National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
26.10.2009
Ազգային ժողովը քննարկեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թ. տարեկան զեկույցը

Հոկտեմբերի 26-ին  Ազգային ժողովի  հերթական քառօրյա նիստն սկսվեց չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների հաստատումով:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված 6 օրինագծերը, այնուհետեւ շարունակեցին  նախորդ նիստում ընդհատված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Օրինագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, միջազգայնորեն ընդունված չափանիշներին համահունչ, սահմանել է լրագրողական աղբյուրների պաշտպանության բարձր մակարդակ: Սակայն անցած ժամանակահատվածում պրակտիկան ցույց է տվել, որ այս դրույթը հակասության մեջ է մտնում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի հետ, եւ արդեն եղել են դեպքեր, երբ նախաքննական մարմինը տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով փորձել է հարցաքննել լրատվամիջոցների ղեկավարներին:

Ակնհայտ է, որ այն անձանց թվում, ովքեր վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել, նշված չեն լրագրողներն ու լրատվական գործունեություն իրականացնողները` տեղեկատվության աղբյուրները բացահայտելու նպատակով:

Բացի այդ` հակասություն կա նաեւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի հետ: Այդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն դեպքերը, երբ կարող է տեղի ունենալ դռնփակ դատավարություն, եւ դարձյալ նշված չէ այն դեպքը, երբ «դատարանի որոշմամբ լրագրողին եւ լրատվական գործունեություն իրականացնողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»: Այս հակասությունները վերացնելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ եւ 86-րդ հոդվածներում:

Ազգային ժողովը քննարկեց  «2008 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, նախքան բուն զեկույցին անցնելը, շնորհավորեց բոլորին` Եվրոպական  մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի անդամակցելու կապակցությամբ:

Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ 2008թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 5806 անձանցից ստացել է 4090 դիմում-բողոք, որից 1227-ը՝ գրավոր (դրանցից 58-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքները՝ ներկայացված 1774 դիմումատուի կողմից), իսկ 2863-ը՝ բանավոր: Նշված ժամանակահատվածում դրական լուծում է ստացել 122 դիմում-բողոք, ինչի արդյունքում վերականգնվել է 429 անձանց խախտված իրավունքը: Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ վերականգնվել են 6526 անձանց խախտված իրավունքները: Այս թվի մեջ ներառված են նաեւ այն 6097 քաղաքացիները, որոնց իրավունքները վերականգնվել են Պաշտպանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին դիմումի բավարարման արդյունքում: 2008թ. Պաշտպանին ուղղված դիմում-բողոքների ընդհանուր թվի միջին ամսական տոկոսային հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 10.7 տոկոսով, գրավոր դիմում-բողոքների թիվը՝ 11.1 տոկոսով, իսկ բանավորներինը՝ 10.6 տոկոսով: 0.8 տոկոսով աճել է Պաշտպանին դիմող անձանց թիվը։

Փորձը ցույց է տալիս, որ ինչպես Պաշտպանի հաստատության գործունեության նախորդ տարիներին, այնպես էլ 2008թ. բանավոր դիմում-բողոքներ ներկայացնողների մի մասը խուսափում են գրավոր բողոք ներկայացնելուց, ինչպես նաեւ իրենց անունը, ազգանունը, հասցեն արձանագրելուց` պատճառաբանելով, որ դիմում ներկայացնելը կարող է բացասարար անդրադառնալ իրենց վրա: Վախի նման դրսեւորումները խոսում են մարդու իրավունքների  լուրջ խախտումների մասին:
Պարոն Հարությունյանը խոսեց մարդու իրավունքների խախտումների օրենսդրական պատճառների մասին եւ ներկայացրեց մարդու իրավունքների խախտումների վերլուծությունը` ըստ  հանրային մարմինների: Մասնավորապես նա անդրադարձավ ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, հատուկ քննչական ծառայությանը, դատարաններին առնչվող դիմում բողոքների բնույթին եւ այդ մարմիններում կատարված հակաօրինական դրսեւորումներին:

Գլխադասային` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը զեկույցի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանը:  Հանձնաժողովի գնահատմամբ` զեկույցը կազմված է միջազգային չափորոշիչներին համապատասխան եւ ներառում է գրեթե բոլոր բնագավառները, որոնք աղերսներ ունեն մարդու իրավունքների խախտումների հետ: ովելի է նաեւ, որ կատարված վերլուծությունները հիմնավորված են կոնկրետ փաստերով: Հանձնաժողովը համաձայն չէ որոշ տեսակետների հետ, որոնք նույնությամբ վերարտադրված են Եվրոպական մարդու իրավունքների պաշտպանի մոտեցումներից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ճիշտ է,  օրենսդրությունը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ որոշակի  քայլեր է կատարել, բայց այդ նպատակով երբեք չի դիմել վարչական դատարան: Մյուս թերությունն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանը օրինախախտումների համար հղումներ չի կատարում եւ կոնկրետ մարդկանց չի մեղադրում, այլ տեղին-անտեղի մեղադրում է պետությանը: Նա անընդունելի համարեց գույների նման խտացումները եւ պետության ձեռքբերումների անտեսումը: Պարոն Պետրոսյանը հանձնաժողովի անունից առաջարկեց զեկույցը ընդունել ի գիտություն նշված վերապահումներով:
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ` հանգամանալից զեկույց է ներկայացված, եւ ինքը կողմ է զեկույցի մեջ ներկայացված կտրուկ գնահատականներին, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ունենա քաղաքական աջակցություն: Պարոն Դալլաքյանի կարծիքով` ՀՀ նախագահը համարձակ արտաքին քաղաքականությունը պետք է զուգակցի ներքին քաղաքականության  լրջագույն փոփոխություններով:

ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի եւ Անահիտ Բախշյանի համոզմամբ` խորհրդարանը պետք է սատար լինի իր ընտրած Մարդու իրավունքների պաշտպանին, Պաշտպանը իր աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է ուժեղացնի համագործակցությունը իշխանական տարբեր մարմինների հետ, իսկ վերջիններս պետք է ականջալուր լինեն այս կարեւոր ինստիտուտին` մարդու իրավունքների խախտման դեպքերը կանխելու համար:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը զեկույցի քննարկումը քաղաքական իրադարձություն համարեց: Նա կարեւորեց Մարդու իրավունքների պաշտպանի հետագա համագործակցությունը Ազգային ժողովի հետ: Նրա գնահատմամբ`  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը  «էմոցիոնալ» առումով միջանկյալ զեկույցից շատ չի տարբերվում, ինչ վերաբերում է  իշխանական եւ ընդդիմադիր թեւերի քննադատություններին,  հավանաբար դա մարդու իրավունքների պաշտպանի գործունեության դրական ցուցանիշն է: Նա ցանկություն հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանը իր գործունեությունն ուղղորդի գոյություն ունեցող խախտումները վերացնելուն, գնահատականների մեջ առավելագույնս լինի օբյեկտիվ եւ չփորձի այս կամ այն պաշտոնյայի անօրինական արարքը դարձնել պետական քաղաքականության գնահատական եւ վարկաբեկել նրան:

Ըստ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի` Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած զեկույցը տեւական աշխատանքի արդյունք է եւ ներառում է ուշագրավ տեղեկատվություն: Նա անդրադարձավ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող բողոք-դիմումներին եւ առաջարկեց համագործակցել` այդ ոլորտի անօրինական դրսեւորումները կանխելու համար:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացված զեկույցի վերաբերյալ` Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դեռեւս շատ թերացումներ եւ անելիքներ ունի բնապահպանական եւ սպառողական ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության, հեռավոր շրջաններում իր գործունեությունը ակտիվացնելու առումով եւ առաջարկեց ամեն ինչ անել ի նպաստ իրավական պետության, մեծացնել Մարդու իրավունքների ինստիտուտի լիազորությունները, ստեղծել տարածքային ներկայացուցչություններ, ուժեղացնել համագործակցությունը պետական մարմինների հետ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ելնելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման համակարգված եւ արդյունավետ քաղաքականության իրականացման,  Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի գործակցության ապահովման, դրանց միջեւ կրթական, գիտական, մշակութային կապերի զարգացման, հայրենադարձության խթանման անհրաժեշտությունից` օրենսդրական փոփոխությունները կնպաստեն օտարերկրյա պետություններում բնակվող սփյուռքահայերի Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու գործընթացի բարելավմանը, դեպի Հայաստան Սփյուռքի երիտասարդների ուխտագնացությանը, Հայաստան-Սփյուռք ազգային, մշակութային, առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի մեծ թվով ուսանողներ են գալիս Հայաստանի Հանրապետություն ուսանելու նպատակով: Փորձը ցույց է տալիս, որ նրանց փաստաթղթերի ձեւակերպումները բավականաչափ ուշացնելու հետեւանքով սփյուռքահայ ուսանողները  հաճախ հայտնվում են անելանելի վիճակում:

Առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում սփյուռքահայ ուսանողները կարող են լուծել կացության կարգավիճակի հարցը` առանց խաթարելու ուսումնական գործընթացը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը համոզմունք հայտնեց, որ պետք է բոլոր հնարավոր նախապայմանները ստեղծել, որ ազգությամբ հայերը առանց քաշքշուկների կարողանան ստանալ ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ: Նա առաջարկեց  ժամանակավոր կացության ժամկետների խնդիրը կարգավորել օրենսդրորեն եւ  «ազգությամբ հայ» ձեւակերպումը հստակեցնել:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  երրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրինագծերը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 27-ին:



26.10.2009
«Եվրանեսթը» մեկնարկում է
Հոկտեմբերի 19-22-ը Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մասնակցել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած՝ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծման  մեկնարկային համաժողովին։ Շվեդիայի նախագահությամբ հրավիրված Արեւելյան ...

26.10.2009
Ազգային ժողովի այգում տեղի կունենա հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը
Հոկտեմբերի 27-ին ժամը 11.20-ին Ազգային ժողովի այգում տեղի կունենա 1999 թ հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ,  ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի,  ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am