Մարտի 1-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի խոսքով` ապրիլից ուժը կորցրած են ճանաչվելու տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց հիման վրա իրականացվում են տեխնիկական անվտանգության փորձաքննություններ: Դրանց փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակարգերը, որոնցով հնարավոր չէ իրականացնել համապատասխան փորձաքննություն:
«ԵԱՏՄ կանոնակարգերով կարգավորվում են արտադրանքի անվտանգության մասին պահանջները, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանն օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ, հրահանգներ ընդունելու իրավասությամբ»,-նշել է փոխնախարարը:
Նախագծով կատարվում են նաեւ խմբագրական բնույթի փոփոփություններ:
Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: