National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.10.2009
Ազգային ժողովի նիստում

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Քվեարկության չդրվեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի քվեարկությունը կկազմակերպվի ԱԺ առաջիկա նիստերում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը առաջին ընթերցմամբ քննարկման  ներկայացրեց պաշտպանության ոլորտի մի խումբ օրենքների նախագծեր, որոնցից առաջինը «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:  Օրինագծով նախատեսվում է օրենքի դրույթների համապատասխանեցում ՀՀ Սահմանադրությանը,  մի շարք դրույթների միջեւ առկա անհամապատասխանությունների վերացում, զինվորական ծառայության անցման հետ կապված հարաբերությունների հստակեցում: Օրինագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը քննարկման առաջարկեց նաեւ «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» եւ «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի  առաջին նախագծով սահմանվում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում ՀՀ պաշտպանության կազմակերպմանը մասնակցելու ուղղությամբ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց կողմից ռազմատրանսպորտային պարտականության իրականացման հետ կապված հարաբերությունները, նշվում է այն մարմինների շրջանակը, ինչպես նաեւ այն տրանսպորտային միջոցների տեսակները, որոնց նկատմամբ տարածվում է ռազմատրանսպորտային պարտականությունը: Ի պատասխան պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հնչեցրած մտահոգությանը, թե պաշտպանական համակարգը պետք է մշտապես ապահովված լինի տրանսպորտային միջոցներով, հիմնական զեկուցող Արա Նազարյանը պատգամավորի մտահոգությունը փարատեց` ասելով, որ այլ տրանսպորտային միջոցների ներգրավումը վերաբերում է ռազմական դրության հայտարարման ժամանակամիջոցին: 

Այս օրենսդրական փաթեթի վերաբերյալ եւս ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ  ներքին գործերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: 

Ոլորտի վերաբերյալ հաջորդ օրինագիծը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագիծն էր հարակից օրինագծերով: Հիմնական զեկուցող Արա Նազարյանը տեղեկացրեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է զինվորական կոմիսարիատներում զինվորական հաշվառման գործընթացը հստակեցնելու, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական հիմնարկների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կողմից գործընթացին լիարժեք մասնակցությունն ապահովելու, զինված ուժերի պահեստազորի կազմերի կարգավիճակը, նրանց կողմից վարժական հավաքներ անցնելու ընթացակարգերի բարելավման անհրաժեշտությամբ: Այս փաթեթի վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Ապա պատգամավորները քննարկեցին կրթության ոլորտի վերաբերյալ մի շարք օրինագծեր: Առաջին ընթերցմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն առաջարկեց քննարկել «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը` նշելով, որ փոփոխությունների նպատակը օրենքների համապատասխանեցում է բոլոնյան համաձայնագրից բխող պահանջներին:

Օրինագծերի ընդունումից հետո ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի որակավորումների ազգային շրջանակ, որի հիման վրա կմշակվեն եւ կհաստատվեն առանձին մասնագիտությունների որակավորումների բնութագրերը: 

ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն  առաջին ընթերցմամբ քննարկման առաջարկեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ինչ-ինչ պատճառներով իրենց ընդհատված բարձրագույն ուսումը շարունակելու հնարավորություն կստանան նախկին ուսանողները: Պարոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ այսօր գործող օրենքով իրենց  այդ իրավունքից կարող են օգտվել մինչեւ 10 տարին ուսումն ընդհատած քաղաքացիները, այժմ այդ սահմանափակումը հանվում է: Նախատեսվում է, որ ընդհատված ուսումը նախկին ուսանողները կարող են շարունակել որոշակի` մինչեւ 8 դասընթացային տարբերությունների հանձնումից հետո: Նախկին ուսանողները չեն կարող վերականգնվել միայն ավարտական կուրսում: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը օրինագծերի վերաբերյալ  ներկայացրեց հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը:

Պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Արամ Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց համահեղինակ Ռաֆիկ Պետրոսյանը, նշելով, որ նախագիծն ուղղված է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ օրինագիծը մշակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի հուլիսի 28-ի ՍԴ որոշմանը համապատասխան: Մասնավորապես առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքի  համապատասխան հոդվածում ամրագրել, որ «... նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված»:  Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշ Շահբազյանը: 

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը: Ողջունելով ներկայացված նախագիծը, տիկին Պետրոսյանը նշեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը զբաղվում է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումներից բխող օրենսդրական բացերը վերացնելով եւ օրենսդրությունը կատարելագործելով, աշխատել է գերծանրաբեռնված եւ արդյունավետ: Տիկին Պետրոսյանը համակարծիք լինելով օրինագծի հեղինակներին, նկատեց, որ դատական համակարգի որոշումները պետք է լինեն հստակ եւ պատճառաբանված: Տիկին Պետրոսյանն իր գործընկերներին առաջարկեց պաշտպանել ներկայացված նախագիծը:  

ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանի ներկայացմամբ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եւս արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը: 
 
Առաջին ընթերցման ընթացակարգով պատգամավորները քննարկեցին «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ուղղել վրիպակը եւ որպես կրթության ոլորտում լիցենզավորման ենթակա գործունեություն սահմանել տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեությունը:  Օրինագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Կարինե Աճեմյանը:

Խորհրդարանը քննարկեց նաեւ ՀՀ Նախագահի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Օդային հաղորդակցությունների մասին» եւ «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» համաձայնագրերը, որոնց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: 

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:


27.10.2009
Ազգային ժողովում հիշատակի հավերժացման օր էր
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 10-րդ տարելիցն է: Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմեն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am