Ազգային ժողովը հուլիսի 14-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Խորհրդարանի որոշմամբ՝ օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Զեկուցող Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այդպիսով վերացնելով քվեարկության ընթացքում գրիչների օգտագործումը: Այս մոտեցումը ներդնելու նպատակով առաջարկվում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների եւ վերջինների համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուի ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ: Հեղինակների կարծիքով՝ սա ընտրական հանձնաժողովներին հնարավորություն կտա ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրման գործընթացը:
Առաջարկվում է նաեւ համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնել: Հեղինակները կարծում են, որ այսպիսով կավելանա ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանել, որ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը եւս ընտրական վեճեր են, եւ որ դրանք պետք է քննվեն ու լուծվեն հատուկ՝ արագացված կարգով, կոլեգիալ կազմով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար Ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջներն առաջարկվում է հանել, եւ այդ մասով կարգավորումները դարձնել Սահմանադրությանը համահունչ:
Հեղինակներն առաջարկում են վերանայել նաեւ ԿԸՀ-ի անդամների վարձատրության չափերը:
«Փաթեթի ընդունմամբ կշտկվեն նախորդ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրները»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:
Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: Փոխնախարարը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախարարությունը կներկայացնի որոշ առաջարկներ:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Փաթեթը քննարկվել է նաեւ երկրորդ ընթերցմամբ ու ընդունվել: Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք
փոփոխություններ: