Մարտի 1-ին Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի եւ Երեւանի «Անտիկյան կրթարան» հիմնական դպրոցի աշակերտները:
Այցելուներն Ազգային ժողովի նիստերի դահլիճի օթյակից հետեւել են նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի շենքի, հուշանվերների պատմությանը, այցելել գրադարան:
Ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող աշակերտները հանդիպել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, նույն խմբակցության պատգամավորներ, Մարիամ Պողոսյանին, Նարեկ Բաբայանին եւ Մերի Գալստյանին:
Պատգամավորները պատասխանել են աշակերտների հարցերին, անդրադարձել 12-ամյա կրթական համակարգին, կրթական ոլորտի բարեփոխումներին: Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է ժամանակի պահանջով մասնագիտության ճիշտ ընտրություն կատարելու հարցի կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել ժամանակի մարտահրավերներին, տնտեսության զարգացմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրին:
Այցի ավարտին աշակերտները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում: