National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.04.2023
Խորհրդարանը շարունակել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների քննարկումը
1 / 46

Ազգային ժողովն ապրիլի 20-ին շարունակել է արտահերթ նիստում քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոռոգման ցանցի բարեփոխմանն ու նոր ջրամբարների կառուցմանը, համայնքային անբարեկարգ ճանապարհների վերանորոգմանն ու ճանապարհաշինական ծրագրերին, ընդերքօգտագործման հարցերին, մասնավորապես, ավազի ապօրինի արդյունահանմանը, սուբվենցիոն ծրագրերին, մանկապարտեզների կառուցմանը, Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանմանն ու ՀՀ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությանը, համայնքներում մարզադահլիճների եւ լողավազանների կառուցման հնարավորությանը  եւ այլն:

Անդրադառնալով ճանապարհաշինության եւ դրանց վերանորոգման հարցերին` նախարարը նշել է, որ ճանապարհները, որոնց մասին բարձրաձայնվում է, իրոք, վատթար վիճակում են. «Ամեն տարի ուսումնասիրում ենք 1500-1600 կմ ճանապարհներ, 1000-ի նախագիծն ենք կազմում, որպեսզի 800 կմ ճանապարհի շինարարություն սկսենք, որ վերջնարդյունքում մոտ 500 կմ ասֆալտապատենք: Առաջնահերթ վերանորոգվում են միջպետական, ապա հանրապետական ու տեղական նշանակության ճանապարհները»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը նախարարից հետաքրքրվել է, թե ինչու ճանապարհները սահմանված ժամանակում չեն հանձնվում շահագործման:

«Շինարարական ներուժը մեր ցավոտ կողմերից մեկն է: Ընկերությունները մասնակցում են այնպիսի մրցույթների, որոնք պատրաստ չեն իրականացնել: Երբեմն մարդուժի խնդիր եւս ունենում ենք», - ասել է նախարարն ու հավելել, որ հարեւան երկրների գործընկերներին հանդիպելիս, ի թիվս այլ հարցերի, նշում են նաեւ, որ կարող են իրենց երկրի շինարարական ընկերությունները մասնակցել մեր երկրում իրականացվող շինարարական աշխատանքներին: 
 
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը նախարարից հետաքրքրվել է Արաքս գետի ափամերձ եւ սահմանամերձ հատվածներից ավազի արդյունահանմամբ` նշելով, որ անօրինական արդյունահանումն ավելացել է: Պատգամավորի տեղեկացմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Արաքս գետի ափամերձ շրջաններ եւ ամեն ինչ տեսել սեփական աչքերով: Հայկ Ցիրունյանի խոսքով տնտեսվարողները խնդրում են արդիականացնել նոր հանքերի կամ եղածի ծավալների ավելացման լիցենզավորման կարգը: «Անհրաժեշտ է նաեւ ավելացնել տեսչական մարմինների վերահսկողական գործառույթներն ու լիազորությունները»,- ասել է պատգամավորը` պարզաբանելով, որ առաջարկների նպատակը գետի ավազի ճիշտ լվացումն ու հետեւաբար  գետի պահպանությունն է:

«Կարեւոր, ցավոտ եւ լուրջ խնդիրներ ունեցող ոլորտ ու հարց է: Այս խնդրի լրջությունը գիտակցելով` վարչապետի հանձնարարությամբ եւ որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն երկու նիստ իրականացրել է: Խմբում ընդգրկված են մի շարք մարմինների ներկայացուցիչներ: Հարցը բավական նուրբ է: Ամեն ինչ փակել, դադարեցնելն առաջին հայացքից կթվա հեշտ, բայց մյուս կողմից դա կբերի նրան, որ որոշ հատվածներում ստիպված կլինենք ամեն օր հսկել, որ նոր ապօրինի հանքեր չբացվեն մեկ գիշերում, երբ ինչ-որ տարածք սկսում են փորել, չորս մեքենա ավազ տանել, եւ հետո այդ տարածքը դառնա կիսաճահիճ մի վայր: Երկրորդ խնդիրը երկրում ընթացող մեծածավալ շինարարությունն է, որին չպետք է վնասել»,- ի պատասխան ասել է նախարարը: Ըստ նրա` առաջին հերթին պետք է ֆիքսել այն տնտեսվարողներին, որոնց գործունեության հետեւանքով Արաքսի հունի փոփոխություն է եղել, ինչն անթույլատրելի է: «Այդ ընկերություններին պետք է պարտադրել վերականգնել գետի հունն իրենց միջոցներով»,- ընդգծել է Գնել Սանոսյանը: Նա հույս է հայտնել, որ աշխատանքային խումբը խնդրի ճիշտ լուծումները կգտնի:

Ի թիվս այլ հարցերի` գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ օդային տրանսպորտի թեմային ու նկատել, որ Հայաստանը տպավորիչ տեմպերով առաջ է ընթանում. այս տարի ուղեւորաշրջանառության 25 տոկոսը բաժին է հասել հայկական ավիաուղիներին:

««Զվարթնոցը» գերծանրաբեռնված է աշխատում, օրական 96 ինքնաթիռ է թռիչք ու վայրէջք կատարում: Շենքային պայմաններն ընդարձակելու եւ մի շարք այլ ծառայություններ ավելացնելու նպատակով փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել: Օդանավակայանի մեր գործընկերները ներդրումային ծրագիր ու առաջարկներ ունեն, քննարկում ենք` ինչ անել»,- նշել է գերատեսչության ղեկավարը:

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի` համայնքների խոշորացման` հաջողած լինելու մասին հարցին` նախարարը նշել է, որ նախագիծն իր նպատակին հասել է:

«Համայնքների կարողություններն ու դոտացիաները գրեթե կրկնակի աճել են, խոշորացված միավորները հիմա ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, քան նախկինում` ամբողջ մարզը: Խոշորացման նախագիծը շատ արդարացված ու հաջողված է, համայնքները դրանից միայն շահել են»,- ասել է Գնել Սանոսյանը:

Քննարկվող հարցի վերաբերյալ ԱԺ պատգամավորները ելույթներ են ունեցել, որոնք վերաբերել են հիշյալ տարում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերին, անվտանգային համակարգին, խաղաղության գործընթացին, առեւտրաշրջանառությանը, ներդրումներին, Հայաստան-Վրաստան հարաբերություններին ու դրանց կարեւորությանը: Նշվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վրաստանի իշխանությունների համաձայնեցրած` Բավրա-Ախալքալաք ճանապարհահատվածն արդեն կառուցվել է, ուշադրություն է հրավիրվել նաեւ Բավրա-Աշոցք ճանապարհահատվածի նորոգման անհրաժեշտությանը:

Անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում կապիտալ ծախսերին: Նշվել է, որ առողջապահական համակարգի համաչափ զարգացման եւ հասանելիության ապահովման նպատակով մեծամասամբ մարզերում տեղակայված շուրջ 50 կազմակերպություններում` պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում իրականացվել են կառուցման, վերանորոգման աշխատանքներ, եւ այժմ էլ դրանք շարունակվում են: Խոսվել է ՀՀ-ում մատչելի, հասանելի եւ որակյալ դեղորայք ունենալու հարցում իրականացվող քայլերից, ընդգծվել դեղերի շուկայում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Բարձրաձայնվել է հեղափոխությունից հետո Շիրակի մարզում եւ հատկապես Գյումրիում իրականացված մեծածավալ աշխատանքը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին: Նշվել է, որ խաղաղության ամենահուսալի երաշխավորն ազգային ներուժի գործածումն ու սեփական ուժերին ապավինելն է: 
 
Պատգամավորներն անդրադարձել են նաեւ ԼՂ անկախության ճանաչմանը, արհեստական քաղաքական աղմուկին, կենսաթոշակների բարձրացմանն ու ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելուն:

Նիստի ընթացքում վերահաստատվել է, որ ներկայիս իշխանության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ապահով ու երջանիկ կյանքն իրենց պետության մեջ` այսօր եւ ապագայում, ու մերժել ցանկացած արկածախնդրություն:

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի` ելույթից հետո հնչեցրած այն հայտարարությանը, որ ինքը քաղաքական ակցիա է իրականացնում եւ չի հեռանալու ամբիոնի մոտից` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խիստ դատապարտել են վերջինիս գործելաոճն ու ընդդիմադիր պատգամավորներին հորդորել Կառավարության կատարողականի մասով բովանդակային քննարկման դաշտ վերադառնալ:

Օրենսդիրի ներկայացուցիչները եւս մեկ անգամ շնորհակալություն են հայտնել Կառավարության անդամներին կատարած աշխատանքի ու ցուցաբերած քաղաքական պատասխանատվության համար:


20.04.2023
Ընդդիմությունը վերադարձել է սեփական օրակարգով, բայց օրակարգ չունի. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ` ԱԺ ապրիլի 20-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ է ունեցել: Խորհրդարանի նախագահն արձագանքել  է պատգամավոր Թագուհի Թովմասյանի ե...

20.04.2023
ԱԺ պատգամավորները մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց արտահերթ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, անդամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am