Այսօր տեսալսողական մեդիայի ոլորտում գործում են 5 տասնյակից ավելի ցանցային օպերատորներ, եւ այսօր անհրաժեշտություն կա՝ կարգավորելու տեսալսողական ծրագրերի հերթականությունը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավորներ Նարեկ Բաբայանի ու Հակոբ Ասլանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Գործող ցանցային օպերատորներն իրենց տրամադրված տեսալսողական ծրագրերի տարածման հերթականությունը սահմանում են ինքնուրույն: Հեղինակները կարծում են, որ նման մոտեցումն առաջին հայացքից ընկալվում է որպես օպերատորի գործունեության ազատություն, սակայն սպառողի համար առաջացնում է օգտվելու անհարմարություններ եւ դժգոհություն, քանի որ հեռարձակվող ծրագրերը հեռուստալսարանին տարբեր հերթականությամբ են հասանելի:
Սա նկատի ունենալով՝ առաջարկվում է սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման հերթականությունը:
Նախագծի ընդունմամբ տեսալսողական մեդիայի արդյունքի սպառողները կկարողանան օգտվել հեռարձակվող ծրագրերի նույնական հերթականությունից եւ հեշտությամբ ընտրել իրենց նախընտրելի ծրագիրը:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրային սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը դիտարկելու եւ դրա արդյունքում հեռարձակողների իրավունքները եւ տնտեսվարման ռիսկերը նվազեցնելու հիմքերը սահմանելով: Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պաշտպանել հեռուստալսարանի տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաեւ կնվազեցվեն տնտեսվարողների գործունեության ֆինանսական կորուստները՝ մինչեւ նոր մրցույթի կայացումը:
Կառավարության դրական կարծիքը նախագծերի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
Հանձնաժողովի որոշմամբ նախագծերը կառաջարկվեն ընդգրկելու ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: