National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
03.02.2009
Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը
Փետրվարի 3-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ համաձայնագիրը, բացառությամբ «Մարդու օրգաններ եւ /կամ/  հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախագծի փաթեթի, որը հեղինակել են պատգամավորներ Արա Բաբլոյանը եւ Կարեն Ավագյանը: Օրինագիծը քվեարկության կդրվի ԱԺ փետրվարի 4-ի նիստում:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը   առաջին ընթերցմամբ   քննարկման ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն  եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը, ինչպես ասաց նախարարը, առաջացած մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունն է: Մասնավորապես, առաջարկվում է դատական օրենսգրքում կատարել փոփոխություն եւ զենք կրելու իրավունք տալ դատական կարգադրիչներին: Գործող օրենսդրությամբ` դատական կարգադրիչներն ինքնապաշտպանության նպատակով կարող են ունենալ ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ: Սակայն, նշեց  արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, դատական կարգադրիչների վրա դրված են այնպիսի գործառույթներ, որոնց լիաժեք իրականացումը կապված է զենք կիրառելու իրական հնարավորության հետ, այդ առումով զենք հատկացնելը պետք է համարել իրավաչափ:

Ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունում հատուկ ծառայությունների փորձը ցույց է տալիս, որ հրազենի առկայությունն առանձին դեպքերում պարտադիր է, հակառակ դեպքում` վտանգվում են մարդկանց կյանքը եւ առողջությունը: Ըստ նախագծի, զենք կրելու իրավունք կունենան այն դատական կարգադրիչները, ովքեր իրականացնում են արտաքին պահպանության եւ ներքին անվտանգության գործառույթներ:

Այլ փոփոխությամբ սահմանվում է, որ դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը: Մեկ այլ փոփոխության համաձայն` կբարձրացվի դատական կարգադրիչների կարգավիճակը:
 
Օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին մի խումբ պատգամավորներ: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` միշտ չէ, որ միջազգային փորձը հարիր է հայ իրականությանը:  Ըստ նրա, անհրաժեշտություն չկա, որպեսզի դատական կարգադրչները զենք կրելու իրավասություն ունենան: Այս տեսակետը կիսում էր Լարիսա Ալավերդյանը: Նրա կարծիքով,  այսօր փորձ է արվում ստեղծել ուժային այլ կառույց: Օրինագծի վերաբերյալ իր բացասական վերաբերմունքը ներկայացրեց  նաեւ Վարդան Խաչատրյանը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նշելով, որ խոսքն ընդամենը դատական շենքի պահպանությանն է վերաբերում, եւ պետք չէ քննարկումն այլ ուղղությամբ տանել: Պարոն Սահակյանն ընդգծեց, որ փաթեթը որեւէ կապ  չունի այսօրվա քաղաքական իրադրության հետ: Խմբակցության ղեկավարը իրազեկեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված նախագծին:

Ամփոփելով քննարկումը` հիմնական զեկուցող Գեւորգ Դանիելյանը եւս նշեց, որ ներկայացված փոփոխությունները պայմանավորված չեն այսօրվա քաղաքական իրադրությամբ. նախագիծը պատրաստվել է մոտ մեկուկես տարի առաջ եւ հնարավոր չէր այդ ժամանակ կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում: Նա շեշտեց, որ առաջարկվող փոփոխությունները բխում են իշխանությունների տարանջատման սկզբունքից, ինչն էլ ենթադրում է, որ ոստիկանությունը չի կարող իրականացնել վերոնշյալ գործառույթները:

Խորհրդարանը քննարկեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական  դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

Պարոն Դանիելյանը նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են ներկայումս իրականացվող դատաիրավական բարեփոխումներով, որոնց նպատակը դատական համակարգի անկախությունն է եւ ինքնակառավարման սկզբունքի ամրապնդումը, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը եւ համապատասխանեցումը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականներից բխող չափանիշներին: Նախատեսվում է նաեւ լուծարել գործող մասնագիտացված քաղաքացիական եւ քրեական դատարանները, յուրաքանչյուր քաղաքացու  համար ապահովել արդարադատության մատչելիությունը:  Մեկ այլ փոփոխություն հնարավորություն կընձեռի շարունակել դատավարությունը նույնիսկ այն դեպքում, երբ դատարանի դահլիճից հեռացվում է ամբաստանյալը: Այս պարագայում դատարանում պետք է գտնվի պաշտպանը, որի ներկա չլինելու դեպքում դատարանն ինքը կարող է նշանակել պաշտպան:  Արդարադատության նախարարը նշեց, որ փորձ է արվում գտնել իրավական լուծում եւ իրականացնել անհարկի ձգձգվող դատավարությունները: Նշվեց, որ  նախագիծը գրվել է հինգ ամիս առաջ եւ կապ չունի ներկա իրավիճակի հետ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արտակ Դավթյանը: Ներկայացված փոփոխությունների վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը արտահայտեցին պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Մի հարցում նրանք միակարծիք էին` դատավարության ընթացքում ամբաստանյալի ներկայությունը պարտադիր է. ըստ Զարուհի Փոստանջյանի, ամբաստանյալի բացակայությամբ դատավարության անցկացումը հ ակասում է մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին:  Այս եւ պատգամավորների հնչեցրած այլ կարծիքներին ամփոփիչ ելույթում անդրադարձավ եւ սպառիչ պարզաբանումներ տվեց ա րդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

Գեւորգ Դանիելյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկեցին նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացված էր առաջին ընթերցման ընթացակարգով:

Օրվա վերջում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Խաչիկ Պետրոսյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Արծրունի Աղաջանյանի հեղինակած «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

ԱԺ կանոնակարգի համաձայն, վերջին նիստի մեկ ժամը տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:

03.02.2009
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանն Ազգային ժողովում
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Ողջունելով դեսպանին`  ՀՀ Աժ նախագահը ընդգծեց երկու երկրների միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը, կար...

03.02.2009
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 3-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Արտյուշա Շահբազյանի նախագահությամբ, քննարկեց ԱԺ գարնանային նստաշրջանի փետրվարի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am