Հունիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ՀՀ կառավարության ներկայացրած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ օրինագծում առաջարկվող լրացումը վերաբերվում է ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամներին, ովքեր պետության կողմից ստանում են պատվովճարներ: Առաջարկվում է պատվովճար չվճարել այն ԳԱԱ անդամներին, ովքեր գտնվում են երկարատեւ` երեք ամսից ավելի գործուղման մեջ` իրենց նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հատկացվող պատվովճարներն ամսական կազմում են 10 մլն դրամ, տարեկան կտրվածքով` 120 մլն դրամ: Ըստ նախարարի, եթե օրինագիծն ընդունվի, ամսական որոշակի գումար կխնայվի, ինչը կօգտագործվի գիտնական կադրերի պատրաստման եւ այդ ոլորտի այլ նպատակների համար:
Հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, թե հնարավոր է, որ երեք ամսից ավելի գործուղման մեջ գտնվեն պետության կողմից գործուղված ԳԱԱ անդամները, եւ անարդար կլինի այդ ընթացքում նրանց զրկել պատվովճարներից: Պատգամավորի մտահոգությունը փարատեց ԿԳ նախարարը, հավաստիացնելով, որ պատրաստ է համագործակցելու եւ գտնելու երկուստեք ընդունելի մոտեցում:
Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում: