National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
05.10.2006
Խորհրդարանը քննարկեց Կոռուպցիայի դեմ կոնվենցիան

Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում շարունակվեցին նախորդ օրն ընդհատված 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու-Յորքում ստորագրված Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի քննարկումները: Կոնվենցիայի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին Վիկտոր Դալլաքյանը, Թաթուլ Մանասերյանը, Արշակ Սադոյանը: «ՄԱԿ» խմբակցության տեսակետը ներկայացնելով` խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը անհրաժեշտ համարեց կոնվենցիայի վավերացումը, կարեւորելով կոնվենցիայի այն դրույթներըորոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին եւ դրա առավել արդյունավետ կանխարգելմանը, որոնք խրախուսում են պաշտոնյաների ազնվությունն ու անկաշառությունը, ինչպես նաեւ հանրային գործերի եւ հանրային սեփականության պատշաճ կառավարումը: Պարոն Արսենյանը նշեց, որ կոռուպցիոն դրսեւորումները քայքայում են հասարակության հիմքերը: Կոռուպցիայի դեմ չպայքարող հասարակությունը, ըստ պարոն Արսենյանի,դատապարտված էեւ կորցնում է սերունդներ:«Արդարություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղարԳրիգոր Հարությունյանը: Նա կարեւորեց կոնվենցիայի վավերացումը` նշելով,որ ճիշտ կլիներ կոնվենցիան վավերացնել ավելի շուտ, 2003թ-ին, երբ այն ստորագրվել էր: Նրա համոզմամբ կոնվենցիայի վավերացումը հնարավորությունէ ընձեռում իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված արդյունավետ ու համակարգված քաղաքականություն, ուժեղացնել եւ անկախացնել դատական համակարգը:

Այնուհետեւ պատգամավորներին ներկայացվեց «Երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին», «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին», «Մշակութային ինքնաարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» կոնվենցիաները:

ՄԱԿ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանը գործընկերներին ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծով առաջարկում է մեղմացնել ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ ընդգրկելու կամ սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու համար սահմանված պատժամիջոցները: Հեղինակները գտնում են, որ նոր համակարգի ներդրումը, անփորձությունն ու անիրազեկությունն են հաճախ խախտումների պատճառ հանդիսանում:

Օրակարգային հարցերից մյուսը վերաբերում էր հարկային ոլորտին` «Հարկերի մասին» օրենքում եւ եւս չորս օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին փաթեթին: Ինչպես ներկայացրեց հիմնական զեկուցող հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, նախագծերի ընդունումը պայմանավորված է կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց առնչվող հարցերի կատարելագործմամբ, նրանց համար «չհարկվող շեմ»-ի սահմանմամբ, շինությունների հարկվող շրջանառության հստակեցմամբ: Ներկայացվող նախագծերի փաթեթով առաջարկվում է կառուցված շենքի օտարվող տարածքների 10 տոկոսն առանց հարկման տնօրինել` անձնական, ընտանեկան կարիքների եւ ժառանգներին փոխանցելու համար: Զեկուցողը նշեց, որ հարկատուի համար օտարվող տարածքների հարկման հիմք է ընդունվել գործարքի արժեքը, որը չի կարող պակաս լինել գույքահարկով  որոշվող արժեքից:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը օրինագծերի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն առաջին ընթերցման ներկայացրեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» օրենքի նախագիծը, որով ժամանակավորապես կկասեցվի մեկ տարվա ընթացքում ՀԴՄ կիրառելու կարգը կրկնակի խախտող տնտեսվարողների գործունեությունը: Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ օրինագծով նախատեսվող աշխատանքային երկօրյա ժամկետը բավարար է մինչեւ գործունեության կասեցումը: Սահմանվել է նաեւ պատասխանատվություն այն դեպքում, երբ կասեցման մասին որոշմամբ սահմանված ժամկետում տնտեսվարող սուբյեկտը կիրականացնի կասեցված գործունեություն:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հարակից զեկույցում փաստեց, որ օրինագիծը նպատակ ունի բարձրացնել հարկերի հավաքագրման ցուցանիշները: Պարոն Մինասյանը կարեւորեց հարկային կարգապահության բարձրացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով, որը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Նշվեց, որ վարչական պատասխանատվության ինստիտուտը վերակագնելու համար նպատակահարմար է վերանայել պատասխանատվության միջոցները, քանի որ դրանք անհամաչափ են տվյալ արարքների վտանգավորության աստիճանին, անհարկի են տարբերակված նույնաբնույթ արարքների համար սահմանված պատժամիջոցները: Տեղեկացվեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով զինվորական հաշվառման կանոնների խախտումներով վարույթ իրականացնելու եւ տույժեր նշանակելու իրավասությունը մասամբ վերապահված է շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարներին, որպիսիք ներկայումս չկան, իսկ գործող զինվորական կոմիսարները չեն կարող փոխարինել նրանց: Զեկուցողի գնահատմամբ` զինվորական հաշվառման խախտումներին վերաբերող հոդվածները վերանայման կարիք ունեն, քանի որ չեն համապատասխանում պետական մարմինների կառուցվածքին, սոցիալ-տնտեսական համակարգին: Պարոն Դանիելյանի կարծիքով` վարչական պատասխանատվության ինստիտուտի կիրառումը անհրաժեշտ է, քանի որ այն ապահովում է զինվորական հաշվառման բնագավառի խնդիրների արդյունավետ լուծումը` ինչպես, օրինակ, կցագրման հստակ ընթացակարգը, համապատասխան հիվանդությամբ տառապող անձանց ճշգրիտ շրջանակը, զինապարտության մասին օրենսդրության իրազեկումը եւ այլն:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը հարակից զեկույցում տեղեկացրեց, որ կառավարությունը ընդունել է հանձնաժողովի անդամների առաջարկությունները: Հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

«Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին» օրինագիծը ներկայացրեց համահեղինակ Ռաֆիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ օրենքում կարգավորվում են միայն նախկին պատգամավորների կենսաթոշակային ապահովության եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության հարցերը` որպես կենսաթոշակային  ապահովման առավելագույն  չափ դիտվում է պատգամավորների պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսը: Ըստ պարոն Պետրոսյանի` կենսաթոշակային ապահովման ենթակա են  միայն պրոֆեսիոնալ հիմունքներով  աշխատած ԱԺ-ի  (1999 թվականից) պատգամավորները: Նա տեղեկացրեց, որ 1999 թվականից հետո մինչեւ այժմ նրանց թիվը ընդամենը 4-ն է:

Ներկայացնելով ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանությանհարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ` հանձնաժողովի անդամ Սամվել Շահգալդյանը նշեց, որներկայացված օրինագիծը չի հակասում հանրապետությունում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներին եւ սոցիալական արդարության սկզբունքներին: Օրինագծով որպես կենսաթոշակային ապահովման առավելագույն չափ առաջարկվում է պատգամավորների պաշտոնային դրույքաչափի 75%-ը, որը օրենքով սահմանված է դատավորների համար: Նրա խոսքովներկայացված օրինագիծը կարող էկարգավորել պատգամավորների կենսաթոշակային ապահովության առանձնահատկությունները եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության որոշ խնդիրներ:

Օրինագծի վերաբերյալ կառավարության  բացասական եզրակացությունը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Նա մատնանշեց կառավարության բացասական հիմնավորման երեք պատճառ` քաղաքական, իրավական եւ բարոյական: Պարոն Վարդանյանը նշեց, որ հանրապետությունում ընթացող կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում կենսաթոշակային ապահովության սկզբունքներից է սոցիալական արդարության սկզբունքը, երբ կենսաթոշակի չափը պետք է հիմնված լինի անձի աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած ապահովագրական վճարների չափի վրա: Այս ենթատեքստում օրինագիծը մերժելի է: Նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին» օրինագիծ, որով լուծվում են ոչ միայն պատգամավորների, այլեւ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների կենսաթոշակային ապահովության խնդիրները: Աղվան Վարդանյանի գնահատմամբ` երբ հանրապետությունում միջին կենսաթոշակը 11.000 դրամ է, բարոյական տեսանկյունից անընդունելի է պատգամավորների կենսաթոշակի ապահովումը պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի չափով սահմանելը, որը կազմում է շուրջ 225.000 դրամ: Նախարարն առաջարկեց հեղինակներին օրինագիծը հետաձգել կամ հանել օրակարգից:

Օրինագծի ընդունման վերաբերյալ հնչեցին դեմ եւ կողմ կարծիքներ: ԱԺ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանի կարծիքով` պատգամավորի աշխատավարձը բարձրանում է ոչ թե բարձր աշխատավարձի կամ կենսաթոշակի միջոցով, այլ հասարակության մեջ նրա դերի ու նշանակության բարձրացմամբ: Պարոն Ղոնջեյանը, ժամանակավրեպ համարելով օրինագծի ընդունումը, փաստեց, որ դեմ է նախագծին: Պատգամավոր Արշակ Սադոյանը անհարժեշտ համարեց օրինագծի ընդունումը:Կարեւորելով պատգամավորի անկախությունը, այն դիտարկեց խղճով եւ համոզմունքներով առաջնորդվելու հնարավորություն: Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ օրենքով պետք է ամրագրել պատգամավորի սոցիալական պաշտպանվածությունը եւ կենսաթոշակային ապահովումը, որը պատգամավորների նկատմամբ պետական հարգանքի առհավատչյա է: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը դեմ արտահայտվեց օրինագծին:

«Արդարություն» խմբակցության տեսակետը բարձրաձայնեց խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը` կարեւորելով օրինագծի ընդունման անհրաժեշտությունը:

Արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրեց 2005թվականի փետրվարի 24-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ 2005-2009 թվականների համագործակցության ծրագրի գործողությունների պլանը: Փոխնախարարը նշեց, որ գործողությունների պլանը նախատեսում է ապահովել Հայաստանի նկատելի առաջընթաց կայուն սոցիալական ուղղվածություն ունեցող տնտեսական աճի հիմքերի ապահովման, հաշվետու, թափանցիկ եւ արդյունավետ կառավարման հաստատությունների խթանման եւ բնական պաշարների հստակ կառավարման ապահովման հարցերում: Գործողությունների պլանի իրականացման նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կներդնի 25.272.000 ԱՄՆ դոլար, որի տաս տոկոսի չափով` առնվազն 2.500.000 ԱՄՆ դոլար, իր մասնակցությունը կբերի ՀՀ կառավարությունը:

Նիստում քննարկված օրինագծերը եւ միջազգային պայմանագրերը քվեարկության կդրվեն ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:


05.10.2006
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը Ստրասբուրգում
Հոկտեմբերի 4-ին եւ 5-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստի շրջանակներում ՀՀ Աժ նախագահ, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մի քանի հանդիպումներ ունեցավ:Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ ԵԽԽՎ-ում  Սերբիայի պատվիրակության ղեկավար Միլոշ  Ալիգրուդիչի հետ հանդիպման ընթացքում քննա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am