National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.11.2009
Ավարտվեցին «2010 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումները

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը` քննարկելով «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորները շարունակեցին հարցերով դիմել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին, որից հետո գալիք տարվա հիմնական  ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Անդրադառնալով 2009 թ-ի  պետական բյուջեի կատարմանը` նա նշեց, որ ընթացիկ տարում բյուջեի կրճատման փոխարեն ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով գործադիրն իրականացրել է ֆինանսատնտեսական ճգնաժամը մեղմելուն ուղղված հակաճգնաժամային միջոցառումներ. աջակցել է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, կապիտալ շինարարության ընդլայնմանը, ճգնաժամի արդյունքում դժվարություններ ունեցող ընկերություններին եւ համակարգաստեղծ ձեռնարկություններին: Նրա գնահատմամբ` 2010 թ-ի պետական բյուջեն իրատեսական է, այն հնարավորություն կտա նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության կայուն զարգացման եւ ֆինանսական կայունության ապահովման համար: Արթուր Ջավադյանը ներկայացրեց նաեւ ԿԲ-ի վարչական ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագիրը: Տեղեկացվեց, որ կառավարության եւ ԿԲ-ի միջեւ ընթանում են քննարկումներ երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու հարցում: ԿԲ-ն 3 մլրդ դրամի ներդրում է անելու այդ նպատակով ստեղծված հիմնադրամում:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով` Գագիկ Մինասյանը նշեց, որ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 18,3 տոկոսի տնտեսական անկմանը, մեծածավալ վարկային միջոցների ներգրավմամբ եւ հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ կառավարությունը կրճատումներ չկատարեց սոցիալական ոլորտում: Նա գտնում է, որ 2010 թ-ի պետական բյուջեն համահունչ է երկրի ռազմավարական գերակայություններին եւ կառավարության որդեգրած սկզբունքներին, միտված է պետության եւ հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւս ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը պետական բյուջեի պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի մասով:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը պատգամավորներին փոխանցեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա անդրադարձավ պարարտանյութերի տեղական արտադրության կազմակերպման կարեւորությանը, անասնագլխաքանակի մեծացմանը եւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք խնդիրների եւս:

«ՀՀ  2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին ԱԺ պատգամավորները, որոնց առաջարկները հիմնականում վերաբերում էին ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին, կրթության, մշակույթի, սոցիալական հիմնախնդիրներին, բնակարանաշինությանը եւ այլն:

Օգտվելով կառավարության անդամներին տրված ելույթի իրավունքից` իրենց ղեկավարած գերատեսչությունների համար նախատեսված ֆինանսական հատկացումները ներկայացրին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

«Ժառանգության» տեսակետը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ այն չի ապահովում արդյունաբերության, գիտության, կրթության, պաշտպանության եւ գյուղատնտեսության ոլորտների զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն, չի նախատեսում տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարության իրականացրած հակաճգնաժամային երկարաժամկետ միջոցառումները տեղին են, քանի որ տնտեսության վերականգնումը ժամանակատար գործընթաց է: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ թեեւ ճգնաժամ է, բայց կառավարությունը չի կրճատել սոցիալական ոլորտի ծախսերը: Տիկին Բիշարյանը արժեւորեց նաեւ համայնքներին տրվող դոտացիաների ավելացումը` նշելով սակայն, որ համայնքներում գումարի արդյունավետ օգտագործման վերահսկողության խնդիր կա: Նա, հույս հայտնելով, որ ՕԵԿ խմբակցության պատգամավորների առաջարկները կընդունվեն կառավարության կողմից, իրազեկեց, որ ՕԵԿ-ը բավարար է գնահատում բյուջեի նախագիծը եւ կողմ կքվեարկի դրա ընդունմանը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնող Հերմինե Նաղդալյանը բյուջեն որակեց ոչ միայն գալիք տարվա հիմնական տնտեսական փաստաթուղթ, այլ նաեւ ընթացիկ տարվա գործունեության արդյունք: Նա կարեւորեց ՀՀ կառավարության իրականացրած հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում աջակցությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ համակարգաստեղծ ձեռնարկություններին, ինչը, տիկին Նաղդալյանի համոզմամբ, շարունակվելու է նաեւ 2010 թ-ին: Պատգամավորը գոհունակությամբ նշեց, որ 2010 թ. պետական բյուջեով ՀՆԱ-ի 45 տոկոսից ավելին ուղղվելու է սոցիալական ծախսերին, կառավարությանը հաջողվել է գերավճարներ չկուտակել եւ գումարներ վերադարձնել տնտեսվարողներին: Նա առաջարկեց կառավարությանը բարձրացնել ընդլայնողական քաղաքականության արդյունավետությունը եւ հասցեականությունը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին երկօրյա շահագրգիռ քննարկումների համար` հավաստիացնելով, որ հնչեցված առաջարկները կառավարությունը կքննարկի եւ հաշվի կառնի բյուջեի նախագծի վերջնական տարբերակում: Նախարարը նշեց, որ հակաճգնաժամային ծրագրի նպատակը մակրոտնտեսական կայունության, ֆինանսատնտեսական ապահովման եւ կայունացման հիմքերի ձեւավորումն էր, ինչը եւ կառավարությանը հաջողվել է իրականացնել: Պարոն Դավթյանի գնահատմամբ` 2010 թ. պետական բյուջեն կայունացման բյուջե է, որը հիմք է դնելու հետագա աճի ապահովմանը: Տեղեկացվեց, որ լրացուցիչ ավելացումներ կլինեն ԼՂ վարկերի տրամադրման, պաշտպանության ոլորտի, ավանդների վերադարձման, դպրոցաշինության խնդիրները լուծելու նպատակով: Կառավարությունը շարունակելու է բյուջեի դեֆիցիտի մակարդակը նվազեցնելուն ուղղված քայլերը:

Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հաշվի առնելով քննարկումների ընթացքում հնչեցված տարաբնույթ տեսակետները, կարծիք հայտնեց, որ ԱԺ պատգամավորների քննադատությունները կառավարության գործունեության վերաբերյալ հնարավորություն կտան գործադիրին վերանայել մոտեցումները եւ վերացնել առկա թերությունները: ԱԺ նախագահը հայտարարեց Ազգային ժողովի քառօրյա նիստի եւ «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումների ավարտը` հիշեցնելով, որ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` առնվազն 4 օրով բյուջեի քննարկման ընդմիջում է նախատեսված, իսկ պատգամավորները, խմբակցություններն ու հանձնաժողովները իրենց առաջարկները դրանից հետո 24 ժամվա ընթացքում պիտի ներկայացնեն ԱԺ աշխատակազմ:


19.11.2009
Հովիկ Աբրահամյան. «ԺՀՄԻԳ հետ համագործակցությունը նպաստում է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»
Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) տնօրեն դեսպան Յանեզ Լենարչիչին:Ողջունելով հյուրին` ՀՀ Ա...

19.11.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահին
Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների կազմակերպության (EUROSAI) նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Յաժիերսկիին:Ողջունելով հյուրին` պարոն Աբրահամյանը կարեւորեց Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պա...

19.11.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 19-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքին: Ողջունելով հյուրին ` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները, ինչը հաշվի առնելով հույս հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am