National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.6.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.06.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
1 / 7

Հունիսի 7-ին ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրեց, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն ԱՄՆ դոլար: Նախագծով առաջարկվում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման համար տրամադրել հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ:Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման աշխատանքներին, որն իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգացմանը:

Հանձնաժողովը որոշեց առաջարկել Ազգային ժողովին կառավարության կողմից անհետաձգելի համարվող այս նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:

Հանձնաժողովը ոչ դրական եզրակացություն տվեց հունիսի 5-ի նիստում քննարկված, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» նախագծի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը առաջիկա ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար հունիսի 5-ի նիստում դրական եզրակացություն էր տվել «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին եւ երկրորդ ընթերցման ներկայացված «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրակական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագծի վերաբերյալ:

Հեղինակի՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկով հետաձգվեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ երկրորդ ընթերցման ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հանձնաժողովը քննարկեց եւ որոշեց հունիսի 28-ին անցկացնել «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումներ:

Հանձնաժողովը իրենց վերապահված ոլորտների մասով դրական եզրակացություն տվեց ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը։

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեցին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող՝ ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին անասնապահությանը, սերմացուների ներկրմանը, գյուղատնտեսության բնագավառում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությանը: Նշվեց, որ հաշվետու տարում գյուղատնտեսության նախարարությունը իրականացրել է պետական բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերը։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով նախատեսվում է էապես վերափոխել օրենսգրքի 18-րդ գլուխը, ինչպես նաեւ համապատասխան լրացումներ կատարել օրենսգրքի 75-րդ հոդվածում:Օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված են սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Փոփոխությունն ուղղված է ինչպես կանխարգելելու անձի սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, այնպես էլ խստացնելու այդ հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակները: Առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում անչափահասների նկատմամբ կատարվող նման բնույթի հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ: Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ընդգրկելու ԱԺ երրորդ նստաշրջանի եւ հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Հանձնաժողովի որոշմամբ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթեցումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ, ելնելով աշխատավարձի քաղաքականության հիմնական նպատակներից, ինչպես նաեւ կառավարության 2013-2017թթ. ծրագրի դրույթների իրականացման անհրաժեշտությունից, նախագծով առաջարկվում է, որ նվազագույն աշխատավարձի գործող չափը նախկին 35000 դրամի փոխարեն սահմանել 45000 դրամ: Նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ փոփոխություններ են կատարվում նաեւ փաթեթի մյուս նախագծերում:

Պատգամավորները քննարկեցին նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ փաթեթը ներկայացվում է ՀՀ-ում բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիների՝ պարտադիր կուտակային կենսաթոշակին մասնակցության իրավունքի հստակեցման, ինչպես նաեւ եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում գրանցելու խնդիրները լուծելու նպատակով: ՀՀ-ում բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար կուտակային վճար չի հաշվարկվելու , նաեւ վերանալու է այդ անձանց եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում գրանցելու անհրաժեշտությունը: Այդ անձանց վճարված եկամուտներից հաշվարկված հարկը արտացոլվելու է ամփոփ՝ պասիվ եկամուտների նման:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծերի փաթեթին՝ ընդգրկելու ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգերում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2010 թվականի սեպտեմբերի 2-ին Վիեննայում ստորագրված «Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի` որպես միջազգային կազմակերպության հիմնադրման վերաբերյալ» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Համաձայնագրի նպատակն է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթղթին միանալը նաեւ անհրաժեշտ պայմաններ կստեղծի հակակոռուպցիոն կրթության, մասնագիտական վարժանքի եւ հետազոտության ու կոռուպցիայի տարրերի տեսական ուսումնասիրություն իրականացնելու համար:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված «Ջրային ոլորտի ծրագիր» (Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր) (Հայաստանի Հանրապետություն) ֆինանսական պայմանագիրը եւ դրան կից 2013 թվականի հունվարի 10-ին ստորագրված փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ համաձայնագրով նախատեսվում է վերակառուցել եւ արդիականացնել Հայջրմուղկոյուղի ընկերության կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջրի մաքրման ենթակառուցվածքները:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2012 թվականի հուլիսի 10-ին եւ 2012 թվականի օգոստոսի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 202.400 միլիոն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձեւով կնքված համաձայնագրի փոփոխությունը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: Նա նշեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի փոփոխության վավերացումը: Վարդան Արամյանը նաեւ ներկայացրեց 2013 թվականի մարտի 12-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2011 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որի համաձայն՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից ստանալ ֆինանսական օժանդակություն եւ արտոնյալ վարկեր՝ համապատասխան ծրագրերի իրականացման համար:

2012 թվականի նոյեմբերի 7-ին Բաղդատում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրաքի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության եւ փոխշահավետության հիման վրա երկու երկրների ներդրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Պատգամավորները դրական եզրակացություն տվեցին հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը ներկայացրեց ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2013 թվականի փետրվարի 11-ին կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 45,000,000 ԱՄՆ դոլարի չափով փոխառություն? «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը եւ 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» երաշխավորման համաձայնագիրը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված «Ջրային ոլորտի ծրագիր» (Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր) (Հայաստանի Հանրապետություն) ֆինանսական պայմանագիրը եւ դրան կից 2013 թվականի հունվարի 10-ին ստորագրված փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագիրը, 2012 թվականի հուլիսի 10-ին եւ 2012 թվականի օգոստոսի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 202.400 միլիոն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձեւով կնքված համաձայնագրի փոփոխությունը եւ 2013 թվականի մարտի 12-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2011 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»:

Նիստում Գագիկ Մինասյանը տեղեկություններ հաղորդեց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (SANAP) աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքի մասին:


07.06.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 10-13-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծե...

07.06.2013
Խորհրդարանական լսումներ
Հունիսի 7-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի մշակած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am