«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նախագծի նպատակն անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման արդյունքում անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի եւ շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծումն է:
Անշարժ գույքի մոտարկված արժեքները հաշվարկվում են` հիմք ընդունելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործարքների միջին շուկայական արժեքները, որոնք արդեն իսկ ներառում են ԱԱՀ-ի գումարներ: Արդյունքում ստացվում է, որ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքի մեջ մտնող ԱԱՀ-ի գումարը ներառվում է ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկվող բազայի մեջ, ինչը հակադրվում է նշյալ հարկատեսակների ընդհանուր տրամաբանությանը:
Փոխնախարարը նշեց, որ նոր կառուցապատվող բազմաբնակարան շենքերի դեպքում անշարժ գույքի վաճառքը շատ հաճախ սկզբնապես տեղի է ունենում անշարժ գույքի գնման իրավունքի վաճառքի ձեւով, եւ անշարժ գույքի փաստացի օտարումը տեղի է ունենում միայն հետագայում՝ բազմաբնակարան շենքի կառուցապատումն ավարտելուց հետո: Օտարվող անշարժ գույքի գինը որոշվում է գնման իրավունքի վաճառքի փուլում եւ հետագայում փոփոխման ենթակա չի լինում: Գնման իրավունքի վաճառքի եւ անշարժ գույքի փաստացի օտարման միջեւ ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի շուկայում կարող է տեղի ունենալ գների փոփոխություն, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաեւ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքների վրա: Արդյունքում բազմաբնակարան շենքի կառուցապատման ընթացքում անշարժ գույքի գների բարձրացման եւ դրա հետեւանքով անշարժ գույքի մոտարկված արժեքների հնարավոր բարձրացման հետեւանքով կարող են բարձրանալ նաեւ այդ գույքի՝ ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազաները՝ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ ձեւավորելով չկանխատեսված լրացուցիչ հարկային պարտավորություններ:
Առաջարկվում է անշարժ գույքի օտարման համար ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով հարկման բազան վերցնել անշարժ գույքի գնման իրավունքի պետական գրանցման օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց արդեն վերջնական շենքի չափորոշիչների հիման վրա հաշվարկվող մոտարկված արժեքի 80 տոկոսի չափով:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ նախագծի բարելավող դրույթներին եւ առաջարկեց գործընկերներին կողմ քվեարկել:
Նախագիծը ստացավ դրական եզրակացություն: