National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
17.11.2011
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Նոյեմբերի 17-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակցում են Կովկասյան ինստիտուտի քաղաքական եւ սոցիալական լրագրության բաժնի ուսանողները: Օգտվելով առիթից` խորհրդարանի փոխնախագահի առաջարկով պատգամավորները շնորհավորեցին բոլոր երիտասարդներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Այնուհետեւ խորհրդարանական խմբակցությունները ներկայացրին իրենց տեսակետները 2012թ. պետական բյուջեի մասին օրինագծի վերաբերյալ:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենց վերաբերմունքը 2012թ. պետական բյուջեի  վերաբերյալ դրական չէ: Ըստ նրա` բյուջեով նախատեսվող ՀՆԱ-ի աճը, տարածքային համաչափ զարգացման, ներդրումներն ավելացնելու, աղքատության եւ գործազրկության կրճատման ցուցանիշները իրատեսական չեն: Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց խմբակցությունը եկամտային մասով կառավարությանն է ներկայացրել բյուջետային փաստաթղթի այլընտրանքային տարբերակ:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Հեղինե Բիշարյանը` նշելով, որ ՕԵԿ-ը դրական է գնահատում 2012 թ. պետական բյուջեի ցուցանիշները: Խմբակցության ղեկավարը նշեց, որ խմբակցությունը ներկայացրել է բազմաթիվ առաջարկություններ, որոնց քննարկվելու եւ ընդունվելու դեպքում իրենք կողմ կքվեարկեն պետական բյուջեի նախագծին: ՕԵԿ-ն առաջարկում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի համար հատկացվող գումարը տրամադրել եւ աշխատող, եւ չաշխատող մայրերին, առաջին անգամ ամուսնացող նորաստեղծ ընտանիքներին տրամադրել միանվագ 300.000 դրամ աջակցություն, երկրորդ երեխայի ծննդյան դեպքում հատկացնել 100.000 դրամ 50.000 դրամի փոխարեն, իսկ չորրորդ երեխայի դեպքում` 1 միլիոն դրամ: Կարեւորվեց բյուջեով ավանդների վերադարձման գործընթացի եւ աղետի գոտու բնակարանաշինության    շարունակականությունը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը տեղեկացրեց, որ իրենք բյուջեի նախագծին դրական եզրակացություն չեն տալու: Պարոն Շահբազյանն անդրադարձավ գնաճի պայմաններում աշխատավարձերի բարձրացման կարեւորությանը, երկրում աճող արտագաղթին, կառավարության իրականացրած վարկային քաղաքականությանը:

ԲՀԿ-ն կողմ է լինելու բյուջեի նախագծի ընդունմանը. այս մասին բարձրաձայնեց խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Նա անդրադարձավ ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքներին` նշելով, որ անգամ այդ պայմաններում կառավարությունը չկրճատեց սոցիալական ծրագրերի հատկացումները: Պարոն Բոստանջյանը համարձակ եւ ռիսկային քայլ համարեց հարկային եկամուտների ավելացումը շուրջ 101 մլրդ դրամով: Ըստ նրա` գործադիրը փորձում է հարկային վարչարարության որոշակի փոփոխություններով բարելավել հարկային քաղաքականությունը:

ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացնելով` Հերմինե Նաղդալյանը նշեց, որ բյուջեի նախագիծը սահմանում է իրենց տեսլականը գալիք խորհրդարանական ընտրությունների տարում: Խմբակցության անդամն ընդգծեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարության որդեգրած քաղաքականության նպատակն է եղել արագորեն շտկել  ճգնաժամի հետեւանքով ստեղծված մակրոտնտեսական անկայուն վիճակը, վերադառնալ վերելքի փուլ եւ ստեղծել հիմքեր երկարաժամկետ ֆինանսական կայունության համար: Ըստ նրա` կառավարությունը ներկայացրել է ծրագրային, հասցեական եւ հաշվելի բյուջե, որն իրատեսական է ու հավասարակշռված: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ` 2012թ-ը տնտեսական աճի վերադարձի տարի է լինելու, շարունակական են լինելու գնաճային ճնշումներին հակազդելու միջոցառումները: ՀՀԿ խմբակցության անդամն ընդգծեց, որ ՀՀԿ-ն 2012 թ. շարունակելու է իրականացնել ՀՀԿ կուսակցական ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար` հավաստիացնելով, որ կառավարությունը պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ եւ քննարկել հնչեցված առաջարկները:

ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանը հայտարարեց «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ավարտը` հիշեցնելով, որ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` առնվազն 4 օրով բյուջեի քննարկման ընդմիջում է նախատեսված, իսկ պատգամավորները, խմբակցություններն ու հանձնաժողովները իրենց առաջարկները դրանից հետո 24 ժամվա ընթացքում կարող են ներկայացնել ԱԺ աշխատակազմ:

Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրքը, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ դրանց կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեցին, որ երկրորդից երրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել:

ԱԺ պատգամավորները քննարկեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թ. գործունեության տարեկան ծրագիրը: ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ Վերահսկիչ պալատը շարունակելու է վերահսկել կենսաթոշակների եւ նպաստների վճարման համակարգի օրինականությունը, ոլորտում 6-ամսյա ժամկետով ամենօրյա ստուգումներ են իրականացվելու: Վերահսկվելու են էկոնոմիկայի, կրթության եւ գիտության նախարարությունները, ԾԻԳ-երը, ստուգումներ են անցկացվելու մարզային դպրոցներում: Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի հետ վերահսկվելու է ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազային հատկացված անշարժ եւ շարժական գույքի, օբյեկտների, հողային տարածքների օգտագործման օրինականությունը եւ արդյունավետությունը:

Հարակից զեկույցում ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ հանձնաժողովի պահանջին համապատասխան ՎՊ-ը ներկայացրել է բավականին մանրամասն ծրագիր, որի լրամշակված տարբերակին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց հարկային ոլորտը կանոնակարգող մի շարք օրինագծեր:

«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների մասով սահմանել սահմանափակումներ կանխիկ վճարումներ ընդունելու համար, ընդ որում սահմանափակումները չկիրառել մանրածախ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչեւ 3.0 մլն. դրամի չափով ընդունվող վճարումների վրա: Նախատեսվում է օրենքի գործողությունը տարածել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի վրա:

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարներն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով: Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված եւ վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների եւ պահված հարկի գումարների մաuին տեղեկանքներ:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ ներմուծվող եւ տեղական արտադրության` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանել ակցիզային հարկի առավել հիմնավորված չափ, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում ներառել նաեւ շարժիչային յուղերը եւ մինչեւ 2 տարի թողարկման տարեթիվ ունեցող` 30 միլիոն դրամ եւ ավելի մաքսային արժեք ունեցող թեթեւ մարդատար (մինչեւ 7 նստատեղ ունեցող) ավտոմեքենաները:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունների հաշվառմանն առնչվող մի շարք խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:

Քննարկված չորս հարցերի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

 Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացմամբ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վարդան Այվազյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը առաջին ընթերցման ներկայացրեց «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ կապահովվի ոչ խտրական մոտեցում օղու տեղական եւ ներմուծվող արտադրանքների նկատմամբ, կապահովվի հավասար մրցակցային դաշտ եւ կպաշտպանի ներքին շուկան անորակ եւ կեղծ արտադրանքից:

Այս օրենսդրական փաթեթի վերաբերյալ եւս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը խորհրդարանի քննարկմանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց տնտեսական ոլորտին վերաբերող մի շարք օրինագծեր եւս:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի կարգավորման նպատակը ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության, առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու համար սահմանված պատասխանատվության խստացումն է, ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գործող ընթացակարգերի հնարավորին հստակեցումը եւ պարզեցումը, ինչպես նաեւ անձնական հաշվի քարտերի վարման էլեկտրոնային եղանակով իրականացնելու համակարգի ներդրումը:

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունման արդյունքում մի շարք ապրանքատեսակներ (մասնավորապես, որոնք ներառված են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6դ-րդ հոդվածում) կընդգրկվեն քննարկվող օրենքով սահմանված ցանկում:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ դրան կից 4 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվում է հարկային օրենսդրությամբ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու համար հստակեցնել պատասխանատվության կիրառման մեխանիզմները եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու համար սահմանել տուգանքի նվազագույն չափ, վերացնել ձեռնարկատիրական գործունեության առարկաների գների գրանցման գրքերի (հասույթի գրքերի) վարման պահանջը, ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման կարգի փոխարեն սահմանել առաքվող կամ տեղափոխվող ապրանքի ուղեկցող փաստաթուղթ պարտադիր գրանցման կարգ:

Քննարկվեց «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մի շարք ապրանքատեսակների, որոնք արտադրվում են կամ կարող են արտադրվել ՀՀ-ում, ներմուծման համար մաքսատուրքերի դրույքաչափերը գործող 0-ի փոխարեն սահմանել 10 տոկոս: Օրենքի նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է մաքսատուրքի գծով պետական եկամուտների աճ:

Քննարկված հարցերի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արա Նռանյանը:

Հարկային օրենսդրությանն առնչվող փաթեթի վերաբերյալ ԱԺ պատգամավորները ներկայացրին իրենց կարծիքները եւ առաջարկները:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը եզրափակիչ ելույթում պատգամավորներին կոչ արեց առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հնարավորինս շուտ ներկայացնել առաջարկներ եւ դիտողություններ, որոնց արդյունքում կառավարությունը կբարեփոխի հարկային եւ տնտեսական ոլորտին առնչվող օրինագծերը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը երկրորդ ընթերցումով քննարկման ներկայացրեց «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» եւ դրանցից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարակից զեկույցում ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնեց Արա Սիմոնյանը:

Առաջին ընթերցումով քննարկվեց «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանի եւ Կարեն Վարդանյանի հեղինակած օրենսդրական փաթեթը: Պարոն Նռանյանը նշեց, որ առաջարկվում է օրենքի վերնագրում «տեսաձայնային մագնիսական կրիչների» բառերը փոխարինել «մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների» բառերով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իրազեկեց, որ օրինագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը դրական է: Առաջինից երկրորդ ընթերցում գործադիրը կներկայացնի առաջարկներ:

ԱԺ պատգամավորներ Արթուր Աղաբեկյանի, Վահան Հովհաննեսյանի, Հրայր Կարապետյանի, Միքայել Մանուկյանի, Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի, Վազգեն Կարախանյանի, Արաիկ Հովհաննիսյանի եւ Ռաֆիկ Գրիգորյանի հեղինակած «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցումով: Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը նշեց, որ օրենքի նախագծերի փաթեթը նպատակ ունի թիկնապահական եւ պահնորդական գործունեության ոլորտում ապահովել միասնական պետական քաղաքականություն, օրենքով ամրագրել թիկնապահական եւ պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պաշտպանվող յուրաքանչյուր անձին ուղեկցելու տրանսպորտային միջոցների եւ թիկնապահների քանակը, լիցենզավորման, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու եւ պետական այլ մարմինների հետ համագործակցության կարգը, ինչպես նաեւ կարգավորել այդ գործունեության իրականացման ընթացքում առաջացած հարաբերությունները:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


17.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը եւ  հաջողություններ մաղթում  ուսման ասպարեզում: Լավ մասնագետ դառնալու ձեր նպատակադրումն ու դրա հետեւողական իրականացումը ոչ միայն մեծացնում  են ձեր աշխարհաճանաչողությունը ու նոր հորիզոններ բացում ձեզ համար, ապահովում ձեր հոգեւոր ու ն...

17.11.2011
Խորհրդարանում հյուրընկալվել էին Կովկասյան ինստիտուտի ուսանողները
Նոյեմբերի 17-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանի հյուրերն էին Կովկասյան ինստիտուտի քաղաքական եւ սոցիալական լրագրության բաժնի ուսանողները, ովքեր Ազգային ժողովի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագ...

17.11.2011
Հանդիպում հանձնաժողովում
Նոյեմբերի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Ժոզեֆին Գոլդի հետ: Տիկին Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը: Կողմերը զրուցեցին այն խնդիրների մասին, որոնք այսօ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am