National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.9.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
13.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
1 / 1

Կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ. չորս ուղղություններով, հետագայում երկու-երեք ուղղություն եւս ավելացել է: Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան հայկական կողմի սադրանքների: Պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է, սուտ եւ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ի Ազգային ժողովի հերթական նիստում:

«Այս պահի դրությամբ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք: Պետք է արձանագրեմ, որ մեր զինվորները, սպաները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար, հերոսաբար: Հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված զինվորներին եւ սպաներին՝ ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը: Եւ քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, ընդհուպ՝ զոհաբերել հանուն հայրենիքի, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի եւ կունենա ինքնիշխանություն, կլինի հայկական պետականությունը, կլինի հարատեւ, եւ ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Վարչապետի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, սակայն մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակողական գործողությունները շարունակվում են: ՀՀ ՊՆ-ն, Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, կորուստները, եւ ճշգրտված տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնապես:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հարձակման մասին լուրը ստանալուն պես Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. խորհրդակցությունն ու քննարկումը շարունակվել են մինչեւ լուսաբաց, որին մասնակցել են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը: Որոշում է կայացվել դիմել ՀԱՊԿ-ին, եւ այդ դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ: ՀՀ-ն դիմել է նաեւ ՌԴ-ին՝ «1997 թ. բարեկամության փոխօգնության մասին» պայմանագրի հիման վրա: Որոշում է կայացվել դիմել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրավիճակը հրատապության կարգով քննարկելու համար: ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԻԻՀ նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի, Եվրամիության խորհրդի նախագահի հետ: Պաշտպանության նախարարը զրույց է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ, եւ այս ուղղություններով աշխատանք է տարվում իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու:

ՀՀ վարչապետը եւս մեկ անգամ ընդգծել է, որ բոլոր այն պնդումները, թե ՀՀ զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների եւ Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական Զինված ուժերի գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում:

Վարչապետի խոսքով՝ ստեղծված իրավիճակն առաջին հերթին կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ՝ հանգամանորեն ներկայացնելով այն: