National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում
1 / 3

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում: Ելույթը ներկայացվում է ամբողջությամբ.

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Երեկ Բելգրադում ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում եմ իմ սերբ գործընկերոջը եւ կրկին զորակցություն եմ հայտնում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, եւ մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի:

Չափազանց դրական է, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա անցավ ցամաքային սահմանով՝ մինչ այդ 30 տարի փակ Մարգարայի կամուրջով:

Նախորդ տարվանից Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց եւ չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթեւեկության, առեւտրի համար:

Գագաթնաժողովի հարգելի՛ մասնակիցներ, 30 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան իրականացնելու իրենց ժողովուրդների հույսերն ու ակնկալիքները եւ հաստատեցին իրենց վճռականությունը՝ օգտվելու բոլոր հնարավորություններից տարածաշրջանի երկրների միջեւ տարբեր ոլորտներում եւ մակարդակներում համագործակցության ընդլայնման համար: Այսօր էլ այդ ակնկալիքները մնում են նույնքան արդիական:

Որպես կազմակերպության հիմնադիր անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Վեհաժողովի ներուժի լիարժեք օգտագործմանը՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու եւ կանոնադրական նպատակներն արդյունավետ իրականացնելու համար:

Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ-ի եւ Խորհրդարանական վեհաժողովի միջեւ ավելի սերտ համակարգումը, ինչը կնպաստի նրանց միջեւ ավելի ամուր փոխգործակցության կառուցմանը: Հաշվի առնելով Վեհաժողովի մշտական կոմիտեի եւ ՍԾՏՀ բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեի միջեւ համատեղ հանդիպումների անցկացման անցյալի փորձը՝ մենք կարծում ենք, որ վաղուց արդեն պետք էր վերսկսել նման հանդիպումները՝ հանգամանորեն քննարկելու սեղանին դրված բոլոր խնդիրները:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, մեր համոզմամբ, պետք է շարունակի գործադրել իր հետագա ջանքերն ապաքաղաքական, կառուցողական եւ համապարփակ կերպով՝ հիմնված ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա: Տարածաշրջանային փոխգործակցությունը կարող է զգալիորեն շահել խորհրդարանական համագործակցությունից:

Կարեւոր ենք համարում, որպեսզի ՍԾՏՀ ԽՎ-ի եւ ընդհանրապես ՍԾՏՀ-ի գործունեությունը ներդաշնակեցվի գլոբալ, հատկապես՝ ՄԱԿ-ի 2030-ի Կայուն զարգացման օրակարգի հետ:

Հայաստանը հավատարիմ է մնում այս կազմակերպության հռչակած նպատակներին: Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի ժողովուրդը հստակ եւ բարձրաձայն վերահաստատել է իր վճռականությունը՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական եւ սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների նկատմամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Սեւծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների: Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար:

2021 թվականին, այնուհետեւ` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արեւելյան եւ հարավ-արեւելյան սահմանների երկայնքով` ներխուժելով եւ գրավելով մեր ինքնիշխան տարածքները:

Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթեւեկության համար:

Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից:

Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում:

Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն եւ տեւական խաղաղության համար:

Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Գործընկերնե՛ր, այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, եւ ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին:

Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության եւ մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ եւ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով:

2021 եւ 2022 թվականներին Հայաստանի տնտեսությունը կայուն աճ արձանագրեց: Նախորդ տարի այն կազմել է ավելի քան 14 տոկոս, իսկ մեր կազմակերպության անդամ մի քանի երկրների հետ առեւտրաշրջանառությունը զգալի աշխուժացավ: Մեր տնտեսությունը շարունակում է լավ արդյունքներ ցույց տալ՝ շնորհիվ առողջ մակրոտնտեսական քաղաքականության եւ տնտեսական զարգացման վրա ազդող օրենսդրական բարեփոխումների: Մենք նաեւ ձեռնամուխ ենք եղել էական բարեփոխումների, որոնք ուղղված են կոռուպցիայի նվազեցմանը եւ թափանցիկության բարձրացմանը:

Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը կրկին ընդգծում է տրանսպորտային բոլոր միջոցներով դեպի ծով անարգել մուտքի կարեւորությունը, ինչպես նաեւ արժեւորում է տարածաշրջանային կապի եւ կայուն տրանսպորտային համակարգերի զարգացումը: Հայաստանը պատրաստ է շարունակել հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ազգային օրենսդրության լիարժեք հարգման սկզբունքների հիման վրա:

Միջազգային արագ փոփոխվող միջավայրում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի տարածաշրջանային շարժիչ ուժ: Միայն այն դեպքում, երբ մենք՝ խորհրդարանականներս, մեկտեղենք մեր ջանքերը, կկարողանանք հաղթահարել ընդհանուր մարտահրավերները եւ օգտվել ընդհանուր հնարավորություններից: Եկեք օգտագործենք այս հոբելյանական տարեդարձը՝ անդրադառնալու անցած երեք տասնամյակների դասերին եւ վերահաստատենք մեր հանձնառությունը՝ առաջ մղելու կազմակերպությունը:

Եզրափակելով խոսքս՝ շնորհավորում եմ Ուկրաինային ՍԾՏՀ ԽՎ-ի առաջիկա նախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթում իրենց ձեռնարկումներում:

Շնորհակալություն ընդունող երկրին հյուրընկալության եւ գագաթնաժողովի կազմակերպման համար»:


04.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին: Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներ...

04.05.2023
Սարգիս Խանդանյանն ԱԺ-ում ընդունել է Շվեդիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկին եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը: Ո...

04.05.2023
ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը...

04.05.2023
Թագուհի Թովմասյանը կհանդիպի 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մայիսի 5-ին` ժամը 10:30-ին, Ազգային ժողովի նոր մասնաշենքի 314 դահլիճում հանդիպելու է 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների հետ: Կքննարկվեն մի շարք հրատապ խնդիրներ: ...

04.05.2023
Որտեղ էլ տեղի ունենան բանակցությունները, շատ բան կախված է բանակցողից. Արթուր Խաչատրյան
Ակնհայտ է, որ դատախազությունը՝ որպես այսօրվա իշխանության քաղաքական մեծամասնության ամենաարտահայտված կառույց, հստակ որդեգրել է երկակի ստանդարտ, եւ այդ երկակի ստանդարտի մեջ մշտապես տուժում է այն հատվածը, որը չի կիսում այս իշխանությունների տեսակետը: Իրենց ամենօրյա վարքագծով դատախազությունը, ինչպես նաեւ ...

04.05.2023
Խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերին մոտ դիրքորոշում ունենար. Սարգիս Խանդանյան
Մայիսի 4-ին ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է նախօրեին նախկին ոստիկանապետի՝ լրագրողների հասցեին հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքներին ու խիստ դատապարտել նման վերաբերմունքը: Սարգիս Խանդանյանն ...

04.05.2023
Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում. նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել. Թագուհի Թովմասյան
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների՝ մասնավորապես անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող բանակցություններին եւ քննարկման դրված փաստաթղթի հնարավոր կետերին: Պատգամավորի համոզմ...

04.05.2023
Հայաստանն ու Սերբիան շարունակաբար զարգացնելու են փոխգործակցությունը խորհրդարանական հարթակներում. Ալեն Սիմոնյանն Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահին
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին: Ալեն Սիմոնյանը ցավակցել է գործընկերոջը երեկ Բելգրադում տեղի ունեցած բազմաթիվ երիտասարդ կյանքեր խլած ողբերգական միջա...

04.05.2023
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը
Մայիսի 2-ին Կիպրոսում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը: Քննարկվել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները: Կիպրոսի գործընկերները պատրաստա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am