National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
04.02.2009
Հայոց ազգային ինքնության տոն` պատգամավորների առաջարկով

Ազգային ժողովը փետրվարի 4-ին, շարունակելով քառօրյա նիստերի աշխատանքը, քվեարկությամբ ընդունեց  նախորդ նիստերում քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:  

Վարդան Բոստանջյանը օրենսդիրների գնահատմանը ներկայացրեց չորս պատգամավորների հեղինակած` «Իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են  համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածը Սահմանադրության 70-րդ հոդվածի հետ` օրենքում ամրագրելով  Ազգային ժողովի նախագահի` որոշումներ կայացնելու եւ կարգադրություններ կատարելու լիազորությունը: Թե Սահմանադրությամբ, թե Ազգային ժողովի կանոնակարգում նախատեսված է, որ խորհրդարանի ղեկավարն է հրավիրում արտահերթ նիստ կամ նստաշրջան, մինչդեռ  «Իրավական ակտերի մասին» օրենքով օրենսդիր մարմնի ղեկավարին վերապահված չէ  որոշման կամ կարգադրության իրավունք: Փոխարենը համանման իրավասություն է սահմանված գործադիր ոլորտի ղեկավարի համար:   Վարդան Բոստանջյանն առաջարկում է լրացնել այս բացը, ինչպես նաեւ   լիազորել արդարադատության նախարարությանը, որ նա օրենքների վերահրատարակման   ժամանակ հակասահմանադրական դրույթներն ուժը կորցրած ճանաչի: Պատգամավորների նախաձեռնության մասին  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արտակ Դավթյանը: Վերջինս հանձնաժողովի անունից առաջարկեց փոփոխություն կատարել նաեւ ԱԺ  կանոնակարգի 18-րդ հոդվածում:  

ՀՅԴ խմբակցության պատգամավորներն էլ առաջարկում են լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում: Խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ` լրացման նպատակը պետական խորհրդանիշներից մեկի` զինանշանի հնարավոր ձեւախեղումն ու անարգումը կանխելն է: Պատգամավորները գտնում են, որ օրենքով պետք է արգելվի զինանշանի պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաեւ գույների փոփոխությունը:  Առաջարկվում է նաեւ ամրագրել, որ տեղական ինքնակառավարման մարմինների  զինանշանները կամ կազմակերպությունների    խորհրդանիշները չեն կարող շփոթության աստիճան նման լինել ՀՀ զինանշանին:    Նախագծի համահեղինակը նշեց , որ առաջինից երկրորդ ընթերցումների միջեւ ընկած ժամանակահատվածում  կնախատեսեն օրենքի խախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմեր: Գլխադասային հանդիսացող`  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությունը դրական է գնահատել, ինչի մասին տեղեկացրեց հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավորների մեկ այլ նախաձեռնություն վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքին: Պատգամավորները, մասնավորապես Արծվիկ Մինասյանը, առաջարկում են  օգոստոսի 11-ը նշել որպես հայոց ազգային ինքնության տոն` դրան նախորդող հինգ օրերին` Նավասարդյան տոներին համահայկական միջոցառումներ կազմակերպելով: Ներկայացված տեղեկանքի համաձայն` խմբակցությունը որպես ազգային ինքնության տոն ընտրել է օգոստոսի 11-ը, քանի որ, մատենագիրների վկայությամբ, Ք.ա. 2492 թ. հենց այդ օրն  է Հայկ նահապետը  հաղթանակ տարել` հանուն ազգի ազատության: Այդ օրն է համարվում Հայոց Բուն տոմարի մեկնակետը, ինչն արտացոլված է նաեւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու օրացույցում:   

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը: 

Ազգային ինքնության տոն հռչակելու` հեղինակների  ձեւակերպումները ունեցան նաեւ ընդդիմախոսներ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը դեմ է նախաձեռնությանը եւ կարծում է, որ ազգային ինքնությունն ու ապագան չպետք է կապակցվի  հեթանոսության (Նավասարդյան տոների) հետ: Ավելի ուշ, խմբակցության անունից ելույթ ունենալով, «Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանը  նկատեց, որ հեթանոսությունն ու քրիստոնեությունն այնքան են միախառնվել  միմյանց, որ անհնար է դրանք տարանջատել: Պատգամավորը պարզապես առաջարկում է խիստ բծախնդիր եւ ճշգրիտ լինել ազգային ինքնության օր ընտրելիս` հատկապես որ նա    Հայկի ե Բելի  միջեւ պատերազմը համարում է ոչ թե ազգերի, այլ քաղաքակրթությունների բախում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքերով` քննարկումների ընթացքում արհեստականորեն հեթանոսական արժեքները հակադրվեցին քրիստոնեականին: Մինչդեռ խնդիրը պարզ էր. որպես ինքնության տոն ամրագրել հայերի տարած առաջին հաղթանակի օրը:  Ըստ Վահան Հովհաննիսյանի,  ինքնության այս  վերահաստատումը խիստ այժմեական է, այն անհրաժեշտ է այս սերունդին: 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենք ոչ միայն կողմ են այս նախաձեռնությանը, այլ ստորագրում են դրա տակ: Նրա բնորոշմամբ` ազգային ինքնությունը չկորցելու արդյունքում է հաջողվել հայ մնալ, եւ սա պետք է լինի ազգային գաղափարախոսություն:

Նիստը նախագահող` Աժ փոխնախագահ Հրայր Կարապետյանն էլ նկատեց, որ քննարկվող նախագիծը չի կարող քրիստոնեության եւ հեթանոսության թեմայով վեճի առիթ հանդիսանալ:

Օրակարգային հաջորդ հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:  Նա երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորներին ներկայացրեց օրվա սկզբին առաջին ընթերցմամբ ընդունված` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում»  փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:   Թեեւ առաջին ընթերցումից հետո պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, բայց կառավարության ներկայացուցիչը նրանց ելույթների հիման վրա որոշ լրամշակումներ է կատարել: Մասնավորապես  ամրագրվել է, որ  ամբաստանյալի բացակայությամբ անցկացվող քննության դեպքում դատարանը չի ընդունում  պաշտպանից ամբաստանյալի  հրաժարումը եւ նախատեսված կարգով նշանակում է  պաշտպան կամ պահպանում է նշանակված  պաշտպանի լիազորությունները: Նաեւ սահմանվել է, որ ամբաստանյալը նիստերի դահլիճից կարող է հեռացվել մինչեւ 10 օրով: Հարցի վերաբերյալ հնչեց երեք ելույթ: Վիկտոր Դալլաքյանի տեսակետով` հարկավոր է բացառել   քաղաքական գործընթացները քրեականացնելու փորձը, ինչը, նրա կարծիքով, բնորոշ է  նորանկախ Հայաստանին: Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ամբաստանյալները պետք է ունենան վճիռները բողոքարկելու հնարավորություն: Զարուհի Փոստանջյանն էլ անդրադարձավ մարտի մեկի իրադարձություններին, մասնավորապես «7-ի գործին»` նշելով կալանավորվածներին ազատ արձակելու անհրաժեշտությունը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը  ներկայացրեց իրենց բացասական  գնահատականը կառավարության նախաձեռնության վերաբերյալ: Նրա  խոսքերով,  դատական իշխանությունն այսօր հանդիսանում է գործադիրի կցորդը: Զգալի միջոցներ են ներդրվել դատական համակարգի բարեփոխումների նպատակով, բայց` անօգուտ: 

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ներկայացրեց  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով  նկարագրվում են  Երեւան քաղաքի  սահմանները:  ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, նախագծին դրական եզրակացություն է տվել:

Հաջորդ նիստում պատգամավորները քննության առան խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամների հեղինակած մեկ այլ լրացում «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ եւ զեկուցող Արմեն Աշոտյանը, Հայաստանն անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների, մինչդեռ միջազգային օրերն ու տոները նշվում են քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ: Այս նախագծով հեղինակներն առաջարկում են պաշտոնական բնույթ հաղորդել այդ օրերին` ավանդական եւ  եկեղեցական տոների կողքին օրենքով ամրագրելով նաեւ միջազգային օրեր:

ԱԺ կանոնակարգի համաձայն` քառօրյայի երրորդ օրվա վերջին նիստում կայացավ պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ հարցուպատասխան:


  


04.02.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցում է եւ դատապարտում
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի  հարազատներին` նրա վաղաժամ եւ ողբերգական մահվան կապակցությամբ:            Խստորեն դատապարտելով  կատարվածը` դիմում եմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am