Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Գործող օրենքներում առաջացել էր որոշակի լիազորող նորմերի ապահովման անհրաժեշտություն, ուստի եւ' ենթաօրենսդրական ակտերն ընդունելու եւ' օրենքների կիրարկումը լավագույնս ապահովելու համար ներկայացվել են որոշակի խմբագրական առաջարկություններ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում:
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջին փոփոխությունը վերաբերում է Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին եւ սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելուն, ըստ որի` հավաստագրերը պետք է ներդրված լինեն 2024 թ. երրորդ եռամսյակում: Կարգը մշակելու եւ ներկայացնելու համար կատարվել են անհրաժեշտ լրացումները: Փոփոխություններ են կատարվել Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաեւ առանց պետական հավաստագրի տրամադրվող նվազագույն չափորոշիչների հաստատման կարգերում:
Սահմանվել են Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման համար լիազորություն եւ հիմք, որպեսզի կարողանան համայնքահեն ծառայություններ ստեղծել հենց համայնքներում: Հստակեցվել է «անձնական օգնական» հասկացությունը:
Ըստ հիմնական զեկուցողի` կվերափոխվի գործող բժշկասոցիալական փորձաքննության մոդելը, կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, ուստի եւ անհրաժեշտ գործիքակազմ ունենալու համար ներկայացվել են համապատասխան փոփոխություններ:
Օրենքների նախագծերի փաթեթն առաջարկվել է քննարկել 24-ժամյա ռեժիմով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին: