Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կկիրառվի նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի նկատմամբ: ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, եւ այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից: Միեւնույն ժամանակ, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի դրույթների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորմամբ նախատեսված մոտեցումը՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի գործունեության երաշխիք, իր արտահայտությունը լիարժեք կերպով չի գտել օրենսդրական կարգավորումներում: Օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, ինչը, փաստացի, «Դատական օրենսգրքի» Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրության մասով կարգավորված չէ: Փոփոխությունը, ըստ փոխնախարարի, ուղղված է բացթողման լրացմանը:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին օրենքով սահմանված կարգով եւս տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի ծախսերում փոփոխություն է առաջանալու, որով էլ պայմանավորված՝ Կառավարությունն օրենքի նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի:
Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: