպես ծրագրերի իրականացնող՝ բոլոր խնդիրների պատասխանատուն ինքն է: Կառավարության ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց բոլոր շահագրգիռ կողմերի հետ ձեռնարկել ամեն ինչ՝ վերացնելու արձանագրված խնդիրները եւ նվազագույնի հասցնելու դրանք ծնող պատճառները:

Ամփոփիչ ելույթում գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ օրենքի փոփոխության արդյունքում հնարավոր կլինի ՎՊ-ի կողմից ներկայացվող ընթացիկ հաշվետվությունները քննարկել ԱԺ մշտական համապատասխան հանձնաժողովներում, ինչը, ըստ Սուքիաս Ավետիսյանի, հնարավորություն կտա գործադիրին եւ ստուգվող կազմակերպություններին՝ ներկա գտնվելու քննարկմանը եւ ներկայացնելու իրենց առարկությունները:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը եզրափակիչ ելույթում պարզաբանումներ տվեց ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Նա վստահեցրեց, որ ՎՊ-ը 2013 թ.-ի ընթացքում քրեաիրավական բնույթի խախտումներ հայտնաբերելու դեպքում այդ գործերը կուղարկի ՀՀ դատախազություն: ՎՊ նախագահը Ազգային ժողովի հետ ավելի բաց եւ թափանցիկ աշխատելու պատրաստակամություն հայտնեց:

Քննարկումների ավարտից հետո Ազգային ժողովը ի գիտություն ընդունեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց ԱԺ պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի եւ Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Սամվել ֆարմանյանը տեղեկացրեց, որ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրինագծի ընդունմամբ ազգային-ազատագրական, նաեւ կամավորականության դարավոր պատմության մեջ առաջին անգամ պետությունը ճանաչում է կամավորականությունը՝ որպես երեւույթ, սահմանում այդ հասկացությունը եւ հատուկ կարգավիճակ տալիս կամավորականներին: Ըստ զեկուցողի՝ պետության կողմից սա նախ եւ առաջ բարոյական պարտավորություն է այն հերոսների հանդեպ, ում ջանքերի շնորհիվ այսօր անկախ է Արցախը, եւ ամուր են հայրենիքի սահմանները: Հիմնական զեկուցողը նշեց, որ երկրապահ կամավորականի հատուկ կարգավիճակի ներդրումը նաեւ հայրենասիրության ու օրինակելիության կոչ է բոլորին: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է օրենքով սահմանել երկրապահ հասկացությունը՝ որպես հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած, անդամագրված անձանց խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա հիմնված եւ պատմականորեն ձեւավորված արժեհամակարգ:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա նշեց, որ հանձնաժողովը բարձր է գնահատել ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը՝ հաշվի առնելով այն հիմնական նպատակադրումը, որն է՝ սահմանել երկրապահ կամավորականի կարգավիճակը եւ առհասարակ երկրապահ հասկացությունը, որն առաջին անգամ է ներդրվում ՀՀ օրենսդրության մեջ: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ հրադադարի հաստատումից 20 տարի անց ՀՀ-ը օրենքով փորձում է ճանաչել երկրապահը՝ որպես բարոյական արժեհամակարգ: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ առաջին անգամ օրենքով կսահմանվեն երկրապահ կամավորականի կարգավիճակ ձեռք բերելու օրենսդրական հիմքերը, ինչպես նաեւ կսահմանվի այդ կարգավիճակը շնորհելու ընթացակարգը:

Օրինագծի վերաբերյալ իրենց կարծիքները հնչեցրին ԱԺ «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենք, անշուշտ,  կողմ են քվեարկելու ներկայացված նախագծին, սակայն կարծում են, որ այն լրամշակման  եւ բարեփոխման կարիք ունի:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ողջունելով նախագիծը, նշեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու, սակայն կարծում են, որ նախագծում պետք է ամրագրել այնպիսի դրույթներ, որոնցով հնարավոր կլինի լուծելու կամավորականների սոցիալական խնդիրները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը հայտարարեց,  որ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին:

Կազմակերպված քվեարկության արդյունքում օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ  քննարկեց նաեւ  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2016 թվականի հուլիսի 20-ը երկարաձգել ռադիոհեռարձակման թվայնացման հետ կապված անցումային դրույթը:  Բացի այդ՝ 6 ամսով առաջարկվում է երկարաձգել անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելու, ինչպես նաեւ՝ մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետները՝ 2015 թվականի հունվարի մեկից մինչեւ հուլիսի մեկը :

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» նախագիծը, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն ասաց, որ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է:

Նախագծի քննարկումը կշարունակվի ԱԺ հունիսի 19-ի նիստում:
 
 


18.06.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երեւան է ժամանել    մասնակցելու  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում  տեղի ունեցող ԵԽ Տեղակա...

18.06.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանին
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին:  Դեսպանը  հավաստիացրեց խորհրդարանի նախագահին, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կնպաստի  ռուս-հայկական հարաբերությունների հետագա խորացմանը : Շնորհավորելով  եւ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am