National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.06.2009
Ազգային ժողովն սկսեց նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը

Հունիսի 8-ին  Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերն սկսվեցին չորրորդ գումարման հինգերորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, քառօրյա նիստերի օրակարգի մասին եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագծերի հաստատումով:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 4 օրինագծերը եւ շարունակեցին  նախորդ քառօրյայում  ընդհատված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Ակցիզային հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը:

Արա Նռանյանի եւ Վահան Հովհաննիսյանի կարծիքով` կառավարության ծրագրի եւ ներկայացված նախագծի միջեւ անհամապատասխանություն կա, այն քաղաքական ճնշման նոր մեթոդաբանություն է, որով փորձ է արվում մեղմել հարկային քաղաքականության ձախողումը: Նրանք դեմ արտահայտվեցին օրինագծին: Վարդան Այվազյանի գնահատմամբ` հանձնաժողովը ճիշտ որոշում է կայացրել` դրական գնահատական տալով նախագծին, որը խոշոր ձեռնարկությունների գործունեությունը վերահսկելու, ստվերը հայտնաբերելու եւ ավելի մեծ թվով ձեռնարկությունների հարկային բեռը թեթեւացնելու նպատակ ունի: Ըստ Նաիրա Զոհրաբյանի  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քվեարկությունը ազատ է լինելու, իսկ ինքը փաթեթը համարում է խիստ վիճահարույց եւ խնդրահարույց, ուստի դեմ է քվեարկելու այս տարբերակով նախագծին: Հակոբ Հակոբյանի կարծիքով` պետք չէ խառնվել տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը եւ այն քաղաքական դաշտ տեղափոխել. նա համոզմունք հայտնեց, որ նախագիծը չի ընդունվի: Ալեքսան Պետրոսյանի գնահատմամբ` այս օրենքն ընդունվելու դեպքում վնասներն ավելի շատ կլինեն, քան օգուտները. տնտեսության զարգացման միջոցով պետք է լցնել բյուջեն եւ ոչ թե հարկային վերահսկողության  խստացմամբ: Ըստ Հերմինե Նաղդալյանի` նախագծի լրամշակված տարբերակը ավելի մեղմ է եւ նախորդի համեմատությամբ պատժողական նպատակ չունի, պետք է վստահ լինել, որ տնտեսավարողի բնականոն աշխատանքը չի խաթարվի, ուստի առաջարկեց շարունակել  նախագծի լրամշակման աշխատանքները: Վիկտոր Դալլաքյանի տպավորությամբ` կարծես օրինագիծ է քննարկվում «գործ տվողների մասին», ինչը ոչ մի կապ չունի ազատ տնտեսական գործունեության հետ, ուստի ինքը դեմ է քվեարկելու: Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ` կառավարությունը նախագծով փորձում է ստվերը նվազագույնի հասցնել,  բայց հարցը պետք է ոչ թե անձնավորված լուծել, այլ անհրաժեշտ է գտնել օբյեկտիվ ճանապարհը: Առաջարկված մեխանիզմը արդյունավետ չի կարող լինել: Վարդան Բոստանջյանի համոզմամբ` օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների, բացի այդ` հարկային ներկայացուցչին տրված է  վերահսկվող ձեռնարկության ղեկավարի կամ տիրոջ իրավունքներին հավասարեցված, գուցե եւ  ավելի լիազորություններ, բայց նրա պատասխանատվության մասին ոչինչ չի ասվում: Լարիսա Ալավերդյանի կարծիքով` ՀՀ Սահմանադրության հետ  օրինագծի անհամապատասխանության հարցը խիստ մտահոգիչ է. մասնավորապես օրինագծում խախտված է կոմերցիոն գաղտնիքի պաշտպանության սահմանադրական դրույթը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նկատեց, որ կոալիցիոն կառավարությունը ներկայացրել է մի փաստաթուղթ, որի համար քննադատվում է նաեւ կոալիցիոն խորհրդարանական ուժերի կողմից, ինչը շատ բնականոն գործընթաց է: Կառավարությունը փորձում է ստվերային երեւույթների առաջն առնել, իսկ գրեթե բոլոր ելույթ ունեցողները ասում են, որ այն գործիքները, որով կառավարությունն ուզում է խնդիրը լուծել, անընդունելի են կամ նպատակահարմար չեն: Քաղաքական մեծամասնությունը հստակ տիրապետում է իրավիճակին, եւ եթե կառավարությունը ճիշտ գործիքներ չի ընտրել, կոալիցիոն ուժերը ունեն կառավարության հետ երեւույթը շտկելու եւ արդյունավետ ճանապարհ գտնելու փորձ եւ հնարավորություն:

«Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նա տարօրինակ համարեց, որ կառավարությունը այս էլ որերորդ անգամ խորհրդարան է բերում չհիմնավորված նախագծերի փաթեթներ: Տվյալ դեպքում փաթեթում կան ընդունելի եւ անընդունելի նախագծեր, այնինչ ստիպված ես քվեարկել ամբողջ փաթեթի համար: Խմբակցությունը համոզված է, որ երկրի զարգացման հիմքը  փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումն  է, բայց խոշոր արտադրողներին էլ չպետք է հարկային բեռով խեղդել ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: ործում է ստուգումների մասին օրենքը, ինչը հարկային նորմալ քաղաքականություն իրականացնելու լավագույն գործիքն է: Պարոն Մարտիրոսյանը խմբակցության անունից կոչ արեց դեմ քվեարկել  ազատ տնտեսական մրցակցությունը խաթարող  օրինագծին:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Արծրունի Աղաջանյանը նկատեց, որ կառավարությունը այս քայլով փորձում է կրճատել տնտեսության մեջ առկա ստվերը, սակայն լուծման ուղիները անընդունելի են, քանի որ խախտվում է բոլոր տնտեսավարողների համար հավասար հարկային դաշտի սկզբունքը: Այս խնդիրը պետք է  բացառապես տնտեսական մեխանիզմներով եւ ոչ թե հարկային խստացված մեթոդներով լուծել: ՕԵԿ խմբակցությունն առաջարկում է կրճատել ստուգման տեւողությունը:

«Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հիշեցրեց իր գործընկերներին, որ իր խմբակցությունն է տեղիք տվել, որ օրինագծի վերաբերյալ խորքային քննարկումներ ծավալվեն: Այնինչ գնահատականներ են հնչում առանց հիմնավորումների եւ առանց ընդունելու, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կառավարությունը ստիպված է արտադրական ելքերը վերահսկելու հստակ քայլեր իրականացնել: Ըստ բանախոսի` քանի որ հարցը քաղաքական բնույթ է ստացել,  ՀՀԿ-ն այլ խմբակցությունների հետ քաղաքական քննարկումներ կիրականացնի եւ ՀՀ կառավարության հետ  ստվերը նվազեցնելու արդյունավետ լուծումներ կգտնի:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ քննարկումների արդյունքում օրինագիծը լրամշակվել է, կառավարությունը պատրաստ է այսուհետ եւս քննարկել նպատակային առաջարկները եւ համատեղ գտնել հարցի արդյունավետ լուծումը:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Վահան Հովհաննիսյանը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար առաջարկեց Հրայր Կարապետյանի թեկնածությունը, իսկ Արամ Սաֆարյանը  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր տեղի համար առաջարկեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

ԱԺ պատգամավորներ Հրայր կարապետյանը եւ Նաիրա Զոհրաբյանը  իրենց պատկերացումները ներկայացրին համապատասխան հանձնաժողովների աշխատանքների եւ իրենց անելիքների վերաբերյալ:

ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցութունների ներկայացուցիչներ Էդուարդ Շարմազանովը եւ Արամ Սաֆարյանը խոսեցին երկու թեկնածուների արժանիքների, այդ պաշտոններում նրանց ընտրելու նպատակահարմարության մասին եւ կոչ արեցին իրենց գործընկերներին  քվեարկել թեկնածուների օգտին:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Հրայր Կարապետյանը 91 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվեց  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ Նաիրա Զոհրաբյանը նույն արդյունքներով ընտրվեց   ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

ԱԺ պատգամավորները սկսեցին քննարկել նաեւ ՀՀ 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ թեեւ տարին սկսվեց տնտեսական աճի պայմաններում, սակայն համաշխարհային տնտեսության մեջ տարվա ընթացքում ի հայտ եկած տնտեսական անկման երեւույթները իրենց ազդեցությունն ունեցան նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Չնայած դրան` հաջողվեց կատարել 2008 թվականի բյուջեի ծրագիրը եւ հարկերի ու տուրքերի գծով ապահովել 621 մլրդ դրամի մուտքեր, ինչն ավելի է, քան Ազգային ժողովի հաստատած ծրագիրն էր նախատեսում: Նախարարն անդրադարձավ ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի հաշվետվության քննարկումների ժամանակ ՀՀ վերահսկիչ պալատի եւ ԱԺ պատգամավորների առաջարկներին եւ հավաստիացրեց, որ դրանք հաշվի կառնվեն հետագա  բյուջետային ծրագրերը կազմելու ժամանակ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ  2008 թվականին գրանցվել է պետական բյուջեի եկամուտների աճ ինչպես հարկային, այնպես էլ ոչ հարկային եկամուտների գծով: Այդ ժամանակաշրջանում պետական բյուջեի եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները կազմել են 785.4 մլրդ դրամ` ՀՆԱ-ի 21.5%-ը, նախատեսված 21.2%-ի փոխարեն: 2008 թվականին հարկային եկամուտները եւ տուրքերը կազմել են 621.1 մլրդ դրամ` ՀՆԱ-ի նկատմամբ կազմելով 17%:

2008 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են 810.6 մլրդ դրամ` նախատեսված 769.7 մլրդ դրամի դիմաց եւ կազմել ՀՆԱ-ի 22.2%-ը: 

Պետական բյուջեով նախատեսվել էր ստանալ 746 մլրդ դրամ եկամուտներ, որից 711.1 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 34.9 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Սակայն հետագայում Կառավարությունն իր լիազորությունների շրջանակներում պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացրել է շուրջ 57.7 մլրդ դրամով (7.7%-ով)` կազմելով 803.7 մլրդ դրամ, որից 764.7 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 39 մլրդ դրամը` պաշտոնական տրանսֆերտների գծով (ճշտված ծրագիր): 

ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի եկամուտների 76%-ն ապահովվել է հարկային եկամուտների հաշվին:  Պարոն Ջանջուղազյանը ներկայացրեց հարկային եկամուտներն ըստ առանձին հարկատեսակների ցուցանիշների:  

Կենտրոնական բանկի  նախագահ Արթուր Ջավադյանը արձանագրեց, որ վերջին եռամսյակում նկատվել է տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում`պայմանավորված  ֆինանսական Ճգնաժամի ազդեցությամբ: Նա դրական գնահատեց  ՀՆԱ-ում հարկերի 17 տոկոսանոց  ցուցանիշը` այն համահունչ համարելով Աղքատության հաղթահարման  եւ միջին ժամկետ ծախսային ծրագրերի նպատակային ցուցանիշներին, ընդգծեց  հարկերի հավաքագրման բարձր մակարդակը: ԿԲ-ի դիտարկմամբ` կառավարությունը ընթացիկ տարում մեծ ուշադրություն է հատկացրել  գնաճի զսպմանը եւ ծախսերի ուղղությամբ տնտեսումներով եւ հարկային եկամուտների գերակատարումներով համալրել ՀՀ գանձապետարանի միջոցները: Ըստ բանախոսի`  2008 թ. բնութագրվում է հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացմամբ: Եկամտային եւ ծախսային քաղաքականությամբ կառավարությունը սպառողական շուկայում գների աճի ուղղությամբ լրացուցիչ ճնշումներ չի առաջացրել:

Հաշվետվության վերաբերյալ եզրակացություն ներկայացրեց նաեւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա  նկատեց, որ գործադիրի ներկայացրած ցուցանիշների հետ իրենք հիմնականում համաձայն են: Փոխարենը ինքը անելիքներ է տեսնում գնումների գործընթացը կազմակերպելու ուղղությամբ: Բյուջետային միջոցների զգալի մասը`  348 մլրդ. դրամը, հաշվետու տարում ծախսվել է գնումների ընթացակարգով: ՎՊ նախագահի դիտարկմամբ` աշխատանքների սխալ կազմակերպման հետեւանքով հսկայական  պետական միջոցներ են վատնվել:

Մասնավորապես նա նշեց ապրանքների  կամ ծառայությունների` շուկայական գների եւ մրցույթի արդյունքում  ձեւավորված գների միջեւ մեծ տարբերությունը: Իշխան Զաքարյանը անթույլատրելի համարեց նաեւ միջնորդավորված գնումների նախադեպերը, որոնք ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, այլեւ  վնասում  են պետական բյուջեին: Նա չհիմնավորված համարեց մրցույթի արդյունքում  որոշ ընկերությունների` հաղթող ճանաչելու մոտեցումը, երբ նրանք դեռ չեն կատարել նախկին պարտավորությունները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ներկայացրած թվային ցուցանիշների համաձայն` ՀՆԱ-ն հաշվետու տարում կազմել է 3,65 մլրդ. դրամ, մեկ շնչի համար`1 մլն. 128 հազ. դրամ: 6,8 տոկոս տնտեսական աճի 0,4 տոկոսն ապահովել են արդյունաբերության, 0,2 տոկոսը` գյուղատնտեսության, 1,8 տոկոսը` շինարարության ոլորտները եւ 2,9 տոկոսը` ծառայությունները: Միջին աշխատավարձը  2007 թ.-ի նկատմամբ աճել է 17,4 տոկոսով: Բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0,7 տոկոսը: Միջին փոխարժեքը ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ կազմել է 305,97 դրամ: Բյուջեի ծախսերը կազմել են 810 մլրդ. դրամ, նախատեսված 860 մլրդ-ի փոխարեն: Պարոն Մինասյանը նկատեց, որ ներքին եկամուտներով ֆինանսավորվող ծախսերը հիմնականում կատարվել են:  Թերի են կատարվել արտաքին ֆինանսական միջոցներով ծախսային ծրագրերը: Առանց վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի` ծախսերի կատարողականը կազմել է 97,7 տոկոս: 

 Պարոն Մինասյանը անդրադարձավ նաեւ հարկային ու մաքսային մուտքերին:

 ՀՀ 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումնեը կշարունակվեն Ազգային ժողովի` հունիսի 9-ի նիստում:



08.06.2009
Հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ու իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը եւս մեկ անգամ դիմում է ՀՀ հասարակական ու քաղաքական կազմակերպություններին,  Հայ Ազգային Կոնգրեսին` առաջարկելով իրենց տրամադրության տակ ունեցած մարտի 1-2-ի իրադարձություններին ու դեպքերին վեր...

08.06.2009
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կենսագրությունը
Նաիրա Վահանի Զոհրաբյանը ծնվել է 1965 թ. մայիսի 8-ին Երեւանում: Գերազանցությամբ ավարտել է Երեւանի թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1987թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ: Մասնագիտական վերապատրաս...

08.06.2009
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի կենսագրությունը
Հրայր Կառլենի  Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 11-ին Երեւանում: 1980թ. ավարտել է Երեւանի թիվ 135 միջն. դպրոցը: 1980-1981թթ. աշխատել է Երեւանի լամպերի գործարանում որպես բանվոր: 1981-1985թթ. սովորել եւ ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, այնուհետեւ ուսումը շա...

08.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Մանկատների երեխաները ներկայացնում են մեր հասարակության ամենախոցելի խավը»
Հունիսի 8-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ մանկական հիմնադրամի) գրասենյակ` «Երեխաները խաղալիք չեն» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով: Լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հեղինակած ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովի նախագահի բարձր հովանու ներքո` ՅՈՒՆԻ...

08.06.2009
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Հունիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ՀՀ կառավարության ներկայացրած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am