ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների՝ մասնավորապես անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող բանակցություններին եւ քննարկման դրված փաստաթղթի հնարավոր կետերին:
Պատգամավորի համոզմամբ չպիտի ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը կարող է Արցախը որեւէ կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում, էթնիկ փոքրամասնության կամ այլ կարգավիճակով արցախցիների հարցը քննարկել ադրբեջանցիների հետ խաղաղ համագոյակցության համատեքստում:
«Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում: Նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել, սպանություններ են իրականացրել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում եւ նրանց հետ խոսել խաղաղության մասին՝ աբսուրդ է: Հետեւաբար, չեմ կարող ասել՝ ինչ փաստաթուղթ պիտի լինի, բայց այդ փաստաթուղթը չպիտի պարունակի Արցախն Ադրբեջանի կազմում թեկուզ տեսական ձեւակերպում»,- ասել է նա:
ԱՄՆ-ն այդ բանակցությունների առաջընթացի մասին է խոսել, սա ի՞նչ կարող է նշանակել. լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը կարծիք է հայտնել, որ առաջընթացը վերաբերում է բանակցությունների կայացմանը: «Մեզ համար առաջընթաց կարող էր լինել, եթե կարողանայինք Արցախի ինքնորոշման հարցը ներառել այդ փաստաթղթում: Եթե մենք կարողանանք մեր միջազգային գործընկերների քաղաքական խոսույթը վերածել իրավական ձեւակերպումների, մենք կունենանք առաջընթաց: Ուրիշ առաջընթացի մասին ես չեմ կարող արձանագրել»,- նշել է պատգամավորը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերին, խոսել 44-օրյա պատերազմի հետեւանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության մասին, նշել, որ արդյունավետ չէ իշխանության կողմից այդ գործընթացի իրականացումը: Նա ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության տարեկան հաղորդման համատեքստում անդրադարձել է մարտի մեկի դեպքերի բացահայտմանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, եւ մինչ օրս այդ գործն ամբողջությամբ բացահայտված չէ:
Պատգամավորը տեղեկացրել է նաեւ իր նախաձեռնած ստորագրահավաքի մասին, որով աջակցություն է հայտնում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին: «Մենք պահանջում ենք, որ Բերձորի միջանցքից հեռացվի ապօրինի տեղադրված անցակետը, եւ վերանայվի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Մենք պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքների վրա»,- ընդգծել է Թագուհի Թովմասյանը: