National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
07.10.2009
Խորհրդարանը քննարկում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը

Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովը  քառօրյա նիստերի աշխատանքը շարունակեց` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որից հետո ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը շարունակեց պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկվող  «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը: Օրինագծի վերաբերյալ դրական կարծիք ուներ  նաեւ ՀՀ կառավարությունը. այն ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:

Ելույթներ  ունեցան պատգամավորներ  Համլետ Հարությունյանը եւ Հեղինե Բիշարյանը, ովքեր ողջունելով ներկայացված նախագիծը եւ դրանում ամրագրված դրույթները` կարծիք հայտնեցին, թե անհրաժեշտ է խստացնել առաջարկվող դրույթները, թույլ չտալ, որպեսզի բացասական ազդեցություն ունեցող հեռուստահաղորդումները եւ ֆիլմերը վտանգեն մանկահասակ  սերնդի ապագան եւ ճիշտ դաստիարակությունը:

Օրինագծերի համահեղինակ Արեւիկ Պետրոսյանը եզրափակիչ ելույթում հավաստիացրեց, որ կքննարկվեն բոլոր առաջարկություններն ու դիտողությունները եւ կտրվեն լուծումներ:

Այնուհետեւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2008 թվականի տարեկան հաշվետվությունը` համաձայն ՀՀ Սահմանադրության եւ «ՀՀ Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի: Վերահսկողություն  իրականացնելու ընթացքում ՀՀ Վերահսկիչ պալատն առաջնորդվել է Գերագույն Վերահսկիչ ատյանների միջազգային կազմակերպության վերահսկողության սկզբունքներով:

Հաշվետու տարվա ընթացքում իրականացրած վերահսկողության արդյունքում արձանագրված ընդհանուր ֆինանսական խախտումներն ու թերությունները / անարդյունավետ ծախս/ միասին կազմում են 8,083,522.1 հազ. դրամ, որից վերականգնման ենթակա գումարը` 5,995,172.5 հազ. դրամ, անարդյունավետ ծախսը` 1,890, 704.3 հազ.դրամ: Վերականգնման գումարներից աշխատանքով վերականգնված գումարը կազմում է 1,533,777.8 հազ. դրամ, իսկ պետական կամ համայնքային բյուջե վերականգնված գումարը` 852,020.5 հազ. դրամ: Դեռեւս  վերականգնման ենթակա է 3, 609,374.5 հազ. դրամ:

Հաշվետվությունում առանձին ներկայացված են նախարարություններում, մարզպետարաններում, համայնքներում իրականացված վերահսկողության արդյունքները: Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազություն են ուղարկվել քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ պարունակող արձանագրություններ եւ ընթացիկ հաշվետվություններ, որի արդյունքում հարուցվել են 5 քրեական գործեր,  1 նյութ կցվել է հարուցված քրեական գործին, 2 նյութով գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով եւ արձանագրված խախտումները որակվել են որպես քաղաքացիաիրավական բնույթի:  

Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարությունում  2006-2007 թվականներին   մի շարք ծրագրերի իրականացման ուսումնասիրությունից Վերահսկիչ պալատը պարզել է, որ նախարարությունն իրականացրել է 713,505.0 հազ. դրամի աշխատանքներ, ընտրանքային եղանակով ուսումնասիրվել են 283,840.0 հազ. դրամի աշխատանքներ կամ 39,8 տոկոսը, որից պարզվել է, որ նշված աշխատանքները կատարվել են բազմաթիվ խախտումներով, որի հետեւանքով կատարվել են ծավալագրային հավելագրումներ, գումարով` 33,588.9 հազ դրամ, որը ենթակա է վերականգնման:  

Հաշվետվությունը ներկայացնելուց հետո Իշխան Զաքարյանը պատասխանեց պատգամավորների բարձրացրած բազմաթիվ հարցերին:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իր հարցում անդրադարձավ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվության այն հատվածին, որտեղ խոսվում է համայնքային նշանակության հողերի մասին։ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը իր խոսքում նշել  էր, թե համայնքային նշանակության հողերը մի տեղում ահռելի գներով են վաճառվում, մյուս տեղում ցածր գումարներով: Օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտեց,  թե խնդիրները ներկայացնելիս պետք է դրա տակ վերլուծություններ էլ ներկայացվեն, որպեսզի պարզ լինի, թե ինչու են մի դեպքում համայնքային հողերը թանկ, մյուս դեպքում էժան վաճառվում:

Փաստաթղթի քննարկումը կշարունակվի ԱԺ հոկտեմբերի 8-ի նիստում: Քննարկումից հետո այն չի քվեարկվելու. ըստ օրենքի, այն խորհրդարանը կընդունի ի գիտություն:

Օրվա վերջին նիստում  ԱԺ կանոնակարգի համաձայն տեղի ունեցավ Ազգային ժողով -կառավարություն հարցուպատասխանը:



07.10.2009
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Բրիտանական խորհրդի Սեւծովյան տարածաշրջանի տնօրենին
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց Բրիտանական խորհրդի Սեւծովյան տարածաշրջանի տնօրեն Ռոզմարի Արնոթի հետ` քննարկելու «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում Բրիտանական խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաեւ Բրի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am