National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
18.02.2009
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ  ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի  մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը: 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը հանձնաժողովի քննարկմանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը 1 մլն հեկտարից ավել պետական սեփականություն հանդիսացող հողերի բաշխումն է համայքների միջեւ: Պարոն Վարդանյանը նշեց, որ բաշխվում են բացառապես պետական սեփականություն հանդիսացող հողերը. որեւէ համայնքից այլ համայնքի հողեր չեն հատկացվելու: Որոշ դեպքերում կատարվել է հողատարածքների փոխանակում: 

Անդրադառնալով վարձակալության տրված հողակտորների հարցին` պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ դրանք կմնան վարձակալողի տրամադրության տակ մինչեւ վարձակալության վերջնաժամկետը լրանալը:  Նախատեսվում է վարչատարածքային բաժանման գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ: Կանխատեսվում է, որ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավորություն կտա  ոչ միայն արդյունավետ կազմակերպել առկա հողային ֆոնդի կառավարումը, այլեւ զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի եւ գույքահարկի, ինչպես նաեւ` հողերի օտարումներից գոյացած միջոցների հաշվին:

Օրինագծի քննարկմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը եւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը:

Օրինագիծը դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը` նշելով, որ գործող օրենքն ընդունվել է 12 տարի առաջ եւ  ունի որոշակի թերություններ: Ներկայացված նախագիծը մշակվել է` հաշվի առնելով առավել շատ  գործոններ, որոնք թույլ կտան տարբերակված մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր համայնքի նկատմամբ եւ ըստ այդմ տրամադրել ֆինանսական դոտացիա:  Ինչպես հարակից զեկույցում նշեց հանձնաժողովի անդամ Արայիկ Հովհաննիսյանը, նոր համակարգը որոշակի համայնքների, օրինակ`  բարձրադիր գոտում գտնվող, հնարավորություն կտա ավելի շատ ֆինանսական դոտացիա ստանալ: Նշվեց նաեւ, որ տրվող դոտացիաների չափը պակաս չի լինի միչ այժմ տրվող դոտացիաների չափից:

Զեկուցողները տեղեկացրին, որ կազմակերպվել են եւ առաջիկայում էլ կկազմակերպվեն քննարկումներ հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ անձանց մասնակցությամբ:

Օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն եւս կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի նախագծերի օրակարգերում:

Հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց նաեւ կառավարության ներկայացրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է տեղական հարկերի համաքագրման նոր մեխանիզմին: Տեղական հարկեր են սահմանվում անշարժ գույքի հարկը, համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի հարկի համար, փոխադրամիջոցների գույքահարկը, հյուրանոցային հարկը, վաճառքի հարկը, անավարտ շինարարության հարկը, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկը, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկը, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկը, տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկը եւ հանրային տարածքների զբաղեցման հարկը: Տեղական հարկատեսակները, ինչպես սահմանում է նախագիծը, որպես եկամուտ` ամբողջությամբ կամրագրվեն այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում այն ձեւավորվում է:

Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:


18.02.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի ԼՂՀ
Փետրվարի  19-ին երկօրյա  պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կմեկնի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am