National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
20.02.2009
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը


Փետրվարի 20-ին  տեղի ունեցան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը`   հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Մելիքյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագիծը, որը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նախարարը նշեց, որ օրինագծի ընդունման նպատակն է ուժեղացնել վերահսկողությունը ՀՀ տարածքում գործող առեւտրի օբյեկտներում` իրացվող հացի քաշի եւ հացի արտադրամասերում` արտադրվող հացի որակի նկատմամբ: Ըստ Արամայիս Գրիգորյանի` օրենսգրքի 238-րդ հոդվածը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության կառուցվածքին, քանի որ նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասու են ոչ բոլոր պետական տեսուչները, որի հետեւանքով առաջանում են բազմաբնույթ խնդիրներ: 

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միշա Ստեփանյանն առաջարկեց կոնկրետացնել խախտումների ժամանակ տուգանքի չափը: 

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի չորրորդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հեղինե Բիշարյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Սուքիաս Ավետիսյանի ներկայացրած որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի վերջնական եզրակացությունն առավել ամբողջականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված առաջարկվում է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչեւ 2009 թ. սեպտեմբերի 15-ը:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանն առաջարկեց հանձնաժողովին դրական եզրակացություն տալ որոշման նախագծին:

Որոշման նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորներին ներկայացրեց գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը հարակից զեկույցում առաջարկեց դրական եզրակացությամբ օրինագիծը ներկայացնել խորհրդարանի քննարկմանը:

Օրենքի նախագիծը, ստանալով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը եւս քննարկվեց առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը նշեց, որ նախագիծը նպատակ ունի վերացնել օրենքի նորմերի միջեւ ներքին հակասությունները, տարընթերցումները եւ անհստակությունները, նպաստել օրենքի գործողության ընթացքում բացահայտված գործնական խնդիրների լուծմանը, օրենքով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթների հեշտացմանը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամկետների կրճատմանը:
 
Հարակից զեկուցող Զարուհի Փոստանջյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ օրենսդրական նախաձեռնության ընդունմանը:

Ստանալով հանձնաժողովի դրական եզրակացությունը` քննարկված օրենքի նախագիծը եւս կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Ավետ Ադոնցի, Արծրունի Աղաջանյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց Դավիթ Հարությունյանը: Տեղեկացվեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի եւ այլ պաշտոնատար անձանց ու փորձագետների հետ: Նշվեց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու եւ քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու անհրաժեշտությամբ: Պարոն Հարությունյանի գնահատմամբ` գործող «ՀՀ քրեական օրենսգրքի» 300 հոդվածը` «Իշխանությունը յուրացնելը», հակասական է, տպավորություն է ստեղծվում, որ կա Սահմանադրությամբ նախատեսված ձեւ իշխանությունը բռնությամբ զավթելու համար, պարզ չէ, թե ո՞ր իշխանության մասին է խոսքը: Աշխատանքային խումբը որոշել է իշխանությունը յուրացնելը դիտարկել իշխանությունը ստանձնելը կամ իշխանությանը տիրանալը: Որոշվել է «Իշխանությունը յուրացնելը» հոդվածից հանել սահմանադրական կարգը տապալել եւ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ հանցակազմերը: Հստակեցվել է իշխանական մարմինների ցանկը, որոնց սահմանադրական լիազորությունների մասին կարող է խոսք լինել, քանի որ ցանկացած մարմնի լիազորություններ չէ, որ պետք է համարվի իշխանության յուրացում: Որոշվել է իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը պատժել ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով: Տեղեկացվեց, որ պատժամիջոցների մասով փոփոխություններ չեն կատարվել: Իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելն է: Այս շարքից հանվել է Սահմանադրական դատարանը, քանի որ ՍԴ-ի լիազորությունները մեկ օրվա ընթացքում չեն դադարում:

Աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն իրազեկեց, որ թեեւ աշխատանքային խումբը փոփոխություններ է առաջարկել, սակայն քաղաքական կոալիցիան նպատակահարմար  է գտել  «ՀՀ քրեական օրենսգրքի» 225-րդ հոդվածի 1, 2 եւ 4-րդ մասերը թողնել անփոփոխ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ հոդվածային մյուս փոփոխություններին:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գագիկ Մինասյանի, Վարդան Բոստանջյանի, Ստեփան Ասլանյանի, Բագրատ Սարգսյանի եւ Արա Հովհաննիսյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցման ներկայացրեց Դավիթ Հարությունյանը: Նշվեց, որ օրինագծերը մշակել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2008 թ. հոկտեմբերի 16-ի թիվ 61 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը: Առաջարկվող  փոփոխություններն ու լրացումներն ուղղված են Ազգային ժողովի գործունեության արդյունավետության բարձրացմանը, քննարկվող հարցերի ներկայացման, քննարկման կարգերի ու ընթացակարգերի հստակեցմանը, Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանման խնդրահարույց հարցերի կանոնակարգմանը, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունների պարզեցմանը:
 
Օրենսդրական փաթեթը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ 60 օրով հետաձգվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը, իսկ մինչեւ 30 օրով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումները:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին  գործերի մշտական հանձնաժողովի նիստում, Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկվեց  կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում  փոփոխություն կատարելու  մասին» օրինագիծը:

ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սարգիս Մնացականյանի խոսքով` վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսվում է պատասխանատվություն`  մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի  ապօրինի շրջանառությունն  առանց իրացնելու նպատակի  եւ առանց բժշկի նշանակման  թմրամիջոցների կամ հոգեմետ նյութեր գործածելու համար: Նշվեց, որ օրենսդրորեն ամրագրված չէ, թե  նշված վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերը  ո՞ր լիազորված մարմինը պետք է քննի: Ըստ նրա` ներկայացված օրինագծի ընդունման դեպքում  նշված իրավախախտումներով գործերի քննությունը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը:
         
Օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: 

Հանձնաժողովը մինչեւ 30 օրով հետաձգեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի  քննարկումը, իսկ մինչեւ  60 օրով` «Զենքի մասին» ՀՀ օրենքում  լրացում եւ փոփոխություններ  կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին» եւ  «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Մխիթար Մնացականյանի նախագահությամբ, որոշեց  մինչեւ 30 օրով հետաձգել  ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Արծրունի Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը` հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի նախագահությամբ, քննարկեց  եւ դրական եզրակացություն տվեց  օրակարգում ընդգրկված բոլոր օրենսդրական նախաձեռնություններին` բացառությամբ մեկի:

Խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Ակցիզային հարկի մասին» օրենքում: Տարեվերջին կառավարության առաջարկով ներմուծվող որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկերը շեշտակի բարձրացվել էին: Հեղինակներն առաջարկում են մի քանի ծածկագրերի  ապրանքների` մասնավորապես գարեջրի,  խաղողի եւ այլ գինինիերի, սպիրտային խմիչքների, ինչպես նաեւ ծխախոտի  արդյունաբերական փոխադրիչների, հում նավթի ու նավթամթերքի  համար մեղմել այդ բարձրացումը` ամրագրելով ավելի փոքր դրույքաչափ: Տարեվերջին ընդունված օրենքով սահմանած  դրույքաչափերը պետք է գործեն մարտի 1-ից: Հեղինակները մտավախություն ունեն, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում  բարձրացված դրույքաչափերը կհանգեցնեն ներմուծման ծավալների կրճատմանը, ինչն էլ իր հերթին` բյուջետային մուտքերի նվազմանը: ալուստ Սահակյանը փաստեց, որ  դրույքաչափերը հաշվարկելիս պահպանվել է ներքին արտադրողին  խթանելու սկզբունքը: Հանձնաժողովի անդամներից ոմանք մտահոգված էին օրենքները հաճախակի փոփոխելու գործելակերպից: Գալուստ Սահակյանի կարծիքով` համաշխարհային ֆինանսական ճգնաժամը թելադրում է նոր պայմաններ, որոնք էլ կարող են տարբեր օրենքների փոփոխությունների համար հիմք հանդիսանալ: Հարցը նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու կներկայացվի առանց հանձնաժողովի դրական եզրակացության:

Քառօրյա նիստերի օրակարգի նախագծում  ընդգրկելու համար ներկայացված եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած` «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծն ստացավ դրական եզրակացություն: Համահեղինակ Արման Սահակյանը ներկայացրեց երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ կատարված լրամշակումները: 

Քննարկված հաջորդ հինգ օրինագծերը ներկայացրեց ՀՀ  էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
 
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով կառավարությունը նախատեսում է Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագրի համար սահմանել տարբերակված դրույքաչափեր` կախված այցելության օրերի քանակից: Նախարարի ներկայացմամբ` ավելացվում  է նաեւ նոր հոդված, որով սահմանվում են զբոսաշրջության բնագավառում լիցենզիա տրամադրելու  համար պետական տուրքերը:
 
«Պետական տուրքի մասին» օրենքում մեկ այլ փոփոխությամբ գործադիր իշխանությունն  առաջարկում է հանել կնիք  ունենալու համար պետական տուրք նախատեսող կետը: Սա պայմանավորված է նրանով, որ կառավարությունն ընդհանրապես նախատեսում է վերացնել կազմակերպությունների`  կնիք ունենալու պարտադիր պայմանը:  Ներսես Երիցյանի տեղեկացմամբ` միայն յոթ երկրներում է այս պայմանը պարտադիր: Նախարարը  նշեց, որ օտարերկրյա ներդրումների համար այս պայմանը հաճախ է խնդիրներ առաջացնում:
 
«Շահութահարկի  մասին»  եւ  «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն խթանել ձեռագործ գորգերի արտադրությանը: Նշված երկու հարկատեսակներից ձեռագործ գորգագործությունն ազատելով` կառավարությունը հույս ունի ժողովրդական այս արհեստով զբաղվողների համար բարենպաստ  պայմաններ ու արտահանման հնարավորություն ստեղծել: Ներքին եւ արտաքին շուկաների որոշ գործընթացներով պայմանավորված` ոլորտի ընկերությունները կանգնել  են փակվելու վտանգի առաջ: Ներկայացված տեղեկանքի համաձայն`  ձեռագործ գորգագործությամբ այսօր զբաղվում է 800 մարդ:
 
«Ավելացված  արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագիծը էկոնոմիկայի նախարարը նույնպես դասեց հակաճգնաժամային միջոցառումների ցանկին: Առաջարկվում է  որոշ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիննների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների ժամկետը հետաձգել մինչեւ 3  տարով այն դեպքում, եթե  ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կամ ներդրումային փաթեթը կազմում կամ գերազանցում է 300 մլն. դրամը:  ործադիրի այս քայլը միտված է ներդրումներն ավելացնելուն եւ ժամանակավոր միջոցառում է. դրույթը կգործի մինչեւ 2011 թ.:
 
ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն նախաձեռնելով եւ մաքսատուրքի դրույքաչափերը համաչափորեն բարձրացներով` կառավարությունը նպատակ ունի պաշտպանել տեղական արտադրողին, միաժամանակ լուծել ֆիսկալ խնդիրներ: Առաջարկվում է բարձրացնել ոչ հումքային ապրանքատեսակների մաքսատուրքերը: Կառավարությունն ակնկալում է այս փոփոխությունների արդյունքում պետբյուջեն համալրել 12 մլրդ. դրամով: Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ` դրույքաչափերի վերանայումը սննդամթերքի գների վրա էական ազդեցություն չի ունենա: Սննդամթերք ներկրվում է հիմնականում Ռուսաստանից, որի հետ  գործում է ազատ առեւտրային ռեժիմ եւ ներմուծման պայմանները չեն փոխվում:  Նա նաեւ նշեց, որ համաշխարհային շուկաներում  նկատվում է գնանկում:

Վերոնշյալ օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ  կընդգրկվեն ԱԺ գարնանային նստաշրջանի եւ քառօրյա  նիստերի օրակարգերի նախագծերում :


20.02.2009
Ազգային ժողովի պատվիրակությունը այցելեց շփման գոտի
Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ պաշտպանության նախարարի եւ բանակի հրամանատարական կազմի հետ:ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատվիրակությանը ծանոթացրեց պ...

20.02.2009
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
    Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ փետրվարի 23-26-ի   ԱԺ չորսօ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am