National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
13.11.2009
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

Տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված էին մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկումը հեղինակների առաջարկով մինչեւ 15 օրով հետաձգվեց:

Քննարկման արդյունքում երեք օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից երկուսի հեղինակը պատգամավորներ են,  երրորդինը` կառավարությունը, կմիավորվեն եւ  հեղինակների համաձայնությամբ  կներկայացվի մեկ միասնական օրինագիծ: Օրինագծերը վերաբերում են աղետի գոտում  եւ Երեւանում ինքնակամ կառուցված կամ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակին:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, նոյեմբերի 13-ին հրավիրած նիստում քննարկեց օրակարգային երկու հարց:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը պատգամավորների  գնահատմանը ներկայացրեց «Ֆիզիկական անձանց բանկային  ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող նախագիծը, ինչպես նաեւ դրանից բխող լրացումները «Կենտրոնական բանկի մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքներում: Բանախոսը կարեւորեց ավանդների երաշխավորման հիմնադրամի դերը ֆինանսական կայունություն ապահովելու հարցում եւ միաժամանակ փաստեց առավել արդիական եւ հուսալի գործիքներով հիմնադրամը զինելու  անհրաժեշտությունը: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ավանդների երաշխավորման  ծածկույթը պետք է համահունչ լինի տնտեսական զարգացումներին, եւ այդ նպատակով կառավարությունն առաջարկում է վերանայել նախատեսված գումարների շեմը` մեծացնելով այն կրկնակի: Նախագծում առաջարկվում է արտարժույթով բանկային ավանդների դեպքում երաշխավորված ավանդի չափը դարձնել երկու մլն. դրամ, իսկ դրամով ավանդների դեպքում` չորս մլն. դրամ: Գործադիրը նաեւ առաջարկում է երաշխավորված ավանդների չափը վերանայել պարբերաբար` առավել դինամիկ ծածկույթ ունենալու նպատակով: Զեկուցողի տեղեկացմամբ`  ԿԲ-ն ավանդների երաշխավորման հիմնադրամում 5 մլրդ. դրամի ներդրում կկատարի: Խորհրդարանի գլխադասային հանձնաժողվի նախագահ Գագիկ Մինասյանը ողջունեց ներկայացված փաթեթը` նշելով, որ երաշխավորված ավանդների գումարներն ավելացնելու ցանկություն կար դեռ համակարգի ներդրման ժամանակ:  Պրն. Մինասյանի կարծիքով`  նախագծերի ընդունման դեպքում  հանրությունն առավել մեծ  վստահությամբ ավանդադրումներ կկատարի` առանց գումար կորցնելու մտավախության:  Հանձնաժողովը փաթեթը երաշխավորեց դրական եզրակացությամբ ընդգրկել նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

 Հանձնաժողովի վերաբերմունքը դրական էր նաեւ «ՀՀ վերահսկիչ պալատի  2010 թ. գործունեության տարեկան ծրագրի» վերաբերյալ, որն առաջարկվում է ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգում:  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացմամբ` հաջորդ տարի ուսումնասիրելու են հիմնականում նոր ոլորտներ. ընդամենը երկու ծրագիր են կրկնվում:  Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ որոշ ծրագրեր վերաշարադրվել են` ընդհանրական ձեւակերպումների փոխարեն  առավել կոնկրետ բնույթ ստանալով: Մասնավորապես ծրագրում նշվել են  տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների` ուսումնասիրության ենթակա ոլորտները: 2010 թ. ընթացքում ՎՊ-ի  վերահսկողության շրջանակում կհայտնվեն ԱԺ-ի եւ կառավարության աշխատակազմերը,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Գիտությունների ազգային ակադեմիան` իր 33 ինստիտուտներով եւ 6 ԲՈՒՀ-եր,  2 դեսպանատուն եւ 1 հյուպատոսություն, «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայությունը եւ այլն: Ծրագրի համաձայն` վերահսկողական այս կառույցը ուսունասիրություններ կկատարի նաեւ ֆինանսների եւ մշակույթի նախարարություններում, ինչպես նաեւ որոշ մարզպետարաններում ու համայնքներւմ: ՎՊ-ի ներկայացրած փաստաթղթում զգալի տեղ են զբաղեցնում վարկային ծրագրերը, որոնք հիմնականում վարկավորում են շինարարությունն ու փոքր եւ միջին բիզնեսը: Վարկային միջոցների գերակշիռ մասը Համաշխարհային բանկին է, ուսումնասիրվելու է նաեւ ՌԴ կառավարության տրամադրած` 500 մլն. դոլարի վարկը: Հանձնաժողովի պատգամավորներն առաջարկեցին ծրագրում ամրագրել ստուգումների ժամկետները` կամայականությունների հնարավորությունը բացառելու նպատակով:

 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը   Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց  «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումեր կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը:

 Նա նշեց, որ Եվրոպական սոցիալական խարտիան երաշխավորում է առողջության պաշտպանության իրավունքը` սահմանելով նշված իրավունքի արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք դրական պարտավորություններ: Ըստ խարտիայի`  բոլոր աշխատողները եւ նրանց խնամքի տակ գտնվող անձինք ունեն սոցիալական ապահովագրության իրավունք: Պետությունները ստանձնելով խարտիայի իրականացման պատասխանատվությունը` պետք է ապահովեն այն` օրենքով ամրագրված սոցիալական ապահովագրության համակարգի գործունեության միջոցով: Սոցիալական ապահովագրության համակարգը, ըստ խարտիայի  պահանջների, պետք է ընդգրկի ավանդական ռիսկերը` առողջապահությունը, ժամանակավոր անաշխատունակությունը, գործազրկությունը, ծերությունը, աշխատանքի ընթացքում ստացված մարմնական վնասվածքները, ընտանիքը եւ մայրությունը:

Համակարգը պետք է ֆինանսավորվի համատեղ, այսինքն` գործատուների եւ աշխատողների վճարների եւ/կամ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պարոն Բաբլոյանի գնահատմամբ` մարդկային ռեսուրսները  կազմակերպությունների բոլոր ռեսուրսների կարեւորագույն մասն են: Մի կողմից աշխատողները  սոցիալական պետության անդամ են, եւ իրենց եկամուտներից պետք է եկամտահարկ վճարեն եւ դրանով մասնակից դառնան պետական բյուջեի ձեւավորմանը եւ սոցիալական ծրագրերի իրականացմանը, մյուս կողմից նրանք հանդիսանում են կազմակերպության համար  աշխատուժ, որի միջոցով կազմակերպությունը հասնում է իր նպատակներին  եւ ստանում է արդյունք: Եթե ըստ գործող օրենսդրական դաշտի` կազմակերպությունների այլ ռեսուրսների պահպանման համար (օրինակ ավտոմեքենա, սարքավորումներ եւ այլն) իրականացվող  ծախսերը չեն հարկվում, ապա այն ծախսերը, որոնք ուղղվում են   աշխատակիցների առողջության ապահովագրությանը, համարվում են  եկամուտ եւ ենթարկվում են հարկման:

Հարկավոր է վերանայել  մարդկային ռեսուրսների առողջության պահպանմանը ուղղվող ծախսերի (այս դեպքում` առողջության ապահովագրավճարների) նկատմամբ մոտեցումները, որն իր հերթին նպաստող պայմաններ կստեղծի Հայաստանում առողջության կամավոր ապահովագրության զարգացման խթանման համար:

Սույն մեխանիզմը թույլ  կտա նաեւ նվազեցնել առողջապահության ոլորտի ոչ պաշտոնական վճարները եւ բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը:

Պարոն Բաբլոյանը նշեց նաեւ, որ ՀՀ կառավարությունը իրեն տեղյակ է պահել, որ  պատրաստվում է շրջանառության մեջ դնել համանման մի նախագիծ եւ առաջարկում է համատեղ ներկայացնել այն:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար քվեարկել այս նախագիծը, իսկ երբ ՀՀ կառավարությունը իր նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ կդնի, հեղինակները կարող են հանդես գալ դրանք համատեղ ներկայացնելու նախաձեռնությամբ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով  նախատեսվում է կարգավորել հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու հարաբերությունները, տեղեկություններ ներկայացնող անձանց շրջանակը, ներկայացվող տեղեկությունների բովանդակությունը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, ինչը հնարավորություն է ստեղծում, որ հարկային եւ մաքսային մարմինները իրավասու լինեն տրամադրել օրենսդրության կիրառման վերաբերյալ պարզաբանումներ, եւ ապահովել հարկ վճարողների իրազեկվածության եւ օրենսդրության կիրառման  միասնականության բարձր մակարդակը` հարկային եւ մաքսային օրենսդրությունների դրույթների մեկնաբանման մատչելի եւ պարզ ընթացակարգերի սահմանման միջոցով:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թվականի գործունեության ծրագրին եւ երկրորդ ընթերցման ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ  ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ 2010-2012 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագծերի վերաբերյալ:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը  մինչեւ 15 օրով հետաձգեց մի շարք  օրինագծերի քննարկումը:

Հանձնաժողովը ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի ներկայացրած «Եկամտահարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն չտվեց:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին», «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»(օրինագծերի փաթեթ), «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

 ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրեց, որ    օրինագծերի վերաբերյալ գրեթե բոլոր առաջարկներն էլ ընդունվել են:

  ՀՀ կառավարության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը  հեղինակի առաջարկով տեղափոխվեց մյուս քառօրյա:

Հանձնաժողովը դռնփակ քննարկեց նաեւ բյուջեի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության հարցը եւ տվեց դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը, Արա Բաբլոյանի նախագահությամբ, առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց կառավարության ներկայացրած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը նշեց, որ օրենքի նախագծով սահմանվելու են հոգեբուժական հաստատությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման մեխանիզմները:

Հանձնաժողովը քննարկված օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացրեց` աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Պատգամավորները  երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուն դրական եզրակացություն տվեցին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում , Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԱԺ փոխնախագահ, օրենքի հեղինակ Սամվել Նիկոյանը: Նա նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումների արդյունքոււմ ՀՀ կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումների ընդունման լիազորության վերացման հետեւանքով «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ: Այն պարոն Նիկոյանի կարծիքով, հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածին, համաձայն որի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուն դրական եզրակացության արժանացան կառավարության հեղինակած «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը եւ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հանձնաժողովի որոշմամբ օրակարգային մնացած հարցերի քննարկումները հետաձգվեցին:


13.11.2009
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  նոյեմբերի 16-19-ի  ԱԺ չորսօրյա նիս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am