National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
12.12.2022
Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկվեն Գլխավոր դատախազություն. Անդրանիկ Քոչարյան
1 / 4

Այս պահին Արցախում տիրող իրավիճակն Ադրբեջանի կողմից պլանավորված սադրանքների հետեւանք է: Իսկ թե ինչպես պետք է չեզոքացվի, հրադադարը պահպանող հիմնական ուժային բլոկը պետք է հետեւություններ անի, կանխատեսի, գուցե նաեւ ադրբեջանական կողմին հեռու պահի նման մտադրություններից: Այս մասին դեկտեմբերի 12-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով լրագրողի` այս պահին Արցախում տիրող լարված իրավիճակի, մասնավորապես, Շուշիի հատվածում ճանապարհը փակելու եւ ադրբեջանցիների կողմից վրան տեղադրելու վերաբերյալ հարցին:

Լրագրողը հետաքրքրվել  է Արցախի Կաշենի հանքավայրի շուրջ տեղի ունեցող գործընթացներով: Նշենք, որ օրեր առաջ իբրեւ «բնապահպան», ադրբեջանցիները փորձել են մտնել Կաշենի հանքավայր: «Ինչո՞ւ Արցախի իշխանությունների հետ չեն համաձայնեցրել, միայն խաղաղապահների թույլտվությամբ է մեկօրյա այց նախատեսվել»,- հարցրել է լրագրողը:

Անդրանիկ Քոչարյանն այս կապակցությամբ նշել է. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված սադրիչ գործողություններ` դրանով լարվածություն ստեղծելով Արցախում: Բնականաբար, ակնկալիքն այն է, որ լարվածությունը կտեղափոխվի նաեւ Հայաստան: Ես կարծում եմ, որ պետք է լինել սառնասիրտ: Իրենց  ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը` անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար եւ անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգային տարածքում: Վերջին հաշվով` խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, եւ խաղաղապահ ուժերն ունեն  հենց խաղաղապահ առաքելությունը` նման լարվածությունները չեզոքացնելու: Այնպես պետք է անել, որ մենք էլ այդ ժամանակահատվածը ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր անվտանգային միջավայրը վերականգնի իր ուժը եւ բովանդակությունը»:

Ի պատասխան մեկ այլ լրագրողի հարցի, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայր, Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ այստեղ փոխհամաձայնեցված գործողություններ են տեղի ունեցել, եւ դա շատ ճիշտ է: Թե ում միջեւ են տեղի ունեցել փոխհամաձայնություններ, Անդրանիկ Քոչարյանը չի մանրամասնել` նշելով. «Չէին կարող «բնապահպանները» վերցնեին դրոշակները եւ գնային Արցախի ցանկացած միջավայր հասնեին: Դա նշանակում է, որ ինչ-որ համաձայնություն է եղել, որպեսզի նման լարվածությունները չկրկնվեն: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ուժային ճանապարհի հեռանկարը, ըստ էության, նաեւ հակազդման հնարավորություն է ստեղծում նման խնդիրները կարգավորելու համար»: Պատգամավորի խոսքով Արցախի իշխանությունը պետք է միշտ կարողանա ռիսկերը կառավարել եւ կառավարում է: Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր: Նա պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի Հայաստանը եւ Արցախն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա:

Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքներին` Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները խիստ գաղտնի են: Կատարված աշխատանքների հիման վրա հանձնաժողովի նախագահը զրուցել է Գլխավոր դատախազի հետ, որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկվեն Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու համար:

Թե ում են պատրաստվում առաջիկայում հրավիրել հանձնաժողովի նիստին` հարցեր տալու համար, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Եթե շատ մտածեք, բոլորիդ համար ակնհայտ կլինեն հրավիրյալները: Բայց խնդիր կա: Առաջին հրավերները վերաբերում էին արտաքին բլոկին` Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան: Ժիրայր Լիպարիտյանը զանգահարել եւ ասել է, որ պատրաստ է: Վարդան Օսկանյանը հեռավար ասել է, որ պատրաստ չէ: Մովսես Հակոբյանն էլ ինչ-որ հայտարարություններ է արել»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը: Նա տեղեկացրել է, որ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն եւ հունվար ամսին կդրվի շրջանառության մեջ, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կնախատեսվեն խստացումներ հրավիրյալների չներկայանալու դեպքում:

«Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, ինչը բավարար է, որ հանձնաժողովի նախագահը գրավոր նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն: Վերջնահաշվարկում 44-օրյա պատերազմի արդյունքն ինչ-որ թերացումների արդյունք է, մեղմ ասած թերացումների»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

«Քննիչ հանձնաժողովի արձանագրումներն, առհասարակ, լավ հիմք են այս պահին տեղի ունեցող փոփոխությունների համար, քանի որ հստակ արձանագրված են մի շարք բացթողումներ, որոնք տարիներ ի վեր եղել են բանակում եւ հանգեցրել են կոնկրետ հետեւանքների»,- հավելել է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Ըստ նրա` Գլխավոր դատախազի փոփոխությունից հետո բավականին գործընթացներ են տեղի ունենում Դատախազությունում, եւ առաջիկայում կոնկրետ զարգացումներ կլինեն կոնկրետ անձերի վերաբերյալ: Հետեւաբար, նա առաջարկել է սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ ընդդիմությունը Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում` հավելելով, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների որոշ դրվագներին մասնակցում են, բայց ոչ բոլորը: «Անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ մենք բոլորս միասին պետք է բավականին մեծ արագությամբ եւ որակյալ ոչ միայն օրենսդրական, այլ նաեւ գործնական ներդրում ունենանք մեր բանակաշինության գործում»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով Կառավարությունը հանդես է եկել ծավալուն օրենսդրական նախաձեռնություններով, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտին, անվտանգային միջավայրի կատարելագործմանը, Ներքին գործերի նախարարության ձեւավորմանը, պարեկապահակային ծառայությանը: Օրենսդրական նախաձեռնությունները մինչեւ նոր տարի ընդունված կլինեն: Իսկ բանակին վերաբերող փաթեթը կիրառման բուռն փուլում է գտնվում: 


12.12.2022
Վստահ եղեք, որ բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետի պահանջարկն աշխատաշուկայում միշտ առկա է. Հասմիկ Հակոբյանը հանդիպել է աշակերտների հետ
Ցանկացած աշխատանքի հաջողության կարեւորագույն գրավականը սերն է կատարած գործի հանդեպ: Եթե ցանկանում եք հաջողակ լինել եւ մեծ բարձունքների հասնել, ապա սիրով եւ ջանասիրությամբ սովորեք, նվիրվեք ձեր ընտրած մասնագիտությանը, եւ վստահ եղեք, որ բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետի պահանջարկն աշխատաշուկայում միշ...

12.12.2022
Ամփոփվել են Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները
Դեկտեմբերի 7-8-ը Բելգրադում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ամբողջ կազմով: Օրակարգը բավականին հագեցած էր, թեժ, եւ ինչպես սովորաբար լինում է նման նիստերի ժամանակ, այս անգամ նույնպես կիսասկանդալային ու լարվ...

12.12.2022
Պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերների վերաբերյալ քննարկում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները շարունակում են դինամիկ աճել: Հատկանշական է, որ այդ միտումները նկատվում են արտահանման եւ ներմուծման գրեթե բոլոր ուղղություններով: Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը դեկտեմբ...

12.12.2022
Հերոս Ալեն Մարգարյանի ստեղծագործությունները դիպչում են մարդկանց սրտերին. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանու ներքո դեկտեմբերի 11-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը: «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մար...

12.12.2022
Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. Արթուր Խաչատրյան
Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, սա իրենց հերթական փորձն է քաղաքական, ռազմական, հոգեբանական, բարոյական ճնշում գործադրել Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 12-ի խորհ...

12.12.2022
Տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
Դեկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, ԱԺ 314 դահլիճում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի եւ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Պատգամավորները մանրամասներ կներկայացնեն ՍԾՏՀ ԽՎ-ում կայացած հանձնաժողովների նիստ...

12.12.2022
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am