National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.7.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
04.07.2023
Հավատում եմ` Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ եւ կայուն. Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում
1 / 1

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը:  Լիագումար նիստում հուլիսի 4-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: 
  
«Տիկի'ն նախագահ,

Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ եւ կայուն, եթե տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան գտնել համակեցության բանաձեւ: Այս բանաձեւը կօգնի մեզ ապահովել եւ պաշտպանել մեր անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը:

Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է ուժեղ մանդատ` խաղաղություն բերելու իմ երկիր եւ հնարավոր դարձնելու խաղաղ համակեցության դարաշրջանն ապագա սերունդների համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում: Ավելորդ է ասել, որ հարեւանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Գործընթացի երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն դրան:

Ցավոք, Հայաստանի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել վեհաժողովին Վանկուվերի հռչակագրում իր դիրքորոշման համար:

Ինչպես արդեն ասացի, մենք պետք է գտնենք մեր բոլոր հարեւանների հետ համակեցության բանաձեւը, եւ այստեղ ես ուզում եմ ընդգծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը: Հայաստանն այս ամբողջ գործընթացի ընթացքում մի քանի դրական քայլեր է ձեռնարկել` ի ցույց դնելով իր անկեղծ հանձնառությունը երկու երկրների միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Մենք հուսով ենք, որ Թուրքիան նույնպես ավելի մեծ ջանքեր կներդնի եւ ավելի մեծ հանձնառություն կցուցաբերի դրան, որպեսզի մոտ ապագայում կարողանանք դրական արդյունքների հասնել: 
 
Մեր տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա, եւ բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` մենք շարունակելու ենք պահպանել խաղաղության մեր քաղաքական ուղեգիծը:

Հարգելի' գործընկերներ, կարծում եմ, որ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության եւ համագործակցության մասին այս զրույցը կկարողանանք շարունակել Հայաստանում կայանալիք աշնանային նստաշրջանի ընթացքում եւ ես ուրախ եմ բոլորիդ հրավիրել իմ երկիր:

Հուսով եմ, որ մինչ այդ մենք ավելի քիչ ռազմական գործողությունների եւ բռնությունների ականատես կլինենք ԵԱՀԿ տարածաշրջանում: Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը: