National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.11.2011
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 7

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի  օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնություններից քննարկվեցին երկուսը: Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  օրինագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաեւ մանկական եւ/կամ լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը ` օրվա եթերաժամում ունենալով առնվազն մեկական մանկական եւ լրատավական հեռուստահաղորդում` սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով: Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Դրական եզրակացությամբ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի նաեւ ՀՀ կառավարության «Բարձրագույն  եւ հետբուհական  մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը որոշեց ԱԺ  գլխադասային այլ հանձնաժողովների հետ համատեղ  դեկտեմբերի 13-ին անցկացնել խորհրդարանական լսումներ  «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի կրթական ոլորտում » թեմայով, որի նախաձեռնողը ՅՈՒՆԻՍԵՖ-ն է: 
  
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր Հովհաննես Մարգարյանը, մինչեւ 30 օրով  հետաձգվեց  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը` հեղինակ Վիկտոր Դալլաքյանի  առաջարկով: 
  
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը` լիազորելով հանձնաժողովի նախագահին քննարկման ժամանակ հանդես գալու հարակից զեկույցով:

Հանձնաժողովի անդամները հաստատեցին նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թ. գործունեության տարեկան ծրագիրը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, մինչ վերահսկման ոլորտները ներկայացնելը, նշեց, որ ծրագիրը որոշակիորեն լրամշակվել է` հաշվի առնելով ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում ունեցած քննարկումները: Մասնավորապես առավելագույնս հստակեցվել են ուսումնասիրման ուղղությունները, նշվել կոնկրետ ծառայություններ ու օբյեկտներ:  Որպես 2012 թ.-ի ծրագրի առանձնահատկություն ՎՊ նախագահն նշեց երկու ոլորտ. առաջին անգամ ամենօրյա օպերատիվ հսկողության տակ է լինելու նպաստների եւ կենսաթոշակների համակարգը, եւ ուսումնասիրվելու են ծրագրերի իրականացման վեց  գրասենյակներ:  Առաջիկա տարում պալատի վերահսկողության շրջանակում կհայտնվեն  էկոնոմիկայի նախարարության մի շարք ծրագրեր ու ծառայություններ: Վերահսկողական այս մարմինը ծրագրում է ուսումնասիրություններ կատարել նաեւ ավագ դպրոցներում եւ այդ նպատակի համար ընտրել է մեկական դպրոց յուրաքանչյուր մարզում: ՎՊ նախագահը տեղեկացրեց, որ ՌԴ-ի Հաշվիչ պալատի հետ համատեղ գնահատելու են նաեւ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմական բազային հատկացված գույքի, հողային տարածքների օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը:  Ծրագրում ընդգկված են այլ ոլորտներ եւս: Գլխադասային հանձնաժողովի անունից Գագիկ Մինասյանը  ՎՊ-ին աջակցելու պատրաստակամություն հայտնեց` բարձր գնահատելով վերջինիս գործունեությունն ու արձանագրած արդյունքները:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացությամբ կառաջարկի նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկել «Բանկերի եւ բանկային գործուներության մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության առաջարկը, որը հարկային փաթեթի մի մասն է կազմում: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի ներկայացմամբ` օրենքով բանկերին վերապահված է ինքնուրույն իրենց տնօրինած գույքը վերագնահատելու եւ արդյունքները հարկման ժամանակ շահույթը որոշելու համար կիրառելու   բացառիկ իրավունք: Փոխնախարարի գնահատմամբ` սա անհավասար պայմաններ է ստեղծում բանկերի եւ այլ տնտեսավարող սուբյեկտների միջեւ, ինչով պայմանավորված էլ խորհրդարանականներին առաջարկում են հանել այդ դրույթը օրենքից: 
  
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշ Շահբազյանը, առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի, Ստյոպա Սաֆարյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր` 7-րդ մասով, ըստ որի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրություններն իրականացվելու են եւ աշխատանքային պայմանագրերը կնքվելու են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Սիմոնյանը նշեց, որ այս տեսքով օրինագիծն ընդունելի չէ: Ըստ նրա` իրավական ակտով կարգավորվող խնդիրն արդեն լուծված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ կառավարությունը օրինագծի վերաբերյալ չունի եզրակացություն, քանի որ չի ստացել օրինագծի լրամշակված տարբերակը:

Հեղինակի առաջարկով հանձնաժողովը որոշեց օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգել մինեւ 60 օրով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է սեռական բնույթի հանցագործությունների համար պատժի խստացում: Հեղինակը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում աշխատել է կառավարության եւ հանձնաժողովի հետ, որի արդյունքում օրինագծում շտկումներ են կատարվել:

Երկրորդ ընթերցումով քննարկվեց նաեւ «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» եւ դրանցից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն իրազեկեց, որ Ազգային ժողովում հարցը առաջին ընթերցմամբ քննարկելիս պատգամավորների հարցադրումները եւ մտահոգությունները հաշվի առնելով` կառավարությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել, հաշվի են առնվել նաեւ խորհրդարանական լսումների ընթացքում հնչած բոլոր ընդունելի առաջարկները:

Հարակից զեկուցող Արա Սիմոնյանն առաջարկեց դրական եզրակացության արժանացնել քննարկված երկու հարցերը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ 15, 30 եւ 90 օրերով հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումները:

Հեղինակների առաջարկով շրջանառությունից հանվեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած օրինագիծը: 
  
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը առաջին ընթերցումով քննարկվեց կառավարության հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը նշեց, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի հետ առկա հակասության, օրենքում գործածվող տերմինների, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանների հստակեցման, այդ պայմանների խախտման դեպքում պատասխանատվության նախատեսման, ինչպես նաեւ երեխայի` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտված ծնողներից, սերման փաստի հաստատումը նախատեսելու անհրաժեշտությամբ:

Երկրորդ ընթերցումով քննարկվեցին «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագծերը կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: 
  
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Արամ Սաֆարյանի նախագահությամբ հեղինակների առաջարկով մինչեւ 30 օրով հետձգվեցին «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, մինչեւ 60 օրով` «Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, մինչեւ 90 օրով` «Անհայտ կորածի մասին» օրինագիծը եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումները: 
  
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Օրենքի նախագծով Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ սահմանվում են հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ, նկատի ունենալով, որ պայմանագրով պատվիրատուի վրա են թողնված կատարվող աշխատանքների գծով ՀՀ-ում առաջացող հարկերի եւ մաքսային վճարների վճարումները: Ըստ էության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի աջակցությունը ծրագրին կլինեն տրամադրվող հարկային եւ մաքսային արտոնությունները: 
  
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծով ճշգրտվում են օրենքի 4-րդ հոդվածում բերված սահմանումները. մասնավորապես «շուկայի կանոններ» հասկացության սահմանման մեջ առաջարկվում է հիմնարար  փաստաթուղթը փոխարինել շուկան կարգավորող իրավական ակտերով, այսինքն այնպես, ինչպես ներկա դրությամբ գոյություն ունի: Նախագծի 2-րդ հոդվածը նախատեսում է էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարի լիցենզիայի պայմանների մեջ մտցնել նաեւ հաղորդման գործառույթը: Սույն լրացման համար հիմք է հանդիսանում այն փաստը, որ էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցը գտնվում է էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարի օպերատիվ վարույթի ներքո եւ վերջինս է իրականացնում էլեկտրաէներգիայի հաղորդման գործառույթի համակարգային պլանավորումն ու կոորդինացումը:

Համաձայն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի` ՀՀ կառավարությունը օրենքը ընդունելուց հետո 6-ամսյա ժամկետում պետք է ջրի հաշվարկային քանակի երկարաժամկետ ապահովման երաշխիքներ տրամադրեր հիդրոէլեկտրակայններում էլեկտրական էներգիայի արտադրության համար: Այդ երաշխիքների տրամադրումը ՀՀ կառավարության կողմից անիրատեսական է, քանի որ բնության քմահաճույքներից կախված` ջրի հաշվարկային քանակները տատանվելու են տարեցտարի, ուստի դրանք կարող են դիտվել բացառապես որպես հաշվարկային քանակներ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է այդ դրույթը ուժը կորցրած ճանաչել: 
  
Հանձնաժողովը քննարկեց նաեւ ավելի քան 20 օրենքի նախագծեր ներառող հարկային փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի տեղեկացմամբ` գրեթե երկու ամիս փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ առաջարկների հաշվառումով բարելավվել:

Մասնավորապես նախագծերի փաթեթի մեջ գտնվող «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ տեղական արտադրության` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն ու ճոխության եւ շքեղության առարկաների ակցիզային հարկով հարկման ընթացակարգերի սահմանումն է:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունների հաշվառմանն առնչվող մի շարք խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է շահութահարկի գծով հարկահավաքման արդյունավետ գործընթացի կազմակերպման, հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման, շահութահարկով հարկման նպատակով ծախսերի հաշվառման մոտեցումների ու կանխավճարների չափի վերանայման քաղաքականությունից:

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է բարձր եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց եկամուտների` եկամտահարկի առավել բարձր (պրոգրեսիվ) դրույքաչափով հարկման, ներկայումս չկարգավորված որոշ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ եռամսյակային կանխավճարների չափի վերանայման անհրաժեշտությունից:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է  բարձր աշխատավարձ եւ դրան հավասարեցված եկամուտներ ստացող վարձու աշխատողների` պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բեռի վերանայման,  աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու դեպքերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների (հաշվարկների, հայտարարագրերի) եւ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների կատարման վերջնաժամկետների միասնականացման, ինչպես նաեւ անձնական հաշվի քարտերի վարման էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությունից:

Հանձնաժողովի անդամներն առաջարկեցին ուժեղացնել հատկապես մեծ եկամուտներ ստացողների գործարարությանն առնչվող փաստաթղթաշրջանառության վերահսկողությունը եւ օրինականության սահմաններում ապահովել բյուջետային մուտքերի առումով նրանց պարտավորությունների կատարումը:

Քննարկված բոլոր օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի գործունեության ծրագրին, ինչպես  նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերին եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: 
  
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Օրինագծով կկարգավորվեն պարգեւ ստացած մարտական զենքի ժառանգման հետ կապված հարաբերությունները, կհստակեցվեն լիցենզիաներն ու թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, կսահմանվի զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման ընթացակարգը, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնապաշտպանական զենքի տեսակներից կհանվի անփող հրազենը, ինչը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա հասարակական անվտանգության ապահովման համար:

Ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենuգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` պարոն Օսիկյանը տեղեկացրեց, որ  oրենuգրքում կատարված մի շարք փոփոխությունների ու լրացումների հետեւանքով բաց է մնացել որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայության հարցը: Օրինագծի նպատակն է հստակեցնել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասով:

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Օրենքի ընդունմամբ կհստակեցվեն Նախարարության եւ Հայաստանի փրկարար ծառայության գործառույթներն ու խնդիրները, կվերանան միմյանց կրկնող ստորաբաժանումները, առավել արդյունավետ կօգտագործվեն կադրային, մասնագիտական, նյութատեխնիկական ռեսուրսները, կառուցվածքը փոփոխությունների միջոցով  խնդիրներին  առավել համապատասխանող կդարձվեն, կբարձրանա փրկարարական ծառայության գործունեության արդյունավետությունը, կվերանան «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում այն թերի կողմերը, որոնք թույլ չեն տալիս առավել արդյունավետ իրականացնել կառավարումը, կադրային քաղաքականությունը, կվերաբաշխվեն փրկարարական ծառայության պաշտոնների նշանակման եւ կոչումների շնորհման իրավասությունները, հնարավորինս կկենտրոնացվի եւ կհստակեցվի ֆինանսական ու նյութատեխնիկական միջոցների ստացումը, բաշխումը, կնվազեցվի ծախսը` տնտեսված գումարներն ուղղելով Նախարարության խնդիրների իրականացմանը, Հայաստանի փրկարար ծառայությունն առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով կընդգրկվի Նախարարության կառուցվածքում,  ինչը կբարձրացնի բնակչության պաշտպանության կազմակերպման օպերատիվությունը:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներ   Արթուր Աղաբեկյանի, Վահան Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի եւ Միքայել Մանուկյանի հեղինակած «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի, Վազգեն Կարախանյանի, Արայիկ Հովհաննիսյանի եւ Ռաֆիկ Գրիգորյանի հեղինակած «Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հեղինակների համաձայնությամբ միավորվել են եւ այն կներկայացվի որպես «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» համատեղ օրինագիծ:

Օրենքի ընդունումը պայմանավորված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ոչ պետական պաշտպանության գործունեության կազմակերպման անհրաժեշտությամբ` նկատի ունենալով, որ օրենսդրական կարգավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ հսկողություն սահմանել  այդպիսի գործունեության նկատմամբ, ինչը գործնականում հանգեցնում է որոշակի բացասական դրսեւորումների:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի ոչ պետական պաշտպանության իրականացման գործընթացը կարգավորող օրենքի նախագծի  ընդունումը կնպաստի իրավակարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացնանը, հնարավորություն կընձեռի իրավական կարգավորման ենթարկել թիկնապահական եւ պահնորդական գործունեությունը, անհրաժեշտ երաշխիքներ կստեղծի դրա իրականացման գործընթացում օրինականության ապահովման համար:

Քննարկված բոլոր օրինագծերն էլ ստացան դրական եզրակացություն նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց  «Զինապարտության մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են գործող օրենսդրության պահանջներին, մասնավորապես օրենքում օգտագործվող «ազատության սահմանափակման» հասկացությունը ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված չէ, իսկ «կալանք» հասկացությունն օգտագործվում է որպես պատժի տեսակ, որի կապակցությամբ կատարվում է համապատասխան հստակեցում, ապահովվում է ազատազրկման դատապարտված անձանց զինվորական հաշվառման իրականացումը, հստակեցվում են ռազմաուսումնական հաստատություններից հեռացված կամ ազատված անձանց զորակոչման եւ հետագա ծառայությունը շարունակելու  կարգը, բնակության վայրին մոտ զորամասում ծառայելու արտոնություն ունեցող քաղաքացիների շրջանակը: Բնակության վայրին մոտ գտնվող զորամասի տեղակայման հեռավորությունը փոխարինվում է մինչեւ 150 կիլոմետրով, քանի որ նշված արտոնությունից օգտվող զորակոչիկների թվաքանակը բավականին մեծացել է, դրա հիմնական բեռն ընկնում է Երեւան քաղաքից զորակոչվող անձանց վրա եւ մեծ դժվարություններ են առաջանում Երեւանից մինչեւ 100կմ տեղակայված զորամասերում նշված արտոնությունից օգտվող զորակոչիկների տեղավորման խնդրում: Նախագծով հստակեցվում է նաեւ զորակոչի, ինչպես նաեւ պարտադիր զինծառայության ընթացքում առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու դեպքում պահեստազորում հաշվառվելու եւ պահեստազորում հաշվառվելուց հետո բժշկական վերափորձաքննության կարգը: Նշված գործընթացում բժշկական հետազոտման եւ զորակոչիկների պիտանիության վերաբերյալ որոշումների կայացման օբյեկտիվությունն ապահովելու եւ որոշակի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով համապատասխան եզրակացություններ տալու իրավասություն է վերապահվում նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական վարչությանը, զորակոչիկներին ուսման կապակցությամբ եւ ընտանեկան դրության բերումով տարկետումների տրամադրման գործառույթը վերապահվում է տեղական զորակոչային հանձնաժողովներին, կարգավորվում են զինծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձանց կողմից պատժի կրումից ազատվելուց հետո հետագա ծառայությունը շարունակելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների եւ զորավարժությունների հայտարարման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագիծն ստացավ դրական եզրակացություն առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:
 


11.11.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  նոյեմբերի 14-17-ի  ԱԺ չորս...

11.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինին
Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչի վկայությունն են նաեւ վերջին շրջանում հա...

11.11.2011
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի առաջատար մասնագետի (ծած...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am