National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
27.02.2009
Խորհրդարանական ճեպազրույցները

Փետրվարի 27-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի փետրվարի 23-26-ի քառօրյայի աշխատանքն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին մայիսին կայանալիք Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին, Հայաստանի ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության եւ ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած զեկույցներին, մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին, հայ-վրացական հարաբերություններին եւ այլն:

Խոսելով ավագանու եւ քաղաքապետի ընտրության մասնակցության ձեւաչափի մասին` «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ կուսակցությունում բանակցությունները շարունակվում են, իսկ արդյունքները դեռ հայտարարելի չեն: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հնարավոր է բանակցությունների ընթացքում ընդդիմադիր ճակատը որոշի միասնական թեկնածուով մասնակցել ավագանու ընտրություններին:

Անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ «Human Rights Watch»-ի եւ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած զեկույցներին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ զեկույցը մեկ անգամ եւս հաստատում է այն փաստը, որ Հայաստանը չի շարժվում այն ուղղությամբ, ուր պետք է:

Խոսելով մարտի 1-ին կայանալիք ընդդիմության կազմակերպած հանրահավաքից` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել այդ հանրահավաքին` անկախ իր գաղափարական ուղղվածությունից: «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է մարտի 1-ի հանրահավաքին:

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին եւ Ջավախքի հայերի խնդրին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք կարեւորում են ջավախքահայերի խնդիրների արծարծումը եւ լուծումը: Պարոն Մարտիրոսյանը կարծում է, որ Ջավախքը` որպես հայկական կենտրոն, պետք է ունենա կառավարման իր առանձնահատկությունը, եւ ջավախքահայերը պետական կառավարման համակարգում պետք է ունենան դիրքորոշում արտահայտելու հնարավորություն: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստել են Վրաստանում մշակութային արժեքների պահպանման եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ նախագիծ:

Խոսելով քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին` «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին է մասնակցելու մայիսին կայանալիք ընտրություններին: Տիկին Բիշարյանն ասաց, որ իրենք նախապատրաստվում են ընտրություններին, իսկ մանրամասների մասին կխոսեն երկուշաբթի կայանալիք վարչության նիստից հետո:

Անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ «Human Rights Watch»-ի եւ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած զեկույցներին` տիկին Բիշարյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ շտկել երկրում առկա բոլոր թերությունները, սակայն բավարար աշխատանքի արդյունքում հնարավոր է փոխել երկրին տրվող գնահատականը:

Լրագրողների հարցին, թե ինչպես են պատրաստվում նշել մարտի 1-ի զոհերի հիշատակը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց, որ կմասնակցեն միայն սգո արարողություններին, իսկ այն մարդիկ, ովքեր հանրահավաքին մասնակցելով ու այնտեղ իրենց տեսակետներն ու մտքերը արտահայտելով են ուզում նշել այդ օրը` թող այդպես վարվեն: Տիկին Բիշարյանը կարծում է, որ եթե ժողովրդի մի մասը ցանկանում է հանրահավաք անել, ապա այն պետք է արտոնել:

ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին մանրամասներ ներկայացրեց փետրվարի 23-25-ը Մինսկում կայացած ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի երրորդ նիստի աշխատանքներից: Նիստի օրակարգային հարցերից են եղել երկու երկրների համագործակցությունը միջազգային ատյաններում եւ երկու երկրների միջեւ էներգետիկ փոխգործակցությունը: Պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ հունիսին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնելու է Մինսկ, հոկտեմբերին Հայաստան է այցելելու Բելառուսի պատվիրակությունը, սպասվում է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ, իսկ ընթացիկ տարում հայկական մշակույթի օրեր են անցկացվելու Բելառուսում: Հրայր Կարապետյանն իրազեկեց, որ Բելառուսում հայկական պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հրայր Կարապետյանը հայտնեց, որ  Դաշնակցությունը Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները համարում է քաղաքական ընտրություններ եւ ակտիվ մասնակցելու է, սակայն ՀՅԴ-ի ընտրացուցակը դեռ որոշված չէ:

ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած զեկույցի առնչությամբ Հրայր Կարապետյանը չի կարծում, որ պետք է միանշանակ գնահատական տալ, թե ԱՄՆ դեպարտամենտը կամ միջազգային կառույցներն ունեն ամրագրված մոտեցում Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ: Ըստ նրա`  Հայաստանում ժողովրդավարության արմատավորմանը նպաստող քայլեր են իրականացվում. ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող քայլ է խորհրդային օրենսդրության իրավաբանական դրույթները օրենսգրքերից եւ օրենքներից հանելը:

Մարտի 1-ին  հանրահավաքի կայացումը պարոն Կարապետյանը պայմանավորեց նախաձեռնողի ցանկությամբ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը եւս, անդրադառնալով ԱՄՆ դեպարտամենտի եւ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության զեկույցներին, նշեց, որ ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցում արտահայտված են Հայաստանի քաղաքական օրակարգում հայտնի խնդիրներ: Պարոն Սաֆարյանի գնահատմամբ` ՀՀ քաղաքական ուժերի խնդիրը այդ ամենի նկատմամբ դիրքորոշում ունենալն է եւ մարտիմեկյան իրադարձություններից հետո վիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքում ԲՀԿ խմբակցության առաջարկների վերաբերյալ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իրազեկեց, որ իր առաջարկած փոփոխությամբ` պատգամավորները Ազգային ժողովի հաշվին կամ խորհրդարանի  անունից  գործուղումից վերադառնալուց հետո ամենաուշը 10-օրյա ժամկետում հրապարակային հաշվետվություն պետք է ներկայացնեն կատարած աշխատանքի վերաբերյալ: «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը նպատակահարմար է գտել, որ հաշվետվություն ներկայացնելը թողնել պատգամավորի հայեցողությանը:  Մինչդեռ  տիկին Զոհրաբյանը պնդելու է, որ հաշվետվության ներկայացումը կրի իմպերատիվ բնույթ: Այս համատեքստում տիկին Զոհրաբյանը նշեց, որ միգուցե այդ տարբերակով խորհրդարանը հնարավորություն կունենա իրազեկվելու, թե «Ժառանգություն» խմբակցության անդամ Րա‎ֆ‎‎ֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի միջոցների հաշվին ինչ կերպ է ներկայացնում ՀՀ շահերը միջազգային տարբեր ‎համաժողովներում, որոնց մասնակցության հարցով ինքը խորհրդարանի ռեկորդակիրն է:

Երեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վերջնական քննարկումներ կոալիցիայում չեն եղել, սակայն ԲՀԿ համագումարից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ կուսակցությունը առանձին է մասնակցելու ավագանու ընտրություններին: Տիկին Զոհրաբյանի հաղորդմամբ` քննարկումներ են ընթանում եւ առաջիկայում պարզ կլինի, թե ով է գլխավորելու ԲՀԿ ցուցակը: Պարոն Սաֆարյանը եւ տիկին Զոհրաբյանը տեղեկացրին, որ ԲՀԿ-ն առաջիկայում կներկայացնի Երեւանի զարգացման ծրագիր, որով էլ կմասնակցի ավագանու ընտրություններին: ԲՀԿ խմբակցության անդամ Արամ Սաֆարյանի խոսքով` կուսակցությունում ընտրական ցուցակը դեռ ճշտվում է, սակայն պարզ է, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի գլխավորի ցուցակը, քանի որ 3 տարվա Երեւանի գրանցում չունի, իսկ ինքը չի ցանկանում գլխավորել այդ ցուցակը:

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հանրահավաքը լինելու է օրենքի շրջանակներում: Արամ Սաֆարյանն էլ դեմ է մարտիմեկյան իրադարձությունները քաղաքական նկատառումներով շահարկելու եւ դիվիդենտներ շահելու մոտեցումներին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով մայիսին կայանալիք Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին, նշեց, որ դեռեւս  հստակեցված չէ, թե ով է գլխավորելու  ՀՀԿ  ցուցակը:

Գալուստ Սահակյանն  ասաց, որ խորությամբ չի ուսումնասիրել ԱՄՆ պետական դեպարտամենտի եւ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցները:

Անդրադառնալով ԱԺ  քառօրյա նիստերի  աշխատանքների լուսաբանմանը վերաբերող վերջին նորամուծությանը (ԱԺ նիստերի դահլիճին հարակից սրահներում տեղադրվել են մոնիտորներ իրենց համապատասխան սարքերով, որոնք հնարավորություն են տալիս 30 րոպե դահլիճում նկարահանելուց հետո  տեսանյութը ստանալ ուղիղ հեռարձակումով)` նշեց, որ այսօր խոսքի ազատությունից ավելի շատ զրկված են պատգամավորները, այլ ոչ թե լրագրողները: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ լինելով բազմաթիվ երկրներում` ինքը չի տեսել, որ լրագրողները պարտադիր մասնակցեն նիստի աշխատանքի ողջ ընթացքին: Պարոն Սահակյանի կարծիքով` կիրառվող բանաձեւը կատարյալ չէ, սակայն աշնանային նստաշրջանում ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն լրագրողների եւ օպերատորների համար:  Այստեղ խոսքի ազատության հետ կապված խնդիր պարոն Սահակյանը չի տեսնում:

Մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը ՀՀԿ խմբակցության ղեկավարը   համարեց շահարկում` հավելելով, որ զոհվածների հիշատակին ոչ թե հանրահավաք են անցկացնում, այլ գոնե կազմակերպում են հուշ երեկո: Պարոն Սահակյանը չի քննադատում ընդդիմության կազմակերպած հանրահավաքը: Ըստ նրա` ՀՀԿ-ն  մարտի 1-ին կանի այն, ինչ անում է նման դեպքերում յուրաքանչյուր հայ:


27.02.2009
Կյանքից հեռացավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելիքս Ղուշչյանը
58 տարեկան հասակում  կյանքից անժամանակ հեռացավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելիքս Երվանդի Ղուշչյանը: Որպես փորձառու իրավաբան եւ հմուտ կազմակերպիչ նրան է վստահվել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am