ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկին եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը:
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Շվեդիայի հետ գործակցությունը, հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ երկու երկրների միջեւ շփումների խթանման հարցում արժեւորել բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ սահմանին:
Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել հյուրերին «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կատարած աշխատանքի համար ու հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ է կրելու:
Շվեդիայի պատվիրակության անդամներին հատկապես հետաքրքրել է, թե ինչ դրական փոփոխություններ են վերջին տարիներին տեղի ունեցել Հայաստանում:
Այս համատեքստում Սարգիս Խանդանյանն անդրադարձել է դատական համակարգում կատարվող բարեփոխումներին, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը եւ դրա իրականացմանն ուղղված քայլերի կարեւորությանը:
Հանձնաժողովի նախագահը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը: Անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային փխրուն իրավիճակին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Խոսելով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին` նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի անհապաղ հանգուցալուծման եւ ԼՂ ժողովրդի անվտանգության ու իրավունքների իրացման անհրաժեշտությունը: