National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.12.2010
ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտեց աշխատանքը
1 / 12

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: «Բաց դաս» ծրագրի շրջանակներում այս անգամ նիստին մասնակցում եւ օրենսդիր մարմնի աշխատանքներին հետեւում էին Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների դպրոցների բարձր դասարանցիները:

Նախորդ օրն ընդհատված «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակի վերաբերյալ շարունակեցին իրենց տեսակետները ներկայացնել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության տեսակետը` Հեղինե Բիշարյանը նշեց, որ նախագծի վերջնական տարբերակը իրենց խմբակցությունում ուսումնասիրվել եւ քննարկվել է: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր բացասական հետեւանքներով արտացոլվեց 2010 թ. բյուջեում, որտեղ ամենատարբեր ոլորտներում հատկացումների  պակասեցումները  ակնհայտ էին, իսկ 2011 թ. պետական բյուջեի նախագծով այդ ոլորտներում հատկացումների մասով դրական տեղաշարժեր կան: Նա անդրադարձավ «Օրինաց Երկիր» կուսակցության համար կենսական նշանակություն ունեցող սոցիալական, կրթության, առողջապահության եւ մշակույթի ոլորտների հատկացումներին` կարեւորելով այդ ոլորտների համար նախատեսված հատկացումների չափն ու նպատակայնությունը: Ըստ նրա` յուրաքանչյուր տարի պաշտպանության բնագավառի ծախսերի ավելացումը հնարավորություն է տալիս ապահովելու եւ բարձրացնելու Հայաստանի պաշտպանունակությունը ու զինված ուժերի մարտունակությունը: Ավարտելով խոսքը` տիկին Բիշարյանը նշեց, որ 2011թ-ի բյուջեի նախագիծը «Օրինաց Երկիր» խմբակցությունը պետության եւ հասարակության համար կարեւոր ոլորտների մասով գնահատում է բավարար եւ կողմ է քվեարկելու դրան:

ՀՅԴ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` բյուջեն նախաձեռնողական չէ, չի ապահովում ազգաբնակչության առաջնային եւ երկրորդային եկամուտների էական աճ: Պարոն Մինասյանի կարծիքով` գոյություն ունեցող մարտահրավերներին դիմագրավելու նպատակով անհրաժեշտ է արագընթաց կարգով, հասարակական եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ եւ կարող ուժերի ներգրավմամբ մշակել երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման նոր ռազմավարություն, իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, վերանայել կառավարության գործունեության ծրագրերն ու միջոցառումները: Տեղեկացվեց, որ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնող Վարդան Բոստանջյանը նշեց, որ 2011 թ. բյուջեի նախագիծը քաղաքական եւ ֆինանսական կարեւորագույն փաստաթուղթ է, որը կանխորոշում է պետության զարգացման հետագա ընթացքը: Նրա գնահատմամբ` կառավարությունը ներկայացրել է համալիր, ամբողջական եւ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հիմնական միտումները արտացոլող ծրագիր: Պարոն Բոստանջյանը, ողջունելով ՀՀ Նախագահի պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում վարած արդյունավետ քաղաքականությունը, նշեց, որ այն իր արտացոլումն է գտել նաեւ գալիք տարվա բյուջեում այդ ոլորտների հատկացումների աճով: Վարդան Բոստանջյանն անդրադարձավ նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը ու բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլերին: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին` համոզված լինելով, որ տնտեսության զարգացման ուղղությամբ կառավարության վարած քաղաքականությունը այսուհետ եւս կլինի հետեւողական:

Ներկայացնելով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը բյուջեի նախագծի վերջնական տարբերակի վերաբերյալ` Գագիկ Մինասյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ կա զգալի տարբերություն ծախսերի եւ եկամուտների աճի մասով: Ըստ նրա` կտրուկ նվազել է բյուջեի դեֆիցիտը, ինչը պետք է շարունակական բնույթ կրի: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` 2011 թ. պետական բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, ծախսային մասի 50 տոկոսը տրամադրվելու է այդ ոլորտին: Ըստ նրա` եկող տարվա ընթացքում արդյունաբերությունը դառնալու է երկրի տնտեսական աճի լոկոմոտիվը, ինչը դրական ազդեցություն է ունենալու արտաքին շրջանառության ոլորտի վրա: Պարոն Մինասյանը կարեւորեց 5.61 մլրդ դրամով հատկացումների աճը պաշտպանության ոլորտում: Ավարտելով ելույթը` Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելով` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկվող փաստաթուղթը  կարեւոր նշանակություն ունի երկրի  տնտեսության հետագա  զարգացման համար եւ օրենքի նախագծի գլխավոր նպատակներից է`  ֆինանսատնտեսական ճգնաժամից երկրի տնտեսությունը դուրս բերել աշխուժացման, իսկ հետո նաեւ  կայուն զարգացման փուլ: Ինչպես նախորդ  տարի, այնպես էլ այժմ,  հաշվի առնելով`  մի կողմից Ազգային ժողովի  վեր հանած մտահոգությունները, մյուս կողմից` փոխառնված նոր ֆինանսական ռեսուրսները, 2011 թ. պետական բյուջեում ծախսերին հատկացված գումարներն էականորեն  աճել են: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ստվերային տնտեսության կրճատման հարցը: «Թեեւ Հայաստանում ստվերային տնտեսության տեսակարար կշիռը մնում է բարձր, կառավարությունն այն փորձում է կրճատել հարկային վարչարարության խստացմամբ  եւ մաքսային մարմինների աշխատանքի թափանցիկությանն ուղղված միջոցառումներով: Չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին` 2009 թ. Հայաստանի Հանրապետության պետեկամուտների կոմիտեն կարողացել է ապահովել հարկային եւ մաքսային մուտքերը, որը կազմել է 520 մլրդ դրամ, սոցվճարներինը` 103 մլրդ դրամ, իսկ 2010 թ. առաջին տասն ամիսների կտրվածքով  հավաքագրումները գերազանցել են 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 77, 9 մլրդ դրամով, իսկ սոցվճարների մասով`  7,9 մլրդ դրամով: Կարեւորելով  հարկային վարչարարության բարեփոխումները` ԱԺ նախագահը նշեց. «Ակնհայտ է, որ ստվերային տնտեսության կրճատումը մեծապես պայմանավորված է հարկային համակարգի արդյունավետության բարձրացմամբ: Մեր կարծիքով` առաջիկա տարիներին  հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում պետք է ուղղված լինի իրականացվող բարեփոխումների շարունակական եւ արդյունավետ իրականացման ապահովմանը, որը հիմնականում պետք է բնութագրվի հարկային օրենսդրության հստակեցմամբ եւ պարզեցմամբ: Հիմնվելով ազատ տնտեսական մրցակցության պայմանների ապահովման սկզբունքների վրա` պետք է արմատական քայլեր իրականացնել կարեւոր հոգեբանական մոտեցումների կիրառման ուղղությամբ: Օրինակ` հարկման տարբեր ռեժիմներով հարկվող տնտեսվարող սուբյեկտների  հարկային բեռի հավասարաչափ եւ արդարացի բաշխումը: Միջոցառումները պետք է ձեռնարկվեն հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների, պետական բյուջեից ետ վերադարձման, ինչպես նաեւ  հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների ինքնագնահատման  մեխանիզմների օրենսդրական կատարելագործման ուղղությամբ: Իրականացվելիք հարկային վարչարարության առանցքային ուղղությունները պետք է հանդիսանան ստվերային շրջանառությունների կրճատումը, հարկային օրենսդրության պահանջները չկատարողների հանդեպ պատասխաատվության հարկային լծակների արդյունավետ կիրառումը, ինչպես նաեւ չկատարված հարկային պարտավորությունների գանձելիության մակարդակի բարձրացման ապահովումը: Ըստ էության, հարկային հսկողության բնագավառում կանխարգելիչ  միջոցառումների կատարելագործումը  եւ լայնածավալ կիրառումը հնարավորություն կընձեռի ապահովել հարկային եկամուտների հավաքագրման կայունությունը»: «Կարծում եմ, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն պետք է ավելի հաշվետու լինի հարկ  վճարողների առջեւ, որպեսզի նրանք վստահ լինեն հարկ վճարելիս, որ դրանք պետության  կողմից արդյունավետորեն են ծախսվում»: Ըստ ԱԺ նախագահի, անհրաժեշտ է առաջնային  ուշադրության կենտրոնում պահել  պետության կարգավորիչ եւ վերահսկիչ գործառույթների արդյունավետ օգտագործումը: Նրա խոսքով` ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը լուրջ խոչընդոտ է նաեւ արտաքին պարտքը սպասարկելու հարցում: Կանխատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի սպասարկման բեռը հատկապես  բարդ է լինելու  2013-2014 թթ.: «Արտաքին պարտքի մակարդակը պետք է մնա կառավարելիության սահմաններում եւ նոր ներգրավվող  պարտքերը պետք է լինեն նպաստավոր պայմաններով: Ակնհայտ է, որ միայն զարգացող տնտեսությունը կարող է երաշխավորել պարտքի մարումը»: «Այս հարցում ինչպես մեր, այնպես էլ միջազգային կառույցների  գնահատմամբ ընտրված է տնտեսության զարգացման համար ընդունելի տարբերակ»:

Գյուղատնտեսության բնագավառում Հովիկ Աբրահամյանը առաջարկեց ավելի գործուն քայլեր ձեռնարկել գյուղատնտեսական արտադրության մրցակցության բարձրացման ուղղությամբ, հատկապես եղանակային անբարենպաստ պայմաններում արձանագրված անկման  եւ երկրում պարենային  անվտանգության ապահովության առումով:

ԱԺ նախագահը նշեց, որ 2011 թ. բյուջեի նախագիծը, ունենալով ընդհանրություններ նախորդ տարիների բյուջեների հետ, այնուամենայնիվ, ունի որոշակի  տարբերություններ եւ առանձնահատկություններ :«Արդեն իսկ տարբեր ելույթներում հնչել է, որ 2011 թ. բյուջեն  ունի որոշակի ռիսկեր: Իհարկե, կոալիցիոն կառավարությունն իր ստանձնած պարտավորությունների եւ վարած քաղաքականության համար կարիք ունի կոնկրետ ծախսերի: Լավ կլիներ, որ բյուջեի նախագծում առկա լինեին այդ ծրագրերի եւ ծախսերի իրականացման ավելի ճկուն մեխանիզմներ»: «Արդյո՞ք 2011 թ. բյուջեի նախագծում լուծված են ծախսերի արդյունավետության, այդ թվում` կրճատման  բոլոր հնարավոր ռեսուրսները, թե ծախսերի իրականացման համար որպես հիմնական ճանապարհ ընտրված է եկամուտների աճը»: «2011 թ. համարվում է հետճգնաժամային տարի, հետեւաբար, ենթադրվում է, որ այդ տարում պետք է ապահովվի եկամուտների ավելի մեծ աճ, քան նախորդ երկու տարիներին: Ընդունելով այս իրողությունը, այնուամենայնիվ, հարց է առաջանում` եկամուտների նախատեսվող աճը ի՞նչ  միջոցների եւ հարկ վճարողների, ո՞ր խմբի  հաշվին է ապահովվելու: Մտավախություն չկա՞ արդյոք, որ այդ աճն, ըստ էության,  կապահովվի ոչ թե հարկ վճարողների ամբողջ բանակի, այլեւ սահմանափակ քանակով հարկ վճարողների հաշվին»: «Վերջին շրջանում  շատ ենք խոսում  հարկային բարեփոխումների մասին, եւ Ազգային ժողովն  ընդառաջ է գնում կառավարությանը` քննարկելով եւ ընդունելով մի շարք օրենքներ, որոնցով փորձ է արվում պարզեցնել  հարկման մեխանիզմները եւ դյուրացնել գործարար միջավայրը: Հաշվի առնելով  միջազգային փորձը` որքանո՞վ են համարժեք բարեփոխումներն ու եկամուտների նախատեսվող աճի ապահովումը: Արդյո՞ք 2011 թ. բյուջեն այդ բարեփոխումներում  առաջնայինը չի համարում ֆիսկալ խնդիրը: Որքան գիտեմ, բարեփոխումների ճանապարհը բռնած մի շարք երկրներ, այդ թվում եւ ԱՊՀ որոշ երկրներ, իրենց բյուջեում այս խնդիրների լուծման համար նախատեսում են կոնկրետ միջոցառումներ եւ ռեսուրսներ, իսկ պետություններ կան, որոնք այդ նպատակի համար 2011 թ. նախատեսել են նախաճգնաժամային տարվան չգերազանցող եկամուտներ: Իհարկե, բոլորս գիտենք, որ տնտեսության տարբեր ոլորտներում առկա են ստվերային շրջանառություններ, որոնց հաշվին էլ հնարավոր է լուծել վերը նշված խնդիրը, սակայն բյուջետային քննարկումների ժամանակ, կարծում եմ, ամբողջությամբ  չի լուծվել այն հարցը, թե կառավարությունը կոնկրետ ինչ միջոցառումներ  ու քայլեր է նախատեսում, որպեսզի միաժամանակ լուծվեն եւ գործարար միջավայրի բարելավման, եւ ծախսերի  արդյունավետության բարձրացման եւ եկամուտների կանխատեսվող աճն ապահովելու խնդիրները»,- իր հարցադրումները ներկայացրեց ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` գիտելիքահենք տնտեսություն կառուցող երկրում կարեւոր է ճշտել, թե որքան գումարներ եւ ինչ նպատակներով պետք է հատկացնել գիտության զարգացման համար ոչ միայն Երեւանում, այլ  նաեւ`  մարզերում: «Կան նաեւ այլ դիտարկումներ, որոնց մեր գործընկերներն անդրադարձել են նախորդ օրերին կազմակերպված բյուջետային քննարկումների ժամանակ եւ դրանք կրկնելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Այդուհանդերձ,  կատարված է ծավալուն եւ օգտակար աշխատանք: Կարեւորում եմ, հատկապես ԼՂՀ-ին Հայաստանի Հանրապետության կողմից,  որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորի,  տնտեսական աջակցության հարցը` միջպետական վարկի տրամադրումը: Կարեւորում եմ նաեւ Գյումրի քաղաքի վերականգնման եւ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման խնդիրները»: «2011 թ. պետական բյուջեի իրականացումը կարող է էական դեր խաղալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության  ծրագրի իրականացման  համար, որում պետությունն  ստանձնել է հասարակության յուրաքանչյուր անդամի համար անվտանգ, արժանավայել կյանքի եւ ինքնաարտահայտման հնարավորության երաշխավորումը, երկրի ներքին եւ արտաքին անվտանգության ապահովումը եւ օրենքով սահմանված կարգով սոցիալական ապահովության կարիք ունեցող հասարակության անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարումը: Անշուշտ, նախագիծն օբյեկտիվորեն արտահայտում է երկրի ներկայիս տնտեսական վիճակը եւ  առաջիկա սպասելիքները: Դրանով է պայմանավորված այն, որ հարկային եկամուտների կազմում ուղղակի հարկերի տեսակարար կշիռը մնում է ցածր մակարդակի վրա: Նախագիծն իր մեջ չի ներառում կենաթոշակների եւ պետական նպաստների չափերի լրացուցիչ բարձրացման տարրեր, առանձին սոցիալական ցուցանիշներ շեղվել են կառավարության կողմից 2008 թ. ընդունված կայուն զարգացման ծրագրով նախատեսվածից, ինչն առավել ցավոտ է հատկապես  սպառողական գների ներկայիս գնաճի պայմաններում: Համոզված եմ, որ իշխանության բոլոր թեւերը եւ դրանցում ներկայացված քաղաքական ուժերը ունեն մեկ նպատակ եւ ծառայում են մեկ ընդհանուր գործի`  երկրի  անվտանգության ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը: Այս առումով`  որպես Ազգային ժողովի նախագահ, կարեւորում եմ «Հայաստանի Հանրապետության 2011 թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի ներկայացված նախագիծը եւ վստահ եմ, որ այն կնպաստի մեր առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծմանը: Ուստի, կոչ եմ անում կողմ քվեարկել «2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, հաստատել այն եւ շարունակել օրենսդիր եւ գործադիր մարմինների սերտ համագործակցությունը` ի նպաստ մեր ծրագրերի իրականացման եւ հանուն Հայաստանի զարգացման` դրանք են ՀՀԿ խմբակցության մոտեցումները»,-եզրափակեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, համաձայնելով ԱԺ նախագահի այն դիտարկումների հետ, որ դեռեւս կան չլուծված խնդիրներ հարկային բեռի, ստվերային տնտեսության կրճատման եւ այլ ոլորտներում, ընդգծեց, որ դրանք կառավարության եւ խորհրդարանի ուշադրության կենտրոնում են: Նա տեղեկացրեց, որ կառավարության նիստում հավանության է արժանացել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի ընդունումը նպաստելու է բիզնես միջավայրի բարելավմանը: Շնորհակալություն հայտնելով խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար` ՀՀ վարչապետը նշեց, որ պատգամավորների բոլոր առաջարկությունները կառավարությունում քննարկվել են, եւ դրանց հիման վրա օրինագիծը լրամշակվել է: Պարոն Սարգսյանն անդրադարձավ բյուջեի նախագծի հիմնադրույթներին եւ պատգամավորներին մտահոգող հարցադրումներին:

80 կողմ, 14 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը ընդունեց «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նաեւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որի քվեարկությունը հետաձգվել էր հեղինակների առաջարկով: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, վարման կարգով ձայն խնդրելով, նշեց, որ նախորդ քվեարկության ժամանակ քաղաքական կոալիցիայի` իր կողմից հնչեցված տեսակետը անփոփոխ է մնացել, եւ կոալիցիան չի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը:

13 կողմ, 0 դեմ եւ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը որոշում չընդունեց օրենքի նախագծի վերաբերյալ:

Այնուհետեւ խորհրդարանն անցավ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին հարցի քննարկմանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ս.թ. հոկտեմբերին դիմել էր Ազգային ժողով` Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարելու կապակցությամբ Ազգային ժողովի կողմից թափուր տեղի համար նշանակում կատարելու վերաբերյալ: Ղեկավարվելով Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին կետով եւ հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 98-րդ հոդվածը` ԱԺ նախագահը Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղի համար առաջարկել է Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը: Պարոն Աբրահամյանը ներկայացրեց մի շարք նկատառումներ, որոնք հիմք են հանդիսացել թեկնածության առաջադրման համար: Թեկնածուն Ազգային ժողովում աշխատած ժամանակաշրջանում իրեն դրսեւորել է իբրեւ բարեխիղճ, փորձառու եւ մասնագիտական բարձր ունակություններով ու հմտություններով օժտված անձ: Նա ակտիվ ու գործնական մասնակցություն է ցուցաբերել ՀՀ Նախագահի եւ իր կարգադրություններով ստեղծված աշխատանքային խմբերի ու հանձնաժողովների աշխատանքներին` կապված բազմաթիվ օրենքների նախագծերի մշակման եւ օրենսդրական քաղաքականության իրականացմանն առնչվող փաստաթղթերի նախապատրաստմանը: Ըստ պարոն Աբրահամյանի` Աշոտ Խաչատրյանի եւ նրա կողմից ղեկավարվող վարչության աշխատանքների արդունավետության մասին է վկայում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ակտիվ մասնակցությունը եւ պատգամավորների իրավական խորհրդատվության ապահովումը: ԱԺ նախագահը նշեց, որ իր կողմից առաջարկվող թեկնածուն իրավագիտության դոկտոր է, պրոֆեսոր, իր անձնական մասնակցությունն է ցուցաբերել 2004-2005 թթ. մեր երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի մշակմանը, Սահմանադրության մեկնաբանությունների ժողովածուի հրատարակմանը` նախապատրաստելով Սահմանադրության մի շարք հոդվածների մեկնաբանությունները: Որպես սահմանադրական իրավունքի մասնագետ` նա ակտիվ գիտական եւ գիտամանկավարժական գործունեություն է իրականացնում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում` միաժամանակ հանդիսանալով նաեւ իրավագիտության գիտական աստիճանաշնորհման խորհրդի անդամ: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ  խորհրդարանական պրակտիկայում առաջին անգամ Ազգային ժողովի կողմից Սահմանադրությամբ վերապահված պաշտոնում նշանակվելու համար առաջադրվում է Ազգային ժողովի  աշխատակազմի ներկայացուցիչը: Որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի ղեկավար` պարոն Աբրահամյանը կարծում է, որ Ազգային ժողովը կադրային դարբնոց պետք է դառնա նաեւ պետական այլ ինստիտուտներում նշանակումներ կատարելիս:

Նշենք, որ Աշոտ Խաչատրյանը 1993 թ-ից դասավանդում է Գավառի պետական համալսարանում, համալսարանի կառավարման խորհրդի անդամ է  (2004) եւ իրավունքի  ամբիոնի պրոֆեսոր (1997), 2004 թ-ից Հայ-Ռուսական  (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է,  2004 թ-ից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավունքի եւ օրենսդրական գործընթացի ամբիոնի պրոֆեսոր է եւ ՀՀ ԲՈՀ-ի Իրավագիտության մասնագիտությամբ Գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի անդամ: Նա հեղինակ է մեկ ուսումնական դասագրքի, 5 մենագրությունների, 3 գիտական զեկույցների, 60 եւ ավելի գիտական հոդվածների, իրավաբանական գիտությունների դոկտոր է` սահմանադրական իրավունքի մասնագիտությամբ (1999 թ.) եւ պրոֆեսոր (2004 թ.):

ՍԴ անդամի  թեկնածու Աշոտ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին իր թեկնածութունը առաջադրելու եւ վստահելու համար: Նա ներկայացրեց իր պատկերացումները Սահմանադրական դատարանում իր գործունեության հետ կապված:

Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Վարդան Այվազյանը, Հովհաննես Մարգարյանը, Արտակ Դավթյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Մկրտիչ Մինասյանը, Գալուստ Սահակյանը, Վարդան Բոստանջյանը եւ Լարիսա Ալավերդյանը բարձր գնահատեցին ԱԺ նախագահի ներկայացրած թեկնածուի մասնագիտական եւ մարդկային որակները` հույս հայտնելով, որ նա ՍԴ-ում իր բարեխիղճ գործունեությամբ կարդարացնի խորհրդարանի սպասելիքները: Նրանք շնորհավորեցին նաեւ իրենց գործընկեր Արեւիկ Պետրոսյանին, ով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը` Արամ Սաֆարյանը նշեց, որ իրենք խմբակցությունում հանդիպել են Աշոտ Խաչատրյանի հետ, լսել նրա ծրագրային մոտեցումները: ԲՀԿ-ն, հաշվի առնելով թեկնածուի մարդկաին եւ մասնագիտական բարձր որակները, որոշել է կողմ քվեարկել նրա թեկնածությանը:

ՍԴ անդամի պաշտոնի համար առաջադրված Աշոտ Խաչատրյանի անունը ընդգրկվեց ընտրական քվեաթերթիկներում եւ տեղի ունեցավ փակ, գաղտնի քվեարկություն, որից հետո ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ քվեարկության արդյունքներով` 80 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Աշոտ Խաչատրյանը նշանակվել է ՍԴ անդամ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 8-ի հրամանագրով ՍԴ անդամ է նշանակվել նաեւ Արեւիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ «ՍԴ մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ՍԴ անդամը պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում երդմամբ:

Իր խոսքում ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին վստահության համար, ինչը տիկին Պետրոսյանի համար մեծ պատիվ է ու պատասխանատվություն: Նա շնորհակալություն հայտնեց իր պատգամավոր գործընկերներին համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար:

ՍԴ նորանշանակ մյուս անդամը` Աշոտ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնեց խորհրդարանական բոլոր խմբակցություններին, անկախ պատգամավորներին վստահության համար: Նա հավաստիացրեց, որ իր գործունեությամբ կփորձի այդ վստահությունը արդարացնել:

Այնուհետեւ տեղի ունեցավ երդման արարողությունը: Արեւիկ Պետրոսյանը եւ Աշոտ Խաչատրյանը, ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը, երդվեցին ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ եւ հավատարիմ մնալ ՍԴ անդամի կոչմանը:

ԱԺ նախագահը ՍԴ նորանշանակ անդամներին շնորհավորեց, բեղմնավոր աշխատանք եւ նորանոր հաջողություններ մաղթեց` ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Օրվա ընթացքում խորհրդարանը առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրինագիծը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները եւ պարտականությունները:

Հարակից ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը կարեւորեց օրենսդրական փոփոխություններով գնումների գործընթացում պատվիրատուների շրջանակի ընդլայնումը, գնումների գործակալության դերի փոփոխումը, համակարգի ապակենտրոնացումը: Տիկին Նաղդալյանը, առաջարկելով գործընկերներին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել օրինագծին, տեղեկացրեց, որ հանձնաժողովում օրինագիծը բազմիցս քննարկվել է, կառավարությունը հաշվի է առել պատգամավորների առաջարկները:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը բարձրաձայնելով` Ստյոպա Սաֆարյանը անդրադարձավ օրինագծի խնդրահարույց կետերին, գնումների գործընթացում մրցույթների անցկացման բացթողումներին:

Եզրափակիչ ելույթներում հարակից զեկուցող Հերմինե Նաղդալյանը եւ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով հնչեցված առաջարկներին, համագործակցության եւ բացթողումները շտկելու պատրաստակամություն հայտնեցին:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց քննարկված օրինագիծը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չորրորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանը հայտարարեց փակված: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ երկուշաբթի կառավարությունը հրավիրել է արտահերթ նստաշրջան:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո աշխատանքն  ավարտեց չորրորդ գումարման  Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am